Հովհաննես Հախվերդյան

զինվորական

Հովհաննես Բարսեղի Հախվերդյան (ռուս.՝ Иван Васильевич Ахвердов, հունիսի 29 (հուլիսի 11), 1873, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1931(1931-03-28), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ։ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ռազմական նախարար։ Անկուսակցական։ 1931 թվականին գնդակահարվել է։ Արդարացվել է հետմահու 1989 թվականին[2]։

Հովհաննես Հախվերդյան
Իվան Ախվերդով
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Հունիսի 15, 1918 - Մարտի 27, 1919
Նախորդող Պաշտոնը սահմանվել է
Հաջորդող Քրիստափոր Արարատյան
 
Կրթություն՝ Պետերբուրգի առաջին կադետական կորպուս
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր Հունիսի 29, 1873
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական Կայսրություն
Վախճանի օր Ապրիլի 28, 1931[1]
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Order of Saint Vladimir 4th class with swords and bow, Order of St. Anna 2nd class with swords, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով, Order of St. Anne 3rd class with swords and bow, Order of Saint Stanislaus (House of Romanov), Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
Հովհաննես Հախվերդյան
300
հունիսի 29 (հուլիսի 11), 1873 - մարտի 28, 1931(1931-03-28) (57 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀրետանի
Ծառայության տարիներ1890 - 1931
ԿոչումԳեներալ-լեյտենանտ
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին Համաշխարհային Պատերազմ
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
Պարգևներ

Ընտանիք խմբագրել

Հովհաննես Հախվերդյանը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում 1873 թվականի հունիսի 29-ին ազնվական Բարսեղ Ֆյոդորովիչ Հախվերդյանի ընտանիքում, որը հանդիսացել է պետական խորհրդատու։ Հախվերդյանը ունեցել է երկու եղբայր, որոնք նույնպես զինվորական էին. Գաբրիել Հախվերդյան՝ գեներալ-մայոր ու Գևորգ Հախվերդյան՝ փոխգնդապետ[3]։

Ամուսնացել է Կոլեգիալ խորհրդատուի դստեր Նադեժդա Էդմունդի Վելմանի հետ[4]։

Ուսում խմբագրել

Կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի 1-ին կադետային կորպուսում, որն ավարտել է 1890 թվականին՝ սեպտեմբերի 1-ից անցնելով ծառայության։

Ուսումը շարունակել է Պավլովյան ռազմական ուսումնարանում, որն ավարտել է 1892 թվականին՝ ընթացքում 1891 թվականի մայիսի 9-ին ստանալով ունտեր-սպայական կոչման յունկեր, իսկ 1892 թվականի ապրիլի 14-ին՝ կրթսեր պորտուպեյ յունկերի կոչում։ Ճանաչվել է լավագույն ուսանողներից մեկը, ու 1892 թվականի օգոստոի 4-ին ստանալով պոդպորուչիկի կոչում՝ տեղափոխվել է ծառայության Սամարայի 147-րդ հետևակային գունդ։ 1895 թվականի օգոստոսի 5-ին ստացել է պորուչիկի կոչում։ 1895 թվականի հուլիսի 7-ին տեղափոխվել է ծառայության Յամբուրգ քաղաք։ 1894-1896 թվականներին եղել է գնդի դատարանի գործերի կառավարիչ, ժալոներական սպա ու գնդի ադյուտանտ[4]։ 1896 թվականի մայիսի 15-ին շնորհվել է պորուչիկի կոչում։

1897 թվականի օգոստոսին հանձնել է ընդունելության քննությունը Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա, նոյեմբերի 2-ին մեկնարկել է ուսուցումը, սակայն 1898 թվականի ապրիլի 20-ին քննությունը չհանձնելու պատճառով դուրս է մնացել ու վերադարձել ծառայության։ 1899 թվականի օգոստոսի 21-ին կրկին ընդունվել է Նիկոլաևյան ակադեմիա, որն ավարտել է՝ ներառյալ երկու կուրսերը ու լրացուցիչ դասընթացները 1902 թվականին՝ մինչ այդ 1900 թվականի մայիսի 6-ին ստանալով շտաբս-կապիտանի կոչում[5]։

