Մոնրեալեի տաճար (իտալ.՝ Duomo di Monreale կամ Santa Maria Nuova), Մոնրեալե քաղաքի Սուրբ Աստվածածնի ծննդյան պատվին կառուցված արքեպիսկոպոսական թեմական տաճար է, տեղակայված Մոնրեալե քաղաքի արվարձան Պալերմոյում։ Սիցիլիայի թագավոր Վիլհելմ II Բարու հիմնած, արաբա-նորմանական ճարտարապետության կարևոր հուշարձան է։ Հայտնի է Հին ու Նոր Կտակարանների թեմաներով 12-րդ դարի իր շքեղ խճանկարների շարքով։ 2015 թվականի հուլիսի 3-ին անցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Մոնրեալեի տաճար
իտալ.՝ Duomo di Monreale կամ Santa Maria Nuova
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՄոնրեալե[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՄոնրեալեի արքեպիսկոպոսություն
Օծման թվական1267 թվական
Հոգևոր կարգավիճակարքեպարքիա
Հիմնական ամսաթվերը1172[2]
Ներկա վիճակգործող տաճար
Մասն էArab-Norman Palermo and the Cathedral Churches of Cefalú and Monreale?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածTheotokos?
ՀիմնադիրՎիլհելմ II Բարի
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1174 թվական
40 մետր
Երկարություն102 մետր
Լայնություն40 մետր
Մակերես1,669 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral (Monreale) Վիքիպահեստում
diocesimonreale.it/diocesi/basilica-cattedrale/(իտալ.)

Տաճարի պատմություն խմբագրել

 
Վիլհելմ 2-րդը Մոնրեալեի տաճարն ընծա է մատուցում Աստվածամորը - տաճարի արքեպիսկոպոսական գահի վերևում խճանկար

Սուրբ Աստվածածնի վերափոխմանը նվիրված տաճարի և կից բենեդիկտինյան վանքի կառուցումն սկսվել է 1174 թվականին` Վիլհելմ 2-րդ Բարու կարգադրությամբ։ Ըստ հետագա լեգենդի, երիտասարդ թագավորին երազում հայտնվում է Աստվածածինը և նշում այն տեղը, ուր նրա հայրը` Վիլհելմ 1-ին Չարը նշանակալի գանձեր էր թաքցրել։ Այդ տեղը Պալերմոյից յոթ կիլոմետր հեռավորության վրա վեր խոյացած Մոնտե-Կապուտո լեռան վրա բնակավայր էր, որը եղել էր արաբ էմիրների և նրանց փոխարինած նորմանական թագավորների որսի սիրած տեղը։ Ի շնորհիվ նշանակալի միջոցների, որոնք կուտակվել էին թագավորական գանձարանում 1161 թվականից հետո խռովարար քաղաքների վրա Վիլհելմ Չարի դրած «քավության դրամի» և հավաքված տուգանքների, ինչպես նաև հենց իր՝ Վիլհելմ Բարու խաղաղ թագավորության արդյունքում տաճարի և վանքի շինարարությունն արագ էր ընթանում։ 1176 թվականին նորից հիմնադրված վանք են ժամանում Սալերմոյի Լա-Կավա մենաստանից առաջին հարյուր վանականները, իսկ 1183 թվականին ավարտվում է տաճարի շինությունը։ Վեց տարիների ընթացքում (1183-1189) տաճարի ներքին պատերը ծածկվում են 10 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով 130 խճանկարներով՝ կազմելով աշխարհի ամենամեծ խճանկարային շարքերից մեկը։ 1183 թվականին տաճարում թաղվում է Վիլհելմ 2-րդի մայրը՝ Մարգարիտա Նավառացին, այնուհետև այստեղ են տեղափոխվում Վիլհելմ 2-րդի հոր և եղբայրների՝ Վիլհելմ 1-ինի, Ռոջեր Ապուլիցու և Հենրիխ Կապուանցու աճյունները։ Վիլհելմ 2-րդի կամքին՝ նրա մարմինը նույնպես թաղվել է տաճարում։

