Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիներ (այլ կիրառումներ)

Մարիներ (անգլ.՝ Mariner, բառացիորեն՝ նավաստի), Արեգակնային համակարգի մոլորակների (Վեներա, Մարս, Մերկուրի) և միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների և նրանց մշակման ու արձակման ծրագրերի անվանումը։ Մարիներ ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականին։

«Մարիներ 1»-ի արձակումը (հուլիսի 22, 1962)
«Մարիներ 2»-ի արձակումը (օգոստոսի 27, 1962)
«Մարիներ 10»

Արձակվել են ՆԱՍԱ-ի կողմից 1962-ից մինչև 1973 թվականները։ Մարիներներ 1-7 և 10 անցումային սարքեր էին, իսկ Մարիներ-8 և Մարիներ-9 պետք է դառնային Մարսի արհեստական արբանյակները։ Ընդհանուր առմամբ արձակվել են Մարիներ սերիայի 10 տիեզերական սարք։

Սարքերի մեծ մասը արձակվում էին զույգերով, անհաջողության ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Մարիներ սերիայի սարքերից երեքը վթարային արձակում ունեցան, կորսված են Մարիներ-1,3,8։ Մնացած բոլոր Մարիներները կատարել են թռիչքների ծրագրերը։

Մարիներ ծրագրի սարքերը նախագծվել, կառուցվել և փորձարկվել են Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (Jet Propulsion Laboratory կամ կրճատ JPL) կողմից։ Առանձին հանգույցների նախագծումն ու կառուցումը իրականացվել է տարբեր արտադրական կազմակերպությունների կողմից։ Գիտական սարքավորումների նախագծման ընթացքում մասնակցել են նաև ուսումնական հաստատություններ։

Մարիներ կայանների վրա տեղակայված էին արևային մարտկոցներ, մագնիսական դաշտերի չափման և լիցքավորված մասնիկների գրանցման գիտական սարքավորումներ, ինչպես նաև հեռուստախցիկներ (Վեներայի ուսումնասիրություն իրականացնող Մարիներների վրա հեռուստախցիկներ չէին տեղադրվել)։

Առաջին սերնդի սարքեր խմբագրել

Մարիներ-1 և Մարիներ-2 սարքերը ստեղծվել են դրանցից վաղ ստեղծված Ռեյնջեր սարքերի հիման վրա։

  • Մարիներ-1, արձակվել է 1962 թվականի հուլիսի 22-ին դեպի Վեներան, սակայն 5 րոպե անց Ատլաս-Աջենա կրող հրթիռը շեղվեց ուղղեգծից և պայթեցվեց։
  • Մարիներ-2, հանդիսանում էր Մարիներ-1-ի կրկնօրինակը, արձակվել է 1962 թվականի օգոստոսի 27-ին դեպի Վեներան։ Թռիչքը անցավ հաջողությամբ, և 3,5 ամիս անց 203 կգ կշռող սարքը անցավ Վեներայի մոտով 34773 կմ հեռավորության վրա և դուրս եկավ հելիոկենտրոն ուղեծիր։ Առաջին տիեզերական սարքն էր, որ ուսումնասիրեց այլ մոլորակ անցումային հետագծից։ Հեռուստախցիկ սարքի վրա չկար։ Հայտնաբերվել է մոլորակի հակառակ ուղղությամբ պտույտը, ուսումնասիրվել են մթնոլորտը և մագնիսական դաշտը։

Երկրորդ սերնդի սարքեր խմբագրել

  • Մարիներ-3, արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 5-ին դեպի Մարսը, սակայն սարքը պաշտպանող հրթիռի մասը չանջատվեց, և Մարիները չհաջողվեց դուրս բերել դեպի Մարս թռիչքի ուղեծիր։
  • Մարիներ-4, հանդիսանում էր Մարիներ-3-ի կրկնօրինակը, արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 28-ին դեպի Մարսը։ 1965 թվականի հուլիսի 14-15 անցավ մոլորակից 9846 կմ հեռավորության վրա։ Առաջին սարքն էր, որը լուսանկարեց Մարսը մոտ տարածությունից։ Սարքը աշխատել է հելիոկենտրոն ուղեծրի վրա մինչև 1967 թվականի դեկտեմբեր ամիսը։
  • Մարիներ-5, արձակվել է 1967 թվականի հունիսի 14-ին դեպի Վեներա։ Սա դեպի Մարս ծրագրից մնացած պահուստային սարքն էր, որը վերակազմավորվել էր, Մարիներ-5-ի վրա առաջին անգամ օգտագործվել են ինտեգրալ սխեմաներ (584 հատ)։ 1967 թվականի հոկտեմբերի 19-ին կայանը անցավ Վեներայի մակերևույթից 3990 կմ հեռավորության վրա։ Այս սարքի վրա նույնպես չկային հեռուստախցիկներ, կատարվել են Վեներայի մթնոլորտի հետազոտություններ։

