Մարի Ֆորտյունե Կապել, ամուսնական ազգանունը՝ Լաֆարժ (անգլ.՝ Marie-Fortunée Capelle-Lafarge, հունվարի 15, 1816(1816-01-15)[1], Փարիզ - նոյեմբերի 7, 1852(1852-11-07)[1], Յուսա), Ֆրանսիայում աղմուկ հանած դատական գործընթացի առանցքային կերպար, 1840 թվականին մեղադրվել և դատապարտվել է ամուսնուն մկնդեղով թունավորման մեղադրանքով[3]։ Նրա դատական գործընթացն առաջինն էր, որ լուսաբանվել է օրաթերթերում։ Մարի Լաֆարժը նաև առաջինն էր համաշխարհային դատական պրակտիկայում, որ դատապարտվել է անմիջապես փորձագիտական տվյալների հիման վրա՝ դատական թունագիտության մեթոդների արդյունքում։

Մարի Լաֆարժ
ֆր.՝ Marie Lafarge
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1816(1816-01-15)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էնոյեմբերի 7, 1852(1852-11-07)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՅուսա
ԳերեզմանՕրնոլակ Յուսա լե Բեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան և հիշատակագիր
Ծնողներհայր՝ Antoine Laurent Cappelle, Baron Cappelle?[2], մայր՝ Edmée Caroline Fortunée Alexis Collard?[2]
 Marie Lafarge Վիքիպահեստում

Կենսագրություն. ամուսնություն Շառլ Լաֆարժի հետ խմբագրել

Մարի Կապելը հրետանային սպայի դուստր էր[4], հետագայում պնդում էր, որ իր տատիկը ազնվական ծագում ուներ՝ սկզբնավորումը բխեցնելով Կառլոս Մեծի սերնդից։ Մարիի հայրը զոհվում է որսի ժամանակ, երբ նա դեռևս 12 տարեկան էր։ Մոր մահից հետո 18-ամյա Մարի Կապելը մնում էր մորաքրոջ՝ Ֆրանսիական բանկի տնօրենի կնոջ մոտ։ Խնամակալները հոգ էին տանում նրա մասին՝ տեղավորելով նրան ազնվական օրիորդների ուսումնարանում, սակայն Մարին ցանկություն ուներ հավասար լինել ազնվական արիստոկրատների դուստրերին, սակայն նրա օժիտն աննշան էր և չէր բավարարում նրա պատվասիրությունը։ Մինչև 23 տարեկանը նա այդպես էլ չամուսնացավ, որից հետո ազգականների դիմեցին ամուսնական միջնորդի[5]։ Միակ թեկնածուն 29-ամյա Շառլ Լաֆարժն (Charles Pouch-Lafarge) էր՝ Վիժուայի հաշտարար դատավորի որդին։

Շառլ Լաֆարժի հայրը 1817 թվականին գնել էր Կորեզի մոտ գտնվող Լե Գլանդեի նախկին կարտեզյանական մենաստանը, որը կառուցվել էր դեռևս 13-րդ դարում։ Մենաստանը դարձվեց կալվածք, որտեղ կառուցվեց ձուլագործարան, որը վերջնականապես սնանկանում է 1839 թվականին։ Շառլ Լաֆարժի համար հաջող ամուսնությունը գործերը կարգի բերելու միակ միջոցն էր[6]։ Ամուսնական միջնորդը Լաֆարժին ներկայացնում է որպես երկաթի արդյունաբերող 200 հազար ֆրանկ ունեցվածով։ Նրա կոշտ շարժուձևը վանում են Մարի Կապելին, սակայն «ազնվական ամրոցի» առկայությունը հարցը լուծում է հօգուտ ամուսնության[7]։ Ծանոթությունից չորս օր անց հայտարարվում է նշանադրության մասին, ամուսնությունը կնքվում է 1839 թվականի օգոստոսի 10-ին[8]։

