Կեղծ ալրացող, բույսերի սնկային հիվանդություն։ Սովետական գրականության մեջ միլնդյուն սովորաբար անվանվում է միայն խաղողի վազի կեղծ ալրացող։ Ունի ամերիկյան ծագում։ Եվրոպայում առաջին անգամ նկատվել է 1878 թվականին Ֆրանսիայում։

Նոր վարակված բույս:

Հիվանդության հարուցիչը Plasmopara viticola Berl․ et de Toni մակաբույծ սունկն է։ Ձմեռում է գլխավորապես վարակված, թափված տերևների մեջ, կլորավուն թաղանթապատված օօսպորների (հանգստի սպորներ) ձևով։ Գարնանը, թափված տերևների փտելու ժամանակ, օօսպորները հողի մեջ 11 °C-ից բարձր ու բավարար խոնավության պայմաններում ծլում են, առաջացնելով հիֆեր, որոնց գագաթներում գոյանում են մակրոկոնիդիումներ։ Վերջիններս քամու միջոցով տարածվում են տերևների վրա։ Դրանց մեջ առաջանում են զոոսպորներ (շարժուն սպորներ), որոնք տերևի վրա խոնավության առկայության պայմաններում ծլում են։ Առաջացած հիֆերը հերձանցքերից թափանցում են տերևների մեջ, ուր զարգանում է սնկի միցելիումը։ Հիվանդ տերևների հյուսվածքներն սկսում են մահանալ, առաջանում են դեղնավուն բծեր, իսկ ստորին երեսի վրա՝ սնկի ամառային սպորակիրներ (զոոսպորանգիումներով կոնիդիումներ), որոնց միջից զոոսպորները դուրս գալով նորից են վարակում։ Միլդյուն վնասում է խաղողի վազի բոլոր կանաչ օրգանները (տերևները, ծաղկաբույլերը, պտուղները, բեղիկները և այլն)։ Վնասված հյուսվածքները 10-15 օր հետո գորշանում և չորանում են։ Միլդյուի զարգացմանը նպաստում են մթնոլորտային տեղումները, ցողը, մառախուղը, բարձր ջերմաստիճանը, իսկ Կոնիդիալ սպորատվությանը՝ օդի բարձր խոնավությունը (95-100%)։ Չոր և շոգ եղանակին միլնդյուի զարգացումն ընդհատվում է։

Միլդյու-դիմացկուն սորտերի ներդրում, վազի ժամանակին ծերատում ու բջջատում, թափված տերևների ոչնչացում, վեգետացիայի ընթացքում միջշարքերի փխրեցում և այգիների սրսկում (4-5 անգամ) բորդոյան հեղուկի 1% կամ ցինկի 0,5%, կուպրոզանի 0,4%-անոց լուծույթներով։

Միլդյուին Արարատյան դաշտում այգեգործներն անվանում են «չոռ», հյուսիսարևելյան շրջաններում՝ «կարմրուկ», իսկ Մեղրիում, Գորիսում՝ «խորշակ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 535