Հրեաների կոմունիստական դավադրության տեսություն, Հրեական բոլշևիզմ կամ Ջհուդաբոլշևիզմ (անգլ.՝ Jewish Bolshevism, գերմ.՝ Jüdischer Bolschewismus), դավադրության տեսություն, որն ընդգծում է հրեաների ունեցած կարևոր դերը կոմունիստական շարժման մեջ։ Բաղկացած է նման ուղղվածություն ունեցող մի շարք գաղափարներից, որոնք օգտագործվում են ինչպես միջազգային թշնամության ու անհանդուրժողականության հրահրման, այնպես էլ կոմունիստական, սոցիալիստական ու սոցիալ-դեմոկրատական շարժումների դեմ պայքարելու համար։ Մի շարք նման հայեցակարգեր պնդում են, թե կոմունիզմն ու սոցիալիզմը ծառայել են որպես քողարկում հրեաների կողմից դավադրության իրականացման համար, որի նպատակն է աշխարհը ենթարկել իրենց իշխանությանը։

Նման տեսությունների հեղինակներն ու կողմնակիցները որպես հիմնավորում առաջ են քաշել, օրինակ, այն փաստը, որ մարքսիզմի տեսաբանների, ինչպես նաև ռուսական բոլշևիկների մեծ մասն ունեցել են հրեական ծագում[1][2][3]։ Կոմունիստական դավադրության մասին պատկերացումները հաճախ զուգորդվել են ջհուդամասոնական դավադրության տեսության հետ։

Հրեաների կոմունիստական դավադրության տեսության հիմնական կանխադրույթներից մեկն այն է, որ Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, ԱՄՆ և այլ երկրների կոմունիստական կուսակցություններում հրեաների տոկոսային հարաբերությունը շատ ավելի մեծ է, քան այդ երկրների բնակչության կազմում[1]։ 1917 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, տարածվել է «Հրեական բոլշևիզմ» պամֆլետի վերնագիրը, որում ցույց է տրվել հակակոմունիստական Սպիտակի շարժման ռասիստական պրոպագանդան Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918-1922)։ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը Գերմանիայում և Գերմանա-ամերիկյան միությունը Միացյալ Նահանգներում տարածել են հակասեմական տեսությունն իրենց կողմնակիցների ու հետևորդների շրջանում[4][5][6][7]։

Առաջացման նախադրյալներ խմբագրել

Ռուսական կայսրությունում հրեաների համար ավանդաբար գործել են սահմանափակումներ քաղաքացիական բազմաթիվ իրավունքներում, մասնավորապես նրանք ենթարկվել են սեգրեգացիայի ազգային-կրոնական հատկանիշով, և նրանց համար սահմանվել են սահմանափակումներ էթնիկական նորմաներով։ Հուդայականները, որ 20-րդ դարի սկզբին կազմել են կայսրության բնակչության 3-4 %-ը, փաստացիորեն ոչ մի ձևով ներկայացված չէին սպայական կորպուսում, քանի որ նրանց գրեթե չէին շնորհվում սպայական աստիճաններ։ Դրա հետ միասին 1827-1856 թվականներին հրեաները զորակոչվել են 12 տարեկանում (քրիստոնյաները՝ 18 տարեկանում) հազար տղամարդուց տասը զորակոչիկի հաշվով (քրիստոնյաների դեպքում՝ յոթ զորակոչիկ հազարից)[8]։

1881 թվականի մարտին՝ Ալեքսանդր II-ի սպանությունից հետո, Ռուսաստանում հեղափոխական շարժման «այլազգի» բնույթի վերաբերյալ միտքն առաջին անգամ ձևակերպել է Դմիտրի Իլովայսկին։ Նա պնդել է, որ ռուս հեղափոխականները սոսկ կույր գործիք են լեհերի ու հրեաների ձեռքում։ Ռուսական և արևմտաեվրոպական հրեականության ուսումնասիրության միջազգային կենտրոնի տնօրեն և պատմաբան Օլեգ Բուդնիցկին գրում է, որ «եթե համոզված յուդոֆոբ Իլովայսկին .... հրեաներին հատկացրել է «ընդամենը» երկրորդ տեղը Ռուսաստանը կործանողների շարքում, նշանակում է՝ նրանք իսկապես դեռ չեն կատարել ազատագրական շարժման մեջ որոշիչ դեր»[9]։

