Մարդու խորիոնային գոնադոտրոպին

քիմիական միացություն

Մարդու խորիոնային գոնադոտրոպին, խորիոնի կողմից արտադրովող հորմոն։ Այն սկսվում է արտադրվել սաղմի իմպլանտացիայից 6-8 օր հետո և հղիության բնականոն ընթացքի կարևորագույն բնութագրիչ է։ Ինչպես լյութեինացնող և ֆոլիկուլախթանող հորմոնները, այնպես էլ մարդու խորիոնային գոնադոտրոպինը պատկանում է գոնադոտրոպինային հորմոնների դասին, սակայն նրանցից տարբերվում է մոլեկուլում որոշ ամինաթթունների հաջորդականությամբ։ Սկսվում է արտադրվել հղիության սկզբից, քանակությունը մի քանի հազար անգամ ավելանում է հղիության 7-11 շաբաթներում, այնուհետ աստիճանաբար սկսում է նվազել։

Բնորոշիչներ
ՍիմվոլCGA
Alt. symbolsFSHA, GPHa, GPHA1, HCG, LHA, TSHA
Entrez1085
HUGO1885
OMIM118850
Այլ տվյալներ
ԼոկուսՔրոմ. 6 q14-q21

Հորմոնի՝ մեզի մեջ գտնվող β ենթամիավորների որակական որոշման վրա է հիմնված հղիության թեստը։ Հղիության ընթացքում խորիոնային գոնադոտրոպինի ցածր մակարդակը կամ աճման նվազումը վկայում է ինքնակամ վիժման վտանգի կամ արտարգանդային հղիության առկայության մասին։

Տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ արյան մեջ խորիոնային գոնադոտրոպինի առկայությունը վկայում է այդ հորմոնը արտադրող ուռուցքի առկայության մասին։

Քիմիական կառուցվածք խմբագրել

Խորիոնային գոնադոտրոպինը իր քիմիական կառուցվածի տեսանկյունից պատկանում է գլիկոպրոտեինների դասին և կազմված է երկու՝ α և β ենթամիավորներից։ α ենթամիավորը իր կառուցվածքով նույնական է լյութեինացնող, ֆոլիկուլախթանող և թիրեոտրոպ հորմոններին։ β ենթամիավորը յուրահատուկ է և բնորոշ է միայն այս հորմոնին. հենց այս մասով էլ խորիոնային գոնադոտրոպինը տարբերվում է վերոնշյալ հորմոններից։

Խորիոնային գոնադոտրոպինը կազմված է 237 ամինաթթուներից և ունի 36.7 կԴտ մոլեկուլային զանգված[1]։

Կենսաբանական ակտիվություն խմբագրել

Խորիոնային գոնադոտրոպինը, ինչպես լյութեինացնող և ֆոլիկուլախթանող հորմոնները, օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ և նրանց նման միանում է գոնադոտրոպինային ընկալիչներին։ Նրա լյութեինացնող հատկությունը գերազանցում է ֆոլիկուլախթանող հատկությանը և այս տեսակետից գերազանցում է մակուղեղի առաջնային բիլթի կողմից արտադրվող «սովորական» լյութեինացնող հորմոնին։

Պտղի ընկերքի կողմից արտադրվող խորիոնային գոնադոտրոպինի շնորհիվ հղիների մոտ դեղին մարմինը գոյատևում է 10-12 շաբաթ և արտադրում է էստրոգեն և պրոգեստերոն՝ապահովելով հղիության համար այդ կարևոր հորմոնների նորմալ մակարդակը մինչև այն ժամանակ,երբ ընկերքը ի վիճակի կլինի ինքն արտադրել տվյալ հորմոնների նորմալ քանակությունը։ Հղիների մոտ խորիոնային գոնադոտրոպինի ազդեցությամբ դեղին մարմինը ապահովում է պրոգեստերոնի բարձր մակարդակ, որը ոչ հղիների մոտ ֆիզիոլոգիապես անհնար է։ Այն նաև ձվարանների ֆոլիկուլներին ստիպում է արտադրել էստրոգեններ և թույլ անդրոգեններ։

Խորիոնային գոնադոտրոպինը ունի նաև կորտիկոտրոպ ազդեցություն, և ակտիվացնում է մակերիկամների կեղևային շերտում ստերոիդոգենեզը և ապահովում է հղիության ընթացքում մակերիկամների հիպերպլազիան։

Գլյուկոկորտիկոիդների արտադրությունը նպաստում է օրգանիզմի՝սթրեսսների նկատմամբ կայունության բարձրացմանը,որոնք նկատվում են հղիության ընթացքում։ Դրանք նաև ունեն իմունոսուպրեսիվ ազդեցություն և նպաստում են արգանդում կիսով չափ օտար մարմնի ներդրմանը և զարգացմանը։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ մակուղեղի գոնադոտրոպինները չունեն այսպիսի հատկություններ։

Խորիոնային գոնադոտրոպինը մեծ նշանակություն ունի նաև ընկերքի գործառական ակտիվության զարգացման և պահպանման համար,բարելավում է նրա աճը և ավելացնում է թավիկների քանակությունը։

Արտածին խորիոնային գոնադոտրոպինի ներմուծումը կանաց մոտ բարձրացնում է էստրոգենների և պրոգեստերոնի արտադրությունը ձվարանների կողմից,ինչպես նաև բերում է տարաժամկետ օվուլյացիայի և պատռված դեղին մարմնի լյութեինացման։

Տղամարդկանց մոտ արտածին հորմոնը խթանում է սպերմատոգենեզը և սեռական հորմոնների արտադրությունը։

Հղիության դեղատնային թեստը հիմնված է խորիոնային հորմոնի մեզի մեջ որոշման վրա։ Հղիության ավելի ստույգ որոշման համար իրականացնում են արյան մեջ հորմոնի քանակական չափում։

Արդյունքների մեկնաբանում խմբագրել

Ոչ հղի կանաց և տղամարդկանց մոտ խորիոնային գոնադոտրոպինի բարձր մակարդակը վկայում է լուրջ հիվանդությունների մասին։

Խորիոնային գոնադոտրոպինի ցածր մակարդակը հղիների մոտ կարող է վկայել հղիության ժամանակահատվածի սխալ հաշվարկի կամ լուրջ խանգարումների մասին։

  • արտարգանդային հղիություն
  • չզարգացող հղիություն
  • պտղի զարգացման դանդաղում
  • ինքնակամ վիժման վտանգ
  • խորիոնաընկերքային անբավարարություն
  • պտղի մահ (II և III եռամսյակ)

Խորիոնային գոնադոտրոպինի նորմալ արժեքներըՀղիների մոտ[2] խմբագրել

Ժամկետ(բեղմն.) Քանակ (uIU/mL)
1—2 շաբաթ 25—155
2—3 շաբաթ 101—4870
3—4 շաբաթ 1110—31500
4—5 շաբաթ 2560—82300
5—6 շաբաթ 23100—151000
6—7 շաբաթ 27300—233000
7—11 շաբաթ 20900—291000
11—16 շաբաթ 6140—103000
16—21 շաբաթ 4720—80100
21—39 շաբաթ 2700—78100

Կեղծ բացասական արժեքներ կարող են ստացվել.

  • թեստը չափից շուտ է արվել
  • արտարգանդային հղիություն

Ծանոթագրություններ խմբագրել