Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատամ

Ատամներ, լորձաթաղանթի ոսկրացած պտկիկներ, որոնք ծառայում են ուտելիքի մեխանիկական մշակման համար։ Մարդու օրգանիզմի ամենակարծր մասերից են։ Նրանց օգնությամբ մարդը ծամում, մանրացնում է սնունդը, ուստի ատամները պետք է շատ ամուր լինեն։ Մարդկանց ատամները կարևոր դեր ունեն նաև խոսքում՝ որոշ հնչյունների արտաբերման համար։

Մարդու ատամ
Չափահաս մարդու ատամներ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասատամ և set of organs?[1]
Մասն էdentition?, Բերանի խոռոչ և phonation?
Կազմված էcrown?, neck of tooth?, root of tooth?, cavity of tooth?, dental pulp?, դենտին և tooth enamel?
ՏաքսոնH. sapiens?
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge?
 Human teeth Վիքիպահեստում

Էվոլյուցիայի ընթացքում ատամներն առաջացել են ջրում բնակվող ողնաշարավոր կենդանիների հեռավոր նախնիների մարմինը ծածկող թեփուկների ձևափոխման արդյունքում։

Կենդանիների ատամները պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են։ Տարբեր կենդանիների ատամների ձևերը տարբեր են. ձկների ատամներն ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված։ Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների՝ ժանիքները։ Հաճախ ժանիքները որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են։ Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները։

Մարդկանց ատամները ծնոտների վրա տեղադրված են այնպես, որ դրանց պսակները գոյացնում են, այսպես կոչված, ատամնային աղեղներ կամ շարքեր։ Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ, որոնք տարբերվում են իրենց ձևերով և ատամների քանակով։ Վերին և ստորին ատամնաշարերն իրար կցելիս ատամները միակցվում են որոշակի փոխհարաբերությամբ, որը կոչվում է ատամնակծվածք։

Զարգացում խմբագրել

Ատամների զարգացումը բարդ գործընթաց է. այն սկսվում է սաղմի զարգացման վաղ փուլում և շարունակվում մինչև 18-20 տարեկանը։ Կաթնատամների ծկթումը, այսինքն՝ լնդերի բարակելը և պսակի երևան գալը բերանի խոռոչում սկսվում է արտաարգանդային կյանքի 7-րդ ամսից և վերջանում 3-րդ տարվա սկզբում (առաջինը ծլում են ստորին միջային կտրիչները)։ Կաթնատամները 20-ն են։ Ծնոտների յուրաքանչյուր կեսի վրա կա՝ երկու կտրիչ, մեկ ժանիք և 2 աղորիքներ։

Կաթնատամներն ունեն մի քանի առանձնահատկություններ, փոքր են, ունեն քիչ թմբիկներ և արմատները հեռացած են իրարից, որոնց արանքներում գտնվում են մնայուն ատամների սաղմերը։ Մնայուն և կաթնատամների արմատների թիվը նույնն է։

Երեխայի ատամների ձևավորման համար կարևոր նշանակություն ունի հղիության նշված ժամկետներում մոր և երեխայի լիարժեք սնունդը, ոչ ճիշտ սնուցումը, հյուծող հիվանդությունները, հատկապես հղի կնոջ և կրծքի երեխայի սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերի անբավարարությունը նպաստում է ատամների պինդ հյուսվածքների ձևավորման խանգարմանը։ Նման ատամներն ավելի շուտ են ախտահարվում։

