Հովհաննես Սկիլիցես (հուն․՝ Ἰωάννης Σκυλίτζης, նաև Σκυλλίτζης/Σκυλίτσης, մոտ 1040[1] - ոչ վաղ քան 1101), XI դարի 2-րդ կեսի բյուզանդական ժամանակագիր։ Գրել է «Համառոտություն պատմությանց» աշխատությունը (շարադրված են 811-1057 թթ-ի իրադարձությունները), որտեղ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև հայ-բյուզանդական հարաբերությունների, Բյուզանդիայում հայերի դերի, բյուզանդական հայազգի կայսրերի (Նիկեփորոս II Փոկաս, Հովհաննես I Չմշկիկ, Բարսեղ Բ ևն), Հայկական հարստության, Հայաստանում կայսրության նվաճողական քաղաքականության, Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների անկման, բյուզանդական տիրապետության հաստատման, սելջուկյան թուրքերի նվաճումների վերաբերյալ։

Հովհաննես Սկիլիցես
Ծնվել էմոտ 1040[1]
Մահացել էոչ վաղ քան 1101
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և գրող
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
 Madrid Skylitzes Վիքիպահեստում
Հունական կրակը. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից։

Սկիլիցեսի «Համառոտություն պատմությանց» աշխատությունը հայերեն է թարգմանել Հրաչ Բարթիկյանը[2]։

Տեղեկություններ անձի մասին խմբագրել

Հովհաննես Սկլիցեսի անձի մասին տեղեկությունները ծայր աստիճան աղքատիկ են։ Իր աշխատության խորագրում նշված է, որ նա կյուրապաղատ էր և վիգլայի դրունգար։ Կարծում են, որ Հովհաննես Սկիլիցեսը և կյուրապաղատ ու վիգլայի դրունգար, պրոտովեստիարիոս Հովհաննես Թրակեսիացին նույն անձնավորությունն են։ Հայտնի է, որ Հովհաննես Թրակեսիացին 1092 թվականին մի հուշագիր է ներկայացրել Ալեքսիոս կայսրին։ Կյուրապաղատը Բյուզանդիայում բարձր պատվաստիճան էր, որի կրողը վաղ շրջանում կայսրից, կեսարից և նոբելիսսիմոսից հետո չորրորդ մարդն էր։ Բայց IX դարի վերջից այդ պատվաստիճանն սկսեց հասարականալ, մասամբ այն պատճառով, որ արդեն շնորհվում էր և օտարերկրացի իշխանավորներին։ Ինչ վերաբերում է վիգլայի դրունգարին, ապա այդ պաշտոնի կրողը Կոստանդնուպոլսում գտնվող չորս գվարդիաներից մեկի՝ Արիթմոսների հրամանատարն էր։ Այս գվարդիայի հիմնական պարտականությունը արքունիքի անվտանգության ապահովումն էր։

 
Վասիլ Ա-ն ըմբշամարտում հաղթում է բուլղար չեմպիոնին. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից:

