Մայրի լիբանանական

բույսերի տեսակ
Մայրի լիբանանական
Մայրի լիբանանական
Մայրի լիբանանական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Մայրի (Cedrus)
Տեսակ Մայրի լիբանանական (C. libani)
Միջազգային անվանում
Cedrus libani
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Մայրի լիբանանական (լատին․՝ Cedrus libani, արաբ․՝ أرز لبناني‎‎), սոճազգիների ընտանիքի մայրի ցեղի ծառատեսակ, որը բնիկ է Արևելյան Միջերկրականի ավազանի լեռներում։

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ 25-40 մ բարձրությամբ, երիտասարդ տարիքում բրգաձև, իսկ ծեր հասակում՝ տափակ կամ հովանոցաձև սաղարթով։ Փշատերևները մուգ կանաչ են, իսկ որոշ այլատեսակներինը ավելի բաց կապտականաչավուն, 15-35 մմ երկարությամբ։ Լայնությունը հաստությունից բավականին մեծ է։ Կոները տակառաձև են, 8-10 սմ երկարությամբ, 4-6 սմ լայնությամբ, բաց շագանակագույն։

Տաքսոնոմիա խմբագրել

Մայրու այս տեսակի բուսաբանական անունն է լիբանանական, քանի որ այն առաջին անգամ նկարագրել է Լիբանանի տարածքում ֆրանսիացի բուսաբան Աքիլ Ռիշարը[1]։ Այսօր ճանաչված է լիբանանական մայրու երկու առանձին ենթատեսակ՝ C. libani var. libani և C. libani var. brevifolia[2], որոնք ունեն իրենց էկոտիպերը։

C. libani var. libani, որը հայտնի է որպես լիբանանական մայրի (նեղ իմաստով), աճում է Լիբանանում, Սիրիայի արևմուտքում և Հայկական լեռնաշարհի հարավային եզրին, մասնավորապես՝ ժամանակակից Թուրքիայի հարավկենտրոնական հատվածում։ C. libani var. stenocoma-ն (հայկական մայրի, հայտնի է նաև որպես արարատյան մայրի, տավրոսյան մայրի, կամ թուրքական մայրի), նախկինում համարվում էր մայրու առանձին տեսակ (լիբանանական, ատլասյան և հիմալայան մայրիների հետ հավասար), սակայն հիմա ճանաչվում է որպես լիբանանական մայրու (նեղ իմաստով) (C. libani var. libani-ի) էկոտեսակ։ Հայկական մայրին սովորաբար ունի տարածվող պսակ, որը չի հարթվում։ Նման կառուցվածքը բնորոշ է մայրու այս էկոտիպին, քանի որ ծառը ստիպված է զարգանալ մրցակցային միջավայրում, որովհետև այն հիմնականում հանդիպվում է խիտ անտառներում՝ խառնված լինելու բարձրահասակ կիլիկիական եղևիների հետ, կամ էլ միայն երիտասարդ մայրիներից կազմված անտառներում[3]։

C. libani var. brevifolia, որը հայտնի է որպես կիպրոսյան մայրի, աճում է Կիպրոսի Տրուդոս լեռնաշղթայում[3]։ Այս տաքսոնը ևս ժամանակին համարվում էր մայրու առանձին տեսակ (լիբանանական, ատլասյան և հիմալայան մայրիների հետ հավասար)՝ իր կառուցվածքային և էկոֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով[4][5]։ Կիպրոսյան մայրուն բնորոշ են դանդաղ աճ, ավելի կարճ ասեղներ և ավելի բարձր դիմացկունությունից երաշտին և աֆիդներին (Aphidoidea)[5][6]: Գենետիկական ուսումնասիրությունները, սակայն, ճանաչեցին կիպրոսյան մայրին ոչ թե որպես մայրու առանձին տեսակ, այլ ընդունեցին այն որպես լիբանանական մայրու երկու ենթատեսակներից մեկը, քանի որ դրանց մարկերները իրարից չեն տարբերվում[7][8]։

