Ձորի (草 履), ճապոնական ազգային կոշիկի տեսակ, ազգային տոնական տարազի մաս։ Առանց կրունկի հարթ ոտնաման (սանդալ) է, որը հաստանում է գարշապարի հատվածում։ Ոտքի վրա մնում են մեծ և երկրորդ մատների միջով անցնող բարակ գոտիների միջոցով։ Ի տարբերություն գետայի (որը նույնն է աջ և ձախ ոտքերի համար)՝ ձորին պատրաստվում է աջ և ձախ ոտքերի համար առանձին։ Պատրաստվում է բրնձի ծղոտից կամ այլ բույսերի մանրաթելերից, գործվածքներց, լաքապատ փայտից, կաշվից, ռետինից կամ քիմիական մանրաթելերից։ Ձորիները շատ նման են «ֆլիպ-ֆլոպ» (անգլ.՝ flip-flops) հողաթափերին, որոնք Ռուսաստանում առավել հայտնի են որպես «вьетнамки»։

Ձորի.
XIX դարի ծղոտե ձորի
Ժամանակակից կանացի պլաստիկե ձորի
Տղամարդու ձորի

Ձորիի ավանդական ձևերն օգտագործվում են այլ ավանդական հագուստների հետ, միևնույն ժամանակ ժամանակակից ձևերը շատ տարածված են, հատկապես ամռանը։ Ներկայումս գետան հագնում են ոչ պաշտոնական յուկատայի հետ, իսկ ձորին հագնում են պաշտոնական կիմոնոյի հետ։ Կիմոնոյի և ձորիի ընտրությունը պայմանավորվում է առիթի պաշտոնական լինելով։ Կիմոնոյի հետ սովորաբար չեն հագնում եղեգնյա ծածկույթով ձորիներ, դրանք համարվում են աշխատանքային հագուստի մաս և համադրվում են ամենօրյա ճապոնական հագուստի հետ։ Կանացի վինիլային (պլաստիկե) ձորին համարվում է պակաս պաշտոնական, քան գործվածքե ձորիները։ Տղամարդկանց ձորին իրենից ներկայացնում է արհեստական ծղոտից պատրաստված ոտնաման։

Դիպակե ձորին հագնում են պաշտոնական կիմոնոյի հետ, օրինակ՝ հարսանիքների և հուղարկավորությունների դեպքում։ Տղամարդկանց ամենապաշտոնական կոշիկը համարվում է հանաոն (hanao)՝ սպիտակ, երբեմն սև փոկերով բուսաթելից պատրաստված ձորին։ Կանացի ձորին նույնպես կարող է արհեստական ծղոտից լինել, բայց կանացի հանաոն սովորաբար կարմիր է և պակաս պաշտոնական, քան գունավոր վինիլայինը կամ դիպակից պատրաստվածը։ Կանացի բոլոր ձորիների հետ հագնում են սպիտակ տաբի գուլպաներ։ Տղամարդկանց ձորին կարելի է կրել ինչպես առանց տաբիի, այնպես էլ տաբիով։

Հանաոներն ամրացվում են համաչափորեն, հետևաբար դրանք չեն լինում աջ և ձախ։ Նրանք կարող են պատրաստվել թավշամահուդանման գործվածքից։ Գործվածքից պատրաստված ձորիների համար սովորաբար օգտագործում են ճապոնական կամ արհեստական մետաքս։ Տղամարդկանց ձորին կարող է լինել կաշվից կամ արհեստական կաշուց։

Կանացի ձորին հազվադեպ է հարթ լինում․ կոշատակերն ունենում են տարբեր հաստություններ և անկյուններ։ Կան ժամանակակից ձորիներ, որոնք ծածկված չեն գործվածքով։ Կոշատակի արտաքին մասը սովորաբար բնական մոխրագույն կաշվից է։

Ինչպես բոլոր ճապոնական սանդալները՝ ձորին թույլ է տալիս օդի ազատ շրջանառությունը ոտքերի շուրջ, ինչը պայմանավորված է խոնավ կլիմայով, որը գերակշռում է Ճապոնիայում։ Դրանք հեշտ է հագնել և հանել, որն էլ կարևոր է այն մշակույթում, որտեղ կոշիկները հաճախ պետք է հանվեն։

Մեկանգամյա օգտագործման ծղոտե ժապավեններով ձորիներն անվանվում են վարաձի և ավանդաբար համարվել են հասարակ ժողովրդի ու ցածրաստիճան սամուրայների ամենօրյա աշխատանքային կոշիկներ։

Հղումներ խմբագրել

  • «Об одежде » Обувь традиционная японская». «Пространство Тайцзи». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.