Մաթս Առնե Ուլոֆ Վիլանդեր (շվեդ.՝ Mats Arne Olof Wilander [ˈmats viˈlandər], օգոստոսի 22, 1964(1964-08-22)[1], Վեկշյո, Շվեդիա[2]), շվեդ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ տղամարդկանց մենախաղում։ 1982 թվականից մինչև 1988 թվականները նա հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի յոթ մրցաշարերում (երեքը Ֆրանսիայի բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և մեկը ԱՄՆ բաց առաջնությունում) և Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում տղամարդկանց զուգախաղում (Ուիմբլդոնի մրցաշարում

Մաթս Վիլանդեր
շվեդ.՝ Mats Wilander
Սեռարական
ՔաղաքացիությունՇվեդիա Շվեդիա
Բնակվելու վայրHailey?
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 22, 1964(1964-08-22)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՎեկշյո, Շվեդիա[2]
Հասակ182 սմ
Քաշ77 կգ
Կարիերայի սկիզբ1981 թվական
Կարիերայի ավարտ1996 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD7 976 256
Մենախաղ
Խաղեր Հ/Պ571–222[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1988 թվականի սեպտեմբերի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1983-84, 1988)
ՖրանսիաՀաղթանակ (1982, 1985, 1988)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1987-89)
ԱՄՆՀաղթանակ (1988)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ168–127[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1985 թվականի հոկտեմբերի 21)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1984)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1985)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1986)
ԱՄՆԵզրափակիչ (1986)
wilanderonwheels.com(անգլ.)
Ավարտել է կարիերան

1988 թվականին Վիլանդերը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի չորս մրցաշարերից երեքում և այդ տարին ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Չնայած նրան, որ նա երբեք տիտղոս չի շահել Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում, Վիլանդերը երկու անգամ հաղթել է Ավստրալիայում, երբ այդ մրցաշարը անց էր կացվում խոտածածկի վրա։ Դա Վիլանդերին դարձնում է վեց թենիսիտներից մեկը (Ջիմի Քոնորսի, Անդրե Աղասիի, Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի հետ միասին), ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակ են տարել խոտածակի, հարդի և գրունտի վրա[3]։ Վիլանդերը և Ռաֆայել Նադալը այն երկու թենիսիտներն են, ովքեր նվազագույնը երկու անգամ հաղթանակ են տարել երեք ծածկույթներից յուրաքանչյուրի վրա (2 Ավստրալիա, երբ այն խաղացվում էր խոտածածկի վրա, մինչև 1988 թվականը, 1 Ավստրալիա և 1 ԱՄՆ հարդի վրա և 3 Ֆրանսիա գրունտի վրա)։

Վիլանդերը Մեծ Սաղավարտի մենախաղի իր չորրորդ տիտղոսը նվաճել է 20 տարեկան հասակում, ինչը նրան դարձնում է ամենաերիտասարդ թենիսիտը պատմության մեջ, ով հասել է այդ հաջողությանը[4]։ Բացի այդ, նա նաև հաղթել է ութ Grand Prix Super Series մրցաշարերում (1983-1988), ժամանակակից Masters 1000 մրցաշարերի նախորդողը։ Նա կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել մենախաղի 33 և զուգախաղի 7 մրցաշարերում։ Նա նաև հանդիսանում էր Շվեդիայի հավաքականի շարժիչ ուժը 1980-ական թվականների յոթ անընդմեջ Դևիսի Գավաթի եզրափակիչներում։

2002 թվականին Մաթս Վիլանդերը ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահում։

Կարիերա խմբագրել

Պատանեկություն խմբագրել

Մաթս Վիլանդերը ծնվել է 1960 թվականին Վեկշյոում, Շվեդիա։ Վիլանդերը թենիսի աշխարհի ուշադրությունը առաջին անգամ իր վրա է անդրադարձրել երբ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում, Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնություններում և Մայամիի Orange Bowl-ի մինչև 16 տարեկանների մրցաշարում։

