Միր Մահմուդ Հոթաքի (փուշթու՝ میر محمود هوتک), կամ Շահ Մահմուդ Ղիլջի (փուշթու՝ شاه محمود غلجي), (1697, Խորասան, Սասանյան Պարսկաստան - ապրիլի 22, 1725(1725-04-22), Սպահան, Սեֆյան Պարսկաստան), Հոթաքիների դինաստիայի աֆղանական կառավարիչ։ Գրավել է Սեֆյան Պարսկաստանը (1501-1722), տապալել Սեֆյանների դինաստիան և դարձել Իրանի շահ։ Իշխել է մինչև մահը՝ 1725 թվականը[1]։

Միր Մահմուդ Հոթաքի
میر محمود هوتک
Դիմանկար
Ծնվել է1697
ԾննդավայրԽորասան, Սասանյան Պարսկաստան
Մահացել էապրիլի 22, 1725(1725-04-22)
Մահվան վայրՍպահան, Սեֆյան Պարսկաստան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Միր Վայիս Հոթաքի
Զբաղեցրած պաշտոններՇահ և Աֆղանստանի էմիր
 Mahmud Hotaki Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է Միր Վայիս Հոթաքիի ավագ որդին, ով Ղիլջի փաշթոների ցեղապետն էր։ 1709 թվականին Միր Վայիսը իր բնակատեղի է հրավիրել Քանդահարի կառավարիչ Գյուրգեն խանին, սպանել նրան և իրեն անկախ հռչակել[2]։ Սա սուննի աֆղանների խոշոր ընդվզումն էր շիա պարսիկների դեմ[3]։ Միր Վայիսի մահից հետո (1715), նրան հաջորդեց եղբայր Աբդուլ Ազիզը։ Վերջինս 1717 թվականին սպանվեց Միր Մահմուդի կողմից, ով դարձավ ցեղի առաջնորդը։ 1721 թվականին Մահմուդն իր տիրույթներին միացրեց Քերմանը և արշավեց Սպահան[4]։

Պարսկաստանի նվաճում խմբագրել

1721 թվականի սեպտեմբերի 30-ին Միր Մահմուդը հաստատվեց պարսից մայրաքաղաքից ոչ հեռու՝ Գուլնապատի դաշտում, իսկ Հուսեյն շահը ապավինեց Սպահանի միջնաբերդին։ Շահն անգամ ներս չթողեց Նոր Ջուղա քաղաքի բնակչությանը, որը հայտնվել էր քաղաքի պարիսպներից դուրս՝ Զայանդե գետի մյուս ափին։ Երբ պարսիկները Ֆահրապատի ճակատամարտում տանուլ տվեցին, հայերը ներկայացան աֆղանական ճամբար, ապա և տվեցին նրա պահանջած 70,000 թուման հարկը։ Քիչ անց Սպահան մայրաքաղաքում սկսեց սով, որը խլեց 20,000 մարդու։ Շահն անձնատուր եղավ. քաղաքի դատպասները բացվեցին 1722 թվականի մայիսի 13-ին։ Այլ աղբյուրների համաձայն քաղաքը գրավվել է հոկտեմբերի 12-ին, որից հետո աֆղանները կոտորել են 600,000 բնակչի[4]։ Հայերի հանդեպ թշնամացած պարսիկները սպանեցին Նոր Ջուղայի հինգ բնակչի, ովքեր այցելել էին աֆղանական ճամբար։ Հոկտեմբերի 23-ին Մահմուդը դարձավ պարսից շահ[5]։