 
Քրիստոսը թագադրում է Վիլհելմ 2-րդին - խճանկար տաճարի թագավորական գահի վերևում

Վիլհելմ 2-րդի գահակալման վերջում տաճարի շենքը մեծ մասամբ ժամանակակից տեսք է ընդունում։ Արևմտյան ճակատը (ավելի ուշ փակված սյունասրահով) և ապսիդի ներքին մասը զարդարվեցին շիկակարմիր լավայից կեղծ կամարների տեսքով դեկորով։ Ճակատի հարավային աշտարակն ամբողջովին ավարտվում և պսակավորվում է սրաձողով (հետագայում կորած), հյուսիսայինը մնում է կիսակառույց։ Նոր տաճարի և վանքի կառուցման հետ միաժամանակ Վիլհելմ 2-րդը միջոցներ է նախաձեռնում կառուցվող մենաստանի կարգի բարձրացման համար։ Կաթոլիկական հիերարխիայում Մոնրեալեի բարձրացման հնարավոր պատճառներից մեկը Վիլհելմ 2-րդի իր պապին՝ Ռոջեր 2-րդի եկեղեցաշինությանը գերազանցելու ձգտումն էր։ Մոնրեալեի նոր տաճարը և´ չափերով, և´ ներքին հարդարանքի հարստությամբ իսկապես գերազանցում է Ռոջեր 2-րդի հիմնած Չեֆալուի տաճարին, Պալատինյան կապելլային Սան-Ջովաննի-դելի-Էրեմիտի մենաստանին (վերջին երկուսը գտնվում են Պալերմոյում)։ Մյուս հնարավոր պատճառը թագավորի ցանկությունն էր՝ թուլացնել Պալերմոյի արքեպիսկոպոս Ուոլտեր Միլլին, ով Ստեֆան դյու Պերշի (1168 թվական) արտաքսումից հետո պետական գործերում մեծ ազդեցություն ուներ։ Մայրաքաղաքին մոտ, Պալերմոյից անկախ նոր թեմի հիմնադրումը և Մոնրեալեին մի շարք սիցիլիական եպիսկոպոսների ենթարկվելը թույլ տվեց Վիլհելմ 2-րդին դուրս գալ Ուոլտեր Միլլի ազդեցությունից։ Ֆրիդրիխ Բարբարոսի և հռոմեացի քաղաքացիների հետ իր պայքարում Սիցիլիական թագավորության աջակցության կարիքն զգացող Պապ Ալեքսանդր 3-րդը եց Վիլհելմ 2-րդի ձեռնարկմանը։ 1174 թվականին նոր հիմնադրված վանքը պապական կոնդակով հռչակվեց «praelatura nullius», այսինքն դուրս բերվեց տեղական եպիսկոպոսի իշխանությունից և ենթարկվեց անմիջապես պապական գահին։ 1176 թվականին վանքի առաջին վանահայր աբբա Թեոբալդոն բարձրացվեց եպիսկոպոսի աստիճանի։ 1183 թվակականի փետրվարի 5-ին Ալեքսանդր 3-րդին հաջորդող Լուկաս 2-րդը բարձրացրեց Մոնրեալեն արքեպարքիայի կարգի և ենթարկեց նրան Կատանիայի և Սիրակուզայի եպիսկոպոսներին։ Այսպիսով. դեռևս անավարտ Մոնրեալեի տաճարը 1183 թվականին դարձավ արքեպիսկոպոսությունների զգալի մասի մայր տաճար։ Մոնրեալեն մնաց որպես խոշոր արքդիոցեզ մինչև 19-րդ դարը։ 1844 թվականին Սիրակուզան, իսկ 1860 թվականին՝ Կատանիան, դարձան ինքնուրույն արքեպիսկոպոսություններ։ 2000 թվականին Մոնրեալեն պահպանելով արքեպարքիայի պատվավոր կարգավիճակը, դարձավ թեմական քաղաք Պալերմոյի սուֆֆրագանը։ Մոնրեալեի այսքան նշանակալի բարձրացման համար ձևականորեն հիմք հանդիսացավ այն փաստը, որ արաբական դարաշրջանում Մոնրեալեի տեղում գտնվում էր Այա-Կիրակա փոքրիկ եկեղեցին, որում գտնվում էր Պալերմոյի հունական արքեպիսկոպոսի թեմը։

1189-ից 1270 թվականներն ընկած ժամանակահատվածը խմբագրել

 
Մոնրեալեի տաճարում Լյուդովիկոս Սրբի մասունքների մի մասով սեղանի բեմ

Վիլհելմ 2-րդի մահից հետո հետևեցին երկպառակությունների մի քանի տարիներ, ինչը կապված էր Թանկրեդի մոլեգին թագավորման, Հենրիխ Գոգենշաուֆենի գահակալման և պատանի Ֆրիդրիխ 2-րդի կառավարման առաջին տարիների անկարգությունների հետ։ Արդյունքում դադարեցվեց թագավորական գանձարանից տաճարի շինարարության ֆինանսավորումը, և աշխատանքները շարունակվեցին դանդաղ տեմպերով։ Տաճարն օծվեց Պապ Կլիմենտ 4-րդի ներկայությամբ եպիսկոպոս Ալբանո Ռուդոլֆոյի կողմից, միայն Կարլ Անժույցու գահակալման ժամանակ՝ 1267 թվականին, աշխատանքներն սկսելուց 93 տարի անց։ Հիմա արդեն տաճարն օծվեց Սուրբ Աստվածածնի ծննդյան պատվին։ 1270 թվականին տաճարում թաղվում է Կարլ Անժույցու եղբայրը՝ ութերորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ մահացած՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ Սուրբը։ Հետագայում սուրբ թագավորի մարմինը տեղափոխվում է Սեն-Դենի, բայց Մորեալեում մնում է նրա սրտով ու փորոտիքով աճյունասափորը։

15-ից 18-րդ դարերի վերակառուցումները խմբագրել

Թեկուզ և 1267 թվականին Մոնրեալեի տաճարն օծվել էր, հաջորդող հարյուրամյակի ընթացքում շարունակում էր կառուցվել։ 15-րդ դարում տաճարին կից կառուցվում է խորան, 16-րդ դարում պալերմոյացի վարպետ Բաղդասսարե Մասսան պորփյուրե և գրանիտե ագույցներով սպիտակ թաորմինյան մարմարից հատակ է շարում։ 1547 թվականին տաճարի հյուսիսային պատին Ջիովաննի և Ֆացիո Գաջինիների աշխատանքով վերածննդյան կողային սյունասրահ է կցակառուցվում։ 1595 թվականին Մոնրեալեի արքեպիսկոպոս Լոդովիկո 2-րդ դե Տոռեսը լայնակի նավի հարավային ճյուղում կառուցում է սուրբ Կաստրենցի մատուռ (Santo Castrense), որի սեղանաբեմում գտնվում են այդ սրբի մասունքները։ 1690-1692 թվականներին դրան սիմետրիկ՝ լայնակի նավի հյուսիսային ճյուղում ճիզվիտ Անջելո Իտալիա դի Լիկատայի նախագծով կառուցվում է Խաչելության բարկայի մատուռը։ Արքեպիսկոպոս Ալֆոնսո Լոս Կամերոսի օրոք՝ 1658 թվականին, քանդվում է նախկինում գլխավոր նավը пресбитерий առանձնացնող սեղանաբեմի պատնեշը, ինչպես նաև կողմնային նավերում ապակեպատվում են լուսամուտախորշերը (նախկինում դրանք փակված էին կապարե անցքաբացվածքներով պանելներով)։ Արդյունքում բացվեցին գլխավոր ապսիդների խճանկարների տեսքերը, բարելավվեց տաճարի լուսավորությունը, ինչը թույլ տվեց դիտողների համար «բացել» խճանկարների նշանակալի մասը, որոնք նախկինում կորչում էին տաճարի կիսախավարում։

