Հոսքային գիծ, մշակող մեքենաների կամ աշխատատեղերի համախումբ, որոնք դասավորված են դետալների պատրաստման կամ շինվածքների հավաքման տեխնոլոգիական պրոցեսի ընթացքին համապատասխան։ Հոսքային գծի յուրաքանչյուր մեքենայի կամ աշխատատեղի համար նախատեսվում է մեկ կամ մի քանի գործողություն։ Մետաղամշակման արտադրամասերում հոսքային գիծ մշակող հաստոցների (մեքենաների) մեկ (կամ երկու) շարք է, որոնք իրար հետ կապված են դետալը մեկ գործողությունից մյուսը փոխանցող տրանսպորտային միջոցներով։ Հավաքման տեղամասերում hոսքային գծի սարքավորումով, հարմարանքներով, գործիքներով, տրանսպորտային միջոցներով հագեցած աշխատատեղերի շարք է՝ հավաքվող շինվածքը (մեքենան) մի դիրքից մյուսը փոխադրելու և շինվածքի հավաքման ժամանակ դետալներով և հանգույցներով անընդմեջ ապահովելու համար։ Հոսքային գծերի բազայի վրա ստեղծված են ավտոմատ գծեր՝ դրանք դետալների բեռնման ու բեռնաթափման մեխանիզմներով, միջհաստոցային տրանսպորտով, կառավարման համակարգով սարքավորելու միջոցով։ Հոսքային գծերը լինում են. անհատական՝ մեկ դետալի մշակման համար, զույգ՝ միաժամանակ երկու դետալի, և խմբային՝ միաժամանակ մի քանի դետալների մշակման կամ որոշակի հաջորդականությամբ նրանց պատրաստման համար։ խոշոր օբյեկտների հոսքային հավաքման դեպքում առանձին հանգույցներն ու դետալները մատուցվում են սահմանված հաջորդականությամբ, իսկ մոնտաժը կատարում են մասնագիտացված խմբերը։

Հոսքագիծ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 549