Ատամների ծկթում խմբագրել

 
Իմաստության ատամ

Ատամները ծկթում են որոշակի ժամկետներում և խիստ հաջորդականությամբ։ Նախ ծկթում են ներքևի, այնուհետև վերևի կենտրոնական կտրիչները (կյանքի 6-8-րդ ամիսներին), կողմնային ստորին, ապա վերին կտրիչները ծկթում են 8-12-րդ ամիսներին։ Հաջորդաբար ծկթում Են առաջին աղորիքները (12-16-րդ ամիսներին), ժանիքները (16-20-րդ ամիսներին), ապա 2-րդ աղորիքները (20-30-րդ ամիսներին)։ Նույնիսկ լրիվ առողջ երեխաների ատամների ծկթման նշված ժամկետները կարող են տալ որոշ շեղումներ։ Հաճախ 2 տարեկանում արդեն ծկթում են բոլոր 20 կաթնատամները։ Ատամների ծկթումը բնականոն ֆիզիոլոգիական, երևույթ է և սովորաբար չի առաջացնում հիվանդագին վիճակ։ Ուստի, այդ շրջանում երեխայի ջերմաստիճանը բարձրանալիս հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի կանխվի սկսվող հիվանդությունը։ Սակայն հնարավոր է, որ ատամների ծկթման ընթացքում նկատվեն լնդերի գրգռվածություն, քոր, որը որոշ երեխաների մոտ առաջ է բերում անհանգստություն և լնդերը կոշտ առարկային (գդալ, ոսկրե օղակ) քսելու ցանկություն, առատ թքահոսություն՝ պայմանավորված թքագեղձերի գործունեության ուժեղացմամբ։

Մնայուն ատամները ծկթում են 5-6 տարեկանում. սկզբում՝ առաջին մնայուն մեծ աղորիքը (ի հայտ է գալիս կաթնատամ աղորիքների հետևում, որը կապված է ծնոտի հետին բաժնի աճման հետ)։ Կենտրոնական մնայուն կտրիչները (սկզբում՝ ստորինները, ապա՝ վերինները) ծկթում են 6-8 տարեկանում, այնուհետև փոխվում են կողմնային կտրիչները (9-10 տարեկանում), ժանիքները և փոքր աղորիքները (10-14 տարեկանում)։ 2-րդ մեծ աղորիքները ծկթում են 14-16 տարեկանում, իսկ իմաստության ատամները՝ սովորաբար 16-25 տարեկանում։ Երեխաների ֆիզիկական արագացման հետ կապված՝ ատամները կարող են փոխվել նաև ավելի վաղ ժամկետներում։

Մնայուն ատամների ծկթմանը նախորդում է կաթնատամների արմատների ներծծումը, որն սկսվում է այն հատվածից, որտեղ դրանց հպվում են աճող մնայուն ատամների պսակները։ Երբ պսակները ծկթում են, ատամների արմատները դեռևս ձևավորված չեն։ Դա մեծ նշանակություն ունի երեխաների ատամների հիվանդությունների ժամանակ։ Ոչ լրիվ զարգացած ատամները հաճախ են ախտահարվում, ոսկրափուտը դրանցում կատարվում է ավելի արագ, իսկ եթե ոսկրափուտը բարդացել է կակղենու բորբոքումով, ապա զարգացած արմատների բորբոքումն արագ անցնում է արմատաթաղանթին։

Ստորև բերված է կաթնատամների և մնայուն ատամների ծկթելու ժամանակն ու կարգը։

Կաթնատամներ՝

  • Միջային կտրիչներ - 6-8 ամսում
  • Կողմնային կտրիչներ - 7-9 ամսում
  • Առաջին աղորիքներ - 12-15 ամսում
  • Ժանիքներ - 16-20 ամսում
  • Երկրորդ աղորիքներ - 20-24 ամսում

Մնայուն ատամներ՝

  • Առաջին մեծ աղորիքներ - 6-7 տարեկանում
  • Միջային կտրիչներ - 8 տարեկանում
  • Կողմնային կտրիչներ - 9 տարեկանում
  • Առաջին փոքր աղորիքներ - 10 տարեկանում
  • Ժանիքներ - 11-13 տարեկանում
  • Երկրորդ փոքր աղորիքներ - 11-15 տարեկանում
  • Երկրորդ մեծ աղորիքներ - 13-16 տարեկանում
  • Երրորդ մեծ աղորիքներ - 18-30 տարեկանում

