Հրեաների վտարում Իսպանիայից

Հրեաների վտարում Իսպանիայից (Ալհամբրայի դեկրետ), հրեաների վտարում Իսպանիայից, Սարդինիայից և Սիցիլիայից Ֆերդինանդ II Արագոնցու և Իզաբելա I Կաստիլացու հրամանով, որ ընդունվել է 1492 թվականին Ալհամբրայում (հայտնի է նաև Գրանադայի հրովարտակ կամ Վտարման հրովարտակ անուններով)։ Հրովարտակով երեք ամիս ժամանակ էր տրամադրվում Իսպանիայում ապրող հրեաներին մկրտվելու կամ երկրի սահմանները լքելու համար. այս ժամկետից ավելի մնացածները համարվում էին օրենքից դուրս։ Հրեաները փախչում էին Պորտուգալիա (չորս տարի անց այնտեղ կրկնվել է պատմությունը), այնտեղից էլ Եվրոպայի հյուսիս կամ Իտալիա, Օսմանյան կայսրություն, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ։ Հրեաների համար վտարումը ազգային աղետի է վերածվում։

Հրովարտակը վերաբերում էր հուդայականություն դավանող բոլոր մարդկանց` անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հրամանի նպատակն էր նրանց զրկումը օրենքի պաշտպանությունից, այսինքն` նրանց անպաշտպան էր դարձնում հանցավոր ոտնձգություններից և զրկում օրինական դատարանին դիմելու իրավունքից։ Պարզ է, որ նման պայմաններում հնարավոր չէր առևտրական ու ֆինանսական գործունեություն ծավալել, որը իսպանական հրեաների հիմնական զվաղմունքն էր։ Օրենքի պաշտպանության տակ հայտնվելու համար բավարար էր միայն քրիստոնեական մկրտությունը, սակայն հրեաների մեծ մասը գեադասում էր պահպանել հավատը և այդ պատճառով էլ արտագաղթում էր Իսպանիայից։

Նախապատմություն և վտարման պատճառներ խմբագրել

Արագոնի գահի ժառանգորդ Ֆերնանդոյի և Կաստիլիայի գահաժառանգ Իզաբելայի ամուսնությունից հետո (1469) Իսպանիայում ակտիվորեն սկսվում է քրիստոնեության ընդունում։ Որոշում է ընդունվում հետ նվաճել մուսուլմանական Գրանադան` դրանով ավարտին հասցնելով Ռեկոնկիստան, և հարկադրաբար մկրտել հրեաներին ու մուսուլմաններին, որպեսզի Իսպանիան վերածվի բացառապես կաթոլիկ թագավության։ Նախագծի իրականցումն սկսվում է Ալհամբրայի հրովարտակի հռչակումով և դրան հաջորդած հետապնդումներով, որոնք կիրառվում էին մկրտված այն հրեաների նկատմամբ, որոնք կասկածվում էին գաղտնի ձևով հուդայականություն դավանելու մեջ։ Ինկվիզիցան դատում էր ամեն կասկածյալի, որ կիրականացներ հուդայական կրոնական ծես։ Մեղադրյալների գույքն անցնում էր Գրանադայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը։ Մատնիչներին խրախուսելու համար գույքի մի մասը հանձնվում էր նրանց, այդ պատճառով էլ ավելի ու ավելի շատ մարդիկ էին ցանկանում հարստություն կուտակել ուրիշների հաշվին։

1483 թվականին կաթոլիկ եկեղեցու գլուխ է դառնում Թոմաս Տորկվեմադան։ Ինկվիզիցիայի արխիվները պարունակում են մոտ 49.092 գործ, որոնց միայն 1.9 %-ն է հաստատել կասկածյալի մեղքը, և գործը հանձնվել է աշխարհիկ իշխանություններին մահապատիժ կիրառելու նպատակով։ Մնացած 98.1 %-ը կա'մ արդարացվել է, կա'մ ստացել ոչ ճակատագրական պատիժներ` տուգանք, ուխտագնացություն, ապաշխարանք[1]։