Երրորդ սերնդի սարքեր խմբագրել

Այս սերնդի սարքերի նախագծումը սկսվեց 1965 թվականի վերջում և հիմնականում ավարտվեց 1967 թվականին։ Այս սարքեիրց ամեն մեկում օգտագործվում էին մեծ քանակի ինտեգրալ սխեմաներ (2682 հատ)։ Նույն հնարավորություններ ունենալու համար դիսկրետ տարրերով սարքերը կկշռեին 2,5 անգամ ավելի շատ։

  • Մարիներ-6, արձակվել է 1969 թվականի փետրվարի 24-ին, դեպի Մարս։ 1969 թվականի հուլիսի 31-ին սարքը անցավ Մարսից 3431 կմ հեռավորության վրա։ Հիմնականում լուսանկարել է մոլորակի մակերևույթը և հետազոտել մթնոլորտը։
  • Մարիներ-7, հանդիսանում էր Մարիներ-6-ի կրկնօրինակը, արձակվել է 1969 թվականի մարտի 27-ին դեպի Մարս։ 1969 թվականի օգոստոսի 5-ին սարքը անցավ Մարսից 3430 կմ հեռավորության վրա։ Հիմնականում լուսանկարել է մոլորակի մակերևույթը և հետազոտել մթնոլորտը։

Մարիներ-6 և Մարիներ-7 սարքերը միասնին լուսանկարել են Մարսի մակերևույթի մոտ 20%-ը։ Լուսանկարների վրա մակերևույթի մասնիկները տարբերակվում էին 3 կմ ճշտությամբ։

Չորրորդ սերնդի սարքեր խմբագրել

  • Մարիներ-8, արձակվել է 1971 թվականի մայիսի 8-ին դեպի Մարս։ Արձակման ընթացքում կրող հրթիռի վթարի պատճառով հրթիռը և կայանը ընկել են Ատլանտյան օվկիանոս։
  • Մարիներ-9, հանդիսանում էր Մարիներ-8-ի կրկնօրինակը, արձակվել է 1971 թվականի մայիսի 30-ին, դեպի Մարս։ 1971 թվականի նոյեմբերի 13-ին դուրս է եկել Մարսի ուղեծիր, դառնալով այլ մոլորակի առաջին արհեստական արբանյակ։ Լուսանկարել է մոլորակի մակերևույթի մոտ 85%-ը, 1-2 կմ ճշտությամբ (մակերևույթի մոտ 2%-ը լուսանկարվել է 100 - 300 մետր ճշտությամբ), լուսանկարել է նաև մոլորակի արբանյակները՝ Ֆոբոսը և Դեյմոսը։
  • Մարիներ-10, արձակվել է 1973 թվականի նոյեմբերի 3-ին դեպի Մերկուրի, ինչպես նաև Վեներայի մոտով անցման ժամանակ կատարել է Վեներայի հետազոտություններ։ Առաջին (և մինչև 2008 թվականը, միակ) սարքն էր, որը կատարել էր Մերկուրի մոլորակի լուսանկարում մոտ տարածությունից։

Ծրագիր ավարտը խմբագրել

Մարիներ ծրագիրը շարունակվեց, աշխատանքներ էին տարվում Մարիներ-11 և Մարիներ-12 սարքերի վրա, որոնք պետք է ուսումնասիրեին Յուպիտեր և հնարավոր էր նաև Սատուրն մոլորակները։ Սակայն այս առաքելությունների կարևորությունը հաշվի առնելով ծրագիրը որոշվեց առանձնացնել, և սարքերը կոչվեցին Վոյաջեր-1 և Վոյաջեր-2։

Հարկ է նշել նաև, որ Վիկինգ ծրագրի միջմոլորակային կայանների ուղեծրային մասերը նույնպես ստեղծվել էին Մարիներ-9 սարքի հիման վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 322