Մեծավան

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծավան (այլ կիրառումներ)

Մեծավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղ
Մեծավան
Շահնազար,
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ենթարկումգյուղ
ՄարզԼոռու
ՇրջանՏաշիր
Համայնք Տաշիր համայնք[1]
Հիմնադրված է1820 թ.
Այլ անվանումներՇահնազար
Մակերես62,95 կմ²
ԲԾՄ1575 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4578[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Կաթողիկե Եկեղեցի
ՏեղաբնականունՄեծավանցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ94
Փոստային ինդեքս2112
Պաշտոնական կայքmetsavan.am (հայ.)
Մեծավան (Հայաստան)##
Մեծավան (Հայաստան)

Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին, հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին։ Առավել հայտնի է իր նախկին անվամբ` «Շահնազար»։ Ըստ ստուգաբանության` «Շահնազար» նշանակում է թագավորի հայացքին արժանացած։ Մեծավանը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Լոռու մարզի հյուսիսարևմտյան մասում` ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա։ Բնակչության թվով Հայաստանի Հանրապետության ամենամեծ գյուղերից մեկն է, Լոռու մարզի` ամենամեծ գյուղը։

Մեծավանի պատմությունը խմբագրել

Ներկայիս Շահնազարի տարածքը եղել է Բագրատունիների կալվածքի մի մասը։ 11-րդ դարում այն նվաճել են սելջուկները, որի հետևանքով էլ այստեղի հուշարձանները զգալիորեն տուժել են։ Սելջուկների գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է Օրբելյանների կողմից և դարձել նրանց սեփականությունը։ Ավելի ուշ` 1801 թվականին, Վրաստանի հետ մեկտեղ միացվել է Ցարական Ռուսաստանին։

Շահնազարը հիմնադրվել է 1820 թվականին Ալաշկերտից և Մուշից այստեղ գաղթած 69 ընտանիքների կողմից։ Երբ ալաշկերտցիները եկել են այստեղ, տեղանքը եղել է անմարդաբնակ և կոչվել է Ղոշ-Քիլիսա` երկու հին և անծածկ եկեղեցի ունենալու պատճառով։ Այդ վանքերը այժմ էլ գոյություն ունեն` մեկը գործող և կանգուն, մյուսը` ավերակ։ 1546 թ. կառուցված վանքերը վերանորոգվել են գաղթականների կողմից։

Ռուսական կայսրությունը Արցախի Մելիք Շահնազարյանին (Մելիք Ջումշուդ) իր կատարած սխրանքների համար նվիրել է այս տարածքը, որտեղ նա ապրել է շուրջ 10 տարի (1795-1805)։ Այս տարածքները եղել են Մելիք Շահնազարյանի ամառային արոտավայրերը։ Այն ժամանակ, երբ ալաշկերտցիները գաղթում են, գյուղի տարածքը վրաց Օրբելիների կալվածքն էր, սակայն այդ մասին գաղթականները անտեղյակ լինելով` հաստատվում են այստեղ։ Նրանք կառուցել են գետնափոր տներ` բնակություն հաստատելու։ Պատահաբար այդ մասին իմանալով` վրաց Օրբելի իշխանը նրանց վրա տուրք է նշանակել` 1 հա-ի համար 1 ռուբլի։ Բայց 1848 թ. վերջնականապես որոշում են, որ այդ հողերը թագավորական չեն։ Նույն ժամանակ նամեստնիկ Վորոնցովը 30-ամյա դաշինք է կնքում կալվածատերերի և գյուղացիների միջև, որոնք պատրաստվում են տարեկան 1 հեկտարի հաշվով 30 կոպեկ հարկ վճարել հողատերերին։ Այդ 30 տարիներին շահնազարցիները ունեցան 3 հողատեր` Արթուր Ալիխանով, գեներալ Պեզաք, Լեշչով, որոնցից հիասթափված էին գյուղացիները։ Գեներալ Պեզաքի չորս աղջիկներից Շահնազարը բաժին է ընկել Նադեժդա Ֆիրսովային։ Մի քանի տարի անց Սարգիս Յազիչյանը և Հովհաննես Այվազովը հեռագիր են ուղարկում հողատիրոջը և ցանկություն հայտնում գնել այն։ Այդպես 28 տարի շարունակ գաղթականները հողօգտագործման հարկ են վճարել և միայն Սարգիս վարդապես Յազիչյանի գլխավորությամբ ամբողջ գյուղը փող է հավաքում և կանխիկ գնում այն։ Սակարկություններից հետո Նադեժդա Ֆիրսովան համաձայնում է վաճառել դրանք` հեկտարը 10 ռուբլի արժողությամբ` 3157 հա-ի դիմաց ստանալով 31570 ռուբլի։

