Հողային ռենտա, հավելյալ արդյունքի այն մասը, որ գյուղատնտեսության մեջ ստեղծում են անմիջական արտադրողները և յուրացնում հողի սեփականատերերը. հողասեփականության տնտեսական իրացման ձև։ Ծագել է հողասեփականության առաջացման հետ և հասարակական արտադրության զարգացման տարբեր աստիճաններում դրսևորվել համապատասխան ձևերով։ Ստրկատիրական հասարակարգում հողային ռենտան ստեղծվում էր ստրուկի, կիսազատ կամ ազատ գյուղացու աշխատանքով։ Ստրկատեր-հողատերը հողային ռենտայի ձևով յուրացնում էր ամբողջ հավելյալ արդյունքը և, նույնիսկ, անհրաժեշտի մի մասը։ Ֆեոդալիզմի ժամանակ հողային ռենտան հանդես էր գալիս երեք հիմնական ձևերով՝ աշխատավճարի, բնամթերային ու դրամական։ Աշխատավճար հողային ռենտաի դեպքում (տես՝ Կոռ) ֆեոդալական կախյալ գյուղացին արտադրության սեփական գործիքներով շաբաթվա որոշ օրեր անվճար աշխատում էր հողատիրոջ կալվածքում, իսկ մյուս օրերին՝ իր համար, իր հողաբաժնում։ Աշխատանքի շահագործման այս ձևը հիմնվում էր արտատնտեսական հարկադրանքի վրա։ Բնամթերային հողային ռենտան հողի սեփականատիրոջը վճարվում էր մթերքով։ Այս դեպքում, տնօրինելով իր ամբողջ աշխատաժամանակը, գյուղացին ստանում էր տնտեսապես մեծ ինքնուրույնություն և շահագրգռված էր աշխատանքում, չնայած այդ աշխատաժամանակի մի մասը, ինչպես անցյալում, հավելյալ արդյունքի ձևով պատկանում էր հողի սեփականատիրոջը։ Ինչպես աշխատավճար հողային ռենտան, բնամթերայինը ևս ներառնում էր ամբողջ հավելյալ աշխատանքը, որն անմիջական արտադրողը ստիպված էր անվճար տալ հողի սեփականատիրոջը։ Դրամական հողային ռենտան ֆեոդալական ռենտայի վերջին ձևն էր և նշանավորում էր ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետևանքով ֆեոդալական տնտեսության քայքայումը։ Դրամական ռենտան վճարելու համար գյուղացին պետք է նախօրոք իրացներ սեփական արտադրանքը, ազատ տնօրիներ իր ժամանակն ու հողաբաժինը։ Ֆեոդալական հողային ռենտան, բոլոր ձևերով, ենթադրում էր երկու դասակարգերի՝ կալվածատերերի ու կախյալ գյուղացիների առկայությունը։ Դրամական ռենտայի զարգացմամբ նրանց իրավական հարաբերությունները փոխվում են. վերանում են հարկադրանքի ուղղակի ու բռնի ձևերը, հաստատվում պայմանագրային հարաբերություններ, հողաբաժին ունեցող նախկին կախյալ գյուղացին աստիճանաբար դառնում է վարձակալ։ Ռենտայի դրամական ձևը փոխարինվում է կապիտալիստական հողային ռենտայով, որի դեպքում հողի վարձակալությունը զուգորդվում է վարձու աշխատանքի կիրառման հետ։ Կապիտալիստական հողային ռենտան արտահայտում է արդեն երեք դասակարգերի՝ հողի սեփականատերերի, կապիտալիստ-ձեռնարկատերերի (վարձակալների) և գյուղատնտեսության վարձու բանվորների հարաբերությունները։ Վերջինս աշխատավարձի ձևով ստանում է իր աշխատուժի արժեքը և ստեղծում հավելյալ արժեք, որը բաշխվում է կապիտալիստ-վարձակալի ու հողի սեփականատիրոջ միջև։ Ընդ որում, առաջինը յուրացնում է միջին շահույթը, երկրորդը՝ հողային ռենտան։ Հողի սեփականատերը կարող է այն վարձակալության տալ կամ վաճառել կապիտալիստ-ձեռնարկատիրոջը։ Առաջին դեպքում նա ստանում է հողի օգտագործման ամենամյա վարձը՝ որոշակի դրամագումար, որը հենց հողային ռենտան է, երկրորդ դեպքում՝ հողի գինը և զրկվում սեփականությունից։ Կապիտալիստ-ձեռնարկատիրոջ նպատակը վարձակալած կամ գնած հողամասի օգտագործման միջոցով (գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, հանքարդյունահանում) շահույթ կորզելն է։ Եթե ձեռնարկատերը միաժամանակ հողի սեփականատերն է, ապա միջին շահույթից բացի յուրացնում է նաև հողային ռենտան։

Տնտեսագիտության տեսության նոր դասական ուղղությունը հողային ռենտայի ուսումնասիրությունը կատարում է սահմանային արդյունքի և սահմանային հատույցի դրույթների հիման վրա ելնելով այն տրամաբանությունից, որ սահմանային արդյունքի չափերն են որոշում յուրաքանչյուր գործոնի ներդրումը և բաժինը արդյունքի մեջ։ Այսպիսով ռենտայի վերաբերյալ գոյություն ունեցող բազմազան տեսությունները վկայում են դրա ոչ միատեսակ բնորոշումների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 528