Սկիլիցեսը ծերակուտական էր, նա դրական է գնահատում այն կայսրերին, որոնք սիրալիր էին ծերակույտի հանդեպ, և պարսավում է նրանց, որոնք ոտնահարում կամ արհամարհում էին նրա շահերը։ Սկիլիցեսը զայրացած է այն բանի համար, որ Միքայել VI-ը պատասխանատու պաշտոններում նշանակեց ոչ թե ծերակուտականներին, այլ մանր ծառայողներին։ Մեր պատմիչը, լինելով ռազմական շրջաններին մոտիկ կանգնած անձնավորություն, հետևողականորեն պաշտպանում է ռազմական ավագանու շահերը, բարձր գնահատում բանակի դերը երկրի պաշտպանության գործում։ Որպես իր ժամանակի ծնունդ, Սկիլիցեսը ծայր աստիճան սնոտիապաշտ է։ Նա հավատում է, թե կայսրության սահմաններում խոշոր եղջերավոր անասունների անկման պատճառը, Կոստանդնուպոլսում ամառային պալատի կառուցման ժամանակ հիմքեր փորելիս հայտնաբերված ցլի մարմարյա գլուխը բանվորների կողմից ջարդելն ու կիր պատրաստելու համար կրակը նետելն էր։ Նա հավատում է ժողովրդի մեջ տարածված զրույցներին, թե Նիկեփոր II Փոկասը, թեև կարող էր գրավել Անտիոքը, չգրավեց այն, քանզի կանխագուշակված էր, թե քաղաքի առման օրը կայսրը մեռնելու է։ Ավելորդ է ասել, որ տարերային երևույթները՝ երկրաշարժ, գիսավոր աստղի երևալը, արեգակի խավարումը և այլն, անպայման վատ բան են կանխագուշակում (կայսեր մահ, ապստամբություններ, թշնամիների արշավանք, հոռոմների պարտություն և այլն)։ Նա հավատում է նաև տեսիլքներին ու երազներին։ Հովհաննես Սկիլիցեսն ապրել է XI դարի երկրորդ կեսին և XII դարի առաջին տարիներին և հույն ուսումնասիրող Ե. Ցոլակիսի հաշվումներով ծնվել է 1045 թ. հետո։ Նա իրեն փիլիսոփա Փսելլոսի (1018—1096) ժամանակակից է համարում։ Ահա այն ամենը, ինչ մենք գիտենք Հովհաննես Սկիլիցեսի մասին։ Նրա նշանավոր պատմական երկը կոչվում է «Համառոտութիւն պատմութեանց», որից բացի գրել է նաև իրավագիտական գործեր։

Հովհաննես Սկիլիցեսի պատմագրությունը խմբագրել

 
Լևոն Թոռնիկը հարձակվում է Կոստանդնուպոլսի վրա. Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից

Հովհաննես Սկիլիցեսի պատմական երկը ներկայացնում է Թեոփանես Խոստովանողի հայտնի ժամանակագրության շարունակությունը, սկսվում է այն տեղից, որտեղ Թեոփանեսն ավարտել է իր գործը (811 թվական) և հասցվում է մինչև 1057 թվականը՝ մինչև Իսահակ I Կոմնենոսի՝ բյուզանդական գահին տիրանալը։ Սկիլիցեսի գործը շարունակվել և հասցվել է մինչև Նիկեփոր III Բոտանիատես կայսեր թագավորության վերջը (1081 թվական)։ Ի՞նչ աղբյուրներ է օգտագործել Հովհաննես Սկիլիցեսը «Համառոտութիւն պատմութեանցը» շարադրելիս։ Ամբողջ ժամանակագրության մեջ նա ոչ մի հղում չի տալիս, ոչ մի աղբյուր, հեղինակ չի հիշատակում, բայց իր համառոտ նախաբանում հիշում է բազմաթիվ հեղինակների անուններ։ Այդ նախաբանից պարզ է դառնում, որ Հովհաննես Սկիլիցեսի համար պատմություն շարադրելու տիպարներ են եղել Գեորգիոս Վանականն ու Թեոփանես Խոստովանողը։ Քանի որ վերջինս իր շարադրանքը հասցրել էր մինչև 811 թվականը, ապա Սկիլիցեսը, համոզված լինելով, որ այս երկուսից հետո գրված պատմագիտական երկերը քննադատության չեն դիմանում, իր ժամանակագրությունն սկսում է հենց 811 թվական։ Հովհաննես Սկիլիցեսի հիշատակած մյուս հեղինակների մեծ մասը մեզ հայտնի է սոսկ իրենց անուններով։ Դրանցից են Մանուիլը, որ ութ գրքից բաղկացած իր պատմական երկը ձոնել էր X դարի հայազգի նշանավոր զորավար Հովհաննես Կուրկուասին (Գուրգեն), շատ քիչ բան գիտենք Վասիլ II-ի ժամանակակցի՝ Թեոդորոս Սեբաստացու մասին։ Նրա երկից պահպանվել է ընդամենը երեք հատված, որոնք վերաբերում են Վասիլ II-ի թագավորությանը։ Մնացած հեղինակների մասին գրեթե ոչինչ չգիտենք։ Օգտագործե՞լ է արդյոք Հովհաննես Սկիլիցեսն իր հիշած հեղինակների գործերը։ Մի բան որոշ է, որ նա չի օգտագործել Նիկետաս Պափլագոնացու աշխատությունը, ոչ էլ Մանուիլի՝ Հովհաննես Կուրկուասին ձոնված գիրքը։ Սկիլիցեսը պատրիարք Փոտի, պատրիարք Իգնատիոսի և Հովհաննես Կուրկուասի մասին շարադրանքը վերցրել է Թեոփանեսի Շարունակողից, այն է եղել նրա հիմնական աղբյուրը 811—945 թվականներ պատմության համար։ Ռոմանոս Լակապենոսի (920— 944 թվականներ) անկումից սկսած դեպքերի շարադրանքի համար Սկիլիցեսն այլևս չի օգտագործում Թեոփանեսի Շարունակողի տարեգրությունը։

