Մարտանկարչություն, ռազմապատկերում, պատերազմ և ռազմական կյանք պատկերող կերպարվեստի ժանր։

«Արկոլեի ճակատամարտը»
Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի ամերիկյան քաղաքական պաստառ

Ճակատամարտի տեսարանները (մասնավորապես՝ ծովային) և մեր օրերի ու անցյալի ռազմական արշավանքները մարտանկարչության հիմնական թեմատիկան են։ Մարտանկարչություն արտացոլում է ճակատամարտի կարևորագույն կամ նրա բնորոշ պահը, հերոսականությունը, բացահայտում ռազմական իրադարձության պատմական նշանակությունը, որի պատճառով մարտանկարչությունը մերձենում է պատմական ժանրին։ Բանակի և ռազմածովային նավատորմի հետ մարտանկարչի ունեցած կապը նպաստում է ժանրի սահմանների լայնացմանը, դրա մեջ ներգրավում զինվորական կենցաղի տեսարաններ։ XIX-XX դարերում մարտանկարչությունը ռեալիստորեն է բացահայտում պատերազմների սոցիալական էությունը, մերկացնում անարդարացի պատերազմները, փառաբանում հեղափոխության և ազատագրական կռիվներում ժողովրդի հերոսությունը, դիտողին դաստիարակում քաղաքացիական ոգով։

Մարտանկարչությունը ձևավորվել է XVI-XVII դարերում, սակայն մարտի տեսարաններ պատկերվել են դեռ հնագույն ժամանակներից։ Հին Արևելքի, Հունաստանի, Հայաստանի, Հռոմի, Չինաստանի, Եվրոպայի վաղ միջնադարյան արվեստներում կռվի, ճակատամարտի, ռազմերթի տեսարաններ պատկերվել են քանդակագործական, գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներով։ Մարտի ռեալիստական պատկերման առաջին փորձերը վերագրվում են իտալական Վերածննդի դարաշրջանին (Պաոլո Ուչչելո, Պիեռո դելա Ֆրանչեսկա, XV դար, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, XVI դար)։XVII դարում մարտանկարչություն հարստացրել են Ժ. Կալլոն (Ֆրանսիա), Դ. Վելասկեզը (Իսպանիա), Պ. Ռուբենսը (Բելգիա)։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Նապոլեոնի արշավանքները դարձել են Ա. Գրոյի մեծաչափ մարտանկարների թեման։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ռեալիզմի զարգացումը նպաստել է բնանկարային, ժանրային, հոգեբանական տարրերի ուժեղացմանը մարտանկարչությունում։ Ռուսաստանում բնանկարչության և կենցաղային ժանրի զարգացման հեա մեկտեղ ստեղծվել են ծովամարտ պատկերող նկարներ (Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի, Ա. Պ. Բոգոլյուբով)։ Պատերազմի դաժան առօրյան ճշմարտացի են պատկերել Վ. Վ. Վերեշչագինը, պերեղվիժնիկներր (Վ. Ի. Սուրիկով, Վ. Մ. Վասնեցով)։ Ֆ. Ա. Ռուբոն ստեղծել է համայնապատկերային մարտանկարներ։ XX դարում սոցիալական և ազգային-ագատագրական հեղափոխությունները արմատապես փոխել են մարտանկարչության սկզբունքները։ Բելգիացի Ֆ. Մազերելը, գերմանացի նկարիչներ Կ. Կոլվիցը և Օ. Դիքսը, անգլիացի Ֆ. Բրենգվինը, մեքսիկացի Խ. Կ. Օրոսկոն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել պատերազմի և ճնշման դեմ։

Ելնելով ռեալիստական ավանդույթներից՝ մարտապաակերման ժանրը խորհրդային արվեստում մեծ զարգացում է ապրել, արտահայտել սոցիալիստական հայրենիքի պաշտպանության, բանակի ու ժողովրդի միասնության գաղափարները, բացահայտել պատերազմների դասակարգային բնույթը։ Մարտանկարիչների առաջնահերթ խնդիրն էր խորհրդային հերոս զինվորի կերպարի ստեղծումը, նրա տոկունության ու արիության գծերի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո պատկերումը։ Մ. Բ. Դրեկովը, Կ. Ս. Պետրով-Վոդկինը, Ա. Ա. Դեյնեկան և ուրիշներ ստեղծել են հայրենասիրությամբ տոգորված մարտանկարներ։ Մարտանկարչությունը նոր վերելք է ապրել Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին (Ա. Ա. Դեյնեկայի, Կուկրինիկսննրի, քանդակագործներ Յու. Ի. Միկենասի, Ե. Վ. Վուչետիչի, Մ. Բ. Գրեկովի անվան ռազմանկարիչների ստուդիայի անդամների գործերը)։

Հայ խորհրդային կերպարվեստում մարտանկարչության ժանրը զարգացել է հատկապես Հայրենական մեծ պատերազմի շրջանում և նրանից հետո (Հակոբ Կոջոյան, Գ. Գյուրջյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 343