Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուլք (այլ կիրառումներ)

Մուլք (արաբերեն mulk – տիրույթ, սեփականություն, կալվածք), հողային տիրույթի անվանում Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, Հարավային Կովկասում արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Մուլք են կոչվել ինչպես խոշոր ավատները, այնպես էլ համայնքի գյուղացուն պատկանող մշակելի հողակտորները։

Մուլքի տեսակներ խմբագրել

16-19–րդ դարերում Իրանում, Ադրբեջանում և Արևելյան Հայաստանում մուլքը հասկացվում էր սեփականությունը հողի, ջրի կամ այլ անշարժ գույքի (այգի, ջրաղաց, ձիթհանք, տուն և այլն) նկատմամբ։ Ժառանգման սեփականության իրավունքով ֆեոդալ–կալվածատերերին պատկանող գյուղերը, ի տարբերություն ծառայության համար տրվող ժամանակավոր–պարգևական հողերի՝ թիուլի, նույնպես մուլքեր էին համարվում։ Մուլքը կիրառվել է նաև թագավորության (իշխանություն, սենիորություն), համայնքի հողային սեփականության իմաստով։ Մուլք ունեցող գյուղատերերը կոչվում էին մալիք (արաբերեն malik – սեփականատեր), որոնք կարող էին մուլք համարվող իրենց գյուղից ստանալ ռենտա–հարկի մի մասը։ 16-րդ դարից մինչև 19–րդ դարի սկիզբը մուլք էր կոչվում նաև սեփականատիրության իրավունքով տվյալ գյուղական համայնքից գանձվող ռենտան ամբողջությամբ։

Մուլք-ով ձևավորվող իմաստներ խմբագրել

18-19-րդ դարերում Արևելյան Հայաստանում և Ադրբեջանում գյուղից ստացվող ամբողջ հողային ռենտայի (մուլքի) կամ նրա մասի սեփականատերը կոչվում էր մուլքադար (մուլք ունեցող)։ Վերջինս իրավունք ուներ որպես հողային ռենտա ստանալ բերքի միայն որոշ մասը (1/10–3/10)։ Գյուղի ընդհանուր ցանքատարածության համայնքի անդամ հողագործ գյուղացիների միջև բաշխման ու օգտագործման իրավունքները տնօրինում էր գյուղական համայնքը։

Մուլքադարին ժառանգությամբ անցնող մուլքը կոչվում էր մուլք–ե մորուսի (mulk-e mórusi), գանձագին մուլք՝ մուլք–ե զարխարիդ (mulk-e zarkharid)։ Գյուղից ստացվող մուլքի ամբողջությունը, մսխալի (թանկարժեք մետաղի զանգվածի չափման միավոր) նմանությամբ, բաժանվում էր 6 մասի (դանգերի)։ Մուլքը կարող էր օտարվել կամ փոխանցվել ժառանգներին ամբողջությամբ կամ դանգերով, իսկ առ ու ծախի դեպքում՝ կես կամ քառորդ դանգով (թասուջ), 1/8 դանգով (շաիր) կամ դրանց կոտորակներով։

Հողատիրությունը կոչվել է Մուլքադարություն, որը ձևավորվելով Արաբական խալիֆայությունում, հարատևել է մինչև 15-19-րդ դարեր։ Հարավային Կովկասում մուլքադարությունը գոյատևել է մինչև 1870-ական թվականների հողային բարենորոգումները։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Есаян А․ М․, Мулькадарское право в Армении, Е․, 1948
  • Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI–начале XIX вв․, Л., 1949
  • Папазян А․ Д․, Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е․, 1972․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 75