Հյուսիսային պատերազմ (1700-1721), Ռուսաստանի պատերազմը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար։ Ռուսաստանի դաշնակիցներն էին՝ Ռեչ Պոսպոլիտան, Սաքսոնիան, Պրուսիան, Դանիան։ Երկարատև դիվանագիտական նախապատրաստությունից հետո ռուսական զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700 թվականի օգոստոսի 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Շվեդական բանակը Կառլ XII-ի գլխավորությամբ 1700 թվականի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին նաև սաքսոնական զորքերը լեհ թագավոր Ավգուստ II-ի հրամանատարությամբ։ 1700 թվականի նոյեմբերին Կառլ XII-ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատրաստ ռուսական զորքերին, դադարեցրին ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ և գլխավոր հարվածն ուղղեցին Ռեչ Պոսպոլիտային։ Ռուսաստանը ձեռնամուխ եղավ մշտական բանակի կազմակերպման, նավատորմի շինարարության, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը։ Պետրոս I-ը առաջ քաշեց ռուս տաղանդավոր զորավարների՝ Ա. Մենշիկով, Բ. Շերեմետև և ուրիշներ։ 1701 թվականին վերսկսվեցին ռուսական զորքերի ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում։ 1702 թվականին նրանք գրավեցին Նոտեբուրգ ամրոցը, որը վերանվանվեց Շլիսելբուրգ (այժմ՝ Պետրոկրեպոստ)։ 1703 թվականին, Նևայի գետաբերանում, շվեդական Նիենշանց ամրոցի գրավումից հետո, հիմնադրվեց Սանկտ Պետերբուրգ քաղաքը, որը 1712 թվականին դարձավ Ռուսաստանի մայրաքաղաքը։ 1704 թվականին ռուսները գրավեցին Դերպտը (Դորպատ), Նարվան և Իվանգորոդը, որով և Ռուսաստանն ամրացավ Բալթիկ ծովի ափերին։ Դաշնակիցներին հարած Ռեչ Պոսպոլիտան նոր պարտություններ կրեց Շվեդիայից։ 1706 թվականին Ավգուստ II-ը ստիպված հաշտություն կնքեց Կառլ XII-ի հետ և հրաժարվեց լեհական գահից։ 1708 թվականի ամռանը շվեդական բանակը ներխուժեց Ռուսաստանի սահմանները՝ նպատակ ունենալով Սմոլենսկով հասնել Մոսկվա։ Սակայն, հանդիպելով ռուսական զորքերի դիմադրությանը, Կառլ XII շարժվեց դեպի Ուկրաինա՝ հույս ունենալով օգնություն ստանալ հետման Մազեպայից։ 1708 թվականին ռուսական զորքերը Լեսնոյեի մոտ պարտության մատնեցին շվեդական զորքերին։ 1709 թվականի ապրիլին Կառլ XII-ը պաշարեց Պոլտավան։ Հունիսի 27-ին տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ ռուսական զորքերը Պետրոս I-ի հրամանատարությամբ գլխովին ջախջախեցին շվեդական բանակը։ Այս ճակատամարտից հետո Ավգուստ II-ը վերստացավ կորցրած լեհական գահը և պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Դանիան նորից դաշինք կնքեց Ռուսաստանի հետ։ 1710 թվականին ռուսական զորքերը գրավեցին Ռիգան, Ռեելը (Տալլին), Վիբորգը, Կեկսհոլմը։ Պոլտավայի ճակատամարտից հետո Թուրքիա փախած Կառլ XII-ը Թուրքիային համոզեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ (1710 թվականի նոյեմբերի 20-ին)։ Սակայն Պետրոս I-ը, Թուրքիային վերադարձնելով Ազովը, կարողացավ հաշտություն կնքել և շարունակել ռազմական ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում։ 1714 թվականին ռուսական նավատորմը Պետրոս 1-ի հրամանատարությամբ Դանգուտի մոտ պարտության մատնեց շվեդական նավատորմին։ Ռուսական բանակը մոտեցավ Ստոկհոլմին։ 1720 թվականին շվեդական նավատորմը պարտություն կրեց Դրենգամի մոտ։ 1721 թվականին հաշտություն կնքվեց, որով ավարտվեց Հյուսիսային պատերազմը։ Այդ հաղթանակը, որը ցույց տվեց ռուսական բանակի և նրա զորավարների ռազմական բարձր արվեստը, եզրափակեց Ռուսաստանի դարավոր պայքարը Բալթիկ ծով ելք ունենալու համար և Պետրոս I-ի անցկացրած նշանակալի ներքին բարեփոխումների հետ միասին նպաստեց Ռուսաստանը Եվրոպայի խոշոր տերություններից մեկը դառնալու գործին[1]։