Ծառայությունը Ռուսական կայսերական բանակում խմբագրել

Վերադառնալով ծառայության վայր 1902 թվականին մասնակցել է Պետերբուրգյան ռազմական օկրուգում ռազմական հավաքի։ Նույն թվականին կցվել է ծառայության Գլխավոր շտաբին՝ մայիսի 28-ին ստանալով կապիտանի կոչում։ 1902 թվականի հոկտեմբերի 17-ից 1904 թվականի փետրվարի 17-ը եղել է Սամարայի հետևակային 147-րդ գնդում վաշտի հրամանատար։ Փետրվարի 17-ին տեղափոխվել է Գլխավոր շտաբ։

Ռուս-Ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Հատուկ ծառայությունների Ավագ սպա Առաջին Սիբիրյան ռազմական կորպուսում մինչև 1906 թվականի փետրվարի 27-ը, այնուհետև հատուկ ծառակությունների սպա Սեմիրեչենսկի շրջանի ռազմական շտաբում մինչև 1909 թվականի հունիսի 27-ը՝ մինչ այդ 1906 ապրիլի 2-ին ստանալով փոխգնդապետի կոչում։ 1909 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 27-ը եղել է Վիբորգյան գնդի գումարտակի հրամանատար։ 1909 թվականի հոկտեմբերի 9-ից 1913 թվականի հուլիսի 23-ը եղել է Թուրքեստանի ռազմական շրջանի ավագ ադյուտանտ, իսկ 1910 թվականի ապրիլի 18-ին ստանում է գնդապետի կոչում՝ «գերազանց ծառայության համար» հիմնավորմամբ։ Հուլիսի 23-ից 1914 թվականի հուլիսի 18-ը եղել է Թուրքեստանի 1-ին կոզակային դիվիզիայի շտաբի պետ։ 1914 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է Սվեաբորգի ամրոցի շտաբի պետ[5]։

Առաջին Համաշխարհային պատերազմ խմբագրել

1915 թվականի մայիսի 1-ից 1916 թվականի մայիսի 11-ը հանդիսացել է Լվովում տեղակայված 3-րդ ֆինլանդական հրաձգային գնդի հրամանատար՝ 1915 թվականի հոկտեմբերի 22-ին 42 տարեկան հասակում ստանալով գեներալ-մայորի կոչում։ Նույն թվականի մայիսի 11-ից հուլիսի 26-ը Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1916 թվականի հուլիսի 26-ից մինչև 1917 թվականի փետրվար եղել է Երկրորդ Կովկասյան հեծելազորային կորպուսի շտաբի պետ, որը տեղակայված էր Պարսկաստանում։

1917 թվականի հունիսին՝ 5-րդ ֆինլանդական, ապա՝ 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար (Հարավ-Արևմտյան ռազմաճակատ)։ 1917 թ.-ի վերջից թողել է ծառայությունը և տեղափոխվել Կովկաս։

Հայաստանի Առաջին Հանրապետություն խմբագրել

1918 թվականի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին զինվորական նախարարն է։ Չլինելով որևէ կուսակցության անդամ՝ Հախվերդյանը ստանում է աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից։

1919 թվականին Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո լքում է պաշտոնը՝ զբաղեցնելով Գլխավոր Շտաբի պետի պաշտոնը։ 1919 թվականի նոյեմբերին բանակի ազգայնականացման փորձերի ու հայերենը որպես բանակում միակ գործածվող լեզու սահմանելու փորձերի արդյունքում հրաժարական է տալիս՝ լքելով բանակը այլ ռուսալեզու սպաներ Թովմաս Նազարբեկյանի, գնդապետ Շնեուրի ու այլոց հետ մեկտեղ[3]։

1920 թվականի մայիսյան ապստամբությունից ու Համո Օհանջանյանի կառավարության օրոք եղել է ռազմական նախարարի տեղակալ։