Կասկածներ խմբագրել

Մարի Լաֆարժը Լե Գլանդե հասնում է 1839 թվականի օգոստոսի 13-ին։ Հիասթափությունը մեծ էր. պարզվեց, որ «ամրոցը» մռայլ կիսավեր մենաստան է՝ մոխրագույն և վխտացող առնետներով։ Լաֆարժի ազգականները սովորական գեղջուկներ էին, իսկ հարստության փոխարեն առկա էին հսկայական պարտքեր։ Մարի Լաֆարժը փակվեց իր սենյակում և սպառնաց սպանել իրեն (մկնդեղ ընդունել), եթե Շառլ Լաֆարժը չհամաձայնի լուծարել ամուսնությունը[9]։ Լաֆարժը փոխհամաձայնություն առաջարկեց. մինչև գործերը չվերականգնվեն, ինքը չի ստիպի Մարիին կատարել ամուսնական պարտականությունները։

Մարիի նամակները ընկերուհիներին և ազգականներին չեն պարունակում հիասթափության հետքեր, ավելին՝ Մարին Շառլի համար հանձնարարական նամակ է գրել Փարիզ և մեծ ճիգեր է գործադրել, որ վարկավորեն ամուսնու ձեռնարկումը։ 1839 թվականի դեկտեմբերին Շառլ Լաֆարժը մեկնում էր Փարիզ, ուղևորության նախօրեին Մարին կտակում էր նրան իր ողջ կարողությունը (90 հազար ֆրանկ) այն պայմանով, որ ամուսինը կանի նույնը իր համար[10]։

Փարիզում Շառլը Մարիի կողմից քաղցր կարկանդակ է ստանում, որից Լաֆարժը հիվանդանում է[11]։ Քանի որ ստամոքսային խանգարման ախտանշանները այդ ժամանակների համար սովորական էին, նա չի դիմում բժշկի, իսկ կարկանդակը դեն է նետում՝ մտածելով, որ այն փչացել է ճանապարհին։ Ստանալով փողը՝ Շառլ Լաֆարժը վերադառնում է Լե Գրանդե ավելի վատթար հիվանդ։ Մարին հոգ է տանում նրան, սակայն հիվանդության նշաններն ուժեղանում են. ընտանեկան բժիշկ Բարդոնը, կարծում է, որ դա խոլերա է։ Նույն կերպ ոչ ոք ոչինչ չի կասկածում, երբ Մարին Բարդոնից մկնդեղ է վերցնում, որով, ըստ նրա, պիտի սատկացներ առնետներին[12]։

Լաֆարժի հիվանդությունը սաստկանում է, այդ իսկ պատճառով հարազատները գիշեր-ցերեկ հերթապահություն են անում նրա մոտ։ Մարին բուժում էր նրան արաբական խեժով, որն ըստ նրա՝ օգտագործում էր ինքը ևս։ Հետազոտման կանչված բժիշկ Մասենը հաստատում է Բարդոնի ախտորոշումը և խոլերայի բուժման միջոցներ է դուրս գրում։

Լաֆարժի հեռավոր ազգականուհի Աննա Բրյունն սկսում է կասկածել Մարիին, երբ սպիտակ փոշի է նկատում նրա մալաքիտե զարդատուփի մեջ։ Փոշին սպիտակ քուլաներ էր տալիս Լաֆարժի ըմպելիքների մեջ, դրանք խանձող համ ունեին։ Մարին պնդում էր, որ դա առաստաղի սպիտակեցրած մասից է թափվում, սակայն Աննան սկսում է հետևել նրան և պահել Լաֆարժի համար պատրաստված ուտելիքի ու խմելիքի մնացորդները։

