Մոդուլյատոր, մոդուլումն իրականացնող սարք։ Ինֆորմացիայի հաղորդման համակարգերում ապահովում է կրող տատանման պարամետրերի փոփոխումը հաղորդվող հաղորդագրության փոփոխման օրենքի համաձայն, էլեկտրակապի ևռադիոհաղորդման հաղորդիչ սարքերի անհրաժեշտ բաղադրամասն է։ Մոդուլյատորի սխեման և աշխատանքի սկզբունքը պայմանավորված են մոդուլման տեսակով։ Լինում են՝

  • ամպլիտուդային
  • հաճախային
  • փուլային
  • իմպուլսային և այլ մոդուլյատորներ։

Մոդուլյատորում կրող տատանման կառավարումը կատարվում է ոչ գծային դիմադրության կամ ռեակտիվ տարրի օգնությամբ։ Օրինակ, ամպլիտուդային մոդուլումը իրագործվում է եռէլեկտրոդ (բազմէլեկտրոդ) լամպային կամ տրանզիստորային սխեմաներում(Նկ. 1), իսկ հաճախային մոդուլումը՝ ռեակտիվ լամպի կամ տարրի օգնությամբ (նկ․ 2)։

Վերջին դեպքում մոդուլող լարումով (հաղորդագրությամբ) փոփոխելով ռեակտիվ լամպի կամ տարրի ունակությունը (ինդուկտիվությունը), փոփոխում են գեներատորի հաճախականությունը։ Մոդուլյատորի աշխատանքը հիմնականում գնահատվում է մոդուլման բնութագրով։ Ամպլիտուդային մոդուլման դեպքում՝

M=f(VΩ)

իսկ հաճախայինի դեպքում՝

Δω / ωo = f(VΩ)

երկու դեպքում էլ Ω= const, M-ը ամպլիտուդային մոդուլման գործակիցն է (մոդուլված տատանման պարամետրի առավելագույն և միջին արժեքների հարաբերությունը), VΩ-ն՝ մոդուլող լարման ամպլիտուդը մոդուլյատորի մուտքում, Δω/ωo-ն մոդուլվող հաճախականության հարաբերական շեղումն է մոդուլյատորի ելքում, Ω-ն՝ մոդուլող տատանման հաճախականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 667