Հնդկական ռնգեղջյուր
Հնդկական ռնգեղջյուր
Հնդկական ռնգեղջյուր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Միասմբակավորներ (Perissodactyla)
Ընտանիք Ռնգեղջյուր (Rhinocerotidae)
Ցեղ Rhinoceros
Տեսակ Հնդկական ռնգեղջյուր (R. unicornis)
Միջազգային անվանում
Rhinoceros unicornis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հնդկական ռնգեղջյուր (լատին․՝ Rhinoceros unicornis), ասիական ռնգեղջուրներից ամենախոշորը։ Ըստ չափերի՝ այն Ասիայում երկրորդ գազանն է փղից հետո։ Կան նաև այլ անվանումներ՝ զրահավոր ռնգեղջյուր, միաեղջյուր ռնգեղջյուր։ Լատինական բինոմինալ անվանումը բառացիորեն նշանակում է «ռնգեղջյուր միաեղջյուր»։

Տեսք խմբագրել

Հնդկական ռնգեղջյուրը հսկայական և հզոր գազան է, որը կշռում է 2,5 և ավելի տոննա։ Խոշոր արուների բարձրությունը ուսերի մասում կազմում է մինչև երկու մետր, էգերն ավելի փոքր են։ Այս ռնգեղջյուրի մերկ, մոխրա-վարդագույն կաշին ծալքերով բաժանված է մեծ հատվածների, որոնք կախված են որպես զրահ, ինչի պատճառով կենդանին կարծես զրահապատ տեսք ունի։ Մաշկի գույնը, այնուամենայնիվ, հազվադեպ կարելի է տարբերակել, քանի որ ռնգեղջյուրը գրեթե միշտ ծածկված է ցեխի շերտով, որտեղ մշտապես պառկած է։ Մաշկի հաստ շերտերը, հատկապես մարմնի հետևի մասում, կրում են ելունդավոր այտուցներ։ Միայն պոչի և ականջների վրա կան կոշտ մազերի փոքր փնջեր։ Ուսերի վրա կա հետ ծալված խորը ծալք։ Աչքերը փոքր են, «խոճկորային», դրանց արտահայտությունը սովորաբար քնկոտ է և ինչ-որ նեղացած։ Վերին շրթունքի գիծը գրեթե հորիզոնական է, միայն մի փոքր կորացած ներքևի հատվածում, ինչը կապված է սննդի հետ։ Միակ եղջյուրն ունի մինչև 60 սանտիմետր երկարություն, բայց ավելի հաճախ՝ ոչ ավելի, քան 25 սանտիմետր։ Երբեմն եղջյուրը, հատկապես էգերի մոտ, հազիվ է աչքի ընկնում, ըստ էության, ներկայացնում է քթի վրա սուր բշտիկ։ Ոտքերի վրա, ինչպես ընտանիքի մյուս ներկայացուցիչները, ունի երեք մատ։ Ստորին ծնոտի վրա կան հզոր կտրիչներ, որոնք կարող են սարսափելի վերքեր հասցնել գիշատիչներին։

 
Հնդկական ռնգեղջյուրի տեսքը ապշեցուցիչ նախապատմական է (Տորոնտոյի կենդանաբանական այգի)

Ռնգեղջյուրը վայրի բնության մեջ ապշեցնում է իր ուժով և մեծությամբ, զրահներով և վսեմությամբ։ Այն ստեղծում է ծանր և անհարմար տպավորություն, որը, սակայն, խաբուսիկ է։ Չնայած թվացյալ անդյուրաշարժությանը, ռնգեղջյուրն ունի հիանալի ռեակցիա և շարժունակություն։ Վտանգի կամ ինքնապաշտպանության դեպքում գազանը կարող է կարճ տարածության վրա զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն։ Նրա տեսողությունը, ինչպես բոլոր ռնգեղջյուրներինը, շատ թույլ է, իսկ լսողությունը և հոտառությունը՝ շատ ավելի լավ։ Բարենպաստ քամու դեպքում նա գիշատչի կամ մարդու հոտը զգում է հարյուրավոր մետրերի հեռավորության վրա։