Մեղադրանք և հետաքննության սկիզբ խմբագրել

 
Մարի Լաֆարժ

Աննա Բրյունը 1840 թվականի հունվարի սկզբին պատմեց Լաֆարժի հարազատներին իր կասկածների մասին և խնդրում էր Լաֆարժին՝ չընդունել ոչինչ կնոջ տված ուտելիքներից։ Կասկածներն ուժգնացան, երբ Լաֆարժների պարտիզպանը պատմեց, որ Մարին կրկին ուղարկել է իրեն առնետների համար մկնդեղի։ Սակայն Մարին ցույց տվեց նրանց առնետների դեմ պատրաստած թունավոր մածուկը, որով ժամանակավոր ցրեց կասկածները։ Բայց 1840 թվականի հունվարի 12-ին Աննան սպիտակ նստվածք հայտնաբերեց ջրի բաժակի տակ, որը Մարին տվել էր Լաֆարժին։ Հունվարի 13-ին կանչված բժիշկ Լեսպինասը ախտորոշեց թունավորում, սակայն Շառլ Լաֆարժը մահացավ մի քանի ժամ անց։

Մարին բացարձակապես հանգիստ էր և ամուսնու մահից անմիջապես հետո կտակով գնաց նոտարի մոտ։ Միաժամանակ Լաֆարժի եղբայրը դիմեց ոստիկանությանը։ Դատական կատարածու Մորանը ժամանեց Լե Գլանե հունվարի 15-ին, Աննա Բրյունը ներկայացրեց նրան ուտելիքի մնացորդները, ինչպես նաև ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ առնետների համար մածուկը բացարձակապես անվնաս էր։ Մորանը նաև պարզեց, որ Մարի Մաֆարժը մկնդեղ է գնել նաև 1839 թվականի դեկտեմբերին՝ մինչև Փարիզ քաղցր կարկանդակ ուղարկելը[13]։ Շփվելով Լաֆարժի բժիշկների հետ՝ Մորանն առաջարկեց մկնդեղի թեստ անցակացնել, ինչն արդեն կիրառվել է Փարիզում։ Բժիշկ Լեսպինասը, ամաչելով իր տգիտությունից, արագ համաձայնվեց դատական կատարածուի հետ։ Չնայած փորձի բացակայությանը՝ թաղումից առաջ Լաֆարժի մարմինը հերձվեց, իսկ պարունակությունը հետազոտվեց Մարշի ինքնաշեն սարքով, որը ցույց էր տալիս թույնի առկայությունը[14]։

Հետազոտվեց նաև առնետների թունավոր մածուկը, որը բացարձակապես չէր պարունակում մկնդեղ, այլ ալյուրի և սոդայի խառնուրդ էր՝ ջրով բացած։ Բժիշկ Լեսպինասը քննեց նաև Մարի Լաֆարժի զարդատուփի «արաբական խեժը», որը պարզվեց մկնդեղ էր։ Մարի Լաֆարժն անմիջապես ձերբակալվեց և տարվեց Բրիվ բանտ։ Այդ ժամանակից էլ Մարի Լաֆարժի պատմությունը տարածվեց թերթերում, այդ իսկ պատճառով նրան պաշտպանելու համար հրավիրեց մի ամբողջ փաստաբանական խումբ՝ կազմված չորս անձանցից, որոնց թվում էր և Թեոդոր Բաքը (Լիմոժի ապագա քաղաքապետը)։

Դատ խմբագրել

Մինչ դատական գործընթացի սկսելը՝ լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ. հրապարակվեցին տեղեկություններ, ըստ որոնց՝ իրենց տանը հյուրընկալված դերկոմսուհի դե Լետոյից Մարի Լաֆարժը հափշտակել էր թանկարժեք իրերը (դա տեղի էր ունեցել դեռևս մինչ ամուսնությունը)։ Այդ ժամանակ առաջարկվեց Մարիի նկատմամբ մեղադրանք ներկայացնել, սակայն դերկոմսը դա ծիծաղաշարժ համարեց, և գործը փակվեց։ Այնուամենայնիվ Լե Գլանդեում խուզարկության ընթացքում թանկարժեք զարդերը գտնվեցին, սակայն Մարին պնդեց, թե դրանք իրեն է տվել հենց դերկոմսուհին, որին շանտաժ էր անում գաղտնի սիրեկանը[15]։ Այդ ժամանակից հասարակության համակրանքն արդեն ամբողջովին Մարի Լաֆարժի կողմն էր։ Դատարանը Մարիին գողության համար երկու տարվա բանտարկության դատապարտեց։

