Մոզրովի քարանձավ, կարստային բազմադահլիճ քարանձավ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արփի-Մոզրով ճանապարհին[1]։ Ընդգրկված է Արփի գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես տեղական նշանակության հուշարձան[2]։

Մոզրովի քարանձավ
ՏեսակԴահլիճային քարանձավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՎարչատարածքՎայոց ձորի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Արփի-Մոզրով ճանապարհի կողքին
Խորություն30 մետր
Մուտքերի քանակ1
ՆյութԿարստ
Հայտնաբերման տարի1980 թվական
ՀայտնաբերողՃանապարհաշինարարներ
Անվանված էՄոզրով գյուղի անունով
Այցելուների հասանելիությունՀասանելի է թույլտվության դեպքում
ԼուսավորությունՉունի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հայտնաբերում խմբագրել

1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք։ Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի շրջանի իշխանությունների կողմից Երևանից հրավիրվում է քարանձավագետների խումբ, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն։ Գետնի մեջ խորը անցքի հայտնաբերումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել շրջակա բնակավայրերի բնակիչների մոտ, ովքեր մեծ խմբերով այցելում էին հայտնաբերման վայր[1]։

Առաջին հետազոտություն խմբագրել

Քարանձավի հայտնաբերման հաջորդ օրը Երևանից հրավիրված քարանձավագետները սկսում են նախնական ուսումնասիրությունը։ Մի քանի օրերի ընթացքում նրանք բացահայտում, հետազոտում և չափագրում են ճանապարհաշինարարների կողմից հայտնաբերված անցնքն ու հայտնաբերում միմյանց հետ կապված նոր սրահներ ու անցուղիներ։ Ըստ հետազոտող փորձագետների՝ քարանձավը համաշխարհային նշանակության բնական հուշարձան է, որն իր մեջ ունի քարանձավային գոյացությունների տարբեր դրսևորումներ[1]։

Մոզրովի քարանձավի առաջին հետազոտող խմբի կողմից անձավի տարբեր դահլիճներ ստացել են անուններ, որոնցից է «Ջրվեժների», «Անդունդի», «Եղևնու», «Տիկնիկների», «Կակտուսների», «Սպիտակ Մարջանների», «Կարմիր շիթաքարերի» դահլիճները[1]։

Երկրաբանական նկարագիր խմբագրել

Մոզրովը երկրաբանական հարուստ գոյացություններով խորը քարանձավ է։ Այն իր երկարությամբ Հայաստանում երրորդն է (մոտ 260մ)։ Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։ Այն ունի բազմատեսակ ծալքավոր կամ ներանձավային գոյացություններ, որոնցից են շթաքարեր, պտկաքարեր, հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ[3][4]։

Քարանձավն ունի բազմասրահ կառուցվածք, որը բաղկացած է մի շարք դահլիճներից ու անցուցիներից[1]։

Եղևնիների դահլիճ խմբագրել

Դահլիճ մտած առաջին ուսումնասիրողները սկզբում այն անվանել են «Երգեհոն», քանի որ սրահ անկյունում գտնվող և առաստաղից կախված հսկա սյուներին են դիպչում, երգեհոնից արձակվող ձայն է լսվում։ Այնուհետև նրանք հայտնաբերում են մյուսներից չափսերով անհամեմատ մեծ, արագոնիտե հսկա սյունը, որն իր թեքությամբ նմանեցրել են Պիզայի աշտարակին։ Այդտեղից էլ դահլիճը վերանվանել են «Պիզայի աշտարակ»։ Այնուհետև նրանք դահլիճում հայտնաբերում են քարե հսկա եղևնին, որն ունի 15 մետր բարձրություն։ Որպեսզի եղևնին տեսանելի լինի իր ամբողջ բարձրությամբ, պետք է դիտել դահլիճի անկյունից։ Հենց այդ քարե եղևնու շնորհիվ էլ քարանձավագետները վերջնականապես ընտրել են դահլիճի անունը[1]։

«Եղևնիների» դահլիճի պատի անցքից սկսվում է դեպի «Տիկնիկների» դահլիճ տանող անցուղին[1]։

Տիկնիկների դահլիճ խմբագրել

«Տիկնիկների» դահլիճի խորքում ռելֆն ու առաջացած գոյացություններն այնպիսի տեսքն ունեն, կարծես ձևավորել են բեմ։ Նրա առջև լճակներ են, որոնց առջևում՝ ընդարձակ, կիսաթափանցիկ շիթաքարեր։ Դրանք վարագույրի նման ծածկում են բեմը։ Երբ հետազոտողներն առաջին անգամ մտել են դահլիճ և տեսել «բեմը», փոքր տիկնիկներով ցուցադրություն են կազմակերպել, ինչից էլ դահլիճը ստացել է «Տիկնիկներ» անունը[1]։

Այս դահլիճից հետո սկսվում է «Կակտուսների» սրահը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Էդվարդ Սարգսյան․ «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9
  2. ՀՀ կառավարության 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն որոշում։
  3. «Մոզրովի քարանձավ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Մոզրովի քարանձավը բացառիկ բնական հրաշք է. այն ևս փրկել է պետք». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.