1980-1988 թվականներ խմբագրել

Վիլանդերը պրոֆեսիոնալ մրցաշարերում նորամուտել է 1980 թվականին, Շվեդիայի Բաստադի գրունտային մրցաշարում։ 1981 թվականի սեպտեմբերին նա պարտություն է կրում Բյորն Բորգի դեմ կարիերայում միակ մրցախաղում, պարտվելով Ժնևի մրցաշարի առաջին շրջանում՝ 6-1, 6 -1։

Վիլանդերը թենիսային աշխարհը զարմացրել է 1982 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հանդես գալով որպես որակավորված խաղացող, նա չորրորդ շրջանում պարտության է մատնում երկրորդ «դասակարգված» Իվան Լենդլին՝ 4-6, 7-5, 3-6, 6-4, 6-2, քառորդ եզրափակիչում հինգերորդ «դասակարգված» Վիտաս Գերուլայտիսին՝ 6-3, 6-3, 4-6, 6-4, չորրորդ «դասակարգված» Խոսե Լուիս Կլերկին կիսաեզրափակիչում՝ 7-5, 6-2, 1-6, 7-5 և երրորդ «դասակարգված» Գիլիերմո Վիլասին եզրափակիչում՝ 1-6, 7-6 (6 ), 6-0, 6-4, 4 ժամ 42 րոպեում։ Կլերկի հետ կիսաեզրափակիչ խաղի վերջնամասում[5] նա խնդրում է վերախաղարկել գնդակը, քանի որ նա չէր ցանկանում հաղթանակ տանել մրցավարի կասկածելի որոշման պատճառով։ Դա ընդունվում է որպես արդար խաղի արտակարգ դրսևորում և դրա համար արժանանում է Պիեր Կուբերտենի անվան World Fair Play Trophy մրցանակի։ Նա եղել է Մեծ Սաղավարտի տղամարդկանց մենախաղի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ 17 տարեկան և 9 ամսական, ռեկորդ, որը հետագայում գերազանցում են Բորիս Բեկկերը և Մայքլ Չանգը։ Վիլանդերը Մեծ Սաղավարտի մրցաշարում հաղթանակ է տանում երրորդ փորձից և դառնում այն խաղացողը, ում ամենաքիչ քանակի փորձ էր անհրաժեշտ հաթանակի հասնելու համար[6], և առաջին թենիսիտը, ով հաղթանակ է տանում մրցաշարի հիմնական ցանցին մասնակցելով որակավորման փուլը հաղթահարելու արդյունքում[7], ինչը կրկնում է Գուստավո Կուերտենը 1997 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այնուհետև Վիլանդերը պարտություն է կրում Մեծ Սաղավարտի հաջորդ երկու մրցաշարերի քառորդ եզրափակիչներում՝ Ուիմբլդոնի մրցաշարում Բրայան Թիչերին և ԱՄՆ բաց առաջնությունում Իվան Լենդլին։ 1982 թվականի մրցաշրջանի ընթացքում Վիլանդերը տիտղոս է շահում ևս երեք մրցաշարերում և տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Տարվա արդյունքներով Վիլանդերը արժանանում է «Svenska Dagbladet Gold Medal» մարզական մրցանակին։

Վիլանդերը Մեծ Սաղավարտի մրցաշարեր վերադառնում է 1983 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ եզրափակիչում պարտվում է Յանիկ Նոային՝ 2–6, 5–7, 6–7(3–7), քառորդ եզրափակիչում Ջոն Մաքինրոյի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում պարտվում է Ռոսկո Տաներին և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում Իվան Լենդլին։ Վիլանդերը Մեծ Սաղավարտի իր երկրորդ տիտղոսը նվաճում է նույն տարում, Ավստրալիայի բաց առաջնությունում, խաղալով «Kooyong» մարզադաշտի խոտածածկի վրա, որտեղ նա կիսաեզրափակիչում հաղթում է Ջոն Մաքինրոյին՝ 4-6, 6-3, 6-4, 6-3, դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը[8] և եզրափակիչում Իվան Լենդլին՝ 6–1, 6–4, 6–4։ 1983 թվականի մրցաշրջանում նա հաղթում է ութ այլ մրցաշարերում, այդ թվում երկու «Գրան-Պրի» շարքի մրցաշարերում և տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։