Շառլ Լաֆարժի գործով դատաքննությունը բացվեց 1840 թվականի սեպտեմբերի 3-ին և ձեռք բերեց համաեվրոպական նշանակություն. ներկա էին թղթակիցներ Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ երկրներից։ Փաստաբան Պայեի պաշտպանությունը հիմնված էր բժիշկների տգիտության վրա, որոնք կատարել էին Մարշի հերձումը և զննումը, և պնդում էր, որ դատի փորձաքննիչ հանդես գա հայտնի քիմիկոս և թունագետ Մատյո Ժոզեֆ Օրֆիլան[16]։ Դատավորը, սակայն, դա ավելորդ համարեց։ Փորձագետի դերում դատի ժամանակ հանդես էին գալիս տեղի դեղավաճառները, որոնք չէին կարողանում մկնդեղ հայտնաբերել Մարշի փորձանմուշից, ինչը կատարվում էր հրապարակայնորեն[17]։ Քանի որ գործընթացը բաց էր, հասարակությունը բարձրաձայն արտահայտում էր իր զայրույթն ու պահանջում ամբաստանյալին արդարացնող դատավճիռ։

 
Դեղագետ, քիմիկոս Մատյո Օրֆիլա

Դատախազը պնդեց Լաֆարժի էքսգումացիան (դիակը շիրիմից հանելը), սակայն դեղագետները կրկին չկարողացան մկնդեղի հետքեր հայտնաբերել։ Ապա դատախազը պահանջեց սննդի մնացորդները քննության ենթարկել, որով կերակրել էին Լաֆարժին, և վերջապես դեղագետները հայտնեցին, որ «այդ մկնդեղի քանակությունը կբավարարեր, որ թունավորվեին տասնյակ մարդիկ»։ Կապված այն բանի հետ, որ հակասություն է առաջանում, դատախազը պնդում է կանչել Օրֆիլային, իսկ փաստաբանները չխոչընդոտեցին դրան, քանի որ համոզված էին գործի հաջող ելքի վրա։

Օրֆիլան պահանջում էր, որ իր փորձերը անցկացվեն նույն եղանակով և նույն պայմաններում, որոնցով կատարել էին տեղի դեղագետները։ Մարշի սարքով փորձը Օրֆիլան կատարում է դատարանի շենքում, սակայն փակ դռների հետևում և պահակախմբի հսկողությամբ։ Նա մկնդեղ է հայտնաբերում Լաֆարժի մարմնի բոլոր պատրաստուկներից, նաև սննդի և խմիչքների մեջ։ Նա նաև կտրուկ հայտարարում է, որ մկնդեղը չէր կարող թափանցել աճյունի մեջ շրջակա միջավայրից (այս պնդումը կասկածի տակ դրվեց միայն 1950-ական թվականներին Մարի Բենարի գործընթացի ժամանակ)։ Օրֆիլան նաև հայտարարեց, որ դեղագետները, փորձ չունենալով Մարշի սարքով աշխատելու, մի շարք սխալներ են արել արդյունքների մեկնաբանության մեջ. թեստերը միանշանակ վկայություն էին տվել[18]։

Փաստաբան Պայեն, ինքը պնդած լինելով հրավիրել Օրֆիլային, փորձում էր ձգձգել գործընթացը, կանչում է նրա հին մրցակցին՝ Ֆրանսուա Վենսան Ռասպային (1794-1878), սակայն վերջինս կարողանում է հասնել դատարանի դահլիճ միայն մեղադրական վճռի հրապարակումից չորս ժամ անց[19]։

