«Ղարաբաղ» կոմիտե, Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե։ Սկսել է ձևավորվել 1987 թվականին՝ ունենալով նպատակ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա։ Հետագայում որպես հավասարազոր նպատակ է դրվել նաև Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ-ից։ Այն կազմակերպել և ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները 1980-ական թվականների վերջին, ինչպես նաև ազդեցություն ունեցել Արցախում զուգահեռ ծավալվող պայքարի վրա։ Ղարաբաղ կոմիտեի հիմքի վրա հիմնադրվել է ՀՀՇ կուսակցությունը, որը դարձել է անկախ Հայաստանի պատմության առաջին իշխող ուժը։

Իգոր Մուրադյան

Առաջին Ղարաբաղ կոմիտե խմբագրել

Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ 1987 թվականին նախաձնողներն են եղել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Իգոր Մուրադյանը, ինչպես նաև ակադեմիայի աշխատակիցներ Ալեքսան Հակոբյանը, Մերուժան Կարապետյանը, Համբարձում Գալստյանը։ 1987 թվականի դեկտեմբերին նրանց է միացել Վազգեն Մանուկյանը ու Սամսոն Ղազարյանը։ Նրանց հետ կապի մեջ են եղել Արցախից ակտիվիստներ Մանվել Սարգսյանը, Գագիկ Սաֆարյանը, Մուրադ Պետրոսյանը, Էմիլ Աբրահամյանը, Արկադի Կարապետյանը, Հրայր Ուլուբաբյանը, Սլավիկ Առուշանյանը, Արթուր Մկրտչյանը։ Այնուհետև միացել է էկոլոգիական շարժման ղեկավար Սամվել Գևորգյանը ու Վանո Սիրադեղյանը։

1988 թվականի փետրվարի 26-ին ցույցերի արգելքին ընդառաջ Իգոր Մուրադյանը հայտարարել է Ղարաբաղ կոմիտեի ստեղծման մասին[1]։

1988 թվականի մարտին շարժմանը միացել են Դավիթ Վարդանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը։ Մարտին հրապարակվում է Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմը՝ բաղկացած 9 հոգուց[2]՝

Մինչ 1988 թվականի մայիսը Ղարաբաղ կոմիտեն հրապարակել է մի շարք հայտարարություններ։

Երկրորդ Ղարաբաղ կոմիտե խմբագրել

1988 մայիսին Կոմիտեում հակասություն է առաջանում հին ու նոր անդամների մեջ։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հին կազմը Արցախի վերամիավումը տեսնում էին որպես կոմիտեի միակ նպատակ, մինչ այլ անդամներ առաջ էին քաշում նաև Հայաստանի անկախացման հարցը[3]։ Մայիսի ցույցերից մեկի ընթացքում Իգոր Մուրադյանը հայտարարել է, որ ժողովուրդը պետք է զինվի, ինչից հետո Կոմիտեն նրան անվստահություն հայտնեց։ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը ու այլք հեռանում են Կոմիտեից։

ՊԱԿ ղեկավար Մարիուս Յուզբաշյանը հուլիսի 14-ին զեկուցագիր է ուղարկել, որտեղ նշել է, որ շարժման մեջ պառակտում է տեղի ունեցել, ինչի համար ՊԱԿ-ը որոշ ջանքեր է գործադրել։ Նա հավելել է, որ երկրորդ սերունդը իրականում ավելի ագրեսիվ է[4]։

Ձևավորվում է նոր «Ղարաբաղ» կոմիտեն, որի կազմ կոմիտեի մեջ են մտնում 11 հոգի․

1988 թվականի օգոստոս ամիսներին տեղի ունեցած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և Ռաֆայել Ղազարյանը։

1988 թվականի դեկտեմբեր 1989 թվականի հունվար ամիսներին կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։ Ժողովուրդը լայն պայքար է ծավալել նրանց ազատելու համար։ 1989 թվականի ապրիլ-մայիսին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատվել են և վերստին ստանձնել Ղարաբաղյան շարժման ղեկավարումը ՀԽՍՀ-ում։

Կոմիտեն ընդլայնել է շարժման ծրագիրը՝ ընղգրկելով երկրում ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, հանրապետության ինքնիշխանության ընդարձակմանը (հետագայում նաև անկախ պետականության հաստատմանը), պատմական անցյալի վերագնահատմանը, կենսոլորտի բարելավմանը, հայոց լեզվի դերի ընդլայնմանն ու հայկական դպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր։ Հիմնականում այս խնդիրների իրագործման նպատակով «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրված վարչության կազմում ընդգրկվել են «Ղարաբաղ» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։

1991 թվականին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, ներքին գաղափարական և քաղաքական տարաձայնությունների հետևանքով «Ղարաբաղ» կոմիտեն պառակտվել է։ Նրա մի շարք անդամներ դուրս են եկել նաև ՀՀՇ-ից՝ կազմելով նոր հասարակական-քաղաքական կազմակերպություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ և սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջ 17. ISBN 978-9939-51-146-7.
  2. Հակոբյան, Թաթուլ. ««1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր Արցախյան պոռթկումը» | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. де Ваал, Томас. «Черный Сад - Глава 4. 1988-1989 г.г. Кризис в Армении». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ և սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջեր 62–68. ISBN 978-9939-51-146-7.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։