Իր կառավարման առաջին իսկ օրերին Մահմուդը բարեսիրտություն դրսևորեց՝ լավ վերաբերվելով գերեվարված թագավորական ընտանիքին և սնունդ բերելով մայրաքաղաք։ Նոյեմբերին Հուսեյնի որդի Թահմասպը հեռացավ Մազանդարան և իրեն շահ հռչակեց։ Նրա մայրաքաղաքը դարձավ Թավրիզը (Ատրպատական)։ Մահմուդը բանակ ուղարկեց Ղազվին՝ կռվելու Թահմասպի դեմ։ Պարսից արքայազնը փախավ և աֆղանները հաղթանակով վերադարձան Սպահան։ Օգտվելով այս քաոսային իրավիճակից՝ Իրան արշավեցին օսմանյան զորքերը։ Օգտվելով հարմար առիթից՝ ազատագրության կոչով հանդես եկավ նաև հայ հոգևոր և ազնվական վերնախավը. ազատագրական շարժումներ սկսեցին Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)։ Հայերը վրաց Վախթանգ VI թագավորի հետ դաշնակցելով՝ նամակ գրեցին ռուսաց կայսր Պետրոս Մեծին։ Կարճ ժամանակ անց ռուսները սկսեցին Կասպիական արշավանքը։ Նվաճելով Կասպից ծովեզերքը՝ ռուսները կանգ առան։ Օսմանյան զորքերը գրավեցին Թիֆլիսը, Գանձակը, իսկ 1724 թվականին մոտեցան Երևանի մատույցներին։ Երևանի ինքնապաշտպանությունից հետո քաղաքն ի վերջո անձնատուր եղավ։ Ռուս-թուրքական պայմանագրի համաձայն Դերբենդը, Բաքուն, Գիլանը, Մազանդարանը և Աստարաբադը անցնում էին Ռուսաստանին, իսկ Երևանը և Թավրիզը՝ իրենց նահանգներով՝ Օսմանյան կայսրությանը։ Երևանի գրավումից հետո թուրքական բանակը մտավ Պարսկահայք և Ատրպատական՝ Մակու, Խոյ, Մարաղա, Ուրմիա, Թավրիզ։ Հայերի երկարամյա դիմադրությունից հետո օսմանյան բանակը իրեն ենթարկեց ողջ Հարավային Կովկասը։

Մահ խմբագրել

 
Միր Մահմուդի հատած դրամներ. դիմերեսին (ձախ) աֆղաներեն տեքստ, դարձերեսին (աջ) արաբերեն վկայություն

Այն բանից հետո, երբ օսմանյան զորքերը գրավեցին նաև Համադանը և Լոռեսթանը, Պարսկաստանի ներսում սկսեցին նոր անախորժություններ։ Միր Մահմուդը հրամայեց սպանել Սեֆյան տոհմի 39 ներկայացուցչի, այդ թվում՝ Սուլթան Մահմուդի 11 որդիներին։ Երիտասարդ տարիքում տիրանալով Պարսկաստանին՝ քսանութամյա Մահմուդի առողջությունը վատթարացավ։ 1725-ի ապրիլի 22-ին, մի խումբ աֆղանական սպաներ բանտից ազատեցին Մահմուդի հորեղբորորդի Աշրաֆ Խանին։ Պալատական հեղափոխությունից երեք օր անց Մահմուդը մահացավ՝ կա՛մ իր հիվանդությունից, կա՛մ շնչահեղձ եղավ[1]։

Միր Մահմուդը հատել է դրամներ, որոնցում ընդգծել է իր սուննի լինելը՝ ի հեճուկս շիա պարսիկների։ Դա զգացվում է դարձերեսի արաբերեն վկայությունից՝ لَا إِلَٰهَ إِلَّا ٱللَّٰهُ وَأَشْهَدُ ومُحَمَّدٌ رَسُولُ ٱللَّٰهِ՝ չկա աստված ալլահից բացի և Մուհամմադը նրա մարգարեն է. շիաները Ալիին և տասնմեկ մյուս իմամներին համարել են Մուհամմադի մարգարեության շարունակողները։

Միր Մահմուդի նվաճումները կարևոր հետք թողեցին աֆղանների (փուշթուներ) ազգային ինքնագիտակցության վրա։ Նրանց՝ որպես ազգի ու ժողովրդի վերջնական ձևավորումը կայացավ Միր Մահմուդի մահից որոշ ժամանակ անց. աֆղաններին Իրանից քշած Նադիր շահի սպանությունից հետո ստեղծվեց աֆղանական նոր պետություն՝ Դուրանի կայսրությունը (1747-1823), ապա և՝ Աֆղանստանի էմիրությունը (1823-1926) և Աֆղանստանի թագավորությունը (1926-1973)։ Դրանցում աֆղանների կողքին ապրում էին նաև տաջիկները և հազարաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "AN OUTLINE OF THE HISTORY OF PERSIA DURING THE LAST TWO CENTURIES (A.D. 1722–1922)". Edward Granville Browne. London: Packard Humanities Institute. p. 29. Retrieved 2010-09-24.
  2. Dupree, Mir Wais Hotak (1709–1715)
  3. Монархи. Мусульманский Восток XV-XX, 2004, Гильзаи
  4. 4,0 4,1 Բաբկեն Հարությունյան, Աստվածատուր Ա Համադանցի
  5. Michael Axworthy, The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant Hardcover 348 pages (26 July 2006) Publisher: I.B. Tauris Language: English ISBN 1-85043-706-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միր Մահմուդ Հոթաքի» հոդվածին։