Հյուսիսային պատերազմ
Ռուս–շվեդական պատերազմներ, Լեհ–շվեդական պատերազմներ, Շվեդա–դանիական պատերազմներ

Պոլտավայի ճակատամարտ, Գանգուտի ճակատամարտ, Նարվայի ճակատամարտ, Գադեբուշի ճակատամարտ
Թվական փետրվարի 22, 1700 - սեպտեմբերի 10, 1721
Վայր Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Եվրոպա
Պատճառ Շվեդիայի կայսրության և Հյուսիսային Եվրոպայի միջև պայքար՝ Մերձբալթիկային տիրելու համար
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ, Շվեդիայի կայսրության և Լեհ–լատվիական միության պարտություն
Տարածքային
փոփոխություններ
Նիշտադտի հաշտություն՝ Ռուսաստանը ստանում է Էստոնիան, Լիվոնիան և Ինգրիան՝ ինչպես Կեքսհոլմի և Վիբորգի մասեր։
Ստոկհոլմի հաշտություն՝ Պրուսիան ստանում է Շվեդական Պոմերանիայի հատվածներ։
Հաննովերը ստանում է Բրեմեն-Վերդենը։
Ֆրեդերիկսբորգի հաշտություն՝ Հոլշթայն Գոտորբը կորցնում է Շլեզվիգի դքսությունը՝ հօգուտ Դանիայի։
Հակառակորդներ

1562 Շվեդիայի կայսրություն
(1700–1721)
Հոլշթայն-Հոթրոպի դքսություն
(1700–1719)
Լեհ–լատվիական միություն
(Վարշավայի համադաշնություն (1704)
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն (1710–1714)

Կոզակների հետմանություն (1708–1709)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
(1719–1721)


{{{2}}} Ռուսաստանի թագավորություն
(1700–1721)
Սաքսոնիայի կոմսություն Սաքսոնիայի կոմսություն
(1700–1706, 1709–1719)
Լեհ–Լիտվական միություն
(1701–1704, 1704–1709, 1709–1719)
{{{2}}} Դանիա–Նորվեգիա
(1700, 1709–1720)
Կոզակների հետմանություն
(1700–1708, 1709–1721)
Պրուսիայի թագավորություն Պրուսիա (1715–1720)
Հաննովերի կոմսություն Հաննովերի կոմսություն (1715–1719)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
(1717–1719)
Մոլդովա Մոլդովա (1711)
Հրամանատարներ
1562 Կառլ XII (1700–1718)
1562 Էլեոնորա I (1718–1720)
1562 Ֆրեդերիկ I (1720–1721)

Ֆրեդերիկ IV (–1702)
Կառլ Ֆրեդերիկ (1702–)
Ստանիսլավ Լեշինսկի

Իվան Մազեպա(1708–)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ջորջ I

{{{2}}} Պետրոս I
Ավգուստ II
(անհատական դրոշ)

{{{2}}} Ֆրեդերիկ IV

Իվան Մազեպա (1700–1708)

 
Գեորգ I
(անհատական դրոշ)