«Սկիլիցեսի Շարունակող» խմբագրել

Հովհաննես Սկիլիցեսի աշխատության մի բաժինը հայտնի է այս անունով, որն ընդգրկում է 1057—1080 թվականների դեպքերի շարադրանքը։ Մի շարք փաստեր, սակայն, վկայում են, որ «Շարունակության» բնագիրը նախապես չէր ավարտվում այն տեղում, ինչ մեզ այսօր հայտնի Է, այսինքն Նիկեփոր III Բոտանիատեսի թագավորության երկրորդ տարով, այլ շարադրանքը հասցվում Էր մինչև Ալեքսիոս I Կոմնենոսի գահ բարձրանալը (1081 թվական)։ Փաստերից մեկն այն է, որ 12-րդ դարի առաջին կեսում արտագրված ձեռագիրն ունի հետևյալ խորագիրը. «Հովհաննես կյուրապաղատի՝ վիգլայի նախկին դրունգար սկիլիցեսի պատմությանց համառոտությունը, որն սկսվում է նախկինում գենիկոնի պաշտոնը վարած Նիկեփոր կայսեր մահից և ավարտվում Ալեքսիոս Կոմնենոսի հռչակմամբ»։ Հենց Շարունակության բնագրից Էլ երևում Է, որ վերջից պակասավոր Է, նախադասությունը կիսատ Է մնացել, հակա դրությունը չկա։ Ենթադրվում է, որ պակասում է երեք ու կես էջ։ Անվիճելի է, որ պատմության այս հատվածը շարադրված է 1101 թվականից հետո, քանզի նա հիշատակում է Բոդինոսի՝ խրվաթների իշխան Միխայիլասի որդու իշխանության ավարտը։ Հայտնի է, որ Բոդինոսն իշխեց մինչև 1101 թվականը։ Շարադրության այս հատվածի հեղինակն իր երկի մի մասը արտագրել է այլ աղբյուրներից, մի մասը շարադրել իբրև ականատես, քանզի հայտնի է, որ նա դեպքերի ժամանակակիցն է։ Պատմագիտության մեջ երկու տարբեր կարծիք կա Սկիլիցեսի Շարունակողի անձի մասին։ Ոմանք կարծում են, որ սա իրականում հենց նույն Սկիլիցեսն է, ուրիշները հակված են մտածելու, որ մեզ բոլորովին անհայտ հեղինակ է։

Սկիլիցեսի երկի արժեքը՝ հայոց պատմության համար խմբագրել

 
Վասիլ Ա-ի թագադրումն իբրև կայսերակից. Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից:

Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրությունն՝ իր Շարունակությամբ հանդերձ, անգնահատելի արժեք է ներկայացնում ոչ միայն հայոց պատմության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հայ-բյուզանդական փոխհարաբերությունների ուսումնասիրության համար, այլև Հայաստանի պատմական աշխարհագրության, անգամ ազգագրության։ Նա հնարավորություն է տալիս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու հայերի՝ բյուզանդական ավագանու կազմում խաղացած դերը, մի բան, որ հազիվ թե կարելի լիներ անել լոկ Լևոն Սարկավագի, Միխայիլ Փսելլոսի և Միքայել Ատտալիատեսի՝ այդ շրջանի մյուս մատենագիրների գործերով։ Ի դեպ, նույնը կարելի է ասել հայկական աղբյուրների մասին, քանզի, ինչքան էլ տարօրինակ թվա, այդ հարցը միջնադարյան հայ հեղինակների տեսադաշտից դուրս է գտնվել։ Հայ պատմիչներին քիչ է հետաքրքրել Բյուզանդական կայսրության պատմությունը, առավել ևս՝ Բյուզանդիայում ապրող և ծառայող հայ բարձրաստիճան ազնվականությունը, հավանաբար այդ մասին բավարար տեղեկություններ չունենալու պատճառով։ Բոլոր դեպքերում փաստ է, որ միջնադարյան Հայաստանում և ոչ մի բյուզանդական պատմիչի գործը չի թարգմանվել հայերեն։ Բայց և այնպես՝ դա դեռևս ապացույց չէ այն բանի, որ բյուզանդական պատմիչների գործերին Հայաստանում բոլորովին անտեղյակ էին։ Ուստի կարելի է առանց վարանելու ասել, որ Սկիլիցեսի և նրա Շարունակության տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին բացարձակապես նորություն են, չկան հայկական միջնադարյան աղբյուրներում և եթե այս կամ այն դեպքի կամ դեմքի մասին գտնվի որևէ տեղեկություն, ապա այն էլ դիտված է այլ տեսանկյունից և այլ կերպ է լուսաբանված։ Այդ երկու՝ բյուզանդական և հայկական աղբյուրներում առկա փաստերի համադրությամբ և համեմատությամբ միայն կարելի է ճիշտ պատկերացում կազմել որևէ հարցի վերաբերյալ։

Հովհաննես Սկիլիցեսի անդրադարձները հայերի մասին խմբագրել

 
Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից

Դժբախտաբար Սկիլիցեսը (ոչ միայն նա, այլև բյուզանդական հեղինակներն ընդհանրապես) ոչինչ չի ասում Բյուզանդիայի տարածքի վրա ստեղծված հայկական գաղութների մասին, հայ աշխատավորության, առևտրական֊արհեստավորական խավերի մասին, որոնք, կասկածից վեր է, Բյուզանդիայում եղել են և լայն գործունեություն ծավալել։ Այդ հարցը միջնադարյան հեղինակներին քիչ է հուզել, կամ, ավելի ճիշտ՝ ամենևին չի հետաքրքրել։ Ինչ վերաբերում է բյուզանդական ավագանու կազմում (հատկապես ռազմական) հայերի խաղացած դերին, ապա Սկիլիցեսի տվյալներն այդ մասին չափազանց հանգամանալից են։ Այս երկում կհանդիպենք ամենացածր զինվորական աստիճանը կրողից մինչև կայսեր գահին, գուցե և Կոստանդնուպոլսի պատրիարքի աթոռին բազմած (եթե նկատի ունենանք պատրիարք Հովհաննես Քսիֆիլինոսի եղբոր անունը՝ Վարդ, ապա հայկական ծագում պիտի տանք նաև պատրիարքին) բազմաթիվ հայերի մասին ամենամանրամասն տեղեկությունների։ Սկիլիցեսը և նրա Շարունակողը հանվանե հիշում են շուրջ հարյուր հայ բարձրաստիճան գործիչների, որոնց բացարձակ մեծամասնությունը անծանոթ է միջնադարյան հայ հեղինակներին (Շարունակողի հիշատակած Պավղոսին, Եդեսիայի կառավարչին, օրինակ, չգիտե անգամ Մատթեոս Ուռհայեցին)։ Դեռ ավելին, այս հեղինակից կարելի է իմանալ նաև բյուզանդական ծառայության մեջ գտնվող հայկական առանձին զորամասերի մասին։ Այդ հարցի վերաբերյալ հայկական աղբյուրները բավական առատ տեղեկություններ են հաղորդում, բայց միայն Սկիլիցեսից կարելի է իմանալ, որ Բյուզանդիայում ծառայող հայկական զորամասերը կրում էին իրենց՝ հայկական համազգեստը և իրենց արտաքինով միանգամայն տարբերվում էին հույն զինվորներից։ Սկիլիցեսից և այլ աղբյուրներից կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև Բյուզանդիայի Հայ ազգաբնակչության նկատմամբ բնիկների ունեցած վերաբերմունքի մասին։ Այն միշտ չէ, որ եղել է բարյացակամ և դրա մեջ քիչ դեր պետք է խաղացած չլինի դավանանքի տարբերությունը։ Նիկեփոր II Փոկասին մայրաքաղաքի բնակչությունը չի սիրում, քանզի նա հայ է, Վարդաս Սկլերոսի ապստամբության ժամանակ գերի ընկած հայերին են միայն սրի քաշում և այլն։ Տարբեր չէր և հայերի վերաբերմունքը դեպի բյուզանդացիները։ Ռոմանոս IV Դիոգենեսը Եկեղյաց գավառում միջոցների է դիմում, որպեսզի իր զինվորները հայերից սրի չքաշվեն։ Սկիլիցեսի և նրա Շարունակողի տվյալները Հայաստանի պատմական աշխարհագրության մասին շատ-շատ են։ Բավական է միայն թվարկել անուններն այն նահանգների, քաղաքների, բերդերի, որ հիշում է պատմիչը, համոզվելու համար այդ բանում. Մեծ Հայք (Շիրակ), Իբերիա (Տայք)» Վասպուրական, Եկեղյաց գավառ, Անի, Դվին, Կարս, Վան, Գանձակ, Մանազկերտ, Բերկրի, Թեոդոսուպոլիս (Կարին), Խլաթ, Սեբաստիա, Մելիտենե, Տիվրիկ, Արծն, Արգովան, Սուրմառի, Սր. Գրիգոր, Ամբերդ, Ծիծեռնակաբերդ, Ծամնդավ, հետո՝ Հայաստանից դուրս գտնվող, բայց հայաշատ Եդեսիա, Տլուք, Կարկառ, Մոպսուեստիա (Մսիս), Սարվանդիքար, Ադանա, Լարիսա, Աբարա, Գերմանիկիա (Մարաշ), Մարտիրուպոլիս (Նփրկերտ), Լիկանգոս, Կուկուսոս, Կոլոնիա և այլն։ Սկիլիցեսը պարզապես չի թվարկում դրանք, այլ տալիս է այնպիսի մանրամասնություններ, որոնք չկան անգամ հայկական աղբյուրներում։ Միայն Սկիլիցեսից ենք իմանում, որ Վասպուրականը կոչվել է նաև Վերին Մարաստան, որ Ծամնդավը բազմամարդ ու արտակարգ հարուստ քաղաք էր։ Ծիծեռնակաբերդի առաջին հիշատակությունը հենց Սկիլիցեսի մոտ է հանդիպում։

