Հռոմի մեծ հրդեհ (լատին․՝ Magnum Incendium Romae), քաղաքային հրդեհ Հռոմում, որ սկսվեց մ.թ. 64 թվականի հուլիսի 18-ի գիշերը։ Այն պատճառեց ահռելի վնաս և ոչնչացրեց քաղաքի կեսը։ Հրդեհը կանգնեցվեց միայն վեց օր անց։ Տարատեսակ աղբյուրներ կա՛մ մեղադրում են կայսր Ներոնին հրդեհը սկսելու մեջ, կա՛մ նրան են վերագրում հրդեհի մարումը և տուժածներին օգնություն ցույց տալը։ Իր հերթին Ներոնը մեղադրեց քաղաքի այդ ժամանակ ամենաթույլ խմբին՝ քրիստոնյաներին, որի հետևանքով սկսվեցին նրանց հալածանքները, որոնք դադարեցին միայն Կոստանդիանոս Մեծի օրոք՝ 4-րդ դարում[1]։

Հռոմի մեծ հրդեհ
Տեսակքաղաքային հրդեհ
ՏեղադրանքՀռոմ
ԵրկիրՀին Հռոմ
Ժամանակի սկիզբհուլիսի 19, 64
Ժամանակի վերջհուլիսի 26, 64
 Great Fire of Rome Վիքիպահեստում
Հենրիխ Սեմիրադսկու Ներոնի ճրագները: Ըստ Տակիտոսի հրդեհի համար Ներոնը մեղադրեց քրիստոնյաներին:

Փաստերի ստուգում խմբագրել

Դեպքի պատմական իրողությունն ստուգելու երեք երկրորդական աղբյուր կա` Դիոն Կասիոսը, Սուետոնիոսն ու Տակիտոսը։ Առաջնային վկայությունները, որոնք հավանաբար ներառում էին վավերագրեր` գրված Ֆաբիուս Ռոստիկոսի, Մարկոս Կլավիոս Ռուֆոսի և Պլինիուս Ավագի կողմից, չեն պահպանվել։ Հրդեհի ու Ներոնի հետ կապված առնվազն հինգ պատմություն կա.

  • Ներոնը, քաղաքն ավերելու մոլուցքով բռնված, հարբած ձևացող մարդկանց է ուղարկում` քաղաքը հրդեհելու։ Ներոնը դիտել է այս տեսարանն իր պալատից` երգելով[2]։
  • Ներոնը միանգամայն բացահայտ կերպով մարդկանց ուղարկել է քաղաքը հրդեհելու։ Նա դիտել է հրդեհը աշտարակի գագաթից` կրկին երգելով[3]։
  • Ներոնը մարդկանց ուղարկել է քաղաքն այրելու և հետևել է տեղի ունեցածին իր առանձնահարկից` երգելով[4]։
  • Հրդեհը պատահաբար է բռնկվել։ Ներոնն Անցիումում է եղել[5]։
  • Հրդեհի պատճառ են դարձել արդեն վատ համբավ ունեցող քրիստոնյաները։ Այս պատմությունը տարածվել է` մեկ ուրիշին մեղադրելու համար, քանի որ բամբասանքներն ասում էին, թե Ներոնն է դրա մեղավորը[6]։

Պատմություն խմբագրել

Հրդեհը դատարկեց Հռոմի 14 թաղամասերից 11-ը։ Այն սկսվեց 64 թվականի հուլիսի 18-19-ին, Մեծ կրկեսի հարավարևելյան հատվածում գտնվող խանութներից։ Առավոտյան արդեն հրդեհի մեջ էր քաղաքի մեծ մասը, և միայն վեց օր անց հրդեհը հնարավոր եղավ մարել։

Հռոմի բնակչությունը մեկ միլիոնից ավելի էր։ Գրանցված քաղաքացիների կողքին այնտեղ ապրում էին մեծ թվով չհաշվառված ստրուկներ, հարևան պրովինցիաներից սեզոնային աշխատողներ, ինչպես նաև` անօրինական միգրատներ կայսրության սահմաններին հարակից երկրներից։ Կրակը շատ արագ էր տարածվում, դրան նպաստում էին նեղ փողոցներն ու հսկայական շինությունները, որոնք նաև խոչընդոտում էին հրդեհից փրկվող մարդկանց տեղաշարժմանը։ Սուրբ փողոցը Վեստայի տաճարի և շատ այլ կառույցների հետ միասին ամբողջությամբ այրվել է։

Ըստ որոշ լեգենդների` Ներոնը հետևել է հրդեհին անվտանգ տարածությունից` թատերական զգեստներով։ Սակայն ժամանակակից աղբյուրներն առավել հակված են հիմնվել Տացիտի կողմից տրված նկարագրությանը, ով մանուկ հասակում վերապրել է հրդեհը։ Ըստ նրա վկայության՝ Ներոնն առանց հապաղելու շտապել է Հռոմ և իր հաշվին փրկարարական խմբեր է ձևավորել` մարդկանց ու քաղաքը փրկելու համար։ Միևնույն ժամանակ, դեռ հրդեհի պահին էլ նա քաղաքի վերականգնման ծրագիր է մշակել։ Այստեղ Ներոնը սահմանել է տների միջև անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը, նոր փողոցների նվազագույն լայնությունը, պարտադրել է քաղաքում ստեղծել միայն քարե կառույցներ, ինչպես նաև` բոլոր նոր տները կառուցել այնպես, որ տան հիմնական մուտքը լինի ոչ թե դեպի բակ ու այգի, այլ` դեպի փողոց։

Հրդեհը տևեց վեց օր ու յոթ գիշեր։ Այն մարելուց հետո պարզ է դարձել, որ քաղաքի 14 շրջաններից չորսն ամբողջությամբ այրվել են, ևս յոթը մեծապես վնասվել են։ Ներոնն իր պալատի դռներն է բացել անօթևան մնացած մարդկանց համար, ինչպես նաև` ամեն ինչ արել է սննդի մատակարարումն ապահովելու ու սովից մահացության դեպքեր բացառելու համար։ Քաղաքը վերականգնելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ եղել։

Հնարավոր է, որ Ներոնը հրդեհի հետ կապ չի ունեցել, սակայն անհրաժեշտ է եղել հրդեհի համար պատասխանատուներ գտնել։ Եվ այդ պատասխանատուները դարձան քրիստոնյաները։ Հրդեհից քանի օր անց նրանց մեղադրեցին աղետի համար։ Հռոմում սկսվեցին կոտորածներ ու կախաղաններ։

Հռոմի հրդեհն ու դրան հետևած քրիստոնյաների հանդեպ հալածանքները Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» պատմավեպի կենտրոնական իրադարձություններից են։ Վեպում հրդեհի նախաձեռնողը Ներոնն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dando-Collins, Stephen (September 2010). The Great Fire of Rome. Da Capo Press. ISBN 978-0-306-81890-5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  2. Cassius Dio
  3. Suetonius. "Life of Nero". Lives of Twelve Caesars.
  4. Tacitus, Anal XV.38–44
  5. Tacitus, Annals XV.38–9
  6. Tacitus, Annals XV.44