Չնայած հետապնդումներին` հրեական համայնքը մնում էր ուժեղ (հատկապես Կաստիլիայում) առաջինն իր հարստության, առևտրական խոշոր գործարքների, արտադրական գործունեության շնորհիվ, որով զանգվածաբար զբաղվում էր հրեական համայնքը, և երկրորդը կառավարման և հատկապես ֆինանսական մարմիններում ներկայացված լինելու շնորհիվ (հենց այս ներկայացվածությունն էլ ժողովրդի կողմից անբարյացակամ վերաբերմունքի առիթ էր դառնում)[2]։

Օրենսդրությունը շարունակում էր հրեաներին պաշտպանել պաշտոնյաների ու մասնավոր անձանց կողմից դրսևորվող կամայականություններից։ Այս մասին է վկայում թագավորական խորհրդի քարտուղարի նամակը (մարտի 1, 1479), որ ներկայացնում է Ավիլայի հրեական համայնքում հարկերի ապօրինի պահանջից հրեաների բողոքները։ 1479 թվականի սեպտեմբերի 18-ի և 1480 թվականի հունվարի 8-ի ցուցումները հաստատում են հրեաների արտոնությունները նույն թվականին, որոնց համաձայն արգելվում էր հրեաների տները, հագուստը և այլ առարկաներ գրավ վերցնել, ընդ որում հրեաներն ազատված էին քաղաքային հարկերից։ Դրա օգտին կայացել էին մի շարք որոշումներ` էրմանդադայի (հասարակական կարգը պահպանող զինված կազմակերպություն) գլխավոր կապիտանի հրամանը (1480) Ավիլայի հրեա բնակչության դեմ բռնություն գործադրելու դեմ, 1483 թվականի մարտի 15-ի արքայական հրովարտակը, որով հրեական թաղամասը պաշտպանվում էր հարևան քրիստոնյաների հարձակումից, 1491 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը, որով ապահովվում էր անձի ու ունեցվածքի անվտանգությունը այն բանից հետո, երբ քարերով ծեծել էին մի հրեայի, և մի շարք այլ փաստաթղթեր։ Նույն ժամանակ Գրանադայի կապիտուլյացիայի պայմանագրով հրեաներին վերապահվում էր դավանանքի ու քաղաքացիական ազատություն։

Վերաբնակեցման մասին 1492 թվականի հրաման խմբագրել

 
Ալհամբրայի դեկրետ (իսպ.՝ Decreto de la Alhambra)

Անմիջապես ռեկոնկիստայի ավարտից հետո արքաները հրապարակել են 1492 թվականի մարտի 31-ի հրամանը Կաստիլիայի և Արագոնի թագավորություններից հրեաներին վտարելու մասին։ Հրամանն այս ծայրահեղ քայլն արդարացնում էր «համայնքի կողմից քրիստոնյաներին հասցվող մեծ վնասներով, քանի որ որոշ մարդկանց մասին հայտնի էր, որ նրանք միշտ փորձում են հնարավոր բոլոր միջոցներով հավատացյալ քրիստոնյաներին շեղել իրենց կաթոլիկ հավատից` նրանց գրավելով իրենց անմաքուր հավատի մեջ»։

Հրեաներին ժամանակ էր տրվում մինչև հուլիսի վերջ, ընդ որում նրանց արգելվում էր ոչ միայն Իսպանիա վերադառնալը, այլ նույնիսկ իսպանական հողերով անցնելը, որ սպառնում էր ունեցվածքի բռնագրավմամբ ու մահվան վախով։ Մինչ այդ ժամկետի ավարտը հրեաները մնում էին «արքայի պաշտպանության ու հովանավորության ներքո», որպեսզի նրանք կարողանան «անվտանգ գալ, փոխել ու օտարել իրենց շարժական ու անշարժ գույքը և ազատորեն տիրել դրան»։ Սակայն բոլոր այդ երաշխիքները իրականում քիչ արդյունավետ էին։ Բռնի վաճառքը հաճախ մեծ օգուտ էր բերում վաճառողին, հատկապես այն մրցակցության շնորհիվ, որը պետք է առաջանար բոլոր հրեաների ունեցվածքի միաժամանակյա վաճառքի դեպքում։ Եվ քանի որ նրանց արգելված էր Իսպանիայից դուրս հանել ոսկի, արծաթ, դրամ և այլ պարագաներ, որոնց արտահանումն արգելված էր թագավորության օրենքներով, ապա պարզ է, որ վտարվածների կորուստներն ահռելի էին։ Հրեաներից շատերը, սակայն, փորձում էին շրջանցել օրենքը` դրամական փոխանցումներ կատարելով հրեա բանկիրների ու տարբեր երկրների առևտրականների հետ իրենց կապերն օգտագործելու միջոցով[2]։ Մինչև հուլիսի 31-ը հնարավոր չի լինում արտաքսել բոլոր հրեաներին, և վերջնական ժամկետը երկարացվում է մինչև օգոստոսի 2-ը։

