Մենուետ, (ֆրանս․՝ menuet, menu — փոքր, մանր), ֆրանսիական պար։ Առաջացել է Պուատու գավառի ժողովրդական պարերգերից։ 17-րդ դարից դարձել է պալատական պարահանդեսների հիմնական պարերից մեկը։ Չափը եռամաս է։ Կատարվում է սահուն քայլերով, հանդիսավորությամբ, շարժումները կազմված են հիմնականում խոնարհ ողջույններից ու ռևերանսներից։ 18-րդ դարում մենուետը փոփոխություններ է կրել, արագացել է տեմպը, բարդացել շարժումները, օգտագործվել են նաև ցատկեր, պարել են մի քանի զույգերով։ 17-րդ դարից մուտք է գործել օպերա-բալետային ստեղծագործությունների մեջ։ Տարածված և ընդունված է եղել Արևմտյան Եվրոպայում, 18-րդ դարից՝ Ռուսաստանում։

Տարբեր կոմպոզիտորների կողմից օգտագործվել է պարային սյուիտներում (Յոհան Սեբաստիան Բախ), սոնատներում, կվարտետներում, սիմֆոնիաներում (Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն) և այլ ստեղծագործություններում (Պ․ Չայկովսկի, Ս․ Պրոկոֆև, Կ․ Դեբյուսի, Մ․ Ռավել, Բ․ Բարտոկ և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 465
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենուետ» հոդվածին։