Կաթնատամներ խմբագրել

Կաթնատամները կամ ժամանակավոր ատամներն ունեն նույն ձևը, ինչ մնայունները, բայց ավելի փոքր են, և արմատներն էլ ավելի կարճ են։ Դրանք կաթնատամ են կոչվում, քանի որ սկսում են ծկթել կրծքային տարիքում և գործում են մինչև մնայուններով փոխարինվելը։ Կաթնատամները յուրաքանչյուր շարքում 10-ն են՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 աղորիք։ Կաթնատամների ատամնակծվածքում փոքր աղորիքները բացակայում են։ 6-14 տարեկանում գոյանում է, այսպես կոչված, հերթափոխային ատամնակծվածք, որում կան և՛ կաթնատամներ, և՛ մնայուն ատամներ։ Այդ շրջանում բոլոր կաթնատամներն աստիճանաբար փոխարինվում են մնայուն ատամներով, որոնց պսակներն արդեն ձևավորված են ծնոտում։ Այդ դեպքում կաթնատամ աղորիքները փոխարինվում են մնայուն փոքր աղորիքներով, իսկ մնայուն մեծ աղորիքներն իրենց նախորդող կաթնատամները չունեն։

Ատամների զարգացման խանգարումներ խմբագրել

Ատամների զարգացման խանգարումները (անոմալիաները) բազմատեսակ են։ Դրանցից մեկը կարող է լինել միայն կոսմետիկական արատ (ատամի անկանոն ձևը, մեծությունը, գույնը), մյուսները (օրինակ՝ մի խումբ ատամների բնածին բացակայությունը) առաջացնում են ծամելու խանգարումներ։ Այսպես կոչված՝ բաց ատամնակծվածքը փոխում է դեմքի ձևը։ Երբեմն որոշ լրիվ ձևավորված մնայուն ատամները մնում են ծնոտում և չեն ծկթում (աննկատելի ատամներ)։ Դրանք հաճախ ժանիքներ են կամ իմաստության ատամներ։ Ատամների զարգացման խանգարումները կարող են կապված լինել հղիության ժամանակ մոր ոչ ճիշտ սնուցման, երեխայի ծնոտի աճման կասեցման հետ, և երբեմն ատամները կարող են լինել գերհամալրված կամ շատ խիտ։ Հաճախ կենտրոնական կտրիչների միջև նկատվում է տարածություն, այսպես կոչված, դիասթեմա։ Երբեմն ատամները, տեղը չբավարարելու պատճառով, կարող են ծկթել ատամնաշարից դուրս։

Ատամների զարգացման խանգարումներից են չափազանց շուտ և չափազանց ուշ ծկթումը։ Վերջինս սովորաբար կապված է երեխայի օրգանիզմը թուլացնող հիվանդությունների (ստամոքսաղիքային խանգարումներ, թոքաբորբ, ռախիտ) հետ։ Հաճախակի բարդություններից է իմաստության ատամների ծկթման դժվարացումն այն տարիքում, երբ ծնոտի աճումն արդեն ավարտվել է։ Այդ դեպքում ոչ լրիվ ծկթած ատամի պսակը ծածկող լինդը բորբոքվում է, իսկ չհետևելուց կարող է առաջանալ ծնոտի շրջոսկրի բորբոքում։

Ատամների զարգացման կամ ծկթման բոլոր խանգարումների ժամանակ հարկավոր է դիմել ստոմատոլոգի, որը որոշում է խանգարման աստիճանը, բուժման անհրաժեշտությունը և այլ մասնագետների հետ խորհրդատվության կարիքը։ Ատամների սաղմի սկզբնավորման և զարգացման շրջանում, երեխայի օրգանիզմում նյութափոխանակության խանգարման (սուր վարակ, մոր և երեխայի անբավարար սնուցում) հետ կապված, կարող է առաջանալ կարծր հյուսվածքների թերզարգացում, չնայած ատամները սկզբնավորվել և ծկթել են։ Այդ անկանոնությունը կոչվում է հիպոպլազիա և հիմնականում նկատվում է կտրիչների ու առաջին մնայուն մեծ աղորիքների վրա։ Արծնի շերտը լինում է շատ բարակ՝ ալիքաձև տեսքով կամ բաց դարչնագույն բծերով։ Երբեմն դենտինը լրիվ արծնազուրկ է։ Այդպիսի ատամները, որպես կանոն, չեն ցավում, բայց ենթակա են ոսկրափուտի, ուստի երեխային պետք է ցույց տալ ստոմատոլոգի՝ կանխարգելիչ բուժման նպատակով։