Շահնազարի առաջին տանուտերը դառնում է Սարգիս Յազիչյանի հայր Պետրոս Յազիչյանը։ 1891 թվականին Սարգիս Յազիչյանը Պողոս վարդապետի և Գաբրիել Նահապետյանի հետ գնում է Թիֆլիսի ազգային գործոց մաս, խնդրում Կովկասի կառավարիչներին, որ իրավունք տան Շահնազարում հոգևոր դպրոց բացել։ Ստանալով թույլտվություն` վերադառնում են գյուղ, և Տեր-Պողոս Չոբանյանը իր տանը կից մի սենյակի մեջ 20-30 տղա է հավաքում և ձեռնամուխ լինում նրանց կրթելու գործին։ 1892 թվականին շահնազարցիները ջրաղաց են կառուցել։ Ջրաղացից ստացած տարեկան եկամուտից 100 ռուբլի բաժին է ընկնում ծխական ուսումնարանին։ Առաջին դպրոցը գյուղում բացվում է 1897 թվականին, տեղացի Արթեն Դումիկյանի տունը։ 3 տարի գյուղում ուսուցչություն է արել Գյուլագարակ գյուղի բնակիչ Համազասպ Շահինյանը, 1 տարի` ուզունլարցի Տիգրան Տիտանյանը։ Տեղացի առաջին ուսուցիչը եղել է Սրապիոն Թմոյանը։ Սարգիս վարդապետ Յազիչյանը գյուղում կառուցում է մի մեծ տուն, որի տանիքը բերել էր իր հետ Պոլսից։ Ասում են, որ այդ տանիքը երևացել է նույնիսկ գյուղից դուրս։ Սարգիս Յազիչյանը իր հիշատակություններում նշում է, որ «կառուցել է այդ տունը, որ շահնազարցիները բարի նախանձով նախանձեն իրեն և գետնափոր տները փոխարինեն այդպիսի տներով»։ Հետագայում այդ տունը ծառայեց որպես դրսից եկած ուսուցիչների տուն, ապա հիվանդանոց, ԽՍՀՄ տարիներին` մանկապարտեզ, այժմ այն չի գործում։ 1820-1865 թթ. Շահանազարը գլխավորել են մեկ տանուտեր և մեկ դատավոր։ 1865 թ. կարգը փոխվել է։ Ղեկավար մարմիններ են եղել մեկ տանուտեր և երեք դատավոր։ Իսկ 1890 թ. հինգ կաթոլիկ հայկական և 6 թուրքական գյուղեր միացան Շահնազարի շինական կառավարության ներքո, ապա այդ միավորումը բաժանվեց և վերածվեց երեք գյուղապետարանի, որոնցից մեկն էլ Շահնազարի գյուղապետարանն էր։

1920 թ. գյուղը խորհրդայնացվում է, ստեղծվում են տեղական խորհուրդներ, իսկ 1930-1931 թվականից տեղի է ունենում կոլեկտիվացում։ 1937 թ. Տաշիրը հանդես է գալիս որպես առանձին տարածաշրջան։ Դրա կազմում էր նաև Շահնազարը։ 1978 թ. գյուղը վերանվանվել է Մեծավան։

Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

 

Խարաբեք-Ավերք (5-18-րդ դդ.) գյուղատեղի։ Շահնազարից դեպի արևելք, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում է Կոկո Բեգո մատուռը, որը, ըստ գտնվելու վայրի, տեղացիներն անվանում են Խարաբի վանք:Մուտքի ճակատային մասում մատուռի արձանագրությունն է` ՀԻՇԱՏԱԿ ԿՈԿՈ ԲԵԳՈՅԻՑ ԱՅՍ ՏԱՃԱՐԸ։ Կոկո Բեգոյի (Կարապետյան Բեգլար) ժառանգները պատմում են, որ իրենց հայրն այն վերակառուցել է ` ըստ իր տեսիլքի, որում վկայվել է, որ մատուռը Սբ. Հակոբի մատուռն է, իսկ մոտակա ձորում գտնվող աղբյուրը` Սբ. Հակոբի աղբյուրը։ Այն ևս համարվում է 5-6-րդ դարերի կառույց։ Ասում են` վանքը բացառիկ զորություն ունի։ Տեղանքի արևմտյան մասում ավերված եկեղեցի կա` Սբ. Պողոս-Պետրոս անունով, որը վաղ միջնադարյան 5-6-րդ դարերի միանավ դահլիճի տիպի եկեղեցու մնացորդ է։ Պահպանվել են միայն արևելյան, հյուսիսային, մասամբ հարավային պատի մնացորդները` առանց ներքին և արտաքին երեսքարերի։ Այս ավերված եկեղեցու քարերից Կարապետյան Բեգլարը (Կոկո Բեգո) 20-րդ դարում օգտագործել է` կառուցելով Սբ. Հակոբի մատուռը։ 2006 թվականին վերակառուցվել է տանիքը։ 2012 թվականին մատուռի մոտ տեղադրվել է խաչքար, իսկ 2013 թվականին պարսպապատվել է։

Խաչքար (8-9-րդ դդ)։ Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոցի դոշ» վայրում քարե Թևավոր Խաչ կա։ Խաչարձանի մոտ 20-րդ դարում կառուցվել է անշուք մի մատուռ, որն անվանվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ, սակայն տեղացիներին այն առավել հայտնի է Խաչքար անունով, իսկ մատուռի մուտքից վերև` սրբատաշ քարի վրա, շինության արձանագրությունն է` գրված 1961 թ., արձանագրության վրա կան ևս մի քանի ազգանուններ` հավանաբար մատուռը կառուցողների։ 2014 թվականին փոխվել է տանիքը և ներքին պատերի հարդարանքը։ Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` «Սուլթանի աղբյուր» անվամբ։

Սբ. Հովհաննեսի Մկրտիչ - Վերի վանք (5-6-րդ դդ.): Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թվականն ստույգ հայտնի չէ. հորինվածքով, զարդարանքով ընդհանրանում է Լոռվա տարածքի 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների հետ, որոնց ժամանակակիցը կարող է համարվել։ 19-րդ դարում ևս վերանորոգվել է։ 1878 թ. անձրևներից քայքայվում և ավերվում է նրա առջևի պատը, ավերվում է կտուրը։ Սարգիս վարդապետը նախաձեռնում է վերականգնողական աշխատանքները և այն դարձնում ծխական ուսումնարան։ Ցարական կառավարությունն այն փակում է, բայց մի տարի անց կրկին բացում։ «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Սարգիս վարդապետը։ Նորացվել են պատերի կեսից վերև ընկած մասերը` ծածկը, տանիքը, հավելվել է արևմտյան պատին կից թաղակապ մատուռ-սրահը, որտեղ 19-րդ դարում Միքայել Ադամյանը (Շեգո)Խաչ է տեղադրել։ Եկեղեցու շուրջ նախկինում հանգստարան է եղել, որը զբաղեցնում է շուրջ 0.5 հա տարածք։ Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը, ով ալաշկերտցիներին առաջնորդել է դեպի Շահնազար, իսկ նրա շիրիմը գյուղացիները պատվել են Իրղանչայ կոչվող գյուղատեղիից բերված եկեղեցու մեծադիր ու շքեղ բարավորով` վերածելով այն տապանաքարի, որի վրա վրացերեն արձանագրություններ կան։ 2013 թ. վանքի դիմաց դրվել է խաչքար Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի ընտանիքի կողմից։ Եկեղեցին վերանորոգվել է նաև 2014 թվականին. ամրացվել են պատերը, կառուցվել է մոմավառության սրահ և զանգակատուն։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ գերաշնորհ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ` Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաօծվել է։

