Հոտավետ նյութեր, բնորոշ հաճելի հոտով օրգանական միացություններ, որոնք օգտագործվում են օծանելիքի ու կոսմետիկական տարբեր նյութերի, օճառի, սինթետիկ լվացող միջոցների, սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ։ Դրանք լայնորեն տարածված են բնության մեջ։ Դրանք մտնում են եթերային յուղերի, հոտավետ խեժերի, ինչպես նաև բուսական և կենդանական ծագում ունեցող նյութերից անջատվող օրգանական այլ նյութերի բարդ խառնուրդների մեջ։ Օրգանական նյութերի հոտի և դրանց կառուցվածքի փոխադարձ կապի մասին կան բավականաչափ փորձնական տվյալներ, սակայն դեռևս հնարավոր չէ ճշգրտորեն կանխագուշակել սինթեզված նոր նյութի հոտը՝ հիմնվելով նրա կառուցվածքի վրա։ Բայց և այնպես կարելի է դուրս բերել մի քանի օրինաչափություններ օրգանական նյութի հոտի վրա կառուցվածքի ունեցած ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես, հոտի վրա մեծ ազդեցություն ունի մոլեկուլի մեծությունը և ճյուղավոր վածության աստիճանը։ Մոլեկուլի մեջ ածխածնի ատոմների ճյուղավորված շղթա ունեցող միացություններն ունեն ավելի ուժեղ և հաճախ ավելի հաճելի հոտ, քան գծային շղթա ունեցողները։ Հոտի վրա ազդում են նաև տեղակալիչների դիրքը, բազմակի կապերի առկայությունը, տարածական գործոնները և ամբողջությամբ վերցված մոլեկուլի կառուցվածքը։

Հոտավետ նյութերի տեսակներ խմբագրել

Արդյունաբերության մեջ կիրառվում են հետևյալ նյութերը.

  1. լինալոոլն ունի հովտաշուշանի հոտ - (CH3)2C=CH (CH2)2C (CH3) (OH)CH=CH2
  2. ցիտրոնելոլը - (CH3)2C==CH (CH2)2CH (CH3)CH2CH2OH
  3. β-ֆենիլէթիլսպիրտը ունի վարդի հոտ - C6H5CH2CH2OH
  4. ցիտրալը ունի կիտրոնի հոտ - (CH3)2C=CH (CH2)2C (CH3)=CHCHO
  5. դիֆենիլեթերը ունի խորդենու հոտ, իոնոնների նոսր լուծույթները՝ մանուշակի հոտ - C6H5OC6H5

Արդյունաբերության մեջ hոտավետ նյութերը սինթեզում են քիմիական հումքից և անտառաքիմիական արդյունաբերության նյութերից (բևեկնայուղեր)։ Մշակված են նախկինում բնական հումքից ստացվող բազմաթիվ հոտավետ նյութերի, ինչպես նաև բնության մեջ դեռևս չհայտնաբերված հոտավետ նյութերի սինթեզի եղանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 584