Տարածում և տեսակի պահպանման խնդիր խմբագրել

Հնդկական ռնգեղջյուրի պատմական արեալը չափազանց մեծ է։ Դեռ մի քանի դար առաջ այն հանդիպել է ողջ Հարավային և Հարավարևելյան Ասիայում, դեպի հյուսիս՝ հասնելով մինչև Հինդուկուշ, տարածված է եղել նաև Չինաստանի հարավում, հանդիպել է Արևելյան Իրանում։ Բաբուր նամեի գիրքը (16-րդ դար) նկարագրում է Քաբուլ գետի հովտում ռնգեղջյուրի որսը[1]։ Ցեյլոնում պատմական ժամանակներում նա, ըստ երևույթին, երբեք չի հանդիպել։ Մարդու կողմից ուժեղացված հետապնդումը, կենդանի միջավայրի ոչնչացումը և կենդանիների սնվելու մրցակցությունը հանգեցրել են բազմաթիվ շրջաններում ռնգեղջյուրների արագ անհետացմանը։ Ասիայի եվրոպական գաղութացումը և լավ զինված սպիտակ որսորդների հայտնվելը, 20-րդ դարի առաջին տասնամյակներում տեղի բնակչության շրջանում հրազենի լայն տարածումը, ըստ էության, վերջ են դրել հնդկական ռնգեղջյուրի ազատ բնակությանն արգելոցներից դուրս։ Ոչ պակաս դեր են խաղացել ջունգլիների ոչնչացումը և ասիական երկրներում բնակչության շարունակական աճը։

Այժմ հնդկական ռնգեղջյուրը հանդիպում է միայն Հարավային Պակիստանում (Սինդի նահանգ), Արևելյան Հնդկաստանում և Նեպալում (հիմնականում Տերաի-Դուարի էկորեգիոնի տարածքում)։ Բացի այդ, հնարավոր է, որ ռնգեղջյուրների փոքր քանակություն դեռ պահպանվել է Բանգլադեշի հյուսիսում։ Գրեթե միշտ նրանք ապրում են խիստ պահպանվող տարածքներում, բացի Բանգլադեշի դժվարհասանելի վայրերում, Հնդկաստանի հարակից շրջաններում և, հնարավոր է, Պակիստանի Փենջաբ նահանգում նշված աննշան պոպուլյացիայից։ Ամենամեծ պոպուլյացիան ապրում է հայտնի Կազիրանգա ազգային պարկում (հնդկական Ասսամ նահանգ), որտեղ ապրում է մինչև 1600 առանձնյակ, ինչը կազմում է աշխարհում այդ ռնգեղջյուրի ընդհանուր թվաքանակի երկու երրորդը։ Մեկ այլ հայտնի ռնգեղջյուրների հայտնի արգելոց է Նեպալում գտնվող Չիթվին պարկը, որտեղ բնակվում են շուրջ 600 առանձնյակ։ Պակիստանի խոշոր արգելոցում՝ Լալ Սուխանտրանում, բնակվում է թվաքանակով երրորդ պոպուլյացիան՝ մոտ 300 առանձնյակ։ Միջազգային Կարմիր գրքում հնդկական ռնգեղջյուրն ունի խոցելի տեսակի կարգավիճակ (VU կատեգորիա)։ Ընդհանուր առմամբ, հնդկական ռնգեղջյուրների թվաքանակը կազմում է շուրջ 2,5 հազար[2], ընդ որում, նրանց թիվը գնալով աճում է[3]։

Ընդհանուր առմամբ, Սումատրայի և Ճավայի ռնգեղջյուրների համեմատ հնդկականը համարվում է բավականին բարեկեցիկ տեսակ։