1770 թվականի դեկտեմբերի 24-ին փլվում է 12-րդ դարում կանգնեցված արևմտյան սյունասրահը։ Դրա տեղում Անտոնիո Ռոմանոյի նախագծով պալերմոյացի քանդակագործ Իգնացիո Մարաբիտտին արևմտյան ճակատի նորմանական ոգով ոճական լուծումը խանգարող, նոր, վայելչագեղ սյունասրահ է կառուցում։

1811 թվականի հրդեհը և վերականգնումը խմբագրել

 
1811 թվականի հրդեհից հետո վերականգնված տաճարի ֆաթիմյան առաստաղը

19-րդ դարի սկզբին Մոնրեալեի տաճարը վերապրեց երկու խոշոր աղետ։ 1807 թվականին կայծակի հարվածի արդյունքում վնասվում է հարավային (աջ) աշտարակը, կորչում է սրաձողը, որն այդպես էլ չի վերականգնվում։ 1811 թվականի նոյեմբերի 11-ին ծառայողի անփութության պատճառով շենքում ավերիչ հրդեհ է բռնկվում. հրդեհն ամբողջությամբ ոչնչացնում է արաբ վարպետների աշխատանք յուրատեսակ ֆաթիմյան առաստաղը, լրջորեն վնասվում են խճանկարները և թագավորական տապանաքարերը։ Վերականգնումը տևեց մի քանի տասնամյակ. պահպանված նկարներով վերստեղծվում է արաբական առաստաղը, խճանկարները, Վիլհելմ 1-ինի և Վիլհելմ 2-րդի քարադագաղները (սարկոգֆագ) վերականգնվում են նախկին տեսքով։

Չնայած հաջորդող դարերում արված բազմաթիվ փոփոխություններին, տաճարը մեծ մասամբ պահպանել է 12-րդ դարի իր տեսքը, այդ պատճառով հանդիսանում է նորմանական ճարտարապետության կարևորագույն ճարտարապետական հուշարձան։

Շենքը խմբագրել

Մոնրեալեի թեմական տաճարը մտնում է սիցիլիական հուշարձանների հատուկ խմբի մեջ. այն բնորոշվում է տարբեր մշակույթների անկրկնելի միախառնումով՝ նորմանական (հյուսիսեվրոպական), տեղական (անտիկ ժամանակներից իր պատմությունը տանող), կոմնենոսյան վերածննդի (Բյուզանդիա, չափազանց հզոր արտիստիկ ազդեցություն) և իսլամական արվեստի։

Մոնրեալեի տաճարը զուգակցում է հարավիտալական ճարտարապետության երկու գլխավոր միտումը՝ խիստ հզորությունը և զարդարուն շքեղությունը։

Շենքի ճակատ խմբագրել

 
Տաճարի կեղծ կամարներով և դրվագազարդերով ապսիդը
 
Գլխավոր (արևմտյան) ճակատը

Դեպի արևելք ուղղված ապսիդի շիկակարմիր լավայից և հրաբխային տուֆից արտաքին պատերի կեղծ կամարներով միահյուսված և դրվագազարդերով մոտիվները փոխառված են արաբական արվեստից։ Վրադիր նետաձև կամարիկների միահյուսումը ձևավորում է արտասովոր դրվագավոր նախշեր, ինչն ստեղծում է ձևերի ռիթմիկ մասնատում և նպաստում է հասնել դեկորատիվ-դիտողական էֆեկտի։ Նորմանական ճարտարապետների յուրացրած այս տիպիկ արաբական դեկորը առկա է Սիցիլիայի նորմանական այլ խոշոր տաճարների՝ Պալերմոյի և Չեֆալուի տաճարների վրա, բայց հատկապես Մոնրեալեում է այս դեկորը հասել իր կատարելությանը։ Հիմնական երանգներ են հանդիսանում լավայի դարչնադեղին գույնը և տուֆի մոխրասևը, բացի այդ բազմազանություն են մտցնում կարմիր աղյուսի հորիզոնական ագույցները և սպիտակ ծեփանը։ Գլխավոր ապսիդում միահյուսված կամարներով նախշը կազմված է երեք հորիզոնական շարքերից, իսկ կողային ապսիդներում՝ երկու շարքից։ Կեղծ կամարների լայնությունը բոլոր շարքերում նույնն է, իսկ բարձրությունը մեծանում է յուրաքանչյուր ավելի բարձր շարքի հետ։ Այդ հնարքի շնորհիվ ստեղծվում է ապսիդի կառուցվածքի նրբինության և եթերայնության տպավորություն։

Այս նույն մոտիվը կրկնվում է տաճարի գլխավոր՝ արևմտյան ճակատի վրա։ 18-րդ դարում կցակառուցված արևմտյան սյունասրահը մասամբ ծածկել է այդ դեկորը, այնպես, որ ներկա ժամանակում արևմտյան ճակատի վրա լավայից կեղծ կամարները առկա են միայն վերին հատվածում։