Վիլանդերը Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը պաշտպանում է 1984 թվականին, քառորդ եզրափակիչում հաղթելով Ստեֆան Էդբերգին և եզրափակիչում՝ Կևին Կարենին (6–7(5–7), 6–4, 7–6(7–3), 6–2)։ Նա Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվում է Իվան Լենդլին, Ուիմբլդոնի երկրորդ շրջանում՝ Պատ Կեշին և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում նույն Կեշին։ 1984 թվականի մրցաշրջանում նա հաղթում է երեք մրցաշարում, ներառյալ երրորդ տիտղոսը «Գրան-Պրի» շարքի մրցաշարում և կրկին տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։

1985 թվականին Վիլանդերը երկրորդ անգամ հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակիչում առավելության հասնելով Իվան Լենդլի նկատմամբ և երրորդ տարին անընդմեջ հասնում է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ[8], որտեղ նա պարտվում է Ստեֆան Էդբերգին։ Սակայն Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում պարտվում է Սլոբոդան Ժիվոինովիչին և ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում Ջոն Մաքինրոյին։ Նա 1985 թվականի մրցաշրջանում հաղթում է երեք մրցաշարում և տարվա վերջին զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Վիլանդերը դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնական, Լենդլից հետո, բարձրանում է 1986 թվականի ապրիլի 28-ին, որից հետո Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվում է Անդրեյ Չեսնոկովին, Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում ՝ Պատ Կեշին և ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում՝ Միլոսլավ Մեչիրժին։ Սակայն մյուս մրցաշարերում նրա հաջողությունները թույլ են տալիս տարին ավարտել երրորդ հորզոնականում։ Վիլանդերը իր հայրենակից Յոակիմ Նյուստրյոմի հեի զույգով հաղթում է 1986 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց զուգախաղում։ Նա նաև շահում է մենախաղի իր չորրորդ տիտղոսը «Գրան-Պրի» շարքի մրցաշարերում։

1987 թվականի մրցաշրջանը Վիլանդերին բավականին հաջողություն է բերում։ Նրա ավելի վարպետացված խաղը նրան բերում է հերթական եզրափակիչները Ֆրանսիայի բաց առաջնությունում և ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա կրկին պարտվում է Իվան Լենդլին։ Պատ Կեշը կրկին անհաջողություն է բերում Վիլանդերին Ուիմբլդոնի մրցաշարում, հաղթանակ տանելով նրա նկատմամբ երեք սեթում։ Վիլանդերը 1987 թվականի ընթացքում հաղթում է հինգ մրցաշարում, այդ թվում երկու «Գրան-Պրի» մրցաշարում, իր հաղթանակների քանակը հասցնելով վեցի և տարին ավարտում է երրորդ հորիզոնականում՝ երրորդ տարին անընդմեջ։

1988 թվականը Վիլանդերի համար դառնում է իր կարիերայի գագաթնակետը։ Հունվարին նա հաղթում է իր երրորդ Ավստրալիայի բաց առաջնությունը մենախաղում, այս անգամ Մելբուռնի հարդային ծածկույթի վրա, կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողնելով Ստեֆան Էդբերգին, հինգ սեթանոց համառ պայքարում՝ 6-0, 6-7, 6-3, 3-6, 6-1 և մրցաշարի տանտեր Պատ Կեշի նկատմամբ հաղթանակ տանելով եզրափակիչում, նույնպես հինգ սեթում՝ 6–3, 6–7, 3–6, 6–1, 8–6։ Ընդ որում, նա դառնում է միակ թենիսիտը, ով հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում ինչպես խոտածածկի, այնպես էլ հարդի վրա։ Վիլանդերը մեկ այլ տնային սիրելիի հետ է հանդիպում Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում՝ Անրի Լեկոնտի։ Վիլանդերը հաղթանակ է տանում երեք սեթում՝ 7–5, 6–2, 6–1, շահելով խաղի ընթացքում իր առաջին մատուցմամբ 73 խաղարկություններից 71-ում[9]։ Ուիմբլդոնի մրցաշարում Վիլանդերը հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է Միլոսլավ Մեչիրժին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարվա ընթացքում իր երրորդ եզրափակիչին։ Նախորդ տարվա եզրափակիչի կրկնությունում Վիլանդերը, համարյա 5 ժամ տևած մրցախաղում, հաղթանակ է տանում հինգ սեթում՝ 6–4, 4–6, 6–3, 5–7, 6–4 և վերջ է դնում դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականում Լենդլի երեքամյա կառավարմանը։ Դա Մեծ սաղավարտի մրցաշարերում Վիլանդերի յոթերորդ մենախաղային տիտղոսն էր և հանգեցնում է նրան, որ Վիլանդերը բարձրանում է ATP դասակարգման աղյուսակի վերին հորիզոնական[10], հաղթելով տարվա ընթացքում Մեծ Սաղավարտի երեք մրցաշարում, ևս երկու տիտղոս «Գրա-Պրի» մրցաշարերում՝ Կի Բիսկեյնում և Ցինցինատիում և ևս մեկ տիտղոս Պալերմոյում։ Նա առաջին հորիզոնականը զբաղեցնում էր ընդհանուր առմամբ 20 շաբաթ, մինչ Լենդլը այն իրեն է վերադարձնում 1989 թվականի հունվարի վերջին։ Նա նաև դառնում է առաջին թենիսիտը, ով նվազագույնը երկու հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարերում բոլոր երեք ծածկույթների վրա՝ գրունտ, հարդ և խոտածածկ[11]։