Ըստ Է. Հարբերերի (անգլ.՝ E. Haberer) հաշվումների՝ նարոդնիկական շարժմանը մասնակցած հրեաները կազմել են 1871-1873 թվականների հեղափոխականների ընդհանուր թվի ընդամենը 4-5 %-ը (եզրակացությունն արվել է ըստ այն այդ ժամանակաշրջանում քաղաքական գործերով հետաքննության ենթարկված հրեաների տոկոսային հարաբերության)։ 1880-ական թվականների ավարտին հեղափոխականների թվում հրեաները կազմել են արդեն 35-40 %։ Ըստ Հարբերերի խոսքերի՝ հրեաները դարձել են «կրիտիկական զանգված ռուսական հեղափոխական շարժման մեջ»[10]։ 1903 թվականին Սերգեյ Վիտտեն պնդել է, թե հրեաները կազմում են հեղափոխական կուսակցությունների անդամների մոտավորապես կեսը։ Այդ թիվը կասկած է առաջացրել պատմաբանների մոտ։ Ըստ ժամանակակից ուսումնասիրությունների՝ հեղափոխական կուսակցություններում հրեաների թվաքանակը տատանվել է 15 %-ից մինչև մեկ երրորդ։ Այնուամենայնիվ, այդ թիվը մի քանի անգամ գերազանցել է կայսրությունում ապրող հրեաների տոկոսային հարաբերությանը նրա բնակչության ընդհանուր թվաքանակին։ Միևնույն ժամանակ հեղափոխական հրեաները կազմել են Ռուսաստանի հրեա բնակչության մի աննշան մասը։ Բուդնիցկին գրում է, թե տեղաբնիկների գիտակցության մեջ հրեաներն ավելի մեծ դերակատարում են ունեցել հեղափոխության իրականացման գործում, քան եղել է իրականում[9]։

Հեղափոխական շարժման մեջ հրեաների ակտիվ մասնակցությամբ «բացատրվում է նաև հրեաների եռանդուն մասնակցությունը քաղաքացիական պատերազմին ընդդեմ հեղափոխության բոլոր թնամիների»[11]։

Հեղափոխություն Ռուսաստանում և հակասեմականություն խմբագրել

1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունը մեծ տպավորություն է թողել հակասեկամանների վրա, ինչի արդյունքը դարձել է հրեաների նույնացումը բոլշևիկների և ընդհանրապես ձախակողմյանների հետ։ Ծագել է հեղափոխություն իրականացնելու նպատակով հրեաների կազմակերպած դավադրության գաղափարը, որն արտացոլվել է այնպիսի հակասեմական գրքերում, ինչպիսիք են Ռիդ Դուգլասի «Վեճ Սիոնի մասին», Հենրի Ֆորդի «Միջազգային հրեականություն», Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» և այլն։ Այդ ժամանակ էլ նորից հիշատակվել է «Սիոնի իմաստունների արձանագրությունները» հայտնի կեղծագիրը։ Նմանատիպ գաղափարների տարածումը արևմտյան վերնախավի շրջանում 1920-1930-ական թվականներին նպաստել է Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուն և հակասեմականության տարածմանը։

Նացիստների կողմից հակասեմականության չափազանցումը անմիջական կապ ունի Ռուսաստանի հետ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ բազմաթիվ ռուսացած գերմանացիներ նախընտրել են մեկնել Գերմանիա՝ իրենց հետ տանելով այդ ժամանակի տարածված հակասեմական գաղափարները։ Վառ օրինակ է նացիզմի խոշորագույն գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգը, որ եղել է մերձբալթյան գերմանացի Ռևելից (Տալլին) և մի որոշ ժամանակ ապրել է Մոսկվայում։ Հենց նա է Հիտլերին ծանոթացրել տխրահռչակ «Սիոնի իմաստունների արձանագրություններին»։

Ըստ Փոլ Ջոնսոնի՝ բոլշևիկների համագումարներում (կուսակցական համագումարների պաշտոնական արձանագրությունները պարունակել են նաև վիճակագրական տվյալներ պատվիրակների տարիքային, սոցիալական, ազգային ու կրթական կազմի վերաբերյալ) հասել է մինչև 15-20 %. կոմունիստների բացարձակ մեծամասնությունը կազմել են ռուսները։ Սակայն սպիտակ էմիգրանտների, մասնավորապես Անդրեյ Դիկիի հետագա աշխատանքներում նշված թիվը նենգափոխումների ու մեքենայությունների արդյունքում մեծացվել է մի քանի անգամ։