Տաճարի արևմտյան ճակատը սահմանափակված է երկու հզոր աշտարակների տարածության մեջ, ինչը հիշեցնում է ավելի վաղ կառուցված Չեֆալուի տաճարի արտաքին տեսքը։ Այս աշտարակները փոխառված են անդրալպյան երկրների ռոմանական արվեստից, միայն թե սրանք գերազանցում են իրենց նախատիպերին ծանրաքաշությամբ և ձևերի լակոնիզմով։

Ձախ (հյուսիսարևմտյան) աշտարակն այդպես էլ ավարտին չի հասցվում, իսկ 1664 թվականին վրան ավելացում է ատամնավոր զանգակատուն։ Վիլհելմ 2-րդ Բարու ժամանակներից պահպանվել է աջ (հարավարևմտյան) աշտարակը՝ բացառությամբ նրա պսակի սրաձողի, որը ոչնչացել է 1807 թվականին կայծակի հարվածից և այդպես էլ չի վերականգնվել։ Արդյունքում, տաճարի արևմտյան ճակա տը ոչ սիմետրիկ է երևում։ Այստեղ եղած քառասյուն սյունասրահը փլվել է 1770 թվականի դեկտեմբերի 24-ին և փոխարինվել է Անտոնիո Ռոմանոյի նախագծմամբ և ճարտարապետ Իգնացիո Մարաբիտտի կատարած հրաշալի համամասնություն ունեցող նորով։

Սյունասրահի երեք կիսակլոր կամարները հենված են դորիական խոյակներով չորս սյուների վրա։ Նոր սյունասրահը մի կողմից խախտեց տաճարի նորմանական տեսքը, իսկ մյուս կողմից ճակատի ոչսիմետրիկությանը ամբողջականություն հաղորդեց։

 
Գաջինիի սյունասրահով տաճարի հյուսիսային ճակատը

Տաճարի հյուսիսային ճակատն էականորեն փոխվեց 1547 թվականին, երբ նրան կցակառուցվեց Ջովաննի և Ֆացիո Գաջինիների աշխատանք վերածննդյան սյունասրահը։ Սյունասրահը ձևավորված է տասներկու բարակ սյուների վրա հենված տասնմեկ կամարներից։ Բարակ սյուներին ներդաշնակ կորնթոսյան խոյակները կառուցվածքին թեթևություն և նրբագեղություն են հաղորդում։ Կենտրոնական կամարի վերևում տեղադրված է Ֆարնեզե ընտանիքի զինանշանը, այդ ընտանիքից էր սերում Ալեսանդրո Ֆարնեզեն, ում արքեպիսկոպոսության ժամանակ կառուցվեց սյունասրահը։

Տաճարի հարավային ճակատը դուրս է գալիս դեպի վանքի պահպանված նորմանական արգելարան (իտալ.՝ chiostro), որն ինքնին հանդիսանում է կարևոր ճարտարապետական հուշարձան է։

Ուշագրավ են տաճարի գլխավոր (արևմտյան) և կողային (հյուսիսային) բրոնզե դարպասները։ Դրանք հանդիսանում են Սիցիլիայում առաջին դարպասները և Հարավային Իտալիայում առաջիններից մեկը, որ ունեն իտալական և ոչ թե բյուզանդական ծագում։

 
Գլխավոր շքամուտքի հատված
 
Տաճարի արևմտյան շքամուտքը (Բոնանինո Պիզանիի աշխատանքը)

Հյուսիսային շքամուտքը 1186 թվականին կառուցել է հարավիտալացի վարպետ Բարիզանոն Տրանիից, իսկ հարթաքանդակները դեռ պարունակում են տիպիկ բյուզանդական մոտիվներ։ Հեղինակը թողել է իր անունը սուրբ Նիկոլասին պատկերող տախտակադրվագին։

Արևմտյան շքամուտքը պատրաստել է Բոնանինո Պիզանոն և ծովով բերվել է Սիցիլիա։ Այն ունի Հին և Նոր կտակարանների թեմաներով անպատճշաճ լատիներենով գրություններով 42 պաննո ունի, ընդ որում պաննոներ ավելի ռեալիստական են և զուրկ են բյուզանդական պայմանականություններից։ Պաննոների սյուժեներն ընդգրկում են աստվածաշնչյան պատմությունը, սկսած Ադամի և Եվայի արարումից մինչև Քրիստոսի Համբարձումը։ Դարպասները պսակավորված են Քրիստոսը փառքի մեջ (ձախից) և Հրեշտակներով շրջապատված Աստվածամայրը (աջից) պատկերող երկու պաննոներով։ Ներքևի պանոնները պատկերում են զույգ առյուծներ (ձախից) և արծվառյուծ (աջից)։ Այստեղ էլ հեղինակը թողել է իր անունը և պատրաստման տարեթիվը։ Մոնրեալեի տաճարի 7.8 մ բարձրությամբ և 3.9 մ լայնությամբ արևմտյան շքամուտքը հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի 12-րդ դարի պահպանված ամենամեծ եկեղեցական դարպասը։

Ինտերյեր խմբագրել

 
Տաճարի գլխավոր նավը և ապսիդը

Տաճարն իրենից ներկայացնում է եռանավ իտալական բազիլիկի նմանակ, բայց գլխավոր նավն ավելի լայն է ու բարձր, քան կողային նավերը։ Գլխավոր նավն ավարտվում է ֆրանսիացի ոսկերիչ Լուի Վալադյեի արժեքավոր զոհասեղանով ընդարձակ ապսիդով։ Կողային կցաշենքերը նույնպես ավարտվում են ապսիդներով, բայց արդեն փոքր չափերի։