Սբ. Գևորգ եկեղեցի (5-6-րդ դդ.): Սբ. Գևորգ եկեղեցին (տեղացիների լեզվով` Ժամ) գտնվում է գյուղի կենտրոնում։ Սբ. Գևորգ եկեղեցին ուշ շրջանում հիմնովին վերակառուցվել է ` հին եկեղեցու փլատակների տեղում, պահպանված քարերի գործածությամբ նորն է կառուցվել։ Հին եկեղեցու երբեմնի ճակատակալ քարը հարավային պատի ներքևի շարքում է դրված։ Պահպանվել է քարի վրայի արձանագրությունը` «ասոմթավրուլի» գրչությամբ, տեղ-տեղ «նուսխուրի» տառերի գործածությամբ։ Այս արձանագրությունը բավականին մեծ թվով մեկնաբանությունների է ենթարկվել` պարզելու համար, թե որ ժամանակաշրջանին է վերակառուցվել եկեղեցին։ Ըստ էության, Սբ. Գևորգ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 11-րդ դարի վերջին։ Եկեղեցին նորոգվել է նաև 19-րդ դարում Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով, ավելացվել է փայտածածկ, թիթեղյա տանիք։ Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով եկեղեցու հարևանությամբ կառուցվել է աղբյուր։ ԽՍՀՄ տարիներին այն դարձել է ցորենի պահեստ, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել է ավերակի։ Սբ. Գևորգ եկեղեցին 2013 թ. նոյեմբերի 23-ին վերակառուցվել և վերականգնվել է բարերար եղբայրների՝ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյանների ջանքերով։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվել են եկեղեցու Սուրբ խաչն ու զանգը, իսկ արդեն նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Սբ. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը` կրկին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդի։ 2015 թվականի ապրիլի 9-ին օծվել է, Մելքոնյան եղբայրների բարերարությամբ, Սբ. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։ Խաչքարը Նոր Ջուղայի 13-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է։ Եկեղեցու հարավային, արևելյան և արևմտյան պատերի վերին շարքերում պահպանվել են ճարտարապետական հին մանրամասներ։ Իսկ 2007 թ. նրա առջև գյուղի դպրոցի 110-ամյակի առթիվ Վանաձորի Կրթության և գիտության տեսուչ Մայիս Խաչատրյանի հովանավորությամբ դրված խաչքար-հուշարձանը տեղափոխվել է Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դիմաց։

Սբ. Սարգիս, Կենաց Սրբոյ խաչ մատուռները։ Վերջին տարիներին գյուղն ունեցավ ևս երկու նորակառույց մատուռ։ Կենարար Սուրբ Խաչ մատուռը կառուցվել է 2014 թվականին՝ Սպարտակ Պետրոսյանի բարերարությամբ։ Մատուռը կոչվում է Կենարար Սուրբ Խաչ, քանզի այնտեղ է պահվում Ալաշկերտից գաղթած Տեր Պետրոսի Ձեռի խաչը։ Մատուռը առավել հայտնի է Օմարի խաչ անունով։ Մյուս` Սբ. Սարգիս մատուռը գտնվում է գյուղից հյուսիս` Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռից փոքր-ինչ արևմուտք, կառուցվել է 2004 թվականին Ռուբիկ Հարությունյանի նախաձեռնությամբ` ի նշան արված ուխտի։