1988 թվականի Ցինցինատիի նրա տիտղոսը չորրորդն էր այդ մրցաշարում, ինչը նրան դարձնում է երեք թենիսիտներից մեկը, սկսած 1899 թվականից, ում հաջողվել է չորս տիտղոս նվաճել Ցինցինատիում՝ Բոբի Ռիգսի և Ջորջ Լոտի հետ միասին։ Դրանից հետո այդ ցուցակի մեջ է ընդգրկվում նաև Ռոջեր Ֆեդերերը։

1989-1996 թվականներ խմբագրել

Վիլանդերի արդյունքներըք և վարկանիշը անկում են ապրում 1989 թվականին։ Նա Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում պարտություն է կրում Ռամեշ Կրիշնանից, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում՝ Անդրեյ Չեսնոկովից, Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ջոն Մաքինրոյից (7-6, 3-6, 6-3, 6-4), իսկ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում՝ Փիթ Սամփրասից (5-7, 6-3, 1-6, 6-1, 6-4)։ Նա 1989 թվականի մրցաշրջանի ընթացքում ոչ մի մրցաշարում հաղթանակ չի տանում և իջնում է դասակարգման աղյուսակի 12-րդ հորիզոնական։

Վիլանդերը կարֆ ժամանակով վերադառնում է Թոփ-10-յակ 1990 թվականի փետրվարի 12-ին, սակայն տարվա վերջին նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրում, հասնելով 41-րդ հորիզոնական։ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Վիլանդերը հաղթում է Բորիս Բեկկերին, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է Ստեֆան Էդբերգին։ Նա բաց է թողնում Ուիմբլդոնի մրցաշարը և Ֆրանսիայի բաց առաջնությունը, իսկ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում պարտվում է Բրեդ Ջիլբերտին։

Վիլանդերը 1991 թվականին մասնակցություն է ունենում միայն առաջին կեսի մրցաշարերում, որտեղ նա պարտվում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Նա տարին ավարտում է աղյուսակի 159-րդ հորիզոնականում։

Վիլանդերը բաց է թողնում 1992 թվականի մրցաշրջանը և 1993 թվականին մասնակցում է յոթ մրցաշարերում, որոնցից հինգում պարտություն է կրում առաջին իսկ շրջանում։ ԱՄն բաց առաջնության երրորդ շրջանում նա պարտվում է Սեդրիկ Պիոլինին։ Տարին նա ամփոփում է դասակարգման աղյուսակի 330-րդ հորիզոնականում։

Բացառությամբ Ուիմբլդոնի, Վիլանդերը մասնակցում է 1994 թվականի մրցաշրջան բոլոր մրցաշարերում։ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում նա պարտվում է Մելիվայ Վաշինգտոնին, Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում՝ Անդրե Աղասիին (6-2, 7-5, 6-1), իսկ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում՝ Գի Ֆորժեին։ Նրա միակ հաղթանակը Թոփ-10-յակի թենիսիտի նկատմամբ կայանում է Ինդիանապոլիսի մրցաշարի երկրորդ շրջանում, Թոդ Մարտինի նկատմամբ։ Տարվա վերջին նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 129-րդ հորիզոնականը։