Գլխավոր նավը յուրաքանչյուր կցաշենքից առանձնանում է փորագրազարդ խոյակներով ինը սյուներով, որոնց վրա հենված են նետաձև կամարներով։ Տաճարի տասնութ սյուներից տասնյոթը կատարված են գրանիտից, իսկ մեկը՝ (գլխավոր արևմտյան դարպասներից աջ կողմի առաջինը) կանաչ մարմարից։ Ի սկզբանե մարմարե սյունը աջ շարքի երկրորդն էր և միայն 1837 թվականին է այն տեղափոխվել իր ներկայիս տեղը։ Կամարների վերևի մինչև տանիք տարածությունը, ինչպես նաև Բոնանինո Պիզանիի աշխատանք միակ դարպասով արևմտյան պատը, ծածկված են երեք շարք 12-րդ դարի խճանկարներով։

Տաճարի պորփյուրե և գրանիտե ագույցներով սպիտակ թաորմինյան մարմարից հատակը շարել է պալերմոյացի վարպետ Բաղդասսարե Մասսան։

 
Հարավային պատի ներքևի շարքի խճանկարը - Նոյի պատմությունը

Փորագրված և հարուստ զարդարված առաստաղի փայտե վերածածկերը կատարել էին արաբ վարպետները Վիլհելմ Բարու օրոք և հիշեցնում էին Եգիպտոսի ու Մաղրիբի ֆաթիմյան մզկիթների առաստաղները։ Օրիգինալ առաստաղը ոչնչացել էր 1811 թվականի նոյեմբերի 11-ի հրդեհից և վերականգնվել է պահպանված նկարներով 19-րդ դարի առաջին կեսին։

Լայնակի նավի աջ ճյուղում Մոնրեալեի արքեպիսկոպոս Լոդովիկո 2-րդ դե Տորեսը 1595 թվականին սուրբ Կանստրենցիի՝ Մոնրեալեի երկնային հովանավորի պատվին վերածննդյան կապելա է կառուցում։ Կապելայի զոհասեղանին բարձր շքեղ հովանու տակ հանգչում են սուրբ Կաստրենցիի մասունքները, որոնք որպես հարսանեկան նվեր Վիլհելմ Բարուն է փոխանցել Կապուայի արքեպիսկոպոսը։ Լոդովիկո Տորեսը ցանկություն էր հայտնել թաղվել իր կառուցած կապելայում, բայց նա մահանում է 1609 թվականին Հռոմում և թաղվում է այնտեղ։ Կապելայում գտնվում է միայն արքեպիսկոպոսի մարմարե արձանը։ Լայնակի նավի աջ ճյուղի վերջում գոյություն ունի մուտք դեպի սուրբ Բենեդիկտի կապելա, որտեղ գտնվում են Ջովաննի Մարինոյի և Իգնացիո Մարաբիտտիի աշխատանք մարմարե խորաքանդակները։

 
Բարոկկո ոճի Խաչելության կապելան

Լայնակի նավի ձախ մասում 1690-1692 թվականներին ճիզվիտ Անջելո Իտալիա դի Լիկատայի նախագծով կառուցվել է բարոկկո ոճի Խաչելության կապելլան, որն օծել է Մոնրեալեի արքեպիսկոպոս Խուան Ռոանոն՝ 1692 թվականին։

Ժամանակակից տաճարի ինտերյերն ամբողջությամբ նշանակալի չափով պահպանել է այն տեսքը, որը ձևավորվել էր հիմնադրի՝ Վիլհելմ Բարու մահվան պահին (1189)։ Տաճարի ինտերյերում խառնված են ռոմանական ճարտարապետության, արաբական կիրառական (առաստաղը) և հունական եկեղեցական (խճանկար) արվեստների գծերը։ Ավելի ուշ կցակառույցները գտնվում են լայնակի նավի ճյուղերում և տարածականորեն առանձնացված են տաճարի հիմնական ներքին տարածքից։

Թագավորական դամբարանները խմբագրել

 
Վիլհելմ 2-րդ Բարու քարադամբանը (1575)

Ի սկզբանե Վիլհելմ 2-րդ Բարին Մոնրեալեի տաճարը նախատեսել էր որպես թագավորական գերեզմանատուն։ Շինարարության առաջին փուլի ավարտից անմիջապես հետո՝ 1183 թվականին, տաճարում թաղվում է Վիլհելմ 2-րդի մայրը՝ Մարգարիտա Նավարացին։ Դրանից հետո Մոնրեալե են տեղափոխվում թագավորի հոր՝ Վիլհելմ 1-ին Չարի (Պալերմոյի Պալատինյան կապելայից) և եղբայրների՝ Ռոջեր Ապուլիացու (Պալերմոյի տաճարից) և Հենրիխ Կապուանցու (Պալերմոյի Մարիա Մագդալենա եկեղեցուց) աճյունները։ Ժառանգ չթողած Վիլհելմ 2-րդ Բարու մահը, գահի համար ծավալված պայքարը գրեթե խանգարելու էին Վիլհելմ 2-րդի ցանկությանը՝ թաղվել Մոնրեալեում։ Պալերմոյի հզորագույն արքեպիսկոպոս Ուոլտեր Միլլը հրամայում է թագավորի քարադամբանը տեղադրել Պալերմոյի տաճարում։ Պալերմոյի և Մոնրեալեի արքեպիսկոպոսների միջև թագավորական դագաղի համար երկար պայքարից հետո Վիլհելմ 2-րդ Բարու աճյունը վերջապես թաղվում է Մոնրեալեի տաճարում, բայց սկզբնական քարադամբանը մնում է Պալերմոյում, իսկ այնուհետև կոչում է։