Կազմություն խմբագրել

 
1. Ատամ 2. Էմալ 3. Դենտին 4. կակղան 5. Պսակային կակղան 6. Արմատային կակղան 7. Ցեմենտ 8. ՊսակԹմբիկ 9. ԹմբիկԱկոցներ 10. Ակոցներ 11. Վզիկ 12. Արմատ 13. Հատակ 14. Արմատի գագաթ 15. Գագաթի անցք 16. Gingival sulcus
17. ատամնաբնային շրջոսկր
18. Լնդեր: 19. free or interdental 20. marginal 21. alveolar 22. Periodontal ligament 23. Alveolar bone 24. Vessels and nerves։ 25. dental 26. Պերիոդոնտ 27. նյարթային և արյունատար անոթներ

Յուրաքանչյուր ատամ բաղկացած է ատամի պսակից (լատին․՝ corona dentis), վզիկից (լատին․՝ collum dentis), արմատից (լատին․՝ radix dentis)։ Պսակը ատամի երևացող մասն է և լնդից դուրս է ցցված, վզիկը՝ նեղացած մասն է և գրկված է լնդով, իսկ արմատը նստած է ատամնաբնի մեջ և վերջանում է ատամի գագաթով (լատին․՝ apex dentis), որի վրա նույնիսկ չզինված աչքով կարելի է տեսնել գագաթի անցքը (լատին․՝ foramen apices)։ Վերջինիս միջով ատամի մեջ են մտնում անոթներ ու նյարդեր։ Ատամի ներսում կա խոռոչ (լատին․՝ cavum dentis), որի շարունակությունը արմատի մեջ կոչվում է արմատի խողովակ (լատին․՝ canalis radicis), վերջինս բացվում է վերը նշված գագաթի անցքով։ Ատամի խոռոչը լցված է արյան անոթներով և նյարդերով հարուստ ատամի միջուկով կամ կակղանով (լատին․՝ pulpa dentis)։ Ատամների արմատները ատամնաբների մակերեսին սերտորեն միաձուլվում են արյան անոթներով հարուստ ատամնաբնային շրջոսկրի միջոցով(լատին․՝ periodentinum)։ Ատամի կարծր նյութը բաղկացած է՝

  1. դենտինից (ատամնանյութից) (dentinums)
  2. էմալից (enamelum),
  3. ցեմենտից (cementum)։

Ատամի խոռոչը շրջապատող գլխավոր զանգվածը դենտինն է։ Պսակը արտաքուստ պատված է էմալով, իսկ արմատը՝ ցեմենտով։

Ատամի արմատի և ատամնաբնի միջև գոյություն ունի ատամը պահող կապան, որը կազմված է շարակցահյուսվածքային խրձից և կոչվում է արմատաթաղանթ կամ պերիօդոնտ։ Վերջինով ատամի խոռոչ են մտնում ատամը սնող անոթներն ու նյարդերը։

Ատամի խոռոչը և արմատային խողովակները լցված են փափուկ հյուսվածքով՝ կակղենիով (պուլպա)։ Այն բաղկացած է փուխր շարակցական հյուսվածքից, անոթներից, նյարդերից և տարբեր բջիջներից։ Մասնավորապես կակղենիում են գտնվում օդոնտոբլաստները, որոնց շնորհիվ ատամի կարծր հյուսվածքում կատարվում է նյութափոխանակություն։ Օդոնտոբլաստներից դուրս են գալիս ելուստներ, որոնք, խողովակներով անցնելով, թափանցում են ամբողջ դենտինի մեջ։

