Հոգևոր երաժշտություն

երաժշտություն

Հոգևոր երաժշտություն, չափազանց բազմաժանր և բազմաձև է։ Հաճախ անմիջական կապ չունենալով եկեղեցական արարողության հետ՝ կատարվում է նաև եկեղեցում, երբեմն նույնացվում բուն եկեղեցական երաժշտությանը (քրիստոնեական ժամասացությանն ուղեկցող երաժշտություն)։ Արտաեկեղեցական հոգևոր երգերը հատկանշական են բազմաթիվ ազգերի ժողովրդական արվեստին. հայտնի են իտալական լաուդաները, իսպանական կանտիգասները, չեխական հուսյան երգերը, ռուսական և ուկրաինական կանտերը, ամերիկյան սևամորթների սպիրիչուելները, մերձավորարևելյան հոգևոր բայաթիները և այլն։

The His Tones ավետարանի երգիչների լուսանկարը։
Հետևի շարքը ձախից՝ Ռոան Ֆոլիս, Դոն Փարքես, «Բադ» Լեմեյ,
առջևի շարք ձախից՝ Լի Մ. Չայլդրես, Բեքի Չայլդրես, Լարի Դեմբինսկի, Շիրլի Ուիլյամս

Պատմություն խմբագրել

Պրոֆեսիոնալ հոգևոր երաժշտության մեջ դեռևս Վաղ Վերածննդի դարաշրջանից կարևոր նշանակություն են ունեցել մեծակտավ ժանրերը՝ մեսսան, ռեքվիեմը, պասսիոնը, խորալը, օրատորիան, մոտետը, կանտատը և այլն։ Աստվածաշնչյան-ավետարանական տեքստերը դարձել են մարդկային խոր ապրումների դրսևորման, կյանքի ու մահվան և հավիտենական այլ խնդիրների արծարծման հիմքը։ Այդպիսի երկեր են ստեղծել Յոհան Բախը, Գեորգ Հենդելը, Յոզեֆ Հայդնը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ջուզեպպե Վերդին, Յոհաննես Բրամսը, Շառլ Գունոն, Միխայիլ Գլինկան, Սերգեյ Ռախմանինովը և ուրիշներ։

Հայ իրականության մեջ հոգևոր երաժշտությունը ձևավորվել է IV–V դարերում։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (301) և գրերի գյուտը (405) խթանել են հոգևոր երգարվեստի զարգացումը։ Առաջին ինքնուրույն հոգևոր երգերը կցուրդներն են (V դար), որոնցով սկզբնավորվել է հայ ազգային շարականերգությունը։ Կցուրդներն ավանդաբար վերագրվել են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն։ Հնագույն շարականներն ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով և շարադրվել ազատ։ Չափածո շարականների զարգացմանը նպաստել է հատկապես Ներսես Շնորհալին։ Նախապես շարականներն ազատ երգել են եկեղեցում։ Սակայն VIII դարում սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները համարվել են անվավեր կամ պարականոն։ Այդ կանոնի վավերացումը կապվում է Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Նշանավոր շարականագիրներից են Անանիա Շիրակացին, Սահակդուխտը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Կիրակոս Երզնկացին և ուրիշներ։

Սաղմոսների գիրքը կամ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց Դավթի», որտեղ 151 սաղմոսներից 73-ի խորագրերում հիշատակված է հրեաների Դավիթ թագավորի անունը։ Նա է հիմնական հեղինակն ու կազմողը. հիշատակված են նաև մյուս հեղինակները (Մովսես, Սողոմոն, Ասափ և ուրիշներ)։ Միջնադարում Սաղմոսարանը եղել է դասագիրք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 505