Այսպիսով, լիբանանական մայրու ենթատեսակներն ու էկոտեսակները հետևյալն են՝

  • Cedrus libani (լիբանանական մայրի լայն իմաստով)
    • C. libani var. libani (լիբանանական մայրի նեղ իմաստով)
      • C. libani var. stenocoma (հայկական մայրի, հայտնի է նաև որպես արարատյան մայրի, տավրոսյան մայրի, կամ թուրքական մայրի)
    • C. libani var. brevifolia (կիպրոսյան մայրի)

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Փոքր Ասիայում (Տավրոս և Անտիտավրոս), որտեղ աճում է ծովի մակարդակից 1300-2000 մ բարձրության վրա։ Անտառներ է կազմում Կիլիկյան եղևինի և գարշահոտ գիհու հետ միասին։ Կրային իացություններով հարուստ հողերում, օդի հարաբերական բարձր խոնավության պայմաններում, կարող է դիմանալ մինչև — 32 °C- ի սառնամանիքներին, ինչպես նաև ամառային երաշտին։ Լիբանանում, Բշերրի մոտ պահպանվել են ծառեր, որոնց բնի շրջագիծը հասնում է 5,6—6,9 մ-ի։

Լիբանանական մայրին նեղ իմաստով (Cedrus libani var. libani) աճում է Լիբանանաում՝ սարերի լանջերին։ Վայրի բնությունում սովորաբար կարելի է հանդիպել դժվարամատչելի շշրջաններում ծովի մակարդակից 1 000—2 000 մետր բարձրության վրա։ Բնական աճեցման վայրերում գրեթե ոչնչացված է. պահպանվել է միայն մայրու 6 փոքր պուրակ։

Կիրառություն խմբագրել

Եվրոպայում սկսել են մշակել 1683 թվականից, Ռուսաստանում՝ 1826 թվականից, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ 1895 թվականից։ Սամարղանդում լավ է աճում և դիմանում է մինչև — 25,7 °C ֊ի սառնամանիքներին։ Ղրիմի հարավային ափերին նույնիսկ ինքնացան է տալիս։ Cedrus libani f glauca Carr. ամենացրտադիմացկուն այլատեսակն է, դանդաղ է աճում և զլուսասեր է։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։ 1895- 1900 թվականներին Ախթալայի դենդրարիում լիբանանական մայրին օգտագործվել է դեկորատիվ ձևավորումներում։ Ներկայումս 85-90 տարեկան ծառերը ունեն 18-19 մ բարձրություն, 30—45 սմ հաստության բուն, 6—10 մ լայնությամբ սաղարթ։ Ըստ բարձրության միջին աճը կազմում է 26—33 սմ։ Առատորեն պտղաբերում է, երբեմն նույնիսկ ինքնացան է տալիս։ Ցրտահարության կամ փշատերևների այրվածքի նշաններ չեն դիտվում, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Չնայած ոռոգման բացակայությանը, վերջին 20—25 տարիների ընթացքում երաշտից չի տուժում։ Վատ է աճում Երևանի պայմաններում, ընդ որում պարբերաբար ցրտահարվում է։ Հեռանկարային չէ նաև Վանաձորի համար։ Մշակության հավանական շրջանները 9,32։ Չափազանց դեկորատիվ և խիստ արժեքավոր ծառատեսակ է։ Կարելի է օգտագործել որպես սոլիտեր և խմբերով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bory 1823, p. 299
  2. Farjon 2010, p. 258
  3. 3,0 3,1 Farjon 2010, p. 259
  4. Debazac 1964
  5. 5,0 5,1 Ladjal 2001
  6. Fabre et al. 2001, pp. 88–89
  7. Fady et al. 2000
  8. Kharrat 2006, p. 282
  9. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 50։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի լիբանանական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի լիբանանական» հոդվածին։