Մարկ Հերմոն

ամերիկացի դերասան

Մարկ Հերմոն (անգլ.՝ Mark Harmon, սեպտեմբերի 2, 1951(1951-09-02)[1], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ամերիկացի դերասան, որը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 1986 թվականին People ամսագիրը Հերմոնին ճանաչել է տարվա ամենասեքսուալ տղամարդը[2]։

Մարկ Հերմոն
Ծնվել էսեպտեմբերի 2, 1951(1951-09-02)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1974), Los Angeles Pierce College? (1972) և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, Ամերիկյան ֆուտբոլիստ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, հնչյունավորող և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Թոմ Հարմոն, մայր՝ Նոքս Էլիզ
Ամուսին(ներ)Pam Dawber?
Երեխա(ներ)Շոն Հարմոն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարկի հայրը՝ Թոմ Հերմոնը, քոլեջում ուսանելու ժամանակ եղել է ազգային մակարդակով ամերիկյան ֆուտբոլի աստղ․ պրոֆեսիոնալ խաղացել է երկու տարի։ Նրա մայրը՝ Էլիզ Նոքսը, 1940 թվականին նկարահանվել է ֆիլմում։ Հերմոնն ունի երկու քույր՝ Քելին և Քրիստինը։ Մարկը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայում, 1974 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[3]։ Համալսարանում նա բավականին հաջող է խաղացել ամերիկյան ֆուտբոլի քվոթերբեկի դիրքում և արժանացել է Ֆուտբոլի ազգային ֆոնդի մրցանակին[4]։

1970-ական թվականների կեսին Հերմոնը սկսել է էպիզոդիկ դերեր խաղալ տարբեր հեռուստասերիալներում։ Դերասանական կարիերայի հենց սկզբից հիմնականում խաղացել է ոստիկանների և բժիշկների դերեր։ 1977 թվականին «Էլեոնոր և Ֆրանկլին։ Տարիներ Սպիտակ տանը» ֆիլմում խաղացած փոքրիկ դերի համար արժանացել է «Էմմի» մրցանակի առաջին անվանակարգին։ 1979 թվականին Հերմոնը ոստիկանների մասին «240-Ռոբերտ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ շերիֆի օգնականի դերը։ 1980 թվականին նկարահանվել է «Ֆլամինգո Ռոադ» հեռուստասերիալում, իսկ 1983-1986 թվականներին բժշկի դերում խաղացել է «Սենտ Էլսվեր» հիվանդանոցում աշխատանքի մասին պատմող հեռուստասերիալում։ 1987 թվականին Հերմոնը նկարահանվել է «Լուսնային լույս դետեկտիվ գործակալություն» կատակերգական դետեկտիվ հեռուստասերիալի չորս էպիզոդում։ 1991-1993 թվականներին ոստիկանի դերում խաղացել է «Հիմնավոր կասկածներ» հեռուստասերիալում․ նրա կերպարը և հերոսուհի Մարլի Մաթլինը սերիալի կենտրոնական դերերից էին։ 1996-2000 թվականներին «Չիկագոյի հույսը» բժշկական դրամայում կրկին խաղացել է բժշկի դեր, իսկ 2002 թվականին «Արևմտյան թև» հեռուստասերիալում՝ գաղտնի գործակալության գործակալի դեր։ 2003 թվականին ԱՄՆ-ի քրեական գործերի հետաքննության գործակալ Լերոյ Ջենթրո Գիբսի դերում նկարահանվել է «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալում։ Նույն թվականին սկսվել է ցուցադրվել «Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում» սերիալը, որում Հերմոնի կերպարը կենտրոնականներից մեկն էր։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին սկսել է շատ նկարահանվել ֆիլմերում՝ հիմնականում կատարելով երկրորդական պլանի դերեր։ Կնոջ հետ միասին խաղացել է նաև թատերական ներկայացումներում։

1986 թվականին People ամսագիրը Հերմոնին անվանել է տարվա ամենասեքսուալ տղամարդը[2]։ 1987 թվականի մարտի 21-ին ամուսնացել է դերասանուհի Պեմ Դոբուերի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Շոնն ու Թայ Քրիստիանը։ 1996 թվականին Մարկը փրկել է երկու դեռահասների՝ դուրս բերելով նրանց իր տան մոտ այրվող ավտոմեքենայից։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 Պոսեյդոնի գերիները Beyond the Poseidon Adventure Լարի Սիմպսոն
1984 Անապատների մարտիկը Tuareg Գասել Սայա
1986 Եկենք փրկենք Հարրիին Let’s Get Harry Հարրի Բերք
1986 Զգուշավոր անծանոթը The Deliberate Stranger Թեդ Բանդի
1987 Ամառային դպրոց Summer School Ֆրեդի Շուփ
1989 Երիտասարդության քաղցրաձայն թռչունը Sweet Bird Of Youth Չենս Ուեյն
1997 Զոհեր Casualties Թոմի Նենս
1998 Երկրից դեպի լուսին From the Earth to the Moon Ուոլտեր Շիրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1069184675 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 All the Sexiest Man Alive Covers Արխիվացված 2016-08-16 Wayback Machine. Cara Lynn Shultz. People
  3. Mark Harmon. NSIC on CBS Արխիվացված 2009-02-25 Wayback Machine. CBS.com
  4. Florida Citrus Sports Foundation Endows NFF Scholar-Athlete Award Արխիվացված 2009-01-10 Wayback Machine. National Football Foundation. 12 ноября 2003

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Հերմոն» հոդվածին։