Միևնույն ժամանակ բոլշևիկներին հրեաների հետ նույնացնողներն անուշադրության են մատնել Խորհրդային Միությունում բոլշևիկների ու կոմունիստների ծավալած հալածանքները հրեական մշակույթի, սիոնիզմի ու հուդայականության նկատմամբ, ինչը հետագայում հիմք է դարձել խորհրդային վարչակարգին հակասեմականության մեջ մեղադրելու համար։ Խորհրդային Միության վերաբերմունքը սիոնիզմի ու Իսրայելի նկատմամբ գրեթե միշտ եղել է թշնամական, բացառությամբ 1947-1949 թվականներին Իսրայելի հիմնադրման ժամանակաշրջանի. ըստ ամենայնի՝ Ստալինը ցանկացել է այդ երկիրը դարձնելի իր դաշնակիցը Բրիտանական գաղութային կայսրությունը կործանելու գործում։ Ռիչարդ Փայփսն ընդգծում է, որ հրեական ծագում ունեցող բոլշևիկները զգալիորեն ռուսացած էին։ Նրանցից շատերի, մասնավորապես Կագանովիչի հուշերում զգացվում է անթաքույց անբարյացակամություն իրենց ժողովրդի ավանդական մշակույթի, այդ թվում նաև եբրայերեն սովորելու նկատմամբ (որի դասավանդումը Խորհրդային Միությունում արգելվել է որպես «հետադիմական» ի հակադրություն իդիշի, որը համարվել է «հրեա պրոլետարիատի կենդանի լեզու»)։

Անտեսվում է նաև հրեաների թիվը այն կուսակցությունների շարքում, որոնք ուղղակիորեն հակադրվել են բոլշևիկներին։ 1917 թվականին Լենինի ծաղրի սիրելի առարկան էր «Գոցլիբերդանը», որ էսեռ-մենշևիկների առաջնորդներ Գոցի, Լիբերի ու Դանի ազգանուններից կազմված բառ է։ Մասնավորապես Աբրամ Գոցը, որ 1917 թվականին գլխավորել է Հայրենիքի փրկության ու հեղափոխության կոմիտեն, որն առաջիններից մեկն է փորձել կազմակերպել զինված դիմադրություն բոլշևիզմին, մահացել է ճամբարում 1940 թվականին։ Միխայիլ Լիբերը բացասաբար է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, բազմիցս հալածվել է կոմունիստների կողմից և գնդակահարվել է 1937 թվականին։ Բազմիցս ձերբակալվել է նաև Ֆեոդոր Դանը, որ 1922 թվականին աքսորվել է Ռուսաստանից։

Բոլշևիկների նախաձեռնած սոցիալական վերափոխումները նույնպես լիովին լիկվիդացրել են հրեական ավանդական կենսակերպը։ Տստ տարբեր գնահատականների՝ հրեաների մինչև երկու երրորդը արհեստներ ու մանր տնայնագործներ էին, իսկ ինդուստրալիզացիան ամբողջովին վերացրել է այդ զբաղմունքները։

ԱՄՆ-ում խմբագրել

Ալեքսանդր III-ի թագավորման ժամանակաշրջանում տիրող հակահրեական սահմանափակումների և Ռուսաստանում ծավալված կոտորածների ալիքի պատճառով երկրի հրեա բնակչությունը հեռացել է՝ տեղափոխվելով առաջին հերթին ԱՄՆ։ 1881-1914 թվականներին Ռուսաստանի կայսրությունից ԱՄՆ է տեղափոխվել մինչև 2-2,5 մլն հրեա, իսկ Արևմտյան Եվրոպայից մեկնածների հետ միասին նրանց թիվը կազմել է մինչև 3-3,5 մլն։ Նախքան այդ Միացյալ Նահանգներում հրեա բնակչությունը գրեթե բացակայել է (մինչև 250 հազար մարդ)։

1890-ական թվականներին ԱՄՆ-ից Մոսկվա է ժամանել հանձնաժողով՝ ուսումնասիրելու այդ զանգվածային արտագաղթի պատճառները։ Հանձնաժողովն ականատես է եղել Մոսկվայից հրեա արհեստավորների արտագաղթին 1891 թվականին. նրանցից շատերն ուղիղ մեկնել են Գերմանիայի նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ ԱՄՆ։

Սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը, մեջբերելով հատված Ռուսաստանի ֆինանսների նախարար Վիտտեի հետ իր զրույցից, նրան վերագրում է հետևյալ արտահայտությունը. «...հրեաներին այնպես էլ խրախուսում են արտագաղթել։ Հետևին աքացի տալով, օրինակ»։ Իսկ ներքին գերծերի նախարարը մի անգամ ասել է, որ եթե հրեաների համար փակ է «արևելյան սահմանը», ապա «արևմտյան սահմանը» բաց է։

Սենատի Օվերմենի հանձնաժողովը (ԱՄՆ, 1919) ընդունել է նաև հակասեմական բնույթ։ Բոլշևիզմի իբր թե հրեական բնույթի մասին լուրերը ընդհանուր տեղ են գրավել լսումներում։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հրեական ծագում ունեցող բոլշևիկները հալածում են նաև կապիտալիստ հրեաներին, և իրենք էլ ներկայացված են «ուրացողներով, որոնք թողել են իրենց հայրերի հավատը»։

Ականատեսները հանձնաժողովին հայտնել են լիովին ֆանտաստիկ վկայություններ, մասնավորապես անարխիստների կողմից անցկացված «կանանց ազգայնականացման» մասին (ըստ ամենայնի՝ հանձնաժողովի անդամները տարբերություն չեն տեսել բոլշևիկների ու անարխիստների միջև)։ Կարմիր բանակը նկարագրվել է որպես գերմանացիներից, լատվիացիներից ու չինացիներից կազմված գունդ ունեցող, շեշտը դրվել է ամեն տեսակի կողոպուտների, բռնաբարությունների ու վայրագությունների նկարագրության վրա։ Ամերիկայի պայմաններում, որը երբեք չէր ունեցել ազգային կամ կրոնական հալածանքների ամուր ավանդույթներ, հանձնաժողովն ընդունել է հստակ հակամիգրանտական բնույթ։ Նրա աշխատանքի հետևանքներից մեկը դարձել է 1921 թվականին ներմուծված ԱՄՆ ներգաղթի սահմանափակումները։ Դրա արդյունքը դարձել է հրեաների ու իտալացիների ներգաղթի կտրուկ կրճատումը։

Օվերմենի հանձնաժողովի աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ-ն համակած զանգվածային հակակոմունիստական պսիխոզի՝ «առաջին կարմիր սպառնալիքի» (First Red Scare) պայմաններում 1917-1920 թվականներին, որին խթանել է նաև Աշխարհի արդյունաբերության աշխատավորների ձախակողմյան պրոֆմիության գործունեությունը։ 1919 թվականի դեկտեմբերի 21-ին Խորհրդային Միություն են արտաքսվել մի շարք ծայրահեղականներ, այդ թվում նաև անարխիստ Էմմա Գոլդմանը, Էթել Բերշտեյնն ու Ալեքսանդր Բերկմանը։

Լեհաստանում խմբագրել

 
Լեհական ագիտացիոն հակաբոլշևիկյան պլակատ, Ներքին պրոպագանդայի բյուրո, 1920 թվական, կարմիրբանակայինների գլխարկներին նկարված են Դավթի աստղեր
 
Լեհական ագիտացիոն պլակատ. «Նորից հրեական թաթե՞ր։ Ո՛չ, երբե՛ք»

Խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ, երբ խորհրդային իշխանության հակառակորդների կարծիքով բոլշևիկներին սատարել են անհամաչափորեն ավելի շատ հրեաներ, Լեհաստանում տարածված է եղել «ջհուդակոմունա» տերմինը։ Միջպատերազմական տարիներին տերմինն օգտագործվել է աջ-նացիոնալիստական ուժերի կողմից՝ վարկաբեկելու համար մի կողմից ձախերին (ոչ միայն կոմունիստներին)՝ որպես հրեաների, մյուս կողմից՝ հրեաներին՝ որպես կոմունիստների։ Տերմինն օգտագործվել է նաև հետպատերազմյան տարիներին «Ժողովրդական» Լեհաստանի վարչակարգի և Հասարակական անվտանգության նախարարության վերաբերյալ (1945-1954), որի կազմում, ըստ տարածված հասարակական պատկերացումների, կային մեծ[12] թվով հրեաներ։

Հրեական դավադրության՝ լեհական պետությանն սպառնալու վերաբերյալ տեսության մասին առաջին անգամ խոսել է լեհ պատմաբան և հասարակական գործիչ Յուլիան Ուրսին-Նեմցևիչն իր «Rok 3333 czyli sen niesłychany» բրոշյուրում, որը գրվել է 1817 թվականին և հրատարակվել հեղինակի մահվանից հետո՝ 1858 թվականին[13][14]։

19-րդ դարի վերջին լեհ ազգային գործիչ Ռոման Դմովսկին, կոչ անելով վտարել հրեաներին, նրանց բնութագրել է որպես Լեհաստանի դեմ ուղղված թշնամական դավադրության գործակալներ[15]։ Պատմաբան Էնթոնի Պոլոնսկին կարծում է, որ «մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ընկած ժամանակաշրջանում լեհ նացիոնալ-դեմոկրատները, փորձելով բացատրել Լեհաստանի դժվարին սոցիալ-քաղաքական դրությունը, երկրում տարածել են նոր ու վտանգավոր գաղափարախոսական ֆանատիզմ, որը լեհական հասարակությունը բաժանել է ընկերների ու թշնամիների և մշտապես հանգել հրեա-մասոնության և հրեա-կոմունիզմի դավադրական գաղափարներին»[16]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «ջհուդակոմունա» տերմինն օգտագործվել է լեհական աջ կուսակցությունների կողմից ձախ քաղաքական շարժումների վերաբերյալ։ Դառնալով հակասեմական տերմին՝ այն լայնորեն տարածվել է լեհ բնակչության շրջանում, և հետագայում լեհական պրոպագանդայի կողմից վերագրվել է բոլշևիստական Ռուսաստանին ու Կարմիր բանակին Խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակից «ջհուդակոմունա» տերմինը դարձել է քաղաքական պրոպագանդայի տարր, որը պնդել է, թե կոմունիստական գաղափարները միջոց են ապագայում հրեաների կողմից Լեհաստանի գրավման համար, որի նպատակը կլիներ Հուդապոլոնիայի ձևավորումը[17]։

«Ջհուդակոմունայի» հայեցակարգը լայնորեն օգտագործվել է լեհ նացիոնալ-դեմոկրատների կողմից երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ 1930 թվականի Սեյմի ընտրություններիից հետո ընդդիմադիր կուսակցություններ են դարձել նացիոնալ-դեմոկրատները, որոնք ծավալել են ագիտացիոն աշխատանք ընդդեմ Յուզեֆ Պիլսուդսկու, որը հանդուրժողականությամբ էր վերաբերվում ազգային փոքրամասնություններին։ Հրեական հարցը եղել է նացիոնալ-դեմոկրատների՝ Պրիլուդսկու դեմ քաղաքական պայքարի տարրերից մեկը։ «Ջհուդակոմունայի» հետ միասին նացիոնալ-դեմոկրատներն սկսել են օգտագործել «Folksfront» տերմինը, որով կոչվել է կոմունիստների ու հրեաների ենթադրյալ միությունը։

1939 թվականից հետո, երբ Խորհրդային Միության զորքերը մտել են Արևմտյան Բելառուսիա և Արևմտյան Ուկրաինա, տեղի բնակչությունը (որի շարքերում կային ոչ քիչ հրեաներ) Արևմտյան Կրեսիում դիմադրել է Կարմիր բանակին։ Արևմտյան Կրեսիում խորհրդային իշխանությունը սկսել է կատարել ապալեհականացում. փակվել են լեհական դպրոցները, լեհ գաղութարարներն իրենց ընտանիքների հետ ուղարկվել են ԽՍՀՄ արևելյան տարածքներ։ Կարմիր դրոշները թափահարող և խորհրդային իշխանությանը՝ որպես ազատարարի ողջունող և նրանց հետ համագործակցող հրեաների, ուկրաինացիների ու բելառուսների կերպարը դարձել է խորհրդանշական լեհական պատմական հիշողության մեջ[18]։ Դա լեհերի մոտ ամրապնդել է հրեաների ու կոմունիստների միության մասին լեգենդը, որը շարունակել է գոյություն ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այդ ժամանակ Լեհաստանում ձևավորվել է պարադոսք. կարելի էր միաժամանակ լինել հակասեմական և մասնակցել հրեաների փրկությանը[19]։ Այդ փարադոքսն իր հայտնի կոչում արտահայտել է լեհ գրող Զոֆյա Կոսակ-Շչուցկայան, որ եղել է Հրեաների օգնության խորհրդի ստեղծողներից մեկն ու պատերազմից հետո ճանաչվել «աշխարհի արդարակյաց»։

