Միջնորդ դատարանի մշտական պալատ

Միջնորդ դատարանի մշտական պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։ Պալատի մշտական մարմինը նրա միջազգային բյուրոն է, որի գործունեությունը վերահսկում է պայմանադիր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների մշտական խորհուրդը՝ Նիդերլանդների արտաքին գործերի մինիստրի նախագահությամբ։ Միջնորդ դատարանի մշտական պալատը կազմվում է միջազգային իրավունքի ճանաչված մասնագետներից (յուրաքանչյուր պետությունից՝ 4 հոգուց ոչ ավելի), որոնց նշանակում են միջազգային վեճերը կարգավորելու մասին կոնվենցիայի մասնակից պետությունները՝ 6 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր պետության մասնագետներ մշտական պալատում կազմում են ազգային խումբ։ Միևնույն անձին կարող է նշանակել մի քանի կառավարություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 595