 
Գագիկ Բ-ն հնազանդություն է հայտնում Կոստանդին IX Մոնոմախոս կայսերը. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից:

Հայկական աղբյուրներում այն առաջին անգամ հիշվում է ուշ միջնադարում։ Միայն Սկիլիցեսից ենք իմանում, որ IX դ. վերջում և X դ. սկզբներում արաբների ձեռքից խլված հողերի վրա Բյուզանդիան ստեղծում է բանակաթեմեր, որոնք «Հայկական» են կոչվել՝ իրենց զուտ հայ բնակչության պատճառով։ Սկիլիցեսը մանրամասն խոսում է նաև Հայաստանի սահմաններում գտնվող արաբական ամիրայությունների մասին։ Սկիլիցեսի և նրա Շարունակողի երկերն անգնահատելի արժեք ունեն նաև սելջուկ թուրքերի Փոքրասիական թերակղզուն, այդ թվում և Հայաստանին տիրելու պատմությունն ուսումնասիրելու համար։ Ճիշտ է, Հայաստանի վերաբերյալ Արիստակես Լաստիվերցու և Մատթեոս Ուռհայեցու տվյալները հանգամանալից են ու ծավալուն, բայց բյուզանդական հեղինակի հիշյալ գործում եղած առատ նյութը հնարավորություն է տալիս առավել խորությամբ հետազոտելու այդ կարևոր հարցը։ Սկիլիցեսը մանրամասնորեն նկարագրում է Բյուզանդական քաղաքականությունը Մեծ Հայքի թագավորության նկատմամբ, այն ներսից քայքայելուն ուղղված ծրագրերի ու քայլերի մասին, որոնք ի վերջո հանգեցրին Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ-ի՝ խաբեությամբ Կոստանդնուպոլիս հրավիրելուն ու արգելափակելուն՝ Կոստանդին Մոնոմախ կայսեր օրոք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10։ Բյուզանդական աղբյուրներ, հ. Գ, Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979, 440 էջ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Սկիլիցես» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 566