Մարրաներ խմբագրել

Ո'չ հրովարտակը, ո'չ ժամանակի Իսպանիայի այլ օրենքներ չէին նախատեսել մահվան սպառնալիք և պատժի որևէ տեսակ մկրտությունից խուսափելու համար։ Բայց քանի որ հրովարտակը հրեաներին անպաշտպան էր դարձրել կյանքի ու ունեցվածքի ապահովությունից, նրանք, ովքեր չէին ցանկանում հեռանալ, մկրտվում էին։ Այսպիսի հրեաները կոչվում էին մարրաներ։ Ամեն դեպքում, նրանց մի մասը շարունակում էր գաղտնի դավանել հուդայականություն։ Այն ժամանակի իրավունքի տեսանկյունից այդպիսի մարդիկ կրոնական ուխտադրուժներ էին` արժանի ինկվիզիցիայի դատաստանին, որը կարող էր այդ մեղքի համար պատժել ձերբակալությամբ, ունեցվածքի բռնագրավմամբ, իսկ կրկնահանցագործներին նույնիսկ կարող էին այրել խարույկի վրա[3]։

Հրեաների` ավանդական հավատը խաբեությամբ պահպանելու փորձերը հեշտությամբ բացահայտվում էին, քանի որ հուդայականություն դավանելը պահանջում էր մի շարք ակնհայտ հանգամանքներ` հրաժարում ոչ կաշրութային դեմքից, թաղումներ Թորայի տանը և շաբաթ օրերին աշխատելուց կամ որևէ բան կատարելուց հրաժարումը։ Այս նշանների շնորհիվ ինկվիզիցիան հաջողությամբ բացահայտում ու պատժում էր ուխտադրուժներին։

Վտարվածների ճշգրիտ թիվը, ովքեր զրկվել են ունեցվածքից ու լքել երկիրը, որտեղ իրենց նախնիներն ապրել էին մոտ 1.500 տարի, հնարավոր չի եղել հաստատել, և տարբեր պատմաբաններ այդ թիվը գնահատում են 50.000-ից մինչև 150.000 և ավել։ Ամեն դեպքում, մեծ է եղել նաև մարրաների թվաքանակը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Համաձայն Ռ. Կարասկոյի հետազոտությունների՝ ինկվիզիցիայի նյութերով Տոլեդոյում 16-րդ դարի երկրորդ կեսին հրեական ամեն ընտանիք միջին հաշվով ունեցել է 4.4 երեխա այն դեպքում, երբ «հին քրիստոնյաների» ընտանիքներում այդ թիվը 2.5 էր։ Համաձայն Լիդսի համալսարանի գենետիկ հետազոտությունների, որոնք կատարվել են 2008 թվականին՝ Իսպանիայի ժամանակից բնակչության 20 %-ն ունի հրեական արմատներ հայրական գծով (11 %-ն ունեն արաբական ու բերբերական արմատներ)[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kamen, H. The Spanish Inquisition, pp. 17—41.
  2. 2,0 2,1 Альтамира-и-Кревеа Р. История Испании. — СПб, 2003. — С. 516—518.
  3. «Би-би-си | Главная | Ватикан: ужасы инквизиции преувеличены». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  4. Gene Test Shows Spain’s Jewish and Muslim Mix, New York Times, 12.05.2008. — Стр. А12

Արտաքին հղումներ խմբագրել