Մագնիսաքիմիա, ֆիզիկական քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է՝

  1. նյութի կառուցվածքի և հատկությունների կապը,
  2. մագնիսական դաշտի ազդեցությունը քիմիական փոխարկումների վրա։

Քիմիական կապ առաջացնելիս արժեքական էլեկտրոնների սպիններն իրար հակառակ են ուղղվում և նրանց մագնիսական մոմենտները միմյանց չեզոքացնում են։ Այդ պատճառով նյութերի մեծ մասը (իոնական, արժեքականությամբ հագեցած օրգանական և անօրգանական նյութեր) դիամագնիսական է։ Եթե այդ նյութերում էլեկտրոնային թաղանթները ձևափոխված (դեֆորմացված) չեն, ապա միացության մեջ մտնող ատոմների և իոնների դիամագնիսական ընկալունակությունները գումարվում են (տես ադիտիվություն)։ Չհագեցած քիմիական կապերով նյութերն ունեն մագնիսական մոմենտ։ Դրանց բաղադրության մեջ սովորաբար մտնում են անցումային տարրերի ատոմներ։ Այդպիսի իոնական միացությունները պարամագնիսական են։ Կովալենտ կապերով կապված անցումային տարրեր պարունակող նյութերը պարամագնիսական, ֆեռոմագնիսական կամ հակաֆեռոմագնիսական են։ Առաջին երկու դեպքում հնարավոր է գնահատել մագնիսական մոմենտը և կռահել քիմիական կապի բնույթը, երբեմն նաև անցումային տարրի ատոմում չզույգված էլեկտրոնների քանակը։ Մագնիսաքիմիական հետազոտությունների համար օգտագործում են հաստատուն կամ փոփոխական մագնիսական դաշտ։ Փոփոխական մագնիսական դաշտում նյութում տեղի են ունենում ռեզոնանսի հետ անմիջականորեն կապված կամ չկապված երևույթներ։ Էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանման երևույթները լրացուցիչ տեղեկություններ են պարունակում ատոմների ու քիմիական կապի մասին և ուսումնասիրվում են ինքնուրույն եղանակներով (տես էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանս, միջուկային մագնիսական ռեզոնանս, ֆեռոմագնիսական ռեզոնանս, միջուկների քիմիական բևեռացում
Հաստատուն մագնիսական դաշտը երբեմն փոխում է քիմիական փոխարկումների ընթացքը, ազդում ռադիկալների մասնակցությամբ ընթացող տրիպլետային վիճակների մարման, բյուրեղների և հեղուկների ֆլորեսցենցիայի, կոլոիդների կոագուլման վրա։ Մագնիսաքիմիական չափումները կիրառվում են քիմիական հետազոտությունների մաքրությունը և դիսպերսված խառնուրդների առկայությունը ստուգելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121