Մուշեղ Ա Մամիկոնյան

Հայոց սպարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 կամ մոտ 376[1]), հայ զորավար, Հայոց սպարապետ, Մամիկոնյան նախարարական տոհմից, Վասակ Մամիկոնյանի որդին։ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական և հռոմեական միասնական զորքը Նպատ լեռան շրջակայքում՝ Ձիրավի դաշտում, 371 թվականին հաղթանակ է տանում պարսիկների դեմ, ինչի արդյունքում առժամանակ ձախողվում է Սասանյան Շապուհ Բ արքայի Հայաստանը նվաճելու ծրագիրը և հայկական գահին կարողանում է հաստատվել Պապ թագավորը։ Պապի իշխանության տարիներին հայկական զորքը Մուշեղի գլխավորությամբ վերամիավորում է Արշակ Բ Տիզբոնում գերեվարությունից հետո անիշխանության տարիներին (368-370 թթ.) Հայաստանից անջատված ծայրամասային գավառները (հայոց թագավորի կալվածքը Ատրպատականում, Նոր Շիրական աշխարհը, Կորդուք և Տմորիք գավառները, Մարաց կողմերը, Արցախի երկիրը, Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը, Գուգարքը)։ Հյուսիսում հայոց սահմանը Աղվանքի հետ կրկին դառնում է Կուր գետը։

Մուշեղ Ա Մամիկոնյան
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 կամ մոտ 376[1]
Դինաստիա Մամիկոնյաններ[1]
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Վասակ Մամիկոնյան[2][3][1]
Մայր անանուն Սյունի

Հռոմեացիների կողմից Պապ թագավորին սպանելուց հետո հայ նախարարների խորհրդակցության ժամանակ ըստ երևույթին պաշտպանում է չընդվզելու գաղափարը[4]։ Որոշվում է, առանց Պապի սպանության վրեժը լուծելու, շարունակել հնազանդ մնալ հունաց թագավորին։ Մուշեղի հունամետությունը հետագայում Պապին հաջորդած Վարազդատ արքայի օրոք առիթ է դառնում նրան ամբաստանելու համար։ Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Մուշեղի դեմ չարախոսվում էր, թե իբր նրա հրամանով ու խորհրդով են հունաց զորավարները սպանել Պապ թագավորին, և հենց ինքը Մուշեղն էր, որ հունաց թագավորին գրգռեց ու թշնամացրեց Պապ թագավորի դեմ, մինչև որ սպանել տվեց[5]։ Հավատալով այս չարախոսությանը՝ Վարազդատը ընթրիքի է հրավիրում Մուշեղին և դրա ընթացքում սպանել տալիս նրան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 81.
  2. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329—330.
  3. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
  4. Ըստ Փավստոս Բյուզանդի՝ նման կեցվածք որդեգրելը հայ նախարարների կողմից բացատրվում էր հետևյալ կերպ. «Մենք չենք կարող հեթանոս պարսիկների հպատակության տակ մտնել, ոչ էլ հունաց թագավորին թշնամացնել մեր դեմ։ Իսկ երկուսի դեմ կռվել և երկուսին Էլ թշնամացնել՝ իմաստ չունի, որովհետև առանց մեկնումեկին մեր թիկունքում ունենալու, հնարավոր չէ ապրել» (Ե, 33)
  5. Սարգիս Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Մուշեղ և Պապ
  2. Մուշեղ և Շապուհ
  3. Հայր մարդպետի սպանությունը
  4. Ձիրավի ճակատամարտը
  5. Գանձակի ճակատամարտը
  6. Դղակ մարդպետի դավաճանությունն ու սպանությունը
  7. Արշակ և Դրաստամատ
  8. Մուշեղը վերականգնում է Հայոց աշխարհի սահմանները
  9. Պապ թագավորի սպանությունը
  10. Վարազդատ և Մուշեղ
  11. Մուշեղի սպանությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81