Կենսակերպ և վարքագիծ խմբագրել

Հնդկական ռնգեղջյուրը խոտակեր կենդանի է, որը սնվում է ջրային բույսերով, եղեգի երիտասարդ ընձյուղներով, որը պոկում է եղջերացած վերին շրթունքի օգնությամբ։ Ռնգեղջյուրներն արածում են առավոտյան և երեկոյան սառը ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին հանգստանում են փոքր լճերում կամ ջրափոսերում, որոնք հաճախ լցված են ցեխով։ Ջրամբարների առկայությունը կենսական նշանակություն ունի ռնգեղջյուրների համար, ուստի նրանք հանդիպում են միայն խոնավ, հաճախ ճահճային վայրերում։ Հաճախ ռնգեղջյուրները սնվում են հենց ջրամբարներում։ Ռնգեղջյուրի հետ մշտապես հարևանություն են անում թռչունները՝ ձկնկուլները, հնդկական սարյակները, մեղվակերները, որոնք կամ բռնում են հսկայից վախեցած միջատներին,կամ կտցում են նրա մեջքին նստած տիզերին։ Ջրի մեջ կարելի է տեսնել մի քանի ռնգեղջյուրներ, որոնք խաղաղ պառկած են կողք կողքի, հաճախ գոմեշների հարևանությամբ։ Սակայն, երբ ռնգեղջյուրները դուրս են գալիս ափ, նրանց խաղաղ գոյակցությունն ավարտվում է և հաճախ կռիվներ են առաջանում։ Շատ ռնգեղջյուրներ ունեն նման մարտերի հետևանքով առաջացած տեսանելի սպիեր։

 
Հնդկական ռնգեղջյուրը Վարշավայում

Կյանքի մեծ մասը ռնգեղջյուրն ապրում է միայնակ՝ ունենալով իր անհատական՝ մոտ 4 կմ² տարածքը։ Այս տարածքը ներառում է հաստ թփուտներ, ինչպես նաև ջրափոս՝ մի փոքր լճակ կամ մեծ ջրամբարի ափի մի հատված։ Իրենց տարածքը արուները նշում են գոմաղբի մեծ կույտերով։ Անցնելով նման կույտի կողքով՝ ռնգեղջյուրն անպայման հոտոտում է այն և այնտեղ թողնում իր նշումը։ Հնդկական ռնգեղջյուրը լավ լողում է. Օրինակ՝ Կազիրանգում հայտնի են դեպքեր, երբ ռնգեղջյուրը լողացել է շատ լայն Բրահմապուտը։

Հնդկական ռնգեղջյուրի ձայնը արտահայտիչ չէ։ Անհանգստացած գազանը արձակում է բարձր խռկոց։ Էգը, հավանաբար, կոչ անելով ձագերին, խռնչում է։ Նույն խռնչոցը ժամանակ առ ժամանակ արձակում են նաև խաղաղ արածող կենդանիները։ Վիրավորները, բռնվածները կամ ընդհանրապես անախորժության մեջ հայտնված ռնգեղջյուրները բարձրաձայն բղավում են, իսկ կտղանքի ժամանակ լսվում է նաև հատուկ, սուլիչ ձայն, որն արձակում է էգը։

Ռնգեղջյուրների մոտ կտղանքը լինում է յուրաքանչյուր մեկուկես ամիսը մեկ։ Այդ ժամանակ էգը հետապնդում է արուին։ Առաջին անգամ էգը մասնակցում է բազմացման 3-4, իսկ արուն՝ 7-9 տարեկանում։ 16,5 ամիս անց ծնվում է 65 կգ քաշով մեկ ձագ՝ վարդագույն, բոլոր ծալքերով և մակաճերով, բայց առանց եղջյուրների և խոզի դնչով։ Ռնգեղջյուրներն ապրում են կենդանաբանական այգիներում մոտ 70 տարի, բայց բնության մեջ երբեք այդքան երկար չեն ապրում։

 
Ռնգեղջյուրն իր ձագի հետ, Կազիրանգա

Հնդկական ռնգեղջյուրները բնական թշնամիներ չունեն, բացառությամբ վագրի, որի համար սիրելի կերակուրը ռնգեղջյուրի ձագերն են։ Սակայն մեծահասակ, նույնիսկ էգ ռնգեղջյուրի հետ բախման ժամանակ վագրը շանսեր չունի։ Նույնիսկ հնդկական փղի հետ հանդիպումը վտանգավոր չէ զրահապատ ռնգեղջյուրի համար, որը համարձակորեն նետվում է օտարականի վրա և, որպես կանոն, ստիպում է նրան նահանջել։

Հնդկական ռնգեղջյուրը խիստ տառապում է մաշկային մակաբույծներից, թեև թռչունները որոշ չափով փրկում են նրան տզերից և ոջիլներից։ Մատղաշ առանձնյակին մեծ վնաս են հասցնում մակաբույծ ճիճուները։

