Մակուի խանություն (պարս.՝ خانات ماکو — Khānāt-e Maku), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1922 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թ. վերջնականապես ձևավորվում է Մակուի խանությունը՝ Երևանի ու Թավրիզի կուսակալության տարածքի մի մասի վրա։

Մակուի խանություն
خانات ماکو
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակխանություն
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՄակու
Խոշորագույն քաղաքՄակու
Հիմնական լեզուՀայերեն,
Պաշտոնական լեզուներադրբեջաներեն և պարսկերեն
Ազգային կազմհայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Շիա իսլամ
Սուննի իսլամ
Տարածք3,500 քառ.կմ
Հիմնադրված է1747-1922 թթ. թ.
Պատմական շրջան(ներ)Վասպուրական

Խանության տարածքը կազմել է շուրջ 3,500 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառը։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։

1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Մակուն գրավվել էր ռուսական զորքերի կողմից, սակայն հետ էր վերադարձվել։ Ավելի ուշ Մակուն մտնում է Իրանի Քուրդիստան նահանգի մեջ։

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
 
Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Մակու քաղաքի մասին առաջին հիշատակությունները ուրարտական շրջանի են. վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական Ռուսա 2-րդի մի սեպագիր արձանագրությունը։ Մակուի բերդը հիշատակում են Սեբեոսը, Ղևոնդ Երեցը, Թովմա Արծրունին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Դարանաղցին և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է 7—8 դդ., Առաքել Դավրիժեցին (17-րդ դ.) վկայում է, որ Մակուի բերդը գրավել ու ավերել է Շահ-Աբաս Առաջինը 17-րդ դ. սկզբին։

Մակուն հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական՝ ինչպես կոչվել է նաև գավառը, իսկ հետագայում, Մովսես Խորենացու վկայությամբ, և՛ գավառը, և՛ քաղաքը կոչվել են Արտազ` Աղվանքի համանուն գավառի անունից, որտեղից բավական թվով բնակիչներ էին եկել ու հաստատվել Վասպուրականի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ (երբեմն գործածվել է նաև Արտաժ ձևով)։ Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր` գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։ Քաղաքի շրջակայքում է Ավարայրի դաշտը։

Մակուն շատ է տուժել 1840 թ. Մեծ ու Փոքր Մասիսների շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը, սկսվելով հունիսի վերջերին, ընդհատումներով կրկնվել է մինչև սեպտեմբերի վերջերը։ Ավելի վաղ՝ 16-րդ դարում, գավառի ղեկավար Կոստանդին իշխանը թողնում է քաղաքը և հեռանում Կոստանդնուպոլիս։ Հայտնի է հայկական միակ եկեղեցին, որին կից գործում էր մի փոքրիկ վարժարան։ Մակուն միջին դարերում հայ գրչության նշանակալի կենտրոններից էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Մշակութային առումով քաղաքի վրա իր բարերար ազդեցությունն ուներ նրանից ոչ հեռու (հարավարևելյան կողմում) գտնվող հռչակավոր սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը կանգուն է ցայսօր։ Վերջինս, ինչպես և Սուրբ Ստեփանոս եկեղեցին, վերակառուցվել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձր հովանու ներքո, 21-րդ դարում։ Մակուում է ծնվել պատմաբան, բանասեր, թարգմանիչ ու բառարանագիր Թ. Ավդալբեկյանը (1885—1937 թթ.), ծագումով Մակուից է Եղիշե Չարենցը (1897—1937 թթ.)։

Խաների ցուցակ խմբագրել

 
Ղաջարների դինաստիայի զինանշանը

Միջին դարերում, ընդհուպ մինչև 17-րդ դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ 1502 թ. Սեֆյան շահ Իսմայլիը այն միացնում է Իրանին։ Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է օսմանցիների կամ ռուսների կողմից, բայց մնացել է Իրանի կազմում։ 1829—30 թթ. նրա հայ բնակչության մի մասը 1826—1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ 19-րդ դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ 20-րդ դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։

  • 1747-1778 Ահմադ Սուլթան
  • 1778-1822 Հուսեյն խան
  • 1822-1866 Ալի խան
  • 1866-1899 Հաջի Իսմայիլ խան
  • 1899-1922 Թեյմուր փաշա խան

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Илья Павлович Петрушевский։ «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI-начале XIX вв»
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
  • Հայկական համառոտ հանրագիտարան