Մայք Գորդոն Օլդֆիլդ (մայիսի 15, 1953(1953-05-15)[3][4][5][…], Ռեդինգ, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի երաժիշտ, ով տիրապիտում է տարատեսակ գործիքների և ունի գործեր բազում ժանրերում (պրոգրեսիվ, էմբիենթ, դասական, փոփ և այլն)։ Իր ամենաճանաչված աշխատանքն է համարվում հենց դեբյուտային ալբոմը՝ 1973-ին թողարկված կոնցեպտուալ Փողաձև զանգեր-ը, որը 2004 թվականին ընդգրկվել է «Բոլոր ժամանակների 25 ամենաազդեցիկ ալբոմները հոգեպարար ոճում» ցուցակում։ Օլդֆիլդը հայտնի է նաև իր ելույթով 2012 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, որի ընթացքում նա կատարեց նաև իր հիթերից մեկը՝ In Dulci Jubilo պիեսը։

Մայք Օլդֆիլդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Mike Oldfield
Ի ծնե անունանգլ.՝ Michael Gordon Oldfield
Ծնվել էմայիսի 15, 1953 (70 տարեկան)
Րիդինգ, Բերքշիր, Անգլիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերպրոգրեսիվ ռոք[1], ժողովրդական երաժշտություն, փոփ, Էթնիկ երաժշտություն, էմբիենտ, դասական երաժշտություն, Նյու էյջ, փոփ ռոք և Կելտիկ ֆյուժն
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար, երգերի հեղինակ, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, օդաչու և Խաղի դիզայներ
Գործիքներբաս կիթառ, tubular bell?, Էլեկտրակիթառ, բաս[1], կիթառ[1], ստեղնաշարային գործիքներ և Զանգ
ԼեյբլVirgin (1972–1991)
Warner Bros. (1992–2003)
Mercury (2005–այժմ)
ԿրթությունElvian School?, The Highlands School, Reading? և Emerson Park School?
Պարգևներ
Կայքwww.mikeoldfieldofficial.com
 Mike Oldfield Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլդֆիլդը ծնվել է 1953 թվականի մայիսի 15-ին, Րիդինգ քաղաքում (Անգլիա)։ Ծնողները եկել էին Իռլանդիայից և աշխատում էին բժշկության ոլորտում։ Իր քույր Սելլին և եղբայր Թերրին կրկին երաժիշտներ են և հանդիպում են Մայքի որոշ ալբոմներում։

Արդեն 10 տարեկան հասակում Մայքը սկսում է երաժշտություն գրել և ելույթներ ունենալ տեղի ֆոլք ակումբներում։14 տարեկանում թողնում է դպրոցը և քրոջ հետ կազմակերպում դուետ՝ Sallyangie անվամբ։ 1968 թվականին այն ցրվում է, և Մայքը նոր խումբ է ստեղծում՝ Barefoot, որը ևս մեկ տարուց ավել չի դիմանում։ Ապա Օլդֆիլդը միանում է The Whole World խմբին՝ որպես կիթառահար։ Այնտեղ նրա հետ ստեղծվում է 4 ալբոմ, որից հետո Մայքը հեռանում է և սկսում իր սոլո կարիերան։

Սոլո կարիերան խմբագրել

 
Գորդոն Օլդֆիլդ իր PRS Պատվիրված 24 դեկտեմբերի 2006 - ին Festhalle Ֆրանկֆուրտում

Դեռ 1970 թվականին, երբ Մայքը The Whole World-ի անդամ էր, նա արդեն աշխատում էր իր դեբյուտային ալբոմի՝ Tubular Bells-ի վրա։ 1972-ին թողարկեց դեմոտարբերակը և ուղարկեց այն բոլոր հայտնի ձայնագրող ընկերություններին։ Վերջիններս մերժեցին նրան՝ պատճառաբանելով, որ Օլդֆիլդի երաժշտությունը կոմերցիոն չէ։ Միակ մարդը, ում հետաքրքրեց այդ ստեղծագործությունը, հանդիսացավ Ռիչարդ Բրենսոնը, ով դեռ հանրահայտ չէր այն ժամանակ։ Վերջինս 1972-ին հիմնադրում է Virgin Records լեյբլը, որի հենց առաջին թողարկումն է դառնում Օլդֆիլդի Tubular Bells-ը, որը ունենում է մեծ հաջողություն. 2 միլիոն պատճեն՝ 1 տարվա ընթացքում և 16 միլիոն՝ առ այսօր։ Ալբոմը միանգամից գրավում է միջազգային չարտերի առաջին տողերը և հետագայում վտարվում այնտեղից միայն Մայքի հաջորդ ալբոմի՝ Hergest Ridge-ի կողմից։ Վերջինս ավելի հասուն էր իր բովանդակությամբ, սակայն նրան պակասում էր Tubular Bells-ի նորարարությունն ու ինքնատիպությունը։

