Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)

Մարգարեթ Անգլիացի (սեպտեմբերի 29, 1240[1] կամ 1240[2], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - փետրվարի 26, 1275[1] կամ 1275[2], Cupar Castle, Ֆայֆ, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագուհի։

Մարգարեթ Անգլիացի
Ծնվել է՝սեպտեմբերի 29, 1240[1] կամ 1240[2]
ԾննդավայրՎինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝փետրվարի 26, 1275[1] կամ 1275[2]
Վախճանի վայրCupar Castle, Ֆայֆ, Շոտլանդիա
Դանֆերմլայն վանք
ՏոհմՊլանտագենետներ
քաղաքական գործիչ
ՀայրՀենրի III[1][3][4]
ՄայրԷլեանոր Պրովանսացի[1][3][4]
ԵրեխաներՄարգարեթ Շոտլանդացի, Alexander, Prince of Scotland? և David of Scotland, Prince of Scotland?[3]

Թագավոր Ալեքսանդր III-ի կինը։

Կյանք խմբագրել

Մարգարեթն Անգլիայի թագավոր Հենրի III-ի ու թագուհի Էլեանոր Պրովանսացու երկրորդ երեխան էր ու ծնվել էր Վինձոր ամրոցում։ Պատմական գրառումներում առաջին անգամ նշվել է, երբ երեք տարեկան էր ու իր եղբոր՝ ապագա թագավոր Էդուարդ I-ի հետ Լոնդոնում ինչ-որ միջոցառման էր մասնակցում։

Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II-ն ամուսնացած է եղել նրա հորաքրոջ՝ Ջոան Անգլիացու հետ։ 1244 թվականին նրա հայրն ու Ալեքսանդր II-ը հանդիպել են Նյուքասլում երկու ազգերի միջև խաղաղ հարաբերությունները վերսկսելու համար և այդտեղ էլ որոշվել է, որ Շոտլանդիայի ապագա թագավոր Ալեքսանդր III-ը պետք է ամուսնանա Մարգարեթի հետ։ Նշանադրվել են հաջորդ տարի։

1251 թվականի դեկտեմբերի 25-ին տասնմեկ տարեկան Մարգարեթին Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացրել են տաս տարեկան թագավոր Ալեքսանդր III-ի հետ[5]։ Զույգը մնացել է Յորքում մինչև հաջորդ տարվա հունվար, հետո տեղափոխվել Էդինբուրգի իրենց բնակավայրը։

Ասում են, որ Մարգարեթը դժբախտ է եղել Շոտլանդիայում և Անգլիայի ու Շոտլանդիայի միջև որոշակի լարվածություն է ստեղծել Անգլիայի իր ընտանիքին նամակներ գրելով, թե Շոտլանդիայում իրեն վատ են վերաբերում[6]։ Փոքր տարիքի պատճառով արքայական զույգին թույլ չեն տվել սեռական հարաբերություններ ունենալ։ Հետևաբար, Մարգարեթին թույլ չէին տալիս Ալեքսանդրին հաճախակի տեսնել, բայց քանի որ թագավորը նրա վրա լավ տպավորություն էր թողել ու նա սկսել էր նրան հավանել, սահմանափակումը նրան դժգոհելու առիթ էր տալիս։ Ավելին, նրան դուր չէր գալիս արքայական պալատը, ատում էր Էդինբուրգն ու Շոտլանդիայի կլիման ու կարոտում Անգլիան ու իր այնտեղի ընտանիքը։ Նա գրում էր իր կարոտի մասին ու գանգատվում ծնողներին, որոնք էլ խնդրել են թույլ տալ նրան այցելել իրենց։ Շոտլանդացիները, սակայն, մերժել են՝ մտածելով, որ նա այլևս չի վերադառնա։

1255 թվականին թագուհի Էլեանորն իր բժշկին ուղարկել է Էդինբուրգ՝ Մարգարեթի առողջութունն ուսումնասիրելու։ Բժիշկը զեկուցել է, որ նրա դուստրը գունատ է ու ընկճված, գանգատվում է միայնությունից ու անտեսվածությունից։ Նրա հայրը նոր պատվիրակություն է ուղարկել, նամակներ գրել որոշ շոտլանդացի կոմսերի ու պահանջել, որ իր աղջկան լավ վերաբերեն։ Թագուհի Մարգարեթն իր հայրիկի պատվիրակներին բողոքել էր, թե իրեն պահում են բանտարկյալի նման, որ իրավունք չունի ճանապարհորդելու, որ իրեն թույլ չեն տալիս տեսնել իր ամուսնուն կամ մերձենալ նրա հետ։ Այսքանից հետո Անգլիայի թագավորն ու Շոտլանդիայի խնամակալների խորհուրդը համաձայնության են եկել․ որոշվել է, որ քանի որ արքայական զույգն արդեն տասնչորս տարեկան է, պետք է նրանց թույլատրել ապրել ամուսնական կյանքով, ու որ խնամակալների խորհուրդը պարտավորվում է յոթ տարի հետո իշխանությունը հանձնել Ալեքսանդրին, բացի այդ, Ալեքսանդրը պարտավորվում էր Մարգարեթին հոգատարությամբ շրջապատել ու թույլ տալ նրան այցելել իր ծնողներին։ Նույն տարում՝ 1255 թվականի սեպտեմբերի 7-ին Մարգարեթն ու Ալեքսանդր III-ն այցելել են թագուհու ծնողներին ու քրոջը՝ Բեատրիսին։ Իր ամուսնու մեկնումից հետո Մարգարեթը մի փոքր ավելի երկար է մնացել Անգլիայում, բայց շուտով հետևել է նրան։