Հնդկական ռնգեղջյուր և մարդ խմբագրել

 
Էգն իր ձագի հետ

Մարդու և կենդանիների հետ հնդկական ռնգեղջյուրն իր բնակության վայրում հաճախ է հանդիպում, չնայած մարդկանցից մեկուսացնելու համար ձեռնարկվող միջոցներին։ Նույնիսկ Կազիրանգում ռնգեղջյուրները, հազիվ դուրս գալով այգու սահմաններից, հայտնվում են բավականին խիտ բնակեցված տեղանքում։ Նրանք բաց չեն թողնում գյուղացիների դաշտերում հայտնվելու հնարավորությունը, և այդ ժամանակ շատ հավանական է հողագործների հանդիպումը ռնգեղջյուրի հետ, նման դեպքում գյուղացիները բղավելով և փայտեր նետելով՝ փորձում են գազանին ետ քշել արգելավայր։ Ռնգեղջյուրների դաշտերում արշավանքների վնասները կարող են բավականին մեծ լինել։

Ռնգեղջյուրները, հաշվի առնելով նրանց ոչ խաղաղ բնավորությունը, կարող են շատ վտանգավոր լինել։ Հաճախ նյարդայնացած ռնգեղջյուրը, հատկապես էգը ձագի հետ, նետվում է լծկան փղի վրա և միշտ չէ, որ փղի անասնավարը կարողանում է ետ պահել փղին։ Եթե փիղը լավ պատրաստված և փորձառու է, ապա ռնգեղջյուրի հարձակման ժամանակ մնում է տեղում, և ռնգեղջյուրը, մի քանի քայլ առաջ գալով, դադարում է վազել կամ փոխում է ուղղությունը։ Բայց եթե փիղը չի դիմանում, շրջվում է և սկսում է հարվածել բարձր խոտերի և թփերի միջոցով։ Հարձակվող ռնգեղջյուրից փախչել գրեթե անհնար է։ Նման հարձակումները հաճախ ոչնչով չեն հրահրվում, ուստի խորհուրդ չի տրվում մոտենալ հնդկական ռնգեղջյուրներին։ Հարձակվող ռնգեղջյուրը պայքարում է ոչ այնքան եղջյուրով, որքան ստորին ծնոտի կտրիչներով՝ հասցնելով հատող հարվածներ[4]։

 
Եղջյուրը ռնգեղջյուրի անեծքն է

Հնդկական ռնգեղջյուրի համար գլխավոր սպառնալիքը որսագողությունն է, որը կապված է ռնգեղջյուրի եղջյուրների հրաշագործ ուժի մասին հնագույն սնահավատություն հետ։ Ասիայի արբեր ժողովուրդների սնահավատությունները բացարձակապես անհիմն վերագրվել է նրան, և վերագրվում է մինչ օրս՝ մեկ ինչ-որ արտասովոր աֆրոդիզիակի, մեկ բոլոր հնարավոր թույների հրաշագործ միջոցի հատկությունները։ Սև շուկայում եղջյուրի գինը շատ մեծ է, այնպես որ հնդկական կամ Նեպալի աղքատները, որոնք սպանել են ռնգեղջյուր և կարողացել են փախչել ոստիկանությունից, կարողացել են լավ հարստանալ։ Այդ պատճառով որսագողության դեմ պայքարը չափազանց դժվար է, և ապօրինի որսն ամեն տարի բազմաթիվ ռնգեղջյուրի կյանք է խլում նույնիսկ արգելոցներում։ Իրավիճակը փոքր-ինչ շտկվել է Հնդկաստանում 70-80-ական թվականներին մտցված խիստ օրենքները, այսպես, Կազիրանգում եգերներին թույլատրվում է առանց նախազգուշացման սպանել ցանկացած անհայտ անձի, որը այգու տարածքում կհայտնվի զենքով։

Մշակույի մեջ խմբագրել

 
Հնդկական ռնգեղջյուրների որս (մոտ 1530 թվական)

