Հովհաննես Բարսեղյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Բարսեղյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան (1920, հոկտեմբերի 25, գ. Մաստարա - օգոստոսի 2, 2014, Երևան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), Պողոսյան մրցանակակիր (2002), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2010

Հովհաննես Բարսեղյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1920(1920-10-26)
Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 2, 2014(2014-08-02) (93 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1948)
Գիտական աստիճանդոցենտ (1955), բանասիրական գիտությունների դոկտոր (1981) և համալսարանի դասախոս (1984)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կրթություն խմբագրել

Ավարտել է Մաստարայի յոթնամյա և Թալինի միջնակարգ դպրոցները։ 1938 թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ։ 1941 թ. 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943 թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944 թ. ավարտել համալսարանը։ 1945-1948 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1952 թ. պաշտպանել է թեկնածուական, 1981 թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1955 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1984 թ.՝ պրոֆեսորի կոչում։

1946-1948 թթ. Հովհաննես Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958 թվականը, Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս։ 1958 թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969 թ. ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1977-1985 թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990 թթ.՝ հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ։

Աշխատություններ խմբագրել

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվում՝ «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (Երևան, 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (Երևան, 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Երևան, 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Երևան, 1980)։ Սկսած 1964 թ. նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինը՝ Երևան, 2006

Ականավոր գիտնականը և դասախոսը պրոֆեսորներ պատմաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թադևոս Խաչատուրի Հակոբյանի և պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հետ համահեղինակ է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը (Երևան, 1986-2001), որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[1][2]։ Գործընկերների վախճանվելուց հետո պրոֆեսոր Բարսեղյանն է խմբագրել ու հրատարակության պատրաստել հիշյալ բառարանի վերջին երկու ստվարածավալ հատորները։ 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։

Հովհ.Բարսեղյանի համահեղինակությամբ են կազմվել հանրակրթական դպրոցի 4-րդ (Երևան, 1970) և 5-7-րդ (Երևան, 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը։

Բարսեղյանը 1969-1972 թթ. եղել է ԵՊՀ կուսկոմիտեի առաջին քարտուղար։ 1955 թվականից նա կատարել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, իսկ 1992 թվականից ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղարի պարտականությունները։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

1970 թ. Հովհաննես Բարսեղյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հայրենական Մեծ պատերազմի II աստիճանի (1985) շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Պողոսյան մրցանակակիր (2002)[3], Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2010)[4]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
  2. Տե՛ս նաև՝ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Համացանցային տարբերակ։ Nayiri Imaged Dictionary Browser. Այս ելեկտրոնային բառարանը հովանաւորած է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը։ [1]
  3. «Պողոսյան մրցանակ - Հովհաննես Բարսեղյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  4. Հ. Խ. Բարսեղյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին