Հովարդ Քարթեր (անգլ.՝ Howard Carter, մայիսի 9, 1874(1874-05-09)[1][2][3][…], Brompton, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 2, 1939(1939-03-02)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի հնագետ և եգիպտագետ, ով 1922 թվականին, Լուքսորի մոտակայքում գտնվող Արքաների հովտում հայտնաբերել և բացել է Թութանհամոնի դամբարանը (KV62): Այն որոշիչ և կարևոր իրադարձություն էր եգիպտագիտության մեջ։

Հովարդ Քարթեր
Howard Carter
Ծնվել էմայիսի 9, 1874(1874-05-09)[1][2][3][…]
Brompton, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 2, 1939(1939-03-02)[4][1][2][…] (64 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
բնական մահով
ԳերեզմանPutney Vale Cemetery[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունեգիպտագետ
Հաստատություն(ներ)Egypt Exploration Society? և Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհուրդ
Գործունեության ոլորտԵգիպտագիտություն[7], հնագիտություն[7] և մարդաբանություն
Գիտական աստիճանպատվավոր դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][7][8]
Պարգևներ
Լեոպոլդ II-ի շքանշան և Նեղոսի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Howard Carter Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Հովարդ Քարթերը Սամուել և Մարթա Քարթերների ութ երեխաներից ամենակրտսերն էր։ Նրա մանկությունն անցել է Նորֆոլկ կոմսության Սուոֆեմ քաղաքում, այդ իսկ պատճառով, որոշ աղբյուրներ, այդ փոքրիկ քաղաքն են համարում Հովարդ Քարթերի ծննդավայր։ Նրա հայրը մասնագիտությամբ նկարիչ էր և որդուն մանուկ հասակում սովորեցնում էր նկարել` ներարկելով նրա մեջ հետաքրքրություն մշակույթի պատմության հանդեպ։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Հովարդ Քարթերը հնագիտությամբ զբաղվել է 1891 թվականից, 17 տարեկանում ընդունվելով Եգիպտոսի հնագիտական հետազոտություններով զբաղվող բրիտանական կազմակերպություն։ 1899 թվականին նա մասնակցել է մի քանի հնագիտական արշավների` դեպի Եգիպտոս, նկարել սեպագիր արձանագրություններ, քանդակներ և Հին Եգիպտոսի ճարտարապետությունը։ Մասնավորապես նա աշխատել է Միջին թագավորության ժամանակաշրջանի` Բենի-Հասանում գտնվող թագավորական նստավայրի պեղումների ժամանակ։ Որոշ ժամանակ սկսնակ եգիպտագետը աշխատել է հնագիտության ասպարեզի առաջատար մասնագետ Ուիլյամ Ֆլինդերս Պիտրիի ենթակայության տակ։ Նրան ճանաչում էր բերել 1893-1899 թվականներին Ջեսեր Ջեսերուի հետազոտությունը, որը կառուցվել էր մ․թ․ա․ 15-րդ դարում` ճարտարապետ Սենմուտի կողմից, Հատշեփսուտ կին-փարավոնի համար, Թեբեից արևմուտք` Դեյր էլ-Բահարիի ժայռափոր դամբարանում։ Հաջողությունը, որն ուղեկցել էր Հովարդ Քարթերին` Հաթշեփսութ թագուհու տաճարի բացմանը, նպաստեց 1899 թվականին նրա նշանակմանը եգիպտական հնությունների բաժնում, գլխավոր տեսուչի պաշտոնին։ Սակայն, 1905 թվականին նա ազատվեց այնտեղից` եգիպտական արձանների պահպանության աշխատակիցների և ֆրանսիացի հարբած զբոսաշրջիկների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։

1902-1914 թվականներին Հովարդ Քարթերը վերահսկում էր ամերիկացի հնագետ Թեոդոր Դևիսի աշխատանքները, ով թույլտվություն էր ստացել եգիպտական կառավարությունից` պեղումներ կատարել Արքաների հովտում։ Դևիսն ու Քարթերը այնտեղ հայտնաբերեցին Նոր թագավորության հայտնի փարավոնների մի ամբողջ շարք դամբարաններ (մասնավորապես Հաթշեփսութ թագուհու, Թութմոս IV, Հորեմհեբ, Սափթահ փարավոնների), ինչպես նաև սարկոֆագ` մնացորդներով, որոնք նույնացվում էին Էխնաթոն փարավոնի մումիայի հետ։

Թութանհամոնի դամբարանի հայտնաբերում խմբագրել

1906 թվականին Հովարդ Քարթերը ծանոթացավ սիրողական հնագիտությամբ և հնությունների հավաքորդությամբ զբաղվող լորդ Կարնարվոնի հետ, ով ցանկություն հայտնեց ֆինանսավորել Հովարդ Քարթերի հետագա հնագիտական աշխատանքները։ 1914 թվականին Հովարդ Քարթերն ու Կարնարվոնը սկսեցին Արքաների հովտի համատեղ պեղումները։ Նրանց համագործակցության արդյունքում բացվեցին Ամենհոտեպ I-ի դամբարանը և XVIII դինաստիայի մի քանի թագուհիների գերեզմաններ։ Հետագա պեղումները դադարեցվեցին Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն երբ հանգամանքները թույլ տվեցին, նրանք շարունակեցին պեղումները Արքաների հովտում։

