Մակագիր (այլ կիրառումներ)

Մակագիր, էպիգրամա (հուն․՝ έπίγραμμα - մակագրություն),

  1. Եղերերգական երկտողով գրված, ազատ բովանդակությամբ քնարական կարճ բանաստեղծություն անտիկ պոեզիայում։ Մակագրիի թեմատիկան աստիճանաբար ընդարձակվել է՝ ընդգրկելով ընծայական, խրատաուսուցողական, տապանաքարի, նկարագրական, սիրային, երգիծական և այլ ժանրեր։ Հունական գրականության մեջ մակագրությունը ծաղկում է ապրել մ.թ.ա. 3-րդ-մ. թ. 1-ին դարերի հելլեն բանաստեղծների, հռոմեականում՝ Մարցիալիսի (մ.թ. 1-ին դար) ստեղծագործություններում։ Անտիկ մակագրությունների ավանդույթները շարունակվել են բյուզանդական գրականության մեջ և միջնադարյան ու Վերածննդի լատինական գրականության մեջ։
  2. Երգիծական կարճ բանաստեղծություն։ Ձևավորվել է 16-17 դարերի ֆրանսիական պոեզիայում։ Բարձրակետին է հասել 18-րդ դարում (Վոլտեր, ժան Բատիստ Ռուսո, Գոտհոլդ Լեսինգ, Ռոբերտ Բըրնս, Ալեքսանդր Սումարոկով)։ Զուգընթաց զարգացել է նաև ոչ ավանդական մակագրությունը, որը հրատապ, հաճախ նաև քաղաքական իրադարձությունների անմիջական արձագանքն է (Ալեքսանդր Պուշկին, Վլադիմիր Մայակովսկի)։ Հայ հեղինակներից մակագրություններ են գրել Ալեքսանդր Ծատուրյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169