Հնագիտական մշակույթ, հնագիտության հիմնական հասկացություններից մեկը, միևնույն ժամանակաշրջանի, տեղական առանձնահատկություններով տարբերվող և որոշակի տարածքում կենտրոնացված հնագիտական հուշարձանների ընդհանրություն։ Հնագիտականը մշակույթը տարբերվում է նույն կարգի այլ ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգի։ Առաջանում է, երբ գործող «կենդանի» մշակույթը «մահանում» է, մարդկային գործունեության առարկաներն ընդմիշտ կորցնելով կիրառական նշանակությունը՝ դառնում են մշակույթի (հնագիտական) հուշարձաններ, որոնց իրական ֆունկցիան բացահայտվում է վերակազմական ուսումնասիրության ընթացքում։ Երկրագնդի հնագիտական բոլոր հուշարձանների ընդհանրությունը կարող է դիտվել իբրև մի ընդհանուր մշակույթ հնագիտական․։ Սակայն հնագիտական հետազոտությունների պրակտիկայում հնագիտականը մշակույթը ասելով ամենից հաճախ հասկանում են հնագիտական հուշարձանների մի ամբողջություն, որի մեջ ընդգրկված հուշարձանները իրար նմանվում են կրկնվող մի շարք հաստատուն հատկանիշներով, որոնցով էլ՝ տարբերվում են համապատասխան այլ խմբերից։ Հնագիտականը մշակույթը բնութագրվում և տարբերակվում է ոչ թե առանձին, այլ մի խումբ յուրահատուկ հատկանիշներով։ Առանձին դեպքերում հաջողվում է բացահայտել հնագիտական մշակույթի համապատասխանությունը տնտեսական-մշակութային տիպին, պատմաազգագրական մարզին։ Ենթադրվում է, որ ճիշտ տարբերակված հնագիտական մշակույթը առավելապես համապատասխանում է պատմաազգագրական մարզերի տիպաբանական որևէ ստորաբաժանման։ Հնագիտականը մշակույթները, որպես կանոն, անվանվում են ըստ այն հուշարձանախմբի կամ տարածքի, որտեղ տվյալ մշակույթը տարբերակվել է առաջին անգամ (օրինակ, Տրիպոլյան մշակույթ՝ Տրիպոլիե գյուղից և այլն) և ըստ առարկայական հատկանիշների, որ բնորոշ են որոշակի խմբի (օրինակ, գանգաձև գավաթների մշակույթ, կատակոմբային մշակույթ և այլն)։

Փյունիկյան Չերչել բնակավայրը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 657