Առաջին հյուսվածքը, որը գոյանում է ատամի սաղմում, դենտինն է, ապա՝ արծնը։ Սկզբում դրանք բաղկացած են հիմնական օրգանական նյութ ստեղծող հատուկ բջիջներից, հետագայում՝ ներարգանդային զարգացման 5-րդ ամսվա վերջին, այդ օրգանական նյութն սկսում է ներծծվել հանքային նյութերով, հատկապես կալցիումի աղերով։ Հանքային աղերը, կուտակվելով բյուրեղների տեսքով, արծնին և դենտինին տալիս են ավելի մեծ ամրություն։ Ինչպես կաթնատամների, այնպես էլ մնայուն ատամների արծնից ու դենտինից կազմված պսակները դրանց ծկթելու պահին արդեն ձևավորված են լինում։ Արծնն ամենակարծր հյուսվածքն է, պարունակում է 97 % անօրգանական (հանքային) նյութեր, իսկ դենտինը՝ մոտ 72 %։ Մնայուն ատամներն առավել հանքայնացված են, քան կաթնատամները։ Աճող ատամների արմատները ձևավորվում են բավականին ուշ։

Գործառույթ խմբագրել

Ատամների ֆունկցիան սնունդը կտրելը և մանրացնելն է։ Ծամելը մարսողության սկզբնական փուլն է, որի ժամանակ սնունդը ատամներով մանրացվում է և խառնվում թքի հետ։ Թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության հետևանքով տեղի է ունենում բերանային մարսողություն, որն ապահովում է հետագա լիարժեք մարսողությունը ստամոքսում։ Ռուս ֆիզիոլոգ Ի․ Պավլովը հաստատել է ծամելու դրական ազդեցությունը թքագեղձերի արտազատման, ստամոքսի ֆունկցիայի, ինչպես նաև արյան շրջանառության և նյութափոխանակության վրա։

Ստորին ծնոտի ծամող շարժումները (վերև, Ներքև, հորիզոնական՝ աջ, ձախ) իրականանում Են ծամիչ մկանների կծկումների շնորհիվ, ինչպես նաև շրթունքների, այտերի, լեզվի մկանների մասնակցությամբ։ Սնունդը կծում են առջևի ատամներով, այնուհետև լեզվի միջոցով այն փոխանցվում է փոքր և մեծ աղորիքների ծամող մակերևույթներին։ Այդ դեպքում այտի մկանները սեղմվում են ատամներին և առաջացնում, այսպես կոչված, այտային գրպանիկներ։ Մանրացված սնունդն ատամների վրայից ընկնում է այտային գրպանիկները և այտային մկանների կծկման շնորհիվ նորից վերադառնում ատամների ծամող մակերևույթներին։ Մանրացված մասնիկները գոյացնում են սննդային գնդիկներ, իսկ խոշորները նորից տեղափոխվում են ատամների վրա։ Թքով շաղախված լպրծուն սննդի գունդն ընկնում է լեզվի թիկնային մակերևույթին, ծամելիս առաջանում է դադար, կլման ռեֆլեքս, և սննդի գունդը կուլ է գնում։

Ատամների վնասվածքներ խմբագրել

 
Կոտրված ատամ

Ատամները հաճախ վնասվում են։ Կարող է լինել ատամների հոդախախտում, պսակի և արմատի կոտրվածք, որից առաջանում են ուժեղ ցավեր։ Ատամը շրջապատող հյուսվածքներն այտուցվում են։ Ցանկացած վնասվածքի դեպքում դիմում են ստոմատոլոգի, սուր վնասվածքի ժամանակին բուժումը հաճախ օգնում է ատամների կամ դրանց արմատները պահպանելու և համապատասխան բուժումից հետո գամատամի համար օգտագործելու։

Ատամների քրոնիկական վնասվածքը սովորաբար կապված է մասնագիտական վնասակարությունների կամ վնասակար սովորությունների հետ։ Առջևի ատամների կտրող ծայրերին առաջանում են թերություններ (օրինակ՝ մատիտը, մեխը ատամների միջև պահելիս կամ թելն ատամներով կտրելիս)։ Ատամների քրոնիկական վնասվածքը կարող է առաջանալ, օրինակ, փողային գործիքներ նվագող երաժիշտների, ապակեգործների մոտ։ Նման թերություններով ատամները սովորաբար ցավոտ չեն, բայց տգեղ են, կարող են վնասել լորձաթաղանթը։ Բուժման համար հարկավոր է դիմել ստոմատոլոգի։