Խորհրդային շրջան խմբագրել

Ըստ որոշ աղբյուրների Հայաստանի Հանրապետության անկման արդյունքում ձերբակալվել է բոլշևիկների կողմից ու եղել է այն շուրջ 1500 հայ զինվորականների շարքում, ում ոտքով ստիպել են հասնել Ռյազան՝ Թովմաս Նազարբյեկյանի ու Մովսես Սիլիկյանի հետ։

Ըստ այլ աղբյուրների արտագաղթել է, այնուհետև վերադարձել Հայրենիք[6]։

Ծառայել է սովետական բանակում։ Այնուհետև աշխատել է Լենինգրադում որպես «Արմենտորգ»-ի հաշվապահ։ Բնակվել է Լենինգրադում Մոխովայա փողոց, 27 շենք, բն. 26 հասցեով[5]։

1930 թվականի դեկտեմբերի 23-ին ձերբակալվել է՝ «Վեսնա»-ի գործով Ժողկոմիսարների խորհուրդի Միավորված պետական քաղաքական վարչության կողմից, որի ղեկավարն էր Վյաչեսլավ Մենժինսկին։ Դատավճռում նշվել է, որ Հախվերդյանը «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման անդամ է հանդիսացել, մասնակցել է խմբի հավաքներին, անհանդուրժող է եղել սովետական իշխանության նկատմամբ»։ Դատապարտվել է ԽՍՀՄ Քրեական Օրենսգրքի 58-րդ հոդվածի 11 ենթակետով՝ որպես հակահեղափոխական գործունեություն ծավալած անձ։ Գնդակահարվել է 1931 թվականի ապրիլի 28-ին[7]։ 1930-1931 թվականներին միայն Լենինգրադում «Վեսնա»-ի գործի շրջանակներում գնդակահարվել է ավելի քան հազար նախկին ռուսական բանակի սպա։

1930 թվականին ձերբակալելու փորձ էր արել նաև Հախվերդյանի ավագ եղբորը՝ գեներալ-մայոր Գաբրիել Հախվերդյանին[1], սակայն վերջինս մահամերձ է եղել իր տանը Լենինգրադում։ Ձերբակալողները փաստել են, որ Գաբրիել Հախվերդյանը մահամերձ է ու ազատ են թողել նրան[8]։

Հետմահու արդարացվել է 1989 թվականի հոկտեմբերի 20-ին[5]։

Պարգևներ խմբագրել

  • Սբ. Աննա 4-րդ աստիճանի (1902 թ.)
  • Սբ. Ստանիսլավ 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905 թ.)
  • Սբ. Աննա 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905 թ.)
  • Սբ. Վլադիմիր 4-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1906 թ.)
  • Սբ. Ստանիսլավ 2-րդ աստիճանի թրով (1906 թ.)
  • Սբ. Աննա 2-րդ աստիճանի թրերով (1906 թ.)
  • Սբ. Գեորգի 4-րդ աստիճանի (Փետրվարի 3, 1916 թ.)
  • Սբ. Գեորգի զենք (Փետրվարի 3, 1916 թ.)
  • Բուխարայի էմիրատի Ոսկե աստղ 2-րդ աստիճանի

Արտաքին հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 Ахвердов Иван Васильевич. Энциклопедия Хайазг
  2. «Ахвердов Иван Васильевич (1873)». Открытый список (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  3. 3,0 3,1 «Hovhannes Hakhverdyan at Encyclopaedia Orientica». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 Ծառայողական ցուցակ՝ գլխավոր շտաբի գնդապետ Ախվերդով. Ռուսական պետական ռազմական արխիվ, ֆոնդ 409, գործ 50942. 1915.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ахвердов Иван Васильевич». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Евгений Дурнев. БЕЛЫЕ ОФИЦЕРЫ НА СЛУЖБЕ РЕСПУБЛИКИ СОВЕТОВ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Русская армия в Великой войне: Картотека проекта». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  8. Георгий Алхазов – на службе Отечеству (PDF). Գատչինա, Ռուսաստան: Курчатовский институт. 2017. էջ 6.