Դատավճիռ խմբագրել

1840 թվականի սեպտեմբերի 19-ին Մարի Լաֆարժը դատապարտվում է ցմահ տաժանակրության։ Նույն օրը նրան ուղարկում են Մոնպելիե՝ պատիժը կրելու։ Քանի որ հասարակական արձագանքը շատ ուժեղ է լինում, թագավոր Լուի Ֆիլիպ I-ը տաժանակիր աշխատանքը փոխարինում է ցմահ բանտարկությամբ։ Բանտում Մարի Լաֆարժը գրում է հուշերի գիրք (Heures de prison)[20], որը հրատարակվում է արդեն 1841 թվականին։ 1852 թվականին Նապոլեոն III-ը ներում է շնորհում տուբերկուլյոզով անբուժելի հիվանդ Մարի Լաֆարժին, որն ազատվում և տեղափոխվում է Յուսա[21], որտեղ էլ մահանում է նույն տարվա նոյեմբերի 7-ին՝ մինչև կյանքի վերջը հայտարարելով իր անմեղության մասին[22]։

Հասարակական արձագանք խմբագրել

 
Գրող Ժորժ Սանդը

Լաֆարժի գործը երկպառակություն մտցրեց ֆրանսիական հասարակության մեջ։ Լաֆարժի անմեղության մոլի կողմնակից էր Ժորժ Սանդը, որը դատարանի որոշումը ոչնչացնող քննադատության ենթարկեց Էժեն Դելակրուայի հետ նամակագրության ժամանակ (Մարի Լաֆարժը Ժորժ Սանդի արվեստի թունդ երկրպագու էր)։ Լաֆարժի անմեղության կողմնակիցներից էր նաև քիմիկոս Ռասպայը, որը նույնիսկ պամֆլետներ է գրում՝ ուղղված Օրֆիլի մեթոդների դեմ։ Ճշգրիտ գիտությունների հանդեպ այդ ժամանակվա հասարակության նախատրամադրվածությունը շատերին ստիպում էր մտածել, որ դատին ներկայացված փաստարկները համոզիչ չէին։

Որպես մեղադրանքների պատասխան՝ Օրֆիլան Փարիզի Բժշկական ակադեմիայում հրապարակային դասախոսություններ էր անցկացնում, որոնցում պարզաբանում է թունագիտության և Մարշի փորձի հիմունքները։ Լաֆարժի գործը բուռն քննարկվում էր Փարիզի բոլոր հասարակական սալոններում։

Արվեստում խմբագրել

1938 թվականին թողարկվեց «L’Affaire Lafarge» («Լաֆարժի գործը») ֆիլմը։ Ռեժիսորը Պիեռ Շենալն էր, գլխավոր դերերում՝ Մարսել Շանտել (Մարի) և Պիեռ Ռենուար (Շառլ)[23]։ Դա ֆրանսիական առաջին ֆիլմն էր, որի սյուժեն հիմնված էր իրական փաստերի վրա, ինչպես նաև առաջին անգամ ֆրանսիական կինեմատոգրաֆիայում կիրառվեց ֆլեշբեք։ Շառլ Լաֆարժի ծոռնակից զարմուհին ֆիլմի ստեղծողների դեմ դատական հայց ներկայացրեց։