1257 թվականին Կոմին ընտանիքը գերի է վերցրել ու բանտարկել Մարգարեթին ու Ալեքսանդրին՝ պահանջելով, որ բոլոր օտարականներն արտաքսվեն Շոտլանդիայից։ Նրանց ազատ են արձակել Մարգարեթի հայրիկի ու շոտլանդական խնամակալների խորհրդի միջամտությունից հետո։ Մարգարեթն այցելել է Անգլիա 1260–61 թվականներին ու իր դուստր Մարգարեթին ծնունդ տվել այնտեղ, ինչպես նաև 1269 թվականին՝ ներկա լինելու Ուեստմինստերյան Աբբայությունում Էդուարդ Խոստովանողի մասունքների վերահուղարկավորմանը, երկու անգամ էլ Ալեքսանդրի ուղեկցությամբ։ Հղիության պատճառով չի կարողացել 1272 թվականին ներկա լինել իր հայրիկի թաղմանը։

Ասում էին, որ Մարգարեթի պատճառով մի երիտասարդ պալատական է մահացել, որը ենթադրաբար սպանել էր նրա մորեղբորը՝ Սիմոն դը Մոնֆորին[7]։ Դեպքը տեղի է ունեցել Փերթի մոտ գտնվող Քինքլեյվն ամրոցում 1273 թվականի ամռանը, որտեղ նա կազդուրվում էր իր որդի Դավիդի ծնվելուց հետո։ Թեյ գետի ափով իր խոստովանահոր, մի քանի սպասուհու ու պալատականների հետ մի երեկո ընթրիքից հետո զբոսնելիս անգլիացի պալատականներից մեկը մոտենում է գետին ձեռքը լվանալու։ Թագուհին կատակով նրան հրում է գետը, բայց ուժեղ հոսանքը վերջինիս քշում է ու խեղդում, նախքան որևէ մեկը կկարողանար օգնել[8]։ Սա արվել էր որպես կատակ, ու ըստ խոստովանահոր, թագուհին իր սպասուհիներին էր հրամայել հրել նրան, բայց բոլորն սկզբից ծիծաղել էին, կարծելով թե պալատականի կյանքին վտանգ չի սպառնում։ Սակայն գետի ուժեղ հոսանքը տարել էր նրան ու և՛ ինքը, և՛ իր երիտասարդ ծառան, որը ցատկել էր գետը նրան փրկելու, խեղդվել էին։ Միջադեպը Մարգարեթին շատ է վշտացրել։

1274 թվականի օգոստոսին Մարգարեթն ու Ալեքսանդրը ներկա են եղել Ուեսթմինստերում Էդուարդ I-ի թագադրությանը։ Մարգարեթը վախճանվել է 1275 թվականի փետրվարի 26-ին Ֆայֆում գտնվող Քուպար ամրոցում ու հուղարկավորվել Դանֆերմլայն վանքում։

Զավակներ խմբագրել

Զույգն ունեցել է երեք երեխա[9]

  • Մարգարեթ (28 փետրվարի, 1261 թ․ – 9 ապրիլի, 1283 թ․), ամուսնացել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ի հետ։
  • Ալեքսանդր (21 հունվարի, 1264 թ․, Ջեդբուրգ – 28 հունվարի, 1284 թ․, Լինդորս վանք)։
  • Դավիդ (20 մարտի, 1272 թ․ – հունիս, 1281 թ․, Ստեռլինգ ամրոց), թաղված է Դանֆերմլայն վանքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 297. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Kindred Britain
  5. Margaret MacArthur (1874). History of Scotland.
  6. Anne Echols, Marty Williams: An annotated index of medieval women
  7. Early Sources of Scottish History
  8. Lanercost Chronicle
  9. Ashley, Mike (1999). The mammoth book of British kings and queens. London: Robinson Publishers. էջ 408. ISBN 1-84119-096-9.

Աղբյուրներ խմբագրել

  • Ashley, Mike (2002). British Kings & Queens. Carroll & Graf. ISBN 0-7867-1104-3. pgs 485 & 492
  • Tibballs, Geoff (2005). Royalty's Strangest Characters: Extraordinary But True Tales from 2,000 Years of Mad Monarchs and Raving Rulers. Chrysalis Books.
  • Marshall, Rosalind, Scottish Queens, 1034–1714
  • Richard Oram: The Kings and Queens of Scotland
  • Timothy Venning: The Kings and Queens of Scotland
  • Mike Ashley: British Kings and Queens
  • Elizabeth Ewan, Sue Innes and Sian Reynolds: The Biographical Dictionary of Scottish Women
  • Mike Ashley, The Chronicle of Lanercost 1272–1346
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)» հոդվածին։