Մարգարիտա Նավարացու և նրա որդիների՝ Ռոջերի և Հենրիխի դամբարանները գտնվում են տաճարի հյուսիսային հատվածում։ Դրանք լրջորեն վնասվում են 1811 թվականի հրդեհիցև անփութորեն վերականգնվում են 20-րդ դարի սկզբին։

 
Վիլհելմ 1-ին Չարի քարադամբանը
 
Մարգարիտա Նավարացու քարադամբանը

Վիլհելմ 1-ին Չարի մարմինը հանգչում է տաճարի հարավային հատվածում՝ Պալերմոյի թագավորական քարադամբաններին հավասար շքեղ, պորփյուրե քարադամբանում։ Քարադամբանը նույնպես վնասվում է 1811 թվականին, բայց խնամքով վերականգնվում է։ Հրդեհից հետո քարադամբանը բացում են և պարզում, որ թագավորի մարմինը հիանալի պահպանվել է, իսկ դեմքը պատված էր խիտ, սև մորուքով, ինչը ժամանակին սարսափի մեջ էր գցում ենթականերին։

Քանի որ Վիլհելմ 2-րդի համար նախատեսված սկզբնական քարադամբանը մնում է Պալերմոյում, 1575 թվականին արքեպիսկոպոս Լոդովիկո 1-ին դե Տորեսը միապետի աճյունը տեղափոխում է նոր մարմարե դամբարան։

1270 թվականին տաճարում թաղվում է ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս Սուրբը՝ սիցիլիացի թագավոր Կարլ Անժուացու եղբայրը։ Հետագայում Լյուդովիկոս Սուրբի մասունքները տեղափոխվում են Սեն-Դենի, բայց Մոնրեալեում մնում է սրբի սրտով և փորոտիքով սափորը։ Այն տեղավորված է տաճարի հյուսիսային, Լյուդովիկոս Սրբին նվիրված հատվածի կողային սեղանաբեմում։

Տաճարի խճանկարները խմբագրել

 
Աստված արարում է արևը, լուսինը և աստղերը – հարավային պատի վերին շարքի խճանկար

Մոնրեալեի տաճարի գլխավոր տեսսարժան վայրը 130 խճանկարներն են, որոնք ծածկում են տաճարի գրեթե բոլոր ներքին պատերը՝ մոտավորապես 10 000 քառ. մ մակերեսով։ Զբաղեցրած մակերեսով և մտահղացման ամբողջականությամբ Մոնրեալեի խճանկարները աշխարհի խոշորագույն խճանկարային շարքերից մեկն են։ Խճանկարների մեծ մասը կատարվել են ռեկորդային կարճ ժամկետում՝ 1183-ից մինչև 1189 թվականը։ Խճանկարների հեղինակների անունները հայտնի չեն, իսկ նրանց ազգային ծագումը վիճահարույց է։ Խճանկարների հեղինակները կարող էին ինչպես Կոստանդինապոլսից հրավիրված լինել, այնպես էլ լինեին բյուզանդական արվեստի ազդեցությամբ տեղացի վարպետներ։ «Կոստանդինապոլսյան» տարբերակի օգտին խոսում են Քրիստոսի, Աստավածամոր և հրեշտակապետների տիպիկ հունական հանդերձը և ասպիդի մի շարք խճանկարների հունական ստորագրությունները։ «Տեղական» տարբերակի օգտին վկայում են գլխավոր նավի և կողային կցաշենքերի խճանկարների բյուզանդական արվեստի ավանդական կանոններին մի շարք դեպքերում չհամապատասխանող բավականին պարզունակ կատարումը և մեծաթիվ խճանկարների վրա գռեհիկ լատիներենով մակագրությունները։

Ժամանակագրական տվյալներով խճանկարները բյուզանդական արվեստի կոմնենոսյան շրջանին են պատկանում։ Բայց և այնպես, խճանկարների պատկերավորման լեզվի հիմնական բնութագրիչ առանձնահատկություններն այսպիսին են. տարածվածությունը, պատկերների անծավալությունը, զգեստապատկերների մասնատված ցանցը, գծերը մանր են և հաճախ։ Պատկերներում չկա բարձր արտահայտչականություն, չկա շարժում, կերպարն ավելի փափուկ և դեկորատիվ է (հաջորդող սիցիլիական խճանկարային շարքերի հետ համեմատած)։ Պատկերները դառնում են ծանրաբեռ, ծանրատեսք, կորչում է ժեստերի ազդեցիկությունը, հագուստի ծալքերը դառնում են անշարժ, դեմքերը դառնում են ծավալուն, անհետանում է բյուզանդական դիմապատկերների բարձր ոգեշնչվածությունը։ Պատկերներում պարզորոշ զգացվում է տաճարի ճարտարապետության մեջ ևս ի հայտ եկած հռոմեական սկիզբը՝ փոքր-ինչ կոպիտ կերպարներն ունեն խիստ հանգստություն։

 
Եվայի արարումը Ադամի կողից - արևմտյան պատի վերին շարքի խճանկար

Ոճական տարբերություններից ելնելով, մի շարք հետազոտողներ ենթադրում են, որ հնարավոր է Մոնրեալեի շարքն ստեղծվել է երկու փուլով.