Քարթեր և Կարնարվոն զույգը շուտով ճանաչվեց ամբողջ աշխարհում։ Ի դեմս Քարթերի, Կարնարվոնը գտել էր խիզախ, հասարակ և ինքնազոհ էնտուզիաստի, ով իդեալական կերպով համընկնում էր լորդի նպատակների իրականացման հետ։ Գիտական հասարակությունը թերահավատորեն էր վերաբերվում Քարթերի և Կարնարվոնի փնտրտուքներին և շուտով լորդը նույնպես կորցրեց հետաքրքրասիրությունը անհաջող պեղումների նկատմամբ։

Սակայն 1922 թվականի նոյեմբերի 4-ին, Քարթերն անսպասելիորեն հայտնաբերեց KV62 դամբարանի ավազով ծածկված մուտքը։ Հետաքրքիրն այն էր, որ մուտքի դռների վրա անեղծ էին մնացել կնիքները, որը լրջորեն հույս էր ներշնչում` դարի խոշորագույն հնագիտական բացահայտումն անելու համար։ Կնիքների վրա նշված էր Թութանհամոն անունը։ XX դինաստիայի փարավոն Ռամզես VI-ի դամբարանի շինարարները, ամենայն հավանականությամբ, ավազով ծածկել էին այդ դամբարանի ճանապարհն ու մուտքը, որը և հետագայում բացատրում էր համեմատորեն նրա լավ պահպանված լինելը։

1922 թվականի նոյեմբերի 26-ին, Քարթերն ու Կարնարվոնը, երեք հազար տարվա ընթացքում առաջին մարդիկ էին, որ մտան դամբարան։ Երկարատև պեղումներից հետո, 1923 թվականի փետրվարի 16-ին, Քարթերը վերջապես իջավ դամբարանի թաղման սրահ, որտեղ գտնվում էր փարավոնի սարկոֆագը` մումիայի հետ միասին։ Փարավոնի հետ թաղված բազմաթիվ գույքի և այլ առարկաների հետ միասին, այնտեղ հայտնաբերվեցին բազում արվեստի գործեր։ Պատանի փարավոնի դամբարանը, որը զմռսված էր եղել ավելի քան երեք հազար տարի, փաստորեն անձեռնմխելի էր մնացել զանազան գողերից ու թալանով ապրող մարդկանցից։ Այնտեղ հայտնաբերվեց մոտ չորս հազար արվեստի ստեղծագործություն, որոնց մեծ մասը այժմ գտնվում է Կահիրեի թանգարանում։ Ամենահիասքանչ թանգարանային նմուշը համարվում է դամբարանում հայտնաբերված Թութանհամոնի մահվան դիմակը, որը պատրաստված է 11,26 կգ մաքուր ոսկուց և բազմաթիվ թանկարժեք քարերից։

Հռչակավոր Էխնաթոն փարավոնի այնքան էլ ոչ հայտնի հետնորդի դամբարանի հայտնաբերումը լուսաբանվում էր զանգվածային լրատվամիջոցներով` որպես ամենակարևորագույն բացահայտումը, ինչպես եգիպտագիտության բնագավառում, այնպես էլ հնագիտության մեջ ընդհանրապես։ Հայտնաբերված գանձերի տերը, որը թերևս Եգիպտոսի անհայտ և պատանի տիրակալն էր, միանգամից հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ այդ բացառիկ հայտնագործությունը նրա անունը դարձրեց ոչ միայն հանրաճանաչ, այլ հերթական անգամ ավելացրեց հետաքրքրությունը եգիպտական քաղաքակրթության նկատմամբ։

Փարավոնների անեծքը խմբագրել

Լորդ Ջորջ Կարնարվոնը, որը ֆինանսավորել էր պեղումները, մահացել է 1923 թվականի ապրիլի 5-ին, Կահիրեի «Կոնտինենտալ» հյուրանոցում` թոքաբորբից։ Սակայն նրա մահվան շուրջ միանգամից ծագեցին խորհրդավոր մեկնաբանություններ ու վարկածներ։ Հետագա տարիներին մամուլում տպագրվում էին զանազան ասեկոսեներ «փարավոնների անեծքի» վերաբերյալ, որի պատճառով իբր զոհվել են Թութանհամոնի դամբարանն առաջինը բացող մարդիկ և հաշվում էին անեծքի մոտ 22 զոհ, որոնցից 13-ը անձամբ ներկա են եղել դամբարանի բացմանը։

Սակայն փաստերը վկայում են այն մասին, որ «անեծքի» ապացույցները առաջ էին քաշվում լրագրողական ցնցող տպավորության հասնելու համար։ Քարթերի արշավախմբի մասնակիցների մեծամասնությունը հասել է ծերունական տարիքի. նրանց կյանքի միջին տևողությունը կազմել է 74,4 տարի։ Հովարդ Քարթերը, որը ղեկավարում էր դամբարանում կատարվող բոլոր աշխատանքները, պետք է որ լիներ «փարավոնների անեծքի» առաջին զոհը, սակայն նա մահացել է ամենավերջինը` 1939 թվականին, 64 տարեկանում, իր անկողնում՝ բնական մահով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Քարթեր» հոդվածին։