Հրաշալի աղբյուր («Քաղցր երազներ», թահիթ. Nave nave moe, ֆր.՝ Eau délicieuse ), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։

Հրաշալի աղբյուր
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1894[1]
բարձրություն74 սանտիմետր[1]
լայնություն100 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Առաջին պլանում պատկերված են բլրակի վրա նստած կին-տահիտուհիներ, որոնցից մեկի գլխի շուրջը պսակ է, իսկ մյուսը ձեռքին ունի արևադարձային պտուղ։ Ավելի աջում ծաղկող լիլիաներ են։ Նրանց թիկունքում ոչ մեծ լիճ է, ափին նստած է մերկ կինը, որի կողքին կանգնած է երկար սպիտակ շրջազգեստով ընկերուհին։ Իսկ հետին պլանում՝ ձախում, երևում է մեծ սարը, նրանից մի քիչ աջ՝ մեծ ծառեր և արմավենիներ։ Աջում մեծ գլաքարերի հետևում ցուցադրված են երկու արձան, որոնց շուրջը պարում են չորս կանայք։ Ձախ ներքևի անկյունում նկարի տահիտերեն անվանումն է, նկարչի ստորագրությունը և ամսաթիվը՝ NAVE NAVE MOE P Gauguin / 94։

Նկարը վրձնվել է 1894 թվականի սկզբին Փարիզում Գոգենի՝ Տահիտի առաջին այցելությունից հետո և Ա․Գ․ Բարսկոյի կարծիքով «հավաքական կերպար-հիշողություն է» Պոլինեզիայում գտնվելու մասին[2]։

«Կանայք գետափին» («Հիանալի աղբյուր»-ի էսքիզը)

Նկարն ունի էսքիզ՝ «Կանայք գետափին» (կտավ, յուղաներկ, 31,8 × 40 սմ, մասնավոր հավաքածու), որի վրա պատկերված է կտավի աջ մասը՝ ջրի մոտ գտնվող երկու կերպարանքները, քարերի կույտը և հեռվում ծառերի տակ պարող 3 աղջիկները (արձանները բացակայում են)։ Չնայած էսքիզը նկարիչը թվագրել է 1892 թվականով, Գոգենի ստեղծագործության կատալոգի կազմող Ժ․ Վիլդենշտեյնը այն ներառել է 1898 թվականի ստեղծագործությունների մեջ[3]։ Ա․Գ․ Բարսկայան մատնանշում է, որ քանի որ էսքիզում վերջին թիվը պարզ չի գրված, Վիլդենշտեյնը այն ճիշտ չի կարդացել և ընդունել է որպես 8[4]։ Ա․Գ․ Կոստենևիչը նշել է, որ այդ էսքիզը արված է «եթե ոչ բնությունից, ապա կենդանի տպավորություններով, գրեթե իմպրեսիոնիստական ոճով»[5]։

Գոգենը այս կտավում կիրառել և հանրագումարի է բերել մի քանի մոտիվներ ու պատկերներ, որոնք ներգրավված էին նաև նախորդ մի շարք աշխատանքներում։

Նստած աղջիկները առկա են «Մեծ ծառ» նկարում, որը պահվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում։ Այդ աշխատանքում նրանք գտնվում են նկարի տարբեր մասերում (կտավ, յուղաներկ, 74 × 92,8 սմ)[6]։ Կոստենևիչը դրանք բնորոշում է որպես Մարիամ Աստվածածին և խնձորով Եվային խորհրդանշող պատկերներ[5]։ Մոտ 1893-1894 թվականներին Գոգենը իր «Նաո-Նաո» գրքի ձեռագրի և ձևավորման վրա աշխատելիս ստեղծել է փայտի վրա փորագրություն, որը նրա մտահաղացմամբ պետք է դառնար գրքի տիտղոսաթերթը․ այդ փորագրության վերին մեդալիոններում նա օգտագործել է «Եվայի» և «Մարիամի» կերպարները։ Փորագրության բնօրինակ տպագիր ձևը և նրա հեղինակային դրոշմանկարներից մեկը գտնվում են Մետրոպոլիտեն թանգարանում[7][8]։ Այս փորագրության հեղինակային դրոշմանկարները կան նաև աշխարհի այլ թանգարաններում։

«Նոա Նոա» գրքի տիտղոսաթերթի փարագրության հեղինակային դրոշմանշան Արվեստի ազգային պատկերասրահ[9]

Կլորացված պսակով մեծ ծառը երկրորդ պլանով կա նաև «Նախկին ժամանակներում» (Տիսեն-Բորնեմեսի թանգարան)[10] և «Հինայի տոնակատարություն» (մասնավոր հավաքածու ԱՄՆ-ում)[11] նկարներում և առանցքային տարր է «Կանայք գետափին» (Վան Գոգի թանգարան)[12] և «Լեռան ստորոտին» (Էրմիտաժ)[13] նկարներում։ Լիլիա ծաղկի համանմանը հանդիպում ենք «Տահիտական հովվերգություն» նկարում (Էրմիտաժ)[14]։

Բարսկոյի կարծիքով երկու արձանները, որոնց շուրջը պարում են աղջիկները, ուղիղ կապ ունեն պոլինեզական մշակույթի՝ լուսնի աստվածուհի Հինայի հետ[4]։ Սակայն Ա. Գ. Կոստենևիչը, հղում անելով բրիտանացի հետազոտող Ռ. Ֆիլդին, գրում է, որ այդ արձանը, հնարավոր է, Տաարոյի (Տանգարոյի) գերագույն աստվածն է և նրա կանանցից մեկը[15]։ Արձանը առկա է նաև «Նրա անունը Վայրաումատի է» նկարում (Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)[16]։ Պարող աղջիկները գրեթե բառացի «մեջբերված են» «Նախկին ժամանակներում» նկարից։ Միայնակ արձանի համանման պատկերը կա Գոգենի մի քանի նկարներում[17]։ Պատկերի կերպարի հիմնական աղբյուրը Ժ․Ա․ Մորենհուտի «Ճանապարհորդություն մեծ օվկիանոսի կղզիներում» գրքի նկարագրությունն է (Փարիզ, 1837)։ Բ. Դանիելսոնը նշում է, որ Գոգենը անկասկած ծանոթ է եղել այս գրքին և կարդացել է այն արդեն իսկ Տահիտիում գտնվելու ժամանակ․ «Գոգենը այնքան էր տարված էպիկական պատմությամբ, հավատում էր Մուրենհութի բոլոր վերակառուցումներին ու մեկնաբանություններին, չնայած նրանց մեջ կան բազմաթիվ սխալներ»[18]։

Գոգենը ջրի մոտ նստած մերկ աղջկա կերպարը ավելի վաղ օգտագործել է որպես «Իսկ դու խանդու՞մ ես» նկարի հիմնական կերպար (Պուշկինի թանգարան)[19], կրկնված է նաև «Մեծ Բուդդա» կտավում (կրկին գտնվում է Պուշկինի թանգարանում)[20]։

Նկարի տահիտերեն անվանումը՝ «Nave nave moe», տարբեր ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում։ Կան տարբերակներ «Քաղցր երազանք», «Հիասքանչ երազատեսություն» և «Հանգստության ուրախություն»[15]։ Սակայն 1895 թվականի փետրվարի 18-ին, երբ նկարը ցուցադրվել է Գոգենի նկարների և կտավների վաճառքում՝ փարիզյան «Օտել Դյուրո» աճուրդի տանը, որից ստացված փողերը օգտագործվել են Գոգենի՝ Տահիտի նոր ճամփորդության համար, հավանաբար Գոգենի կազմած կատալոգում նկարի անվանումը կրկնօրինակվել է ֆրանսերեն «Eau délicieuse»՝ «Կախարդող (կամ Քաղցր) աղբյուր»[2]։ Այս վաճառքում նկարը 340 ֆրանկով ձեռք է բերել բելգիացի նկարիչ Էմիլ Շուֆենկերը։ Սակայն վերջինիս հավաքածուում նկարը գտնվել է կարճ ժամանակ և 1897 թվականի նոյեմբերի 10-ին Դասբուրի վաճառքում վաճառվել է 160 ֆրանկով։

Հետագայում նկարը ցուցադրվել է Ամբրուազ Վոլար պատկերասրահում, որտեղ նրան տրվել է «Fête champêtre» («Գյուղական տոն») անվանումը։ 1907 թվականին հոկտեմբերի 5-ին 8000 ֆրանկով այն ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․Ա․ Մորոզովը[5]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից նկարը գտնվում է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում, որտեղ ստացել է իր կայուն անվանումը՝ «Հիանալի աղբյուր»։ 1931 թվականին նկարը հանձնվել է Էրմիտաժի թանգարան[2]։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 412 սրահում[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28178/
  2. 2,0 2,1 2,2 Барская, Костеневич, 1991, էջ 155
  3. Wildenstein, 1964, էջ 241
  4. 4,0 4,1 Барская, Костеневич, 1991, էջ 156
  5. 5,0 5,1 5,2 Братья Морозовы, 2019, էջ 148
  6. The Cleveland museum of Art. — Paul Gauguin. The Large Tree.
  7. MET. — Печатная форма для титульного листа «Noa Noa»
  8. MET. — Paul Gauguin. Noa Noa
  9. National Gallery of Art. — Paul Gauguin. Noa Noa (Fragrant, Fragrant)
  10. Thyssen-Bornemisza National Museum. — Paul Gauguin. Mata Mua (In Olden Times)
  11. Wildenstein, 1964, էջ 203
  12. Van Gogh Museum. — Paul Gauguin. Women on the Banks of River
  13. Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «У подножия горы».
  14. Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Таитянские пасторали».
  15. 15,0 15,1 Костеневич, т. 2, 2008, էջ 33
  16. ГМИИ им. А. С. Пушкина. — Поль Гоген. Vairaumati tei oa (Её звали Вайраумати).
  17. Wildenstein, 1964, էջ 189, 190, 195, 203
  18. Даниельссон, 1973, էջ 91
  19. ГМИИ им. А. С. Пушкина. — Поль Гоген. Aha oe feii? (А, ты ревнуешь?).
  20. ГМИИ им. А. С. Пушкина. — Поль Гоген. Великий Будда.
  21. Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Чудесный источник».

Գրականություն խմբագրել

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Даниельссон Б. Гоген в Полинезии / пер. с швед. Л. Жданова. — М: Искусство, 1973. — 280 с.
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.