Միջազգային երկրաֆիզիկական տարի

Միջազգային երկրաֆիզիկական տարի, ՄԵՏ (անգլ.՝ International Geophysical Year, ֆր.՝ Année géophysique internationale), 1957 թվականի հուլիսի 1-ից մինչև 1958 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը (18 ամիս), որի ընթացքում 67 պետություններ ամբողջ երկրագնդի տարածքում միասնական ծրագրով և մեթոդով կատարեցին երկրաֆիզիկական դիտարկումներ և հետազոտություններ։

ՄԵՏ պաշտոնական տարբերանշանը

ՄԵՏ-ը հաջորդեց երկու Միջազգային բևեռային տարիներին։ Նրա անցկացումը ղեկավարեց հատուկ կոմիտե։ 1959 թ.-ին ՄԵՏ-ը շարունակվեց որպես Միջազգային երկրաֆիզիկական համագործակցություն (ՄԵՀ)։ ՄԵՏ-ի ծրագրի մեջ, որը հարմարեցված էր արեգակի մաքսիմում ակտիվության ժամանակին, մտնում էին օդաբանական, օդերևութաբանական, օվկիանոսագիտական, սառցադաշտաբանական, մագնիսային, գրավիմետրական և սեյսմիկ դիտարկումներ։

Ուսումնասիրվեցին մթնոլորտի վերին շերտերը՝ բևեռափայլը, իոնոսֆերան, երկնաքարերը, ինչպես նաև տիեզերական ճառագայթները։ Դա մեծ ներդրում էր Արեգակ-Երկիր կապերի հետազոտման գործում։ Հատուկ նշանակություն ունեցավ Անտարկտիկայի ուսումնասիրությունը, որտեղ տարբեր երկրներ ստեղծել էին բազաներ դիտարկումների համար (օրինակ, սովետական «Միրնի» դիտակայանը)։ Բոլոր օվկիանոսներում կատարվեցին բազմաթիվ հիդրոգրաֆիական կտրվածքներ, մասնավորապես սովետական «Վիտյազ» և «Օբ» նավերով։ ԽՍՀՄ-ը և ԱՄՆԱրկտիկայում մեծ սառցաբեկորների վրա տեղակայեցին մի քանի լողացող դիտակայաններ։ ՄԵՏ-ի անցկացման ժամանակ օգտագործվեցին նորագույն սարքեր և ուսումնասիրության միջոցներ (օրինակ, արձակվեցին մեծ քանակությամբ երկրաֆիզիկական հրթիռներ, Երկրի արհեստական արբանյակներ), և դրանց օգնությամբ տրվեցին մթնոլորտի խորության և ջերմաստիճանի առաջին գնահատականները 200 կմ-ից վեր շերտերում։ Բացահայտվեցին Երկրի ռադիացիոն գոտիները։ Հաջողվեց որոշել երկնաքարային նյութի խտությունը միջմոլորակային տարածությունում (որը կարևոր է տիեզերական թռիչքների անվտանգության ապահովման համար)։ ՄԵՏ-ի դիտարկումների նյութերով Անտարկտիդայում հայտնաբերվեց ցրտության Հարավային բևեռը մինչև -57°С միջին տարեկան ջերմաստիճաններով, որոշվեց Անտարկտիդայի ափերի մոտ ցիկլոնների առավել կրկնողության 6 մարզերի միջին դիրքը։

Երկնաքարերի լույս արձակող (լուսատու) հետքերի տեսողական ռադիոլոկացիոն դիտարկումները հնարավորություն ընձեռեցին որոշել քամու արագությունը և ուղղությունը մինչև 110 կմ բարձրության վրա։ Օվկիանոսի առավել խոր մասերում հայտնաբերվեցին բավական արագ հոսանքներ։ Սեյսմիկ դիտարկումները ցույց տվեցին, որ մայր ցամաքների եզրերով ձգվող հրաբխային զոնաները կապված են նուրբ օվկիանոսային երկրակեղևից հզոր ցամաքայինի անցման հետ։ Նոր սառցադաշտային շրջաններ գտնվեցին Արևելյան Սիբիրում։ Բևեռափայլի սպեկտրի օգնությամբ ապացուցվեց հելիումի առկայությունը Երկրի վերին մթնոլորտում։ ՄԵՏ-ի առաջին գիտական արդյունքները ամփոփեցին 1958 թ.-ին, Մոսկվայում կայացած ՄԵՏ-ի ասամբլեայում։ ՄԵՏ-ի դիտարկումների բոլոր նյութերի կրկնօրինակները պահպանվում են տվյալների համաշխարհային կենտրոններում (ՏՀԿ)՝ Վաշինգտոնում, Մոսկվայում և մի քանի այլ կենտրոններում, օրինակ՝ Ժնևում, Լոնդոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 573