Քիմիական ձեռնարկություններում, լաբորատորիաներում թթուների և հիմքերի հետ աշխատելիս, նոսր աղաթթվի երկարատև ներընդունման (ստամոքսաբորբի ժամանակ) դեպքում ատամների արծնի գույնը փոխվում է, առաջանում են գունակային բծեր, արծնը դառնում է խորդուբորդ (անհարթ)։ Դա կարող է հանգեցնել ատամների պսակի քայքայման, որից ատամների զգայնությունը սառի, տաքի նկատմամբ բարձրանում է։ Այդպիսի ախտահարումների կանխարգելման համար պետք է վերացնել պատճառը և դիմել ստոմատոլոգի՝ համապատասխան բուժման կամ կանխարգելիք մշակման համար։

Ատամների հիվանդություններ խմբագրել

 
Ատամների ոսկրափուտ

Առավել տարածված է ատամների ոսկրափուտը, որն առաջանում է օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման, ոչ ճիշտ սնուցման (սննդի մեջ ածխաջրերի գերակշռությունը և սպիտակուցների, կաթնամթերքի անբավարարությունը), ինչպես նաև ատամների վատ խնամքի դեպքերում։ Ատամների ոսկրափուտի առաջացմանը նպաստում են ատամների վրա մշտապես գոյացող փափուկ նստվածքները, որոնք պարունակում են մեծ թվով միկրոօրգանիզմներ։ Ատամների անբավարար խնամքի ժամանակ այդ փափուկ նստվածքները վերածվում են ատամի քարերի, որոնք լնդերի բորբոքման պատճառ են դառնում։ Ոսկրափուտի ժամանակ ատամների կարծր հյուսվածքների քայքայումն ընթանում է միկրոօրգանիզմների մասնակցությամբ, և եթե ոսկրափուտը չի բուժվում, աստիճանաբար առաջանում է կակղենու բորբոքում (պուլպիտ), այնուհետև՝ հարատամնային հյուսվածքների բորբոքում (պերիօդոնտիտ)։ Ոսկրափուտն ախտահարում է ինչպես մնայուն ատամները, այնպես էլ կաթնատամները։ Վերջիններում այդ գործընթացն ընթանում է ավելի արագ։ Նույնիսկ քայքայված կաթնատամի ժամանակից շուտ հեռացնելը կարող է երեխայի ծնոտի թերզարգացման և հետագայում ատամների զարգացման խանգարումների պատճառ դառնալ։ Կաթնատամը շրջապատոդ հյուսվածքների բորբոքման ժամանակ հաճախ ախտահարվում են մնայուն ատամների սաղմերը։ Եթե կաթնատամը խանգարում է արդեն ծկթող մնայուն ատամին, որը նման դեպքում ատամնաշարից դուրս է մնացել, անհրաժեշտ է կաթնատամը հեռացնել։

Մնայուն ատամների հեռացումը նույնպես անվնաս չէ օրգանիզմի համար։ Ատամը հեռացնելուն, որպես կանոն, բժիշկը դիմում է միայն այն դեպքերում, երբ, չնայած մանրակրկիտ բուժմանը, չի հաջողվում վերացնել հարատամնային հյուսվածքի բորբոքումը, կամ եթե պսակն այնպես է քայքայված, որ ատամները հնարավոր չէ օգտագործել հետագա պրոթեզավորման համար։

Ատամների բոլոր հիվանդությունները պետք է ժամանակին բուժվեն, որպեսզի կանխվի դրանց քայքայումը։

Բացի ոսկրափուտից նկատվում են նաև այլ հիվանդություններ՝ լնդապալար (ֆլյուորոզ), ախտաբանական մանրում, ատամների կարծր հյուսվածքների զգայնության բարձրացում։ Ֆլյուորոզը ֆտորով քրոնիկ։ Թունավորման դրսևորում է, որը պայմանավորված է խմելու ջրի մեջ դրա բարձր պարունակությամբ։ Նման թունավորման ժամանակ օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը, որն առաջին հերթին անդրադառնում է ատամների վրա։ Ֆլյուորոզից ախտահարվում են այն երեխաների մնայուն ատամները, որոնք ծնված օրից ապրում են ֆտորի բարձր պարունակությամբ ջուր պարունակով աշխարհագրական գոտիներում։ Այդպիսի դեպքերում արծնը դառնում է կավճանման, վրան առաջանում են բաց դեղին կամ մուգ դարչնագույն բծեր, կտրող եզրերին և ծամող մակերևույթներին արծնը և դենտինը մաշվում են։ Այդ հիվանդության կանխարգելման նպատակով սանհակահամաճարակային մարմիններն իրականացնում են ջրի ֆտորազերծման միջոցառումներ։