Աշխարհից պատով առանձնացված Վարշավայի գետտոյում մի քանի հարյուր հազարավոր մահապարտներ սպասում են մահվան։ Նրանք չունեն փրկության հույս։ Նրանց ոչ ոք օգնության չի գալիս։ Սպանված հրեաների թիվն անցել է միլիոնից, և այդ թիվը մեծանում է ամեն օրվա հետ։ Զոհվում են բոլորը։ Հարուստներն ու աղքատները, ծերերը, կանայք, տղամարդիկ, երիտասարդությունը, կրծքի երեխաները... Նրանք մեղավոր են միայն նրանում, որ ծնվել են հրեա, որոնք Հիտլերի կողմից դատապարտվել են մահվան։ Աշխարհը նայում է այդ չարագործություններին, ամենասարսափելին նրանցից, որ իմացել է պատմությունն, ու լռում... Այլևս անհնար է դիմանալ։ Նա, ով լռում է այդ սպանությունների փաստի առաջ, ինքն է դառնում մարդասպանների հանցակից։ Ով չի դատապարտում, նա թույլատրում է։ Այդ պատճաառով բարձրացնենք մեր ձայնը, լեհ կաթոլիկներ։ Մեր զգացմունքները հրեաների նկատմամբ չեն փոխվի։ Մենք առաջվա պես նրանց համարում ենք Լեհաստանի քաղաքական, տնտեսական ու գաղափարական թշնամիներ։ Ավելին, մենք մեզ հաշիվ ենք տալիս այն մասին, որ նրանք մեզ ավելի շատ են ատում, քան գերմանացիներին՝ մեզ վրա բարդելով իրենց դժբախտության մեղքը։ Ինչու, ինչ հիմունքով. դա մնում է հրեական հոգու գաղտնիքը, դա հաստատվում է մշտական փաստերով։ Այդ զգացմունքների գիտակցումն ազատում է մեզ հանցագործությունը դատապարտելու պարտականությունից... Միջազգային հրեական միության համառ մռության, գերմանական պրոպագանդայի փսխունքի մեջ, որը ձգտում է հրեաների կոտորածի մեղքը գցել լիտվացիների ու լեհերի վրա, մենք զգում ենք մեզ համար թշնամական քայլ[19]։

Հետպատերազմյան Լեհաստանում կառավարությունում որոշ տեղերն զբաղեցրել են հրեաները։ Հիլարի Մինցը եղել է Լեհաստանի վարչապետ 1952 թվականից։ Նրա կինը՝ Յուլյան, գլխավորել է Լեհաստանի տպագրության գործակալությունը։ Յակուբ Բերմանը եղել է Լեհաստանի միազյալ բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամ, ԼԺՀ անվտանգության ծառայության (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի լեհական անալոգը), պրոպագանդայի ու գաղափարախոսության պատասխանատուն։ Այդ ժամանակ լեհերի հասարակական գիտակցության մեջ ամրապնդվել է այն կարծիքը, որ հրեական բոլշևիզմը՝ ջհուդակոմունան, գրավել է իշխանությունը Լեհաստանում[20]։

1968 թվականին, երբ իշխանության գլուխ է անցել հակասեմական արշավի կազմակերպիչ Մեչիսլավ Մոչարը, «ջհուդակոմունա» տերմինն սկսել է օգտագործվել լեհական պրոպագանդայում, որը հրեաներին մեղադրել է որպես ներկայացուցիչը այն բոլոր վատի, որ եղել է կոմունիզմում[21]։

Ներկայում «ջհուդակոմունա» տերմինն օգտագործվում է լեհ աջակողմյան ուժերի և նացիոնալիստների կողմից որպես տերմին՝ անվանելու համար այն ամբողջ վատը, որ եղել է նախկին կոմունիստական Լեհաստանում և ուղղված է գլոբալացման ու եվրոպական ինտեգրացման դեմ[22]։

Պատմագրություն խմբագրել

  • Հրական ծագմամբ լեհ սոցիոլոգ Յան Տոմաշ Գրոսը, բանավիճելով իր հակառակորդների հետ, որոնք պաշտպանում էին այն տեսակետը, թե «ջհուդակոմունան» միայն պատմական փաստ է, պնդում է, որ այդ տերմինը հակասեմական կարծրատիպ է[23],
  • Ամերիկացի պատմաբան, Հոլոքոստի ուսումնասիրող Օմեր Բարտովը պնդում է, որ «ջհուդակոմունա» տերմինը պահպանվել է լեհական քաղաքական բառապաշարում և «խորհրդային օկուպացիայի» կողմնակից հրեաների նկատմամբ անհանդուրժողականության օրինակ է[24],
  • Պատմաբան Ջոաննա Միխլիկը պնդում է, որ ժամանակակից լեհական պատմագրությունը, օտգագործելով «էթնոազգային պատմական մեթոդը», կիրառում է «ջհուդակոմունա» տերմինը որպես գործիք, որի միջոցով փորձում է արդարացնել լեհերի մասնակցությունը Հոլոքոստին[19][25]։