Մշակութային կենտրոններ խմբագրել

Մշակույթի տուն։ Գյուղի կենտրոնից քիչ հարավ` դեպի Տաշիր տանող ճանապարհին Մշակույթի տունն է։ Այն հիմնադրվել է ԽՍՀՄ տարիներին, 1950-ական թթ.: Նրա առջև որդուն գրկած մոր արձան է` նվիրված Հայրենական Պատերազմում զոհված 605 շահնազարցիների հիշատակին։ Մշակույթի տանը նախկինում գործել է գրադարան, կինոթատրոն, սակայն 2000-ականներին այն փակվեց։ Այն այժմ գործում է։

Դպրոցներ։ Շահնազարում առաջին դպրոցը եղել է Արտեմ Դումիկյանի տունը 1897 թ., մինչ այդ Տեր-Չոբանյանի տանը կից բացվել էր սենյակ, որտեղ ուսանում էր 20-30 տղա։ Հետագայում` 1934 թ., ԽՍՀՄ տարիներին, շահագործման հանձնվեց 1914 թ. կառուցված դպրոցը, որի առաջին տեղացի տնօրենը եղել է Պողոս Հարությունյանը։ Այն գտնվում է Սբ. Հովհաննես վանքից քիչ վեր, Սարգիս Յազիչյանի տուն-մանկապարտեզից վերև։ Այս դպրոցը գործել է մինչև 1970-ականների կեսերը։ Ապա գյուղում բացվեց ներկայիս № 1 դպրոցը, որը 2007 թ. վերանվանվեց շահնազարցի, ականավոր բանասեր, լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվամբ։ Այն գյուղի հարավային հատվածում է։ Նրանից քիչ ուշ բացվեց № 2 դպրոցը։ Գյուղում գործում է նաև արվեստի դպրոց։

Գրադարաններ։ Գյուղում գործել է երեք գրադարան, այժմ գործում են երկուսը։

Մեծավանի աշխարհագրություն խմբագրել

Մեծավանը գտնվում է Լոռու մարզի ծայր հյուսիսում, Վրաստանի պետական սահմանի մոտ, Տաշիր քաղաքից մոտ 10 կմ հեռավորությամբ։ Մեծավանի հյուսիսում տարածվում են Վիրահայոց լեռները, որոնք ձգվում են մինչև Դեբեդի խոր կիրճը։ Նրա` Մեծավան նայող հարավահայաց լանջերն անտառապատ են։ Անտառները արհեստական են, հիմնվել են ԽՍՀՄ տարիներին։ Աճում է ուրց, փայտախոտ, շյուղախոտ, խոշոր եղջյուրավոր անասունների համար կերաբույսեր։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, փորսուղ, ոզնի, նապաստակ, թռչուններից` փայտփոր, կաքավ, կկու, արծիվ, բազե, վերջերս գյուղում և մոտակայքում կարելի է տեսնել արագիլների։ Անտառների ստորոտում է «Չատալի արտը»։ Գյուղից հյուսիս-արևմուտք, մոտ 3կմ հեռավորությամբ` Մեծավանի ջրամբարն է։ Այն նախագծվել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում և շահագործման է հանձնվել 1990 թ., ունի 5,4 մլն խմ ծավալ, 330 հա մակերես, պատվարի լայնությունը 7 մ է, բարձրությունը` 7 մ։ Ջրամբարի ջրերով ոռոգվում է շուրջ 700 հա հողատարածություն։

 

Բնակչություն խմբագրել

Մեծավանի բնակչությունը այստեղ գաղթած ալաշկերտցիների, մշեցիների, հետագայում նաև այլ վայրերի հետնորդներ են։ Ալաշկերտից և Մուշից գաղթել է շուրջ 69 ընտանիք, ներկայում բնակվում է մոտ 6000 մարդ։ Յուրաքանչյուր տարի հուլիս ամսի նախավերջին կիրակի օրը Մեծավանի բնակչությունն, ըստ ավանդության, Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում տոնում է Վարդավառը` անկախ եկեղեցական տոնացույցից։ Այն ուխտի օր է մեծավանցիների համար և միշտ վերածվում է մեծ տոնախմբության, որին մասնակցելու են գալիս նաև հեռավոր վայրերից, նույնիսկ առևտրականներ և այլք … Եկեղեցում մատուցվում է Սբ. և Անմահ Պատարագ։

Մեծավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 123 2049 3992 5160 5593 6433 6560 7591 6126 4578[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ։ Իսկ հողագործության տեսակետից պայմանները բարենպաստ են կարտոֆիլի ցանքի համար։ Ներկայումս մեծ մաս են կազմում արտագնա աշխատանքով ապրողները։ Գյուղի անմիջապես կենտրոնում գտնվում է գորգագործական արտելը։ 1937 թվականին Ստեփանավանից Շահնազար են գալիս գորգագործության մասնագետներ և այստեղ հիմնում գորգագործական արտելը, որի առաջին տնօրենը եղել է Ստեփան Սողոյանը։ Մանավանդ առաջին տարիներին այն արագ տեմպերով զարգացում ապրեց, հայտնի դարձավ ամբողջ Խորհրդային Հայաստանում։ 1990-ականներին ևս այն գործում էր մինչև վերջին տարիները, ապա այն վերածվեց մասնավոր շենքի, որտեղ պարի դպրոցն էր։ Մեծավանում գործում էր նաև Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը, սակայն ԽՍՀՄ տարիներից հետո այն այլևս ի զորու չէին շահագործելու, իսկ պետական աջակցություն չկար, ուստի և այն ևս փակվեց։ Գյուղի հիվանդանոցը հիմնադրվել է Հայրենական պատերազմի տարիներին, այստեղ գործել է 30-40 մահճակալ, ներկայումս այն վերածվել է առողջապահության կենտրոնի։ Գյուղում հիմա գործում են մասնավոր- ընտանեկան բժիշկներ։ Գյուղը դեռևս 1890-ականներից արդեն ուներ գյուղապետարան։

Գյուղի հիմնախնդիրներ խմբագրել

Գյուղն աշխատանքի հիմնախնդիր ունի։ Նախկինում գործող բոլոր գործարանները վերջին տարիներին փակվեցին` անգործության մատնելով գյուղի բնակիչներին։ Իսկ հողի սեփականաշնորհումն առաջ բերեց մի շարք խնդիրներ։ Գյուղի մյուս հիմնախնդիրն անբարեկարգ ճանապարհներն են։ Ցածր մակարդակի վրա է սպասարկման ոլորտը, հատկապես ջրամատակարարումը, փոստային ծառայությունը։ Բացի այս ամենից, նկատվում է բնակչության աճի կտրուկ անկում։

Գրականություն խմբագրել

  1. Գառնիկ Շախկյան “Լոռի. Պատմության քարակերտ էջերը”, Եր. “Հայաստան” 1986թ.
  2. Մելս Բաղդասարյան “Սխրանքի ու փառքի ճամփաներով”, Եր. 2005թ.
  3. Մելս Բաղդասարյան “Հայրենապատում (Շահնազար)”, Եր. “Էն-Վե Փրինթ” ՍՊԸ, 2007թ
  4. Սարգիս Յազիչյանի նոթատետր, ձեռագիր, 1865թ.
  5. Բ.Պ. Մնացականյան, Գ. Պ. Թադևոսյան “ Լոռու կլիման և ջրերը”, Վանաձոր, “Սիմ տպագրատուն” ՍՊԸ, 2007թ.
  6. Մելքոնյան Տաթևիկ, Մեծավան, ինքնուրույն ուսումնասիրություն, ռեֆերատ, Երևան 2010
  7. Նարինե Նահապետյան, “Մեծավան. Պատմության շավիղներով”, Վանաձոր, “Սիմ տպագրատուն” ՍՊԸ, 2016թ.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 30-ին.