Հնդկական ռնգեղջյուրներին լավ գիտեին Հարապպայի քաղաքակրթության քաղաքների և գյուղերի՝ Մոհենջո Դարոյի, Հարապպայի և այլ վայրերի բնակիչները՝ նրանց պատկերելով իրենց կնիքների վրա[5]։ Հնդկական ռնգեղջյուրի մ. թ. ա. 2000 թվականին պատկանող հնագույն պատկեր հայտնաբերվել է 1970-ական թվականներին՝ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Շորտուգայ քաղաքի ամենահյուսիսային հարապպյան գաղութի պեղումների ժամանակ, Կոքչա և Փյանջ գետերի միացման վայրի մոտ[6]։

Ժամանակակից գիտնականների կարծիքով՝ մոտ 5000 տարի առաջ, երբ կլիման ավելի բարենպաստ է եղել, իսկ բուսականությունն՝ առատ, հնդկական ռնգեղջյուրները բազմացել են Ինդայի հովտում։ Դեռևս 1398 թվականին Թամերլանը, որն արշավ է իրականացրել դեպի Հնդկաստան, Քաշմիրի սահմանին որսի ժամանակ շատ ռնգեղջյուրներ է սպանել[7]։

Հնդկական ռնգեղջյուրը, հավանաբար, առաջին ռնգեղջյուրներից է, որի հետ անմիջականորեն բախվել են եվրոպացիները։ Ռնգեղջյուրի առաջին հայտնի պատկերներից մեկը Ա. Դյուրերի հայտնի «Ռնգեղջյուր» փորագրությունն է, որը մեծ նկարիչը ստեղծել է՝ աչքի առաջ չունենալով գազանին։ Հետևաբար, փորագրություն վրայի ռնգեղջյուրն ունի այնպիսի տարօրինակ տեսք, կարծես պատված է իրական երկաթե զրահով։ Այս հնդկական ռնգեղջյուրը Լիսաբոնում հայտնվել է 1515 թվականի մայիսին։ Ռնգեղջյուրները Քամբեյից (Արևմտյան Հնդկաստան) որպես նվեր են բերել գուջարաթի Սուլթան Մուզաֆար II-ի կողմից Պորտուգալիայի Մանուել I թագավորին։ Այնուհետեւ նա ցուցադրվել է հանրությանը և որոշ ժամանակ անց ուղարկվել է որպես նվեր Հռոմի պապին։ Բայց պապը այդպես էլ չի ստացել իր նվերը։ Փոխադրման ընթացքում ռնգեղջյուրը, նավի հետ միասին, խորտակվել է փոթորկի ժամանակ[8]։

Ռնգեղջյուրների որսը եղել է բազմաթիվ հնդկական ֆեոդալների սիրած զբաղմունքներից մեկը։ Հայտնի են 13-17-րդ դարերի բազմաթիվ մանրանկարներ, որոնք պատկերում են Մեծ Մոնղոլների դինաստիայի փադիշահներին, որոնք հեծնել են ռնգեղջյուր որսացող փղին։ Նման արքայական որսերի համար կազմակերպվել են բազմամարդ երթեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бабур-наме
  2. Talukdar, Bibhab; Susie Ellis (AsRSG, International Rhino Foundation) (2018 թ․ դեկտեմբերի 6). «IUCN Red List of Threatened Species: Rhinoceros unicornis». IUCN Red List of Threatened Species. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Rhino populations | Rhino Facts | Save the Rhino International». Save The Rhino (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Dinerstein, E. (2003). The Return of the Unicorns: The Natural History and Conservation of the Greater One-Horned Rhinoceros. New York: Columbia University Press. ISBN 0-231-08450-1.
  5. Джи Е. П. Дикие животные Индии. Носороги из Казиранги
  6. Ермановская А. Э. Древний мир
  7. Джи Э. П. Дикие животные Индии / Пер. М. А. Богуславской. — М., 1968.
  8. Clarke, T. H. The Rhinoceros from Dürer to Stubbs: 1515–1799. — London: Sotheby's Publications, 1986. — ISBN 0856673226

Գրականություն խմբագրել

  • Жизнь Животных. В 6 т.т. М., 1971. Т.6, с.с. 413—414.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ռնգեղջյուր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ռնգեղջյուր» հոդվածին։