Մունգո Պարկ

Կենտրոնական Աֆրիկայի շոտլանդացի հետազոտող

Մունգո Պարկ (անգլ.՝ Mungo Park, սեպտեմբերի 11, 1771(1771-09-11)[1][2], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - 1806[3][4][5][…], Բուսա, Նիգերիա), Կենտրոնական Աֆրիկայի շոտլանդացի հետազոտող, մասնագիտությամբ՝ վիրաբույժ։ Երկու ուղևորություն է կատարել Արևմտյան Աֆրիկա։

Մունգո Պարկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1771(1771-09-11)[1][2]
ԾննդավայրՇոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել է1806[3][4][5][…]
Մահվան վայրԲուսա, Նիգերիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Selkirk High School?
Մասնագիտությունբժիշկ, ճանապարհորդ հետազոտող, բժիշկ-գրող, վիրաբույժ, բնագետ, աշխարհագրագետ, գրող, բուսաբան և ճանապարհորդ
 Mungo Park Վիքիպահեստում
Մունգո Պարկ հուշամեդալ

Կենսագրություն խմբագրել

Մունգո Պարկը ծնվել է ագարակատիրոջ ընտանիքում, տասներեք երեխաներից յոթերորդն է։ Նախնական կրթությունն ստացել է Սելքերք քաղաքի (Շոտլանդիա) դպրոցում։ Նա բժշկությունը նախընտրում է կրոնից և 15 տարեկան հասակում դառնում է բժիշկ-վիրաբույժ Թոմաս Անդերսոնի աշակերտը։ Հետագայում՝ 1799 թվականին, Անդերսոնի դուստրը՝ Էլլիսոնը, դառնում է Մունգո Պարկի կինը։

1788 թվականից Մունգո Պարկը բժշկություն և բուսաբանություն է սովորում Էդինբուրգի համալսարանում։ 1792 թվականի հունվարին Լոնդոնի վիրաբույժների ընկերակցությունում բժշկության քննություն է հանձնում։ Բուսաբանության հանդեպ սերը, ինչպես նաև Լոնդոնում այգեպան աշխատող իր ազգական Ջեյմս Դիքսոնի ջանքերը նպաստում են՝ Մունգո Պարկի ծանոթությանը սըր Ջոզեֆ Բենքսի հետ (անգլիացի նատուրալիստ, բուսաբան, Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, 1778-1820)։ Ջոզեֆ Բենքսը օգնում է երիտասարդ Մունգո Պարկին «Worcester» առագաստանավը պատրաստել Օստ-Ինդիա երթուղու համար (1792)։

Որպես նավի բժշկի օգնական Մունգո Պարկն ուղարկվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզի։ Ազատ ժամանակ զբաղվում է գիտական հետազոտություններով։ Վերադառնալով հայրենիք՝ «Աֆրիկյան ընկերակցության» առաջարկով զեկույց է կարդում The Linnean Society-ում (1794): Այդ աշխատանքի հիման վրա Մունգո Պարկը 1795 թվականի մայիսին մեկնում է Գամբիա։

Մունգո Պարկի առաջին ճանապարհորդությունը խմբագրել

Մունգո Պարկի ճանապարհորդության հիմնական նպատակը Արևմտյան Աֆրիկայի ներքին շրջաններն ուսումնասիրելն էր, մասնավորապես՝ Սենեգալ և Գամբիա գետերի աղբյուրները, ինչպես նաև ճշգրտել առասպելական քաղաք համարվող Տոմբուկտուի ճշգրիտ վայրը։ Արշավախմբի հովանավորը Ջոզեֆ Բենքսն էր, առաջին արշավին մասնակցում էր Ջեյմս Կուկը։ Արշավախմբի բյուջեն համեստ էր՝ ընդամենը երկու հարյուր ֆունտ։

Առաջին ճանապարհորդությունը սկսվել է 1795 թվականի մայիսին Գամբիայի գետաբերանով։ Այս վայրում արդեն որոշ ժամանակ անգլիական բնակչություն կար։ Այդ բնակատեղիներից Մունգո Պարկը փոքրիկ նավով ուղևորվեց Գամիբիայով վերև։ Նավարկությունից վեց օր անց աֆրիկյան պայմաններին անսովոր շոտլանդացիները բռնվում են տենդով։ Պիզանիա բնակատեղիում ճանապարհորդները ստիպված են լինում երկու ամիս անցկացնել տեղաբնիկների խրճիթներում։ Լիովին չապաքինված հիվանդությունից՝ Մունգո Պարկն ավելի է խորանում դեպի մայրցամաքը։