Վիլանդերի արդյունքները փոքր-ինչ բարելավվում են 1995 թվականին, երբ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորզոնականում։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Յակո Էլթինգից կրած պարտությունից հետո, նա պարտվում է նաև Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում՝ 8-րդ «դասակարգված» Ուեյն Ֆերեյրային (6-7( 5), 7-6(1), 6-3, 6-7(4), 8-6)։ 1995 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո նրա թեստերը կոկաինի դրական արդյունք են ցույց տալիս, որի արդյունքում նա երեք ամսով հեռացվում է ATP մրցաշարերից[12]։ Այնուհետև նա պարտվում է Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում, Յակո Էլթինգին և ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում Թոդ Մարտինին։ Այլ մրցաշարերում նա հաղթում է № 10 Մարկ Ռոսեին, № 8 Ուեյն Ֆերեյրային և № 6 Եվգենի Կաֆելնիկովին։ Բացի այդ, նա հաղթում է Ստեֆան էդբերգի կարիերայի վերջին մրցախաղում, Մոնրեալի Canadian Open մրցաշարի երկրորդ շրջանում։

1996 թվականին Վիլանդերը խաղում է Մեծ Սաղավարտի միայն մեկ մրցաշարում, Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում զիջելով Թոդ Մարտինին։ Նա կարիերան ավարտում է հոկտեմբերին Պեկինի մրցաշարի եզրափակիչում Մարտին Դամի հետ հանդիպումից հետո։

Իր կարիերայի մեծ մասի ընթացքում Վիլանդերը օգտագործել է Rossignol F-200 տեսակի թենիսի ռակետ։

Այժմ թենիսային փորձավետ է աշխատում Eurosport հեռուստաընկերության անգլալեզու տարբերակում։

Դևիսի Գավաթ խմբագրել

Մաթս Վիլանդերը 1980-ական թվականներին Շվեդիայի շատ հաջողակ հավաքականի անքակտելի մասն էր կազմում Դևիսի Գավաթի խաղարկությունում։

Նա Շվեդիայի հավաքակըանի հետ իր առաջին եզրափակիչին հեսնում է 1983 թվականին, որտեղ նրանք պարտություն են կրում Ավստրալիայի հավաքականից՝ 2-3 (չնայած Վիլանդերի երկու մենախաղային հաղթանակների)։ 1984 թվականին Շվեդիան (Վիլանդերի հետ) շահում է գավաթը, եզրափակիչում հաղթելով ԱՄՆ հավաքականին՝ 4-1։ Շվեդիան գավաթը պաշտպանում է 1985 թվականին, 3-2 հաշվով հաղթանակ տանելով Գերմանիայի հավաքականի նկատմամբ։ Վիլանդերը օգնում է Շվեդիային կրկին եզրափակիչ դուրս գալու 1986 թվականին, սակայն հրաժարվում է խաղալ եզրափակիչում, քանի որ նա ամուսնանում էր (Շվեդիան պարտություն է կրում Ավստրալիայից 3-2 հաշվով)։ Վիլանդերը իր չորրորդ եզրափակիչում խաղում է 1987 թվականին, որտեղ Շվեդիան ջախջախում է Հնդկաստանի հավաքականին՝ 5-0։ Եվս երկու եզրափակիչներ հետևում են 1988 և 1989 թվականներին, սակայն Շվեդիան երկու անգամն էլ պարտություն է կրում Գերմանիայի հավաքականից։ Վիլանդերը Դևիսի Գավաթում վերջին անգամ խաղում է 1995 թվականի կիսաեզրափակիչում, որտեղ նա պարտվում է Անդրե Աղասիին՝ 7-6 (5), 6-2, 6-2 և Փիթ Սամփրասին՝ 2-6, 7-6 (4), 6-3։