Պատերազմի պատճառները խմբագրել

17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին Շվեդիայի կայսրությունը գերիշխող դիրք էր գրավել Բալթիկ ծովում և համարվում էր եվրոպական առաջատար տիրություններից մեկը։ Երկրի տարածքն ընդգրկում էր Բալթիկայի ափի մեծ մասը՝ Ֆիննական ծոցի ամբողջ ափը, ներկայիս Մերձբալթիկան, Բալթիկ ծովի հյուսիսային ափի մի մասը։ 1697 թվականին Շվեդիան գլխավորեց 15-ամյա Կառլ XII-ը, և միապետի երիտասարդ տարիքը Շվեդիայի հարևաններին՝ Դանիանորվեգական թագավորությանը, Սաքսոնիային և Ռուսաստանին, հեշտ հաղթանակի և իրենց տարածական նկրտումները Շվեդիային հայտնելու առիթ տվեց։ Այս երեք տերությունները կազմեցին Հյուսիսային միություն, որի նախաձեռնողը Սաքսոնիայի կուրֆյուրստը և լեհ Ավգուստ II թագավորն էր, ով ուզում էր իրեն ենթարկել Շվեդիայի կազմի մեջ մտնող Լիվոնիան, որը վերջինիս թույլ կտար իր դիրքերն ամրապնդել Ռեչ Պոսպոլիտայում:[2] Լիվոնիան Շվեդիայի կազմի մեջ էր մտել 1660 թվականին կնքված Օլիվայի հաշտության պայմանագրի արդյունքում։

Դանիայի ու Շվեդիայի միջև հակամարտություն էր առաջացել Բալթիկ ծովում գերիշխող դիրքի համար։ 1658 թվականին Կառլ X Գուստավ արքան պարտության մատնեց դանիացիներին Յուտլանդիա և Զելանդիա արշավանքի ժամանակ և ավերեց Սկանդինավյան թերակղզու հարավային պրովինցիաների մի մասը։ Դանիան հրաժարվեց տուրք մուծել Էրեսուն նեղուցով անցնելու համար։ Բացի այդ, երկու երկրները պայքարում էին Դանիայի հարավային հարևան Շլեզվիգ-Հոլշտեյնի վրա գերիշխելու համար։

Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը վերջինը միացավ Հյուսիսային միությանը՝ Ավգուստի հետ բանակցություններից հետո, որը հաստատվեց Պրեոբրաժենսկիի պայմանագրով։ Ռուսաստանի տարածքային պահանջները ներառում էին Ինգրիան և Կարելիան, որոնք անցել էին Շվեդիային 1617 թվականի Ստոլբովսկու պայմանագրով։ Ռուսները այս տարածքները համարում էին իրենց պապենական հողերը, որի մասին նշված էր 11-13-րդ դարերի տարեգրքերում։ 1656-1658 թվականների պատերազմի ժամանակ այս տարածքները վերադարձնելու փորձ արվեց, և ռուսական զորքերին հաջողվեց ժամանակավորապես գրավել Ինգրիան և Լիֆլյանդիայի արևելյան մասը՝ Նիենշանցը, Նոտեբուրգը և Դինաբուրգը, պաշարվեց Ռիգան։ Սակայն Ռեչ Պոսպոլիտայի հետ պատերազմի վերսկսումն ստիպեց Ռուսաստանին կնքել Կարդիսի պայմանագիրը և Շվեդիային վերադարձնել գրավված բոլոր տարածքները։

 
Կառլ XII

Հյուսիսային պատերազմի նախաշեմին միակ նավահանգիստը, որը Ռուսական կայսրությանը Եվրոպայի հետ առևտրական կապեր ունենալու հնարավորություն էր տալիս Արխանգելսկն էր՝ Սպիտակ ծովում․ անկառավարելի և դժվար նավագնացությունը ծովում դժվարեցնում էր առևտուրը, բացի այդ Ռուսաստանը հետ էր մնում ծովագնացության և նավաշինության բնագավառներում։

Բալթիկ ծով դուրս գալը Ռուսաստանի համար կարևոր տնտեսական խնդիր էր[3]։

Ռուսաստանի՝ պատերազմ մտնելուն նպաստեց նաև Թուրքիայի հետ պատերազմի ավարտը։ 1700 թվականի հուլիսի 3-ին կնքվեց Կոնստանդնուպոլսի հաշտության պայմանագիրը, օգոստոսի 18-ին