Նացիստական պրոպագանդայում խմբագրել

 
Սխեմա օկուպացված Փարիզում անցկացված հակաբոլշևիստական ցուցահանդեսում. «Համաշխարհային հրեականությանը» ներկայացնող կերպարը պատկերված է որպես վերահսկող Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունն ու մյուս կոմունիստական կուսակցությունները անարխիստների, սոցիալ-դեմոկրատների ու բուրժուական կուսակցությունների հետ միասին, 1942

Թեև նացիստական պրոպագանդան սկզբում մեղադրել է ինչպես հրեաներին, այնպես էլ բոլշևիկներին, այդ երկու կերպարների սերտաճումը «հուդաբոլշևիզմի» միասնական հայեցակարգում տեղի է ունեցել աստիճանաբար։ Վերջնականորեն հայեցակարգը ձևակերպվել և շարադրվել է Յոզեֆ Գեբելսի «Բոլշևիզմը տեսականում և գործնականում» ելույթում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարում՝ 1936 թվականի սեպտեմբերին։

Նացիստական պրոպագանդիստական ֆիլմերում, ինչպիսին է՝ «Հանս Վեստմեր», կոմունիստական առաջնորդների կերպարները հաճախ ունեցել են հրեական գծեր։

Երրորդ ռայխի՝ Խորհրդային Միության դեմ պատերազմն սկսելու հետ նացիստներն ուղղակիորեն նույնացրել են հրեաներին ու «բոլշևիստական կոմիսարներին»։ Հայտնի են դարձել գերմանական պրոպագանդիստական «Խփիր ջհուդ-քաղղեկին, երեսը խնդրում է աղյուս» պլակատը և թռուցիկը[26]։ 1941 թվականի մարտի 3-ին Հիտլերը Գլխավոր շտաբի ղեկավար Այֆրեդ Յոդլին հայտարարել է «հրեա-բոլշևիստական մտավորականության» ոչնչացման անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ, ըստ պատմաբան Առնո Ջ. Մայերի հաշվումների, 1941 թվականի դրությամբ հրեաները կազմել են Կարմիր բանակի քաղաշխատողների ընդամենը 8 %-ը, իսկ կարմիրբանակայինների ընդհանուր թվում՝ 4 %-ը։

Նացիստական պրոպագանդան ընդգծել է, որ Ռուսաստանի բնիկ ժողովուրդները, ներառյալ ռուսները, «հրեական կոմիսարների» կողմից վերածվել են ճորտերի, իսկ «ռուս հայրենասերները» ենթարկվել են դաժան բռնաճնշումների։ «Ջհուդակոմունա» տերմինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում որոշակի տարածում է գտել Արևմտյան Ուկրաինայում, որտեղ աջակողմյան ծայրահեղական նացիոնալիստական կուսակցությունների կողմից հրեաները մեղադրվել են Լվովից խորհրդային զորքերի նահանջից առաջ նացիոնալիստների ձերբակալությունների ու մահապատիժների ժամանակ խորհրդային պետանվտանգության մարմինների հետ համագործակցելու մեջ[27]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Alderman, G. The Jewish Community in British Politics. — Oxford: Clarendon Press, 1983.
  2. United States Senate, Committee on the Judiciary. Brewing and Liquor Interests and German Propaganda: Hearings Before a Subcommittee of the Committee on the Judiciary, United States Senate, Sixty-fifth Congress, Second and Third Sessions, Pursuant to S. Res. 307.
  3. Русский перевод ключевых мест доклада Комиссии Овермэна при Сенате США в 1919 году.
  4. Partridge, Christopher and Geaves, Ron. (2007). “Antisemitism, Conspiracy Culture, Christianity, and Islam: The History and Contemporary Religious Significance of the Protocols of the Learned Elders of Zion”, The Invention of Sacred Tradition, James R. Lewis and Olav Hammer, Eds. pp. 75–95. [Online]. Cambridge: Cambridge University Press. Available from: Cambridge Books Online doi:10.1017/CBO9780511488450.005 [Accessed 12 April 2016]
  5. Frederickson, Kari (1996). «CATHRINE CURTIS AND CONSERVATIVE ISOLATIONIST WOMEN, 1939-1941». The Historian. 58 (4): 826. doi:10.1111/j.1540-6563.1996.tb00977.x. ISSN 0018-2370.
  6. Glen Jeansonne (1997 թ․ հունիսի 9). Women of the Far Right: The Mothers' Movement and World War II. University of Chicago Press. էջ 8. ISBN 978-0-226-39589-0.
  7. Laqueur, Walter Ze'ev (1965 թ․ հունվարի 1). Russia and Germany. Transaction Publishers. էջ 105. ISBN 9781412833547.
  8. Вольфганг Акунов. Евреи в русской армии и унтер Трумпельдор.
  9. 9,0 9,1 Будницкий О. В. В чужом пиру похмелье: евреи и русская революция // Евреи и русская революция : сборник. — Москва: Гешарим, 1999. — С. 3-4. — ISBN 5-89527-014-X.
  10. Будницкий О. В., Долбилов М. Д., Миллер А. И., Глава 9. Евреи в Российской империи (1772—1917) // Западные окраины Российской империи / научные редакторы М. Долбилов, А. Миллер. — 1-е. — М.: Новое литературное обозрение, 2006. — С. 329. — 608 с. — (Окраины Российской империи).
  11. Пученков, А. С. Национальный вопрос в идеологии и политике южнорусского Белого движения в годы Гражданской войны. 1917—1919 гг. // Из фондов Российской государственной библиотеки : Диссертация канд. ист. наук. Специальность 07.00.02. — Отечественная история. — 2005.
  12. В период 1944—1954 в руководстве Министерства в должности от начальника отдела и выше 37,1 % Krzysztof Szwagrzyk Żydzi w kierownictwie UB. Stereotyp czy rzeczywistość?, Biuletyn Instytutu Pamięci Narodowej (11/2005), c. 37-42, («Евреи в начальстве Уряда Безопасности. Стереотип или реальность?» на польск.)статья Արխիվացված 2009-02-06 Wayback Machine, магазин Արխիվացված 2011-05-22 Wayback Machine
  13. Joanna B. Michlic. Magdalena Opalski, Israel Bartal. Poles and Jews: A Failed Brotherhood. University Press of New England, 1992. P. 29-30
  14. Poland’s Threatening Other: The Image of the Jew from 1880 to the Present. University of Nebraska Press, 2006. Pages 47-48
  15. Brian Porter. When Nationalism Began to Hate: Imagining Modern Politics in Nineteenth-Century Poland. Oxford University Press US, 2002. Pages 230ff
  16. Antony Polonsky. «The Dreyfus Affair and Polish-Jewish Interaction, 1890—1914». Jewish History, volume 11, no. 2: 21-40. Page 40.
  17. David S. Wyman, Charles H. Rosenzveig. The World Reacts to the Holocaust. The Johns Hopkins University Press, 1996
  18. Ben Cion Pinchuk. Facing Hitler and Stalin: On the Subject of Jewish «Collaboration» in Soviet-Occupied Eastern Poland, 1939—1941, p.63
  19. 19,0 19,1 19,2 Парадоксы польско-еврейских отношений
  20. Tadeusz Piotrowski (1997). Poland’s Holocaust: Ethnic Strife, Collaboration with Occupying Forces and Genocide…. McFarland & Company. pp. 58-64. ISBN 0-7864-0371-3
  21. Dariusz Stola. «Fighting against the Shadows The Anti-Zionist Campaign of 1968.»/Robert Blobaum, ed. Antisemitism and Its Opponents in Modern Poland. Cornell University Press, 2005
  22. Heil Hitler na 11 listopada
  23. Joanna B. Michlic. «The Soviet Occupation of Poland, 1939-41, and the Stereotype of the Anti-Polish and Pro-Soviet Jew.» Jewish Social Studies: History, Culture, Society. 13, no. 3 (Spring/Summer 2007): 135—176. Page 137
  24. Omer Bartov. «recent+writings» Erased: Vanishing Traces of Jewish Galicia in Present-day Ukraine. Princeton University Press, 2007, p. 206
  25. Joanna B. Michlic. «Antisemitism in Contemporary Poland: Does It Matter? And For Whom Does It Matter?»/ Robert D. Cherry, Annamaria Orla-Bukowska, eds. Rethinking Poles and Jews: Troubled Past, Brighter Future. Rowman & Littlefield, 2007. Page 163
  26. «Бей жида-политрука, рожа просит кирпича!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. Шимон Редлих. Моральные принципы в повседневной действительности: митрополит Андрей Шептицкий и евреи в период Холокоста и Второй мировой войны

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական բոլշևիզմ» հոդվածին։