Վիլանդերը Շվեդիայի համար ռեկորդային արդյունքներ է ցույց տալիս Դևիսի Գավաթի խաղարկության ինչպես մենախաղում (36-16), այնպես էլ զուգախաղում (7-2)։ Այնուամենայնիվ, Դևիսի Գավաթում Վիլանդերի համար ամենահիշարժան խաղն ավարտվել է պարտությամբ։ 1982 թվականի հուլիսին, ԱՄՆ հավաքականի հետ քառորդ եզրափակիչ խաղում, Միսսուրի նահանգի Սենտ Լյուիսի կորտերում, Վիլանդերը որոշիչ հինգերորդ խաղում պարտություն է կրում Ջոն Մաքինրոյից՝ 9-7, 6-2, 15-17, 3-6, 8-6։ Խաղը տևում է 6 ժամ և 32 րոպե, որը մինչ այժմ ամենաերկարատևն է Դևիսի Գավաթի խաղարկության պատմության մեջ[13]։

Անձնական կյանք խմբագրել

Վիլանդերը իր ժամանակի մեծ մասը այժմ անց է կացնում ապրելով 81 ակր տարածքով իր կալվածքում, ԱՄՆԱյդահո նահանգի Հեյլիում (Sun Valley լեռնադահուկային առողջարանի մի մասը), իր կնոջ՝ ծնունդով հարավաֆրիկացի մոդել Սոնայի (ծնված Մալհոլանդ) հետ։ Նա ժամանակ առ ժամանակ շրջագայում է մեծահասակների մրցաշարերում։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո նա հանդիսանում էր Դևիսի Գավաթում Շվեդիայի հավաքականի ավագը և որպես ռուսաստանցի թենիսիտ Մարատ Սաֆինի մարզիչ։

Վիլանդերն ունի հինգ երեխա՝ Էմա, Կարլ, Էրիկ, Օսկար և Թրևիս։ Նրա որդի Էրիկը տառապում է բուլյոզային էնդերմոլիզի թեթև տեսակով, որի վրա բարենպաստ ազդեցություն է թողնում Ադյահոյի սառը և չոր օդը[14]։ Վիլանդերը և նրա կինը միջոցներ են տրամադրել այդ հիվանդության բուժման հետազոտությունների համար։

Նա սկսել է մարզել Տատյանա Գոլովինային 2007 թվականի հուլիսին։ Գոլովինայի հետ աշխատելուց հետո, 2007 թվականի վերջերին, Վիլանդերը սկսում է մարզել Պոլ-Անրի Մաթյոին։

Տարեվերջի վարկանիշ խմբագրել

Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1996 196 525
1995 46 324
1994 129 165
1993 330 1067
1991 159 387
1990 41 252
1989 12 295
1988 1 179
Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1987 3 25
1986 3 9
1985 3 4
1984 4 25
1983 7 112
1982 69
1980 283
1979 480

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 660. — ISBN 978-0-942257-70-0
  3. «Great AO Champions». AustralianOpen.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  4. International Tennis Hall of Fame Profile of Mats Wilander (under "Tournament Record")
  5. «Wilander Clerc RG 1982». YouTube.
  6. Clarey, Christopher (2005 թ․ հունիսի 6). «French Open: Nadal triumphs at first attempt». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին. «[Nadal was] the first man to win Roland Garros on his first visit since Mats Wilander did it at age 17 in 1982.»
  7. Lynch, Steven (2014 թ․ մայիսի 15). «French Open fairytales». ESPN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  8. 8,0 8,1 «Grand Slam History». ATP World Tour. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  9. «TENNIS - Wilander Spoils The Party In Paris - NYTimes.com». nytimes.com. 1988 թ․ հունիսի 6.
  10. «DEUCE US Open 2008 – Shark Bites». ATP World Tour. 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Nadal Completes Career Grand Slam With US Open Title». ATP World Tour. 2010 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին. «[Nadal] is the second player to win Grand Slam titles on three different surfaces at least twice, behind Mats Wilander.»
  12. «Wilander and Novacek Are Banned». The New York Times. 1997 թ․ մայիսի 15. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Davis Cup History – Records». Davis Cup. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  14. Perrotta, tom (2011 թ․ մարտի 3). «From Wimbledon to Winnebago». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթս Վիլանդեր» հոդվածին։