Բայց և այնպես, հետազոտողների մեծ մասը խճանկարների 1183-ից մինչև 1189 թ. ժամանակահատվածում ստեղծման ավանդական վարկածի կողմնակից են։

Նավի խճանկարային շարքը կրում է 13-րդ դարի արվեստում ծագած նոր ուղղությունների հետքը՝ կանոնական ոգին սկսում է զիջել աստվածաշնչյան իրադարձությունների ավելի ազատ մեկնաբանությանը, պատկերներում որոշ չափով հայտնվում է նկարչի ստեղծագործ դիմագիծը։ Հարավիտալական արվեստում Սուրբ գրքի գրվածքի մեկնաբանությունն առաջին անգամ ընդունում է պատմողական բնույթ։ Մոնրեալեի խճանկարները դարձան 13-րդ դարում Իտալիայում սկսված միջնադարյան գիտակցության վերակառուցման գործընթացի առաջին օղակներից մեկը և արդյունքում հանգեցրին Պրոտոռենեսանսին և Ռենեսանսին։

Տաճարի խճանկարային շարքը բաժանվում է հինգ խոշոր շարքերի.

  • Ամենակարող Քրիստոսին և նրա երկնային փառքը ներկայացնող ասպիդի խճանկարները
  • գլխավոր նավի խճանկարները (Գիրք Ծննդոց)
  • Քրիստոսի երկրային կյանքի վերաբերյալ խորանի և լայնական նավի խճանկարները
  • Քրիստոսի հրաշքները նկարագրող կողային նավերի խճանկարները
  • Պետրոս և Պողոս առաքյալների կյանքը նկարագրող լայնական նավի մի մասի խճանկարները։

Տաճարի պատերին (կամարների վրա, տանիքի տակ, խմբերով)բացի սյուժետային խճանկարներից տեղակայված են սրբերի խճանկարային սրբապատկերներ ամբողջ հասակով կամ կիսանդրով։ Կամարները զարդարված են հարուստ խճանկարային նախշերով, որոնք հիշեցնում են Մոնրեալեի խճանկարչության վրա արաբական արվեստի ազդեցության մասին։

Ապսիդի խճանկարները խմբագրել

Ապսիդի ամբողջ գլխավոր կիսագմբեթն զբաղեցնում է Ամենակարող Քրիստոսի հսկայական պատկերը։ Փրկիչի աջ ձեռքի մատերը դասավորված են օրհնության համար, ձախ ձեռքին պահել է Ավետարանը՝ բացված լատիներեն և հունարեն գրված «Ես եմ լույսը աշխարհի, ով իմ հետևից գա, նա չի քայլի մթության մեջ, բայց կունենա լույսը կյանքի» (Հովհ. 8:12)։ Ամենափրկիչ Քրիստոսի պատկերը լայն տարածում ունի ուղղափառ Արևելքում և ընդօրինակվել է նորմանական ճարտարապետության մեջ (Չեֆալուի, Մեսսինայի տաճարներում, Պալատինյան կապելայում)։ Մոնրեալեի Ամենափրկիչը նմանատիպ այլ պատկերներից տարբերվում է նրանով, որ Փրկչի ձեռքերը լայն տարածված են և կարծես գրկում են տաճարում բոլոր գտնվողներին։ Խճանկարի հեղինակները հասել են օպտիկական այնպիսի էֆեկտի, շնորհիվ ինչի Քրիստոսի աչքերն ուղղված են դեպի յուրաքանչյուր աղոթողը։ Պատկերի այն մասերը (թևերը և ձեռքերը, գիրքը), որոնք որմնախորշի կորության պատճառով կրճատված են թվում, հեռանկարային աղավաղման չեզոքացման համար մեծացված և երկարացված են։

 
Ամենափրկիչ Քրիստոսը տաճարի ապսիդում

Գլխավոր նավի խճանկարները խմբագրել

Գլխավոր նավի (նավի հյուսիսային և հարավային կողմերը) նետաձև կամարների տակի ողջ տարածքը և նրա հետևի՝ արևմտյան պատը, ծածկված են Ծննդոցի նկարազարդումների խճանկարներով։ Պատկերների որակը և հենց գլխավոր նավի կոմպոզիցիաները նշանակալիորեն տարբերվում են ապսիդի խճանկարներից։ Գլխավոր նավի խճանկարները զուրկ են առաջընթացից, մարդկային կերպարանքներն անհամաչափ են կառուցված, բավականին պայմանական են բնապատկերները և ճարտարապետական դետալները։ Բայց միևնույն ժամանակ այս խճանկարները տարբերվում են բարձր բնականությամբ, առօրյա կյանքի իրականությանը մոտեցվածությամբ, կերպարների ազատ դիրքերով ու շարժումներով։ Գլխավոր նավի խճանկարները հաջորդաբար արտացոլում են Ծննդոցի հետևյալ իրադարձությունները.

