Մարդու մարմին, մարդու ֆիզիկական կառուցվածք, օրգանիզմ։ Մարդու մարմինը կազմված է տարբեր տեսակի բջիջներից, որոնցից միևնույն քիմիական կառուցվածքն ունեցող և միևնույն ֆունկցիան իրականացնող բջիջները ձևավորում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն իրենց հերթին՝ օրգաններ։ Հյուսվածքները լցնում են օրգանների միջև եղած տարածությունները, ծածկում են դրանք ներսից և արտաքին մասից։ Հասուն մարդու մարմինը ձևավորում է երեսուն տրիլիոն բջիջ։ Բջիջները շրջապատված են միջբջջային նյութով, որն իրականացնում է քիմիական նյութերի տեղափոխություն և ապահովում է բջիջների մեխանիկական շարժումը։

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների բաժիննները։

Անատոմիա, կազմաբանություն և սաղմնաբանություն խմբագրել

Մարդու օրգանիզմում օրգանները սերտ փոխկապակցված են և կազմում են օրգանների համակարգեր։

Օրգանների համակարգն այն օրգանների խումբն է, որոնք կատարում են ընդհանուր գործառույթ, տեղադրությամբ մոտ են և սերտ փոխկապակցության մեջ են։ Մարդու օրգանիզմում կան հետևյալ օրգանների համակարգերը՝ հենաշարժիչ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, արտազատական, սեռական, նյարդային, ծածկող և ներզատական։

Օրգանների զանգվածներ խմբագրել

Այս ցուցանիշները տրված են 20-30 տարեկան մարդու համար, որի հասակը 170 սմ է, քաշը՝ 70 կգ, իսկ մարմնի մակերեսը՝ 1,8 քառ. մետր։

Մարմնի տեսակ խմբագրել

Միջինում հասուն տղամարդու հասակը (տարբեր երկրներում) կազմում է 1,7-1,8 մետր, իսկ հասուն կնոջ հասակը՝ 1,6-1,7 մետր։ Այս մեծությունը որոշվում է գենետիկայի, սնման առանձնահատկությունների, ֆիզիկական ակտիվության աստիճանի և շրջակա միջավայրի գործոններով։ Ծննդյան պահից սննդառությունը, ֆիզիկական ակտիվությունը և այլ գործոնները նպաստում են ֆենոտիպի ձևավորմանը։

Հյուսվածքներ խմբագրել

Սաղմնաբանորեն մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածները ձևավորվում են երեք սաղմնային թերթիկներից՝ էնտոդերմ, մեզոդերմ, էկտոդերմ։ Ինչպես կենդանիների, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբերում են չորս տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը ։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ և կազմում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվն ավելանում է, նեյրոններինը՝ պակասում։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց ցիտոպլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Օրգանիզմի բաղադրություն խմբագրել

Մարդու օրգանիզմը միջինում կազմված է 60 % ջրից, 34% օրգանական նյութերից, 6% անօրգանական նյութերից։ Օրգանական նյութերը կազմող հիմնական քիմիական նյութերից են ածխածինը (≈18%), թթվածինը (≈65%), ջրածինը (≈10%) և ազոտը (≈3%): Օրգանիզմում գրեթե 1% է ֆոսֆորի և 0,25% ծծմբի պարունակությունը։

Անօրգանական նյութերի կազմում մտնում են 22 կարևոր քիմիական տարրերը՝ կալցիում, ֆոսֆոր, թթվածին, նատրիում, մագնեզիում, ծծումբ, բոր, քլոր, կալիում, վանադիում, մանգան, երկաթ, կոբալտ, նիկել, պղինձ, ցինկ, մոլիբդեն, քրոմ, սիլիցիում, յոդ, ֆտոր, սելեն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել