Հրային սալամանդր, բծավոր սալամանդր, անձրային մողես կամ սովորական սալամանդր (լատին․՝ Salamandra salamandra), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ։

Հրային սալամանդր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Ցեղ Սալամանդրեր
Տեսակ Ս. սալամանդր
Լատիներեն անվանում
Salamandra salamandra
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը։

Հրային սալամանդրի տեսակն առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լիննեյի կողմից։ Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայի միջին և հարավային մասերում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։

Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա։ Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում։

Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևելքը։ Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսը։ Արևելյան եզրերը հանդիսանում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Իրանի տարածքները։

Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում։ Ապրում է նաև Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Ալբանիայի, Անդորայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Մակեդոնիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքներում։

Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև Բրիտանական կղզիներում։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի և պոչի ընդհանուր երկարությունը կազմում է 25-28 սմ։ Պոչը բավականին երկար է և կազմում է գրեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ։

Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր։ Առջևի վերջույթներն ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի։

Մարմնի գունավորումը վառ սև է՝ փայլուն երանգով։ Փորի և մեջքի վրա կան դեղին լավ տեսանելի բծեր։

Կենսակերպ խմբագրել

Վարում է ցերեկային կենսակերպ։ Հրային սալամանդրը հիմնականում խուսափում է բաց և չոր տեղերից։ Առավել ակտիվ է անձրևային օրերին և դա է պատճառը, որ այս պոչավորներին հաճախ անվանում են նաև անձրևային մողես։

Նորմայից ցածր ջերմաստիճանին բավականին լավ է դիմանում և անշարժանում է -2-4 °C ջերմաստիճանային պայմաններում։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բեղմնավորումը ներքին է։ Սովորական սալամանդրայի բեղմնավորումը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի։

Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած սպերմատոֆորները։ Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ։ Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ։

Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր։ Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։