1975 թվականին Գերմանիայում ցուցադրվեց «Sensationsprozeß Marie Lafarge» («Մարի Լաֆարժի շշմեցուցիչ գործընթացը») հեռուստատեսային ֆիլմը, դերերում՝ Վոլֆ Կայզեր, Գյունտեր Շուբերտ և Ուլրիկա Հանկե Հանշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Г.— дело Мари Каппель-Лафарж, или дебют токсикологии. Предыстория одного поразительного убийства с помощью яда. Ле Гландье, мышьяк и смерть Шарля Лафаржа
  4. Lafarge, Marie (1816–1852)
  5. THE ART OF FORENSIC TOXICOLOGY
  6. Дело Мари Лафарж
  7. Дело Мари Лафарж. ФРАГМЕНТ 2
  8. Murderpedia.org
  9. Jürgen Thorwald: Handbuch für Giftmörder, Knaur-Verlag, 1972, S. 10.
  10. Hans Pfeiffer: Die Sprache der Toten, Heyne Verlag, 1997, S. 172.
  11. Marie Lafarge- a Frenchwoman who poisoned her husband with arsenic and was put on the most popular trial
  12. Jürgen Thorwald: Handbuch für Giftmörder, Knaur-Verlag, 1972, S. 12.
  13. «Marie LAFARGE née CAPELLE, la vraie Madame BOVARY». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  14. MURDER BY POISON
  15. Madame Marie Lafarge, Murder, and Arsenic
  16. Is Arsenic an Aphrodisiac?: The Sociochemistry of an Element
  17. Jürgen Thorwald: Handbuch für Giftmörder, Knaur-Verlag, 1972, S. 33.
  18. Victorian Murderesses
  19. Dictionnaire passionnel de Marie Lafarge
  20. Heures De Prison... (French)
  21. landrucimetieres.fr, abgerufen am 13. Oktober 2011.
  22. LAFARGE Marie (1816-1852)
  23. The Lafarge Case

Գրականություն խմբագրել

  • Adler, L. (1986). L'Amour à l'arsenic: histoire de Marie Lafarge. Paris: Denoël.
  • Apostolidès, Jean-Marie (2012). Trois solitudes: D.A.F. de Sade, Marie Lafarge, Josefa Menéndez (French). Paris: L'Harmattan. ISBN 978-2-296-49919-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Bertomeu-Sánchez, J. R. (2006). «Sense and sensitivity: Mateu Orfila, the Marsh test and the Lafarge affair». In Bertomeu-Sánchez; Nieto-Galan (eds.). M. Orfila and his times. Science History Publications.
  • Bertomeu-Sánchez, J. R. (2015). La verdad sobre el caso Lafarge. Ciencia, justicia y ley durante el siglo XIX. Barcelona: El Serbal.
  • Dumas, A. (2005). Madame Lafarge. Paris: Pygmalion.
  • Lafarge, M. (1867). Mémoires de madame Lafarge, née Marie Cappelle, écrits par elle-même. Paris: Lévy frères.
  • Sobieniak, C. (2010). Rebondissements dans l'affaire Lafarge. Saint-Paul: Lucien Souny.
  • Marie Lafarge: Denkwürdigkeiten der Marie Cappelle, verwitwete Lafarge. Von ihr selbst geschrieben. 2 Bände, Brockhaus & Avenarius, Leipzig 1841.
  • Jürgen Thorwald: Handbuch für Giftmörder In: Das Jahrhundert der Detektive, Band 3. Droemer Knaur, München 1972, ISBN 3-426-03164-7.
  • Hans Pfeiffer: Die Sprache der Toten, ungeklärte Todesfälle auf dem Seziertisch, Heyne, München 1997, ISBN 3-453-13064-2 (Lizenz des Militzke-Verlags, Leipzig 1993, 1. überarbeitete Auflage 2003, ISBN 3-86189-047-X).
  • Lucienne Netter (Hrsg.) Heinrich-Heine-Säkularausgabe. In: Stiftung Weimarer Klassik; Centre National de la Recherche Scientifique (Hrsg.): Werke, Briefwechsel, Lebenszeugnisse, Band 10/11, Teilband 2. Pariser Berichte 1840–1848. Lutezia. Berichte über Politik, Kunst und … Werke, Briefwechsel, Lebenszeugnisse. Akademie Verlag, Berlin 1991, ISBN 3-05-001023-1, S. 100 ff.
  • Laure Adler: L'amour à l'arsenic : histoire de Marie Lafarge. Paris : Denoël, 1985

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լաֆարժ» հոդվածին։