Մկրտիչ Ավգերյան

հայ լեզվաբան, թարգմանիչ

Մկրտիչ Հայրապետի Ավգերյան (նոյեմբերի 11, 1762(1762-11-11)[1][2] կամ նոյեմբերի 24, 1762(1762-11-24)[3], Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 3, 1854(1854-03-03)[3][1][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]), աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի)։

Մկրտիչ Ավգերյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1762(1762-11-11)[1][2] կամ նոյեմբերի 24, 1762(1762-11-24)[3]
ԾննդավայրԱնկարա, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 3, 1854(1854-03-03)[3][1][2] (91 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բառարանագիր, աստվածաբան և թարգմանիչ
 Mkrtich Avgeryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1774 թվականին մտել է Սուրբ Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտական, մշակութային գործունեություն։ Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթողական աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ։ Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով։

Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս։ Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատիներենից գրաբար է թարգմանել Հեթում պատմիչի «Պատմութիւն թաթարաց»-ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի եւ պատասխանատուութիւնք»-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»-ը (1849), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»-ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»-ը (1846) և այլն։

Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ. Ավետիքյան, Խ. Սյուրմելյան)։ Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846, 1865 երկրորդ տպագրութիւն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Aucher, Johann Baptist (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 14. — S. 382.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավգերյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավգերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608