Մունգո Պարկն ուներ միայն երեք ուղեկից՝ Դեմբա անունով տղա ծառան, տեղաբնիկ դարբին Յումբոն և նախկին ստրուկ, ամերիկյան մի սևամորթ Ջոնսոն ազգանունով։ Արշավականներն ունեին միայն մեկ ձի և երկու ավանակ։ Արշավականների ճանապարհը սկզբում ձգվում էր Գամբիայի հոսանքով վերև, այնուհետև Ներիկո վտակի երկայնությամբ։ Այնուհետև երթուղին ընթանում է Սահարայի հարավային սահմանով, այժմյան Սենեգալի արևելքով և Մալիի արևմուտքով։ Այստեղ ճանապարհորդներին կողոպտում են մավրերը (Մավրիտանիայի արաբները), և որոշ ժամանակ ճանապարհորդների ծրագրերն ընդհատվում են։

Մի քանի ամիս գերությունից հետո Մունգո Պարկին հաջողվում է փախչել։ 1796 թվականի հուլիսի 20-ին նա հասնում է Նիգեր գետին։ Այստեղ ճանապարհորդը հայտնաբերում է, որ Նիգերը հոսում է արևելք և առնչություն չունի Սենեգալ և Գամբիա գետերի հետ, նախկինում եվրոպացիները կարծում էին, որ Նիգերը բաժանվում է այս երկու գետերի միջև։ Մունգո Պարկը պատրաստվում է պարզել, թե ուր է տանում Նիգերի հոսանքը։

Հոսանքն ի վար Նիգերով որոշ ժամանակ ուղևորվելուց հետո Մունգո Պարկը երրորդ անգամ է հիվանդանում տենդով։ 1796 թվականի հուլիսի 30-ին նա որոշում է ետ վերադառնալ։ Ապաքինվելով տենդից նա մի քանի ամսում ոտքով վերադառնում է Գամբիայի գետաբերան։ 1797 թվականի հունիսին նա վերադառնում է Պիզանիա։ Հայրենիք վերադառնալուց հետո նա իր ճանապարհորդության մասին գիրք է գրում, որը նրան հայտնի է դարձնում։ 1797 թվականին վերադառնում է հայրենի Ֆոուլշիլս, 1799 թվականին ամուսնանում է Էլլիսոն Անդերսոնի՝ իր առաջին ուսուցիչ-վիրաբույժի դստեր հետ։ 1801 թվականի հոկպեմբերից ապրում է շոտլանդական Պիբլս քաղաքում, զբաղվում բժշկությամբ։

1803 թվականի աշնանը Մունգո Պարկը նոր առաջարկ է ստանում՝ գլխավորել Աֆրիկա գնացող արշավախումբը։ Ուրախությամբ համաձայնում է, սակայն արշավը հետաձգվում է։ Նա սկսում է մարոկկացի ուսուցչ մոտ լրջորեն ուսումնասիրել արաբերեն։ 1804 մայիսին թվականին կրկին վերադառնում է Ֆոուլշիլս։ Ծանոթանում և ընկերանում է անգլիացի գրող Վալտեր Սքոթի հետ։ 1805 թվականին Մունգո Պարկը նոր արշավախումբ է ուղղորդում Արևմտյան Աֆրիկա։

Մունգո Պարկի երկրորդ ճանապարհորդությունը խմբագրել

 
Մունգո Պարկի հուշարձանը Շոտլանդիայի Սելքերք քաղաքում

Երկրորդ արշավի ժամանակ Մունգո Պարկի նպատակը Նիգեր գետի հովտի ուսումնասիրությունն էր՝ ակունքից մինչև գետաբերան։ Այս արշավախումբը արմատապես գերազանցում էր նախորդին. մասնակցում էր լավ զինված 40 արշավական։ 1805 թվականի մարտին արշավախումբը Ատլանտյան օվկիանոսի ափից առաջ շարժվեց մայրցամաքի խորքը, սակայն արշավախումբը հենց սկզբից անհաջողությունների հանդիպեց։ Պարկի շատ ուղեկիցներ հիվանդացան կամ զոհվեցին մավրերի հետ զինված բախումների հետևանքով։ Մինչև Բամակո մնացել էր ընդամենը 11 հոգի։ 1805 թվականի նոյեմբերին ութ ուղեկիցների հետ Մունգո Պարկը մակույկ է իջեցնում գետը չուսումնասիրված տարածքների հետազոտման համար։ Արշավավախումբը Նիգեր գետում անհետանում է, միայն 1808 թվականին է հայտնի դառնում, որ Բուսա քաղաքի մոտ նրանց վրա հարձակվել են տեղաբնիկները։ Խուսափելով կրակահերթից Մունգո Պարկն ու նրան ուղեկցող սպան նետվել են գետը և խեղդվել այնտեղ։

Երկեր խմբագրել

  • Travels in the Interior Districts of Africa: Performed in the Years 1795, 1796, and 1797. London: John Murray (1816)
  • The Journal of a Mission to the Interior of Africa, in the Year 1805 (1815)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունգո Պարկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունգո Պարկ» հոդվածին։