1975 թվականին լույս է տեսնում Ommadawn ալբոմը, որը միավորում էր նախորդ նախորդ երկուսի լավ կողմերը։ Ալբոմը ստացվել էր բավականին հաջող և հայտարարվել էր որպես «դարի գլուխգործոց»։ Այս հաջողությունից հետո Օլդֆիլդը մի քանի տարով առանձնանում է գյուղում՝ ցանկանալով հեռու մնալ շոու-բիզնեսի աղմկոտ կյանքից և հասկանալ իրեն հասած հաջողության պատճառները։ Այդ տարիների ընթացքում նա սկսում է հաճախել հատուկ դասընթացների՝ ցանկանալով ազատվել իր բնածին ամաչկոտությունից։ Հենց այդ տարիներին էլ նա ծանոթանում է իր առաջին կնոջ հետ։ Սակայն մեկ ամիս անց նրանք ամուսնալուծվում են։

1978 թվականին Օլդֆիլդը վերադառնում է ստեղծագործական կյանք՝ թողարկելով Incantations ալբոմը։ Այդ տարիներին Մայքը զարմացնում է բոլորին՝ կարճ մազերով և ականջօղով՝ աջ ականջին։ Նա նաև տալիս է մի քանի ագրեսիվ հարցազրույց։ Բացի դրանից, Օլդֆիլդը սկսում է համաշխարհային տուրնե՝ ներգրավելով ավելի քան 100 երաժիշտ։

1979 թվականին լույս է տեսնում նրա հաջորդ ալբոմը՝ Platinum-ը, որտեղ ի հայտ է գալիս Մայք Օլդֆիլդի նոր կոնցեպցիան՝ 1 երկար գործ վինիլային սկավառակի մի կողմին և մի քանի «թեթև» երգ՝ մյուսին։

1980-ին ստեղծվում է QE2-ը (Queen Elizabeth 2), որն արագորեն դառնում է «ոսկե»։ 1982 թվականի գարնանը լույս է տեսնում Five Miles Out-ը, որը դառնում է Virgin-Deutschland-ի առաջին ալբոմը, որ ներառվում է գերմանական թոփ 20-ում։

1983-ին թողարկված Crises-ը համարվում է Օլդֆիլդի լավագույն գործերից մեկը՝ ներառելով Moonlight Shadow և Shadows on the Wall հիթերը։

Հաջորդ ալբոմը ձայնագրելու համար Մայքը ուղևորվում է շվեյցարական ալպեր։ Արդյունքում «ծնվում է» Discovery ալբոմը՝ 7 երգերով և մեկ գործիքային ստեղծագործությամբ։ Օլդֆիլդի արվեստի սիրահարների կողմից այն ընդունվեց բավականին սառը, քանի որ ալբոմը ուներ զգալի թեթև հնչողություն։

1987-ին լույս է տեսնում Islands ալբոմը, որը առանձնապես մեծ հաջողության չի արժանանում, թեև 21 րոպեանոց գործիքային The Wind Chimes-ը երկրպագուների կողմից համարվում է որպես Մայքի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այս ընթացքում կատարվում են մեծ փոփոխություններ նրա անձնական կյանքում. նա բաժանվում իր ընկերուհի Սելլի Քուփերից, ումից ուներ 3 զավակ։ Վերջինս հանդիսանում էր նաև վոկալիստ. երգում էր Մայքի մի շարք ալբոմներում։ Արդյունքում ներգրավվում է նոր վոկալիստ՝ Անիտա Հեգերլանդը, ով հետագայում դառնում է Օլդֆիլդի նոր ընկերուհին և ով նրան պարգևում է 2 երեխա։

1989 թվականին թողարկվում է Earth Moving-ը, որը չէր պարունակում և ոչ մի գործիքային ստեղծագործություն։ Այս ալբոմը դուր չէր գալիս անգամ իրեն՝ Մայք Օլդֆիլդին, քանի որ Virgin Records-ը ուղղակի ստիպել էր Օլդֆիլդին գրել կոմերցիոն ալբոմ։ Մայքի և Virgin-ի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ՝ առանձնապես լավ չէին, է՛լ ավելին են լարվում։