  • Հարավային պատի վերին շարքը - Աստծո հոգին շրջում է ջրերի վրայով (Ծննդ. 1:1-2), լույսի բաժանումը խավարից (Ծննդ. 1:3-5), երկնքի արարումը, ցամաքի բաժանումը ծովից և բույսերի արարումը, լուսատուների արարումը, թռչունների, սողունների և ձկների արարումը, կենդանիների և Ադամի արարումը, յոթերորդ օրվա հանգիստը, Աստված Ադամին մտցնում է Դրախտ և տալիս պատվիրան իմացության ծառի մասին, Ադամը Դրախտում։
Արարում
 
 
 
 
1․ Թռչունների, սողունների և ձկների արարումը 2. Ադամի արարումը 3. Յոթերորդ օրը 4. Աստված Ադամին դրախտ է տանում

Արևմտյան պատի վերին շարք - Եվայի արարումը Ադամի կողից, նախահայրն Աստծո հետ դրախտում։

Նախահայրերը դրախտում
 
 
1․ Եվայի արարումը 2. Ադամի և Եվայի հանդիպումը

Հյուսիսային պատի վերին շարք - Եվայի գայթակղությունը, Ադամի և Եվայի մեղանչումը, մեղանչման բացահայտումը, դրախտից վտարումը, Ադամը հող է մշակում, Կայենի և Աբելի զոհաբերությունները, Աբելի սպանությունը Կայենի կողմից, Կայենի մերկացումը, Կայենի մահը, Աստված պատվիրում է Նոյին տապան կառուցել։

Նախահայրերի մեղքերը
 
 
 
 
 
1․ Նախահոր և նախամոր մեղանչումը 2 Ադամի և Եվայի վտարումը դրախտից․ 3 Աբելը և Կայենը Աստծոն զոհ են մատուցում․ 4 Կայենն սպանում է Աբելին․ 5 Աստված մերկացնում է Կայենի գործածը

Հարավային պատի ներքևի շարք - Նոյի տապանի կառուցումը, ամեն կենդանատեսակից մի զույգ տապան բերելը, Նոյը տապանից աղավնի է բաց թողնում, Նոյը և կենդանիները դուրս են գալիս տապանից Արարատ լեռան վրա, Աստծո պատվիրանը Նոյին և պատվիրանի նշան ծիածանը, Նոյի արբեցումը և Քամի մեղքը, Բաբելոնի աշտարակի կառուցումը, Աստված երեք դեմքով հայտնվում է Աբրահամին, Աստված Աբրահամի ու Սառայի մոտ։

 
 
 
 
 
1․ Նոյը տապան է կառուցում 2 Նոյը տապանից բաց է թողնում կենդանիներին․ 3. Բաբելոնի աշտարակի կառուցումը 4. Աբրահամը խոնարհվում է երեք հրեշտակներին 5 Աբրահամը ծառայում է հրեշտակներին

Արևմտյան պատի միջին շարք - Երկու Հրեշտակները Ղովտի տանը Սոդոմում, Ղովտը աղջիկների հետ փախչում է Սեգովր, Ղովտի կինը դառնում է արձան, Աստված ոչնչացնում է Սոդոմը։

Հյուսիսային պատի ներքևի շարքը - Աստված պատվիրում է Աբրահամին որդուն զոհ մատուցել, Աբրահամը Իսահակին զոհ է մատուցում, Հրեշտակը կանգնեցնում է Աբրահամի ձեռքը, Աբրահամի ծառան ջրհորի մոտ հանդիպում է Ռեբեկային, Ռեբեկան և Աբրահամի ծառան գնում են Իսահակին ընդառաջ, Իսահակը Եսավին ուղարկում է որսի, Ռեբեկան ականջ է դնում ամուսնուն, Հակոբը խաբեությամբ ստանում է Եսավի համար նախատեսված Իսահակի օրհնությունը, Հակոբը փախչում է հայրական տնից, Հակոբը երազում տեսնում է մինչև երկինք տանող սանդուղք, Հակոբը մարտնչում է հրեշտակի հետ և ստանում Իսրայել անունը։

 
 
 
 
 
1․ Աբրահամի զոհաբերությունը 2.Աբրահամի ծառան ու Ռեբեկան 3.Իսահակը օրհնում է Հակոբին 4. Հակոբը փախչում է տնից 5. Հակոբի սանդուղքը

Խորանի և լայնական նավի խճանկարները խմբագրել

 
Քրիստոսի գայթակղությունը անապատում

Խորանի և լայնական նավի խճանկարները նվիրված են Քրիստոսի երկրային կյանքին, չնայած իրենց մեջ չեն ներառում ավետարանյան հրաշքները։ Այս շարքի խճանկարները լավագույն ձևով կարելի տեսնել, գտնվելով հենց խորանում, որտեղ աշխարհիկների մուտքը նախկինի պես արգելվում է։ Սրա հետ կապված, խճանկարների այս շարքը դուրս է մնում այցելուների ուշադրությունից։ Այս խճանկարներից շատերն աչքի են ընկնում իրենց դրամատիկությամբ և պատկերների կենդանությամբ։ Անապատում գայթակղության դրվագում անարգված Սատանայի ձեռքերց թափվում են քարեր, որոնց հացի վերափոխմանն էր ձգտում Փրկչի կողմից։ Տաճարից վաճառականների վտարման դրվագում Հիսուսը ներկայացվում է վաշխառուի սեղանը շրջելիս, որից թափվում են դրամները։ Խորհրդավոր ընթրիքում Հիսուսը կիսագրկել է իր կրծքին թեքված Հովհաննես առաքյալին։ Հուդայի դավաճանության դրվագում կատարվածի դրամատիզմը ընդգծված է Հիսուսին մոտ տեղադրված զինվորների պատկերներով, որտեղ Հուդան համբուրում է Հիսուսին, պահապանների ձեռքերն արդեն մեկնված են, իսկ ձախում Պետրոս Առաքյալը դանակով կտրում է Մալքի ականջը։ Խորանում գտնվում են հետևյալ խճանկարները․

  • տաճարում Գաբրիել հրեշտակի հայտնվելը Զաքարե քահանային
  • համրացած Զաքարիան դուրս գալով տաճարից, ժողովրդի հետ հաղորդակցվում է նշաններով
  • ավետում
  • Աստվածածնի հանդիպումը

Ծանոթագրություններ խմբագրել