Մորոզովյան գործադուլ (ռուս.՝ Морозовская стачка), Ռուսական կայսրության պատմության խոշորագույն կազմակերպված բանվորական գործադուլներից մեկը։ Տեղի է ունեցել 1885 թվականի հունվարի 7-ին և շարունակվել մինչև հունվարի 17-ը, Նիկոլսկոյեի (այժմ՝ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևո ք․) «Նիկոլսկայա արտադրական գործընկերություն» տեքստիլ ֆաբրիկայում, որը պատկանում էր «Սավվա Մորոզով, որդի և ընկերությանը»

Գործադուլի մասնակիցների հիշատակին նվիրված արձանախումբ Օրեխովո-Զուևոյում (կառուցված 1923 թվականին)

գործադուլն անցկացվել էր 1880-ականների սկզբի արդյունաբերական ճգնաժամի, ինչպես նաև գործարանատերերի կողմից բանվորների շահագործման հետևանքով։ Մասնակցել է 8000 մարդ։ Գործադուլի նախօրեին բանվորներ Պյոտր Մոիսեենկոյի, Վասիլի Վոլկովի և Լ․ Իվանովի ղեկավարությամբ կազմվել էր գործողության պլան և ձևակերպվել բանվորների պահանջները․ կրճատել տուգանքները, վերադարձնել տուգանված գումարների մի մասը, սահմանել պետական վերահսկողություն աշխատավարձի վճարման կարգի նկատմամբ և այլն։

Բանվորների պահանջները չընդունվեցին, և տեղի ունեցավ ընդհարումներ զորքի հետ։ Գործադուլը վերջնականապես ճնշվեց հունվարի 17-ին, գործադուլավորների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած մի շարք բախումներից հետո։ Ձերբակալվեց ավելի քան 600 մարդ, որոնց թվում նաև մորոզովյան գործադուլի ղեկավարները։ 1886 թվականի փետրվարին և մայիսին Վլադիմիր քաղաքում տեղի ունեցավ 33 գործադուլավորների երկու դատավարություն, որոնց ժամանակ, սակայն, դատարանն արդարացրեց բոլորին՝ հաշվի առնելով բանվորների ծանր վիճակի և գործարանի վարչակազմի թույլ տված խախտումները։ Չնայած երդվյալների դատարանը արդարացրել էր մեղադրյալներին, սակայն մորոզովյան գործադուլի ղեկավարներ Մոիսեենկոն և Վոլկովը աքսորվեցին հյուսիսային նահանգներ։

Գործադուլի մասին անդրադարձել էր նաև Վլադիմիր Լենինը․ «Այդ հսկայական գործադուլը շատ ուժեղ տպավորություն գործեց կառավարության վրա, որը տեսավ, որ երբ բանվորները գործում են միասին, վտանգավոր ուժ են ներկայացնում, մանավանդ, երբ համատեղ գործող բանվորների զանգվածը ուղղակի է դնում իր պահանջները»։ Մորոզովյան գործադուլը և դրան հաջորդած խոշոր գործադուլները ցարական կառավարությանը ստիպեցին գնալ զիջումների։ 1886 թվականի հունիսի 3-ին հրատարակվեց օրենք տուգանքների մասին, որտեղ հաշվի էին առնված մորոզովյան տեքստիլագործների առանձին պահանջները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55