1990-ին լույս է տեսնում Amarok-ը։ Սա վերադարձ էր սկիզբ՝ ընդամենը մեկ 60 րոպեանոց ստեղծագործություն, որում Օլդֆիլդը նվագել է ավելի քան 60 գործիքների վրա (ներառյալ այնպիսի «գործիքներ», ինչպիսիք են՝ գդալները, կոշիկները, եղունգները և այլն)։ 48-րդ րոպեին ի հայտ է գալիս Մորզեի այբուբենով «գաղտնագրված» հաղորդագրությունը՝ ուղղված Virgin-ի տիրոջը. “Fuck off, RB!”։

Virgin-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված վերջին ալբոմը Heaven’s Open-ն էր՝ լույս տեսած 1991 թվականին։ Դրանից հետո Մայքը անմիջապես պայմանագիր է կնքում WEA Records-ի հետ և հեռանում Լոս Անջելես՝ նոր ալբոմ ձայնագրելու նպատակով։

1992 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում Tubular Bells II-ը, որը ունենում է մեծ հաջողություն. ավելի քան 2 միլիոն վաճառված պատճեն առ այսօր։

Այնուհետև՝ 1994-ին թողարկվում է The Song of Distant Earth ալբոմը, որը հիմնված է գրող-ֆանտաստ Արթուր Կլարկի համանուն ստեղծագործության վրա։ Այդ ժամանակ Oldfield է անվանվում 5656 համարի գաճաճ մոլորակը։

1996 թվականին լույս է տեսնում Voyager սկավառակը՝ հագեցած կելտական մոտիվներով։

Հաջորդ ալբոմը՝ Tubular Bells III-ը էապես տարբերբվում էր Մայքի նախորդ գործերից. առաջին անգամ Մայքի մոտ ի հայտ են գալիս բավականին կոպիտ ռիթմեր։

1999-ին թողարկվում է Guitars-ը, որը ամբողջությամբ գործիքավորված է կիթառներով, անգամ՝ հարվածայինները։

2000-ականների սկզբին Մայք Օլդֆիլդը և ծրագրավորողների մի թիմ աշխատում էին վիրտուալ իրականության տարրերով համակարգչային խաղի վրա։ Սակայն ոչ մի համակարգչային ընկերություն չի հետաքրքրվում դրանով՝ նրանց կարծիքով՝ մի խաղ, որում հնարավոր չէ կրակել կամ հարկավոր չէ ինչ-որ բան հավաքել, չի կարող հաջողություն ունենալ։ Արդյունքում որոշվում է խաղը ներառել հաջորդ ալբոմում՝ 2002 թվականին լույս տեսած երկսկավառականի Tr3s Lunas-ում։ Վերջինիս առաջին սկավառակում պարունակվում էր ձայնային նյութը՝ Էմբիենթ ոճում, իսկ երկրորդը դա խաղով CD-ROM-ն էր։

2003-ին թողարկվում է վերաձայնագրված Tubular Bells-ը՝ նվիրված օրիգինալ ալբոմի երեսնամյակին։ Ալբոմը թողարկվեց նաև DVD-Audio 5.1 ֆորմատով։

Դրանից հետո լույս է տեսնում վերոհիշյալ խաղի շարունակությունը՝ Maestro-ն, ինչպես նաև՝ երկսկավառականի Light and Shade-ը։

2008 թվականին լույս է տեսնում Music of the Spheres ալբոմը։ Այն, ի տարբերություն բոլոր նախորդների, դասական ոճով է։ 2009 թվականին այս աշխատանքը գրավում է UK Classical Chart-ի առաջին հորիզոնականը։

Վերջապես՝ 2014-ին լույս է տեսնում Օլդֆիլդի ներկայիս դրությամբ վերջին ալբոմը՝ Man on the Rocks-ը։

2009 թվականից Մայքը ապրում է Բահամյան կղզիներում իր կնոջ՝ Ֆաննիի հետ։ Վերջինիս հետ նա ամուսնացել էր դեռ 2003-ին։ Ֆաննիից նա ունի երկու զավակ։

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Montreux Jazz Festival Database
  2. Գրեմմի — 1958.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. Discogs — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119287846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Օլդֆիլդ» հոդվածին։