Մարի (քաղաք-պետություն)

Մարի (քաղաք-պետություն)

Մարի (այժմ՝ Թել-Հարիրի բլուր, Սիրիայում), հնագույն քաղաք-պետություն Եփրատի միջին հոսանքում։

Մարիի ավերակները
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարի (այլ կիրառումներ)

Առաջացել է մ.թ.ա. III հազարամյակի սկզբին։ Մարիով են անցել Միջագետքից միջերկրածովյան երկրներ ու Փոքր Ասիա գնացող առևտրական ճանապարհները։ Մինչև մ.թ.ա. XXV դ. Մարին մշտական պատերազմներ է մղել Շումերի քաղաքների դեմ։ Մ.թ.ա. XXIV-XXIII դդ. մտել է Աքքադի պետության, մ.թ. III, XXII-XXI դդ.՝ Ուրի III դինաստիայի պետության, մ.թ.ա. XVIII դ. 1-ին կեսին՝ Ասորեստանի կազմի մեջ։

Մ.թ.ա. 1758-ին կործանել է Բաբելոնի թագավոր Համմուրաբին։ Մարիի գեղարվեստի հուշարձանները ներկայացնում են Բաբելա-Ասուրական մշակույթի ճյուղերից մեկը։ Հնագիտական պեղումներից (սկսվել են 1933-ից) բացվել են մ.թ.ա. III հազարամյակ - մ.թ.ա. II հազարամյակի սկզբի աղյուսաշեն զիկկուրատ, քարե արձաններով և սադափե խճանկարներով սրբարաններ, Իշտարի, Դահանայի տաճարները, քաղաքի թաղամասեր։ Հին Արևելքի պալատական ճարայան բնորոշ օրինակ է Զիմրիլիմ թագավորի (մ.թ.ա. XVIII դ.) պալատը՝ 260 սենյակներ, մի քանի ներքին բակեր, որմնանկարներով զարդարված արարողության դահլիճներ։ Գտնվել են կնիքներ, քարե արձաններ, առյուծների բրոնզե ֆիգուրներ, ինչպես և սեպագիր վավերագրերի պետ. արխիվը (ավելի քան 20 հազար պնակիտ, որ վերաբերում են մ.թ.ա. XIX-XVIII դդ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 315
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի (քաղաք-պետություն)» հոդվածին։