Ձայնաչափություն կիրառական ձայնագիտության բաժին, որն ուսումնասիրում է իմպուլսային ձայնի աղբյուրի տեղը որոշելու եղանակները։ Զայնաչափության հիմքում ընկած է, այսպես կոչված, ժամանակների տարբերության մեթոդը։ Ձայնային իմպուլսն ավելի շուտ է հասնում ձայնի իմպուլսային աղբյուրից (պայթյուն, կրակոց) որոշ հեռավորության վրա գտնվող երկու ընդունիչներից նրան, որն ավելի մոտ է աղբյուրին։ Ձայնային իմպուլսի՝ ընդունիչներին հասնելու ժամանակների տարբերությունը որոշում է (ձայնի տվյալ արագության դեպքում) այն կետերի երկրաչափական տեղը, որտեղ կարող է գտնվել ձայնի աղբյուրը։ Դա հիպերբոլ է, որի կիզակետերում գտնվում են ընդունիչները։ Ընդունիչների երկրորդ զույգը, որը տեղավորվում է առաջինից որոշ հեռավորության վրա, հնարավորություն է տալիս որոշել երկրորդ հիպերբոն։ Այդ երկու հիպերբոլների հատումից էլ գտնում են որոնելի կետը։ Մեծ ճշգրտության հասնելու համար կիրառում են ընդունիչների երրորդ (ստուգիչ) զույգ ևս. բացի այդ, կատարում են ձայնի արագության փոփոխությունը, ձայնային ճառագայթների շեղումը հաշվի առնող մի շարք ուղղումներ։ Հետախուզության օպտիկական մեթոդների համեմատությամբ Ձայնաչափության մեթոդներն ունեն մի շարք առավելություններ՝ կախված չեն տեսանելիության պայմաններից, թույլ են տալիս աշխատել ցանկացած տեղանքում։ Սակայն այդ մեթոդների ճշգրտությունն ու գործողության հեռահարությունը կախված են օդերևութաբանական պայմաններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 691
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնաչափություն» հոդվածին։