Ատամների խնամք խմբագրել

 
Ատամի խոզանակ

Ատամների խնամքը իրականացնում Են ատամի խոզանակի, ատամի մածուկի, բերանը ողողելու հատուկ միջոցների օգնությամբ։ Ատամի խոզանակները ատամի փափուկ նստվածքները հեռացնելու համար են։ Դրանք լինում են տարբեր չափերի և տարբեր կոշտության։ Ցանկալի է օգտագործել ավելի փափուկ խոզանակներ։ Պիտանիության ժամկետը մոտավորապես 3 ամիս է։ Անհրաժեշտ է ունենալ անհատական խոզանակ։

Ատամի մածուկներն ունեն մաքրող, բուժիչ և կանխարգելիչ հատկություններ։ Դրանք պարունակում Են ատամի վրա առաջացած փափուկ փառի լուծմանը, լնդերի բորբոքումների նվազեցմանը, բերանի հոտի վերացմանը նպաստող բադադրանյութեր։ Թողարկվում են նաև ֆտոր պարունակող մածուկներ, որոնք օգտագործվում են բժշկի նշանակմամբ։ Առանձին ատամի մածուկներ, ունենալով ոսկրափուտը կանխարգելող հատկություններ, կարող են գրգռել բերանի լորձաթաղանթը և ուժեղացնել լնդերից արյունահոսությունը։ Նման մածուկները պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։ Ատամի էլիքսիրները հոտազերծող են։ Ատամները մաքրելիս լնդային եզրը հարկավոր է խնայել։ Խոզանակի շարժումները պետք է լինեն այնպես, որ լրիվ մաքրեն ատամների մակերևույթը։ Ատամների շրթնային, այտային, լեզվային և քմային մակերևույթները մաքրում են ուղղաձիգ շարժումներով։ Ատամների ծամող մակերևույթը մշակում են շրջանաձև շարժումներով, որից հետո բերանը լավ ողողում են։ Ատամները մաքրում են առավոտյան՝ մածուկով, իսկ երեկոյան՝ միայն խոզանակով։ Քնելուց առաջ բերանի խոռոչը ողողում են ջրով։

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ խնամքի վերաբերյալ հանձնարարականներ է տալիս ստոմատոլոգը։ Բժիշկն ատամի քարը հեռացնում է հատուկ գործիքների օգնությամբ։ Ատամների վնասվածքներից խուսափելու համար մանր և փափուկ նստվածքները կամ սննդի մնացորդները չի կարելի հեռացնել մետաղե առարկաներով։ Խորհուրդ է տրվում օգտագործել փայտե և պլաստմասե ատամմաքրիչներ՝ մեկանգամյա գործածության համար։

Ատամների և բերանի խոռոչի ճիշտ խնամքը, ատամների հիվանդությունների ժամանակին բուժումը, հղի կնոջ և կրծքի երեխայի լիարժեք սնունդը, Նպաստում են առողջ ատամների ձևավորմանը։ Ատամների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է տարին 2 անգամ դիմել ստոմատոլոգի, կատարել նրա նշանակած կանխարգելիչ միջոցառումները։ Դա նպաստում է ատամների պահպանմանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Загорский В. А. Частичные съёмные и перекрывающие протезы. — М.: Медицина, 2007. — ISBN 5-225-03919-7
  • И.В. Гайворонский, Т.Б. Петрова Анатомия зубов человека: Учебное пособие. — СПб: ЭЛБИ-СПб, 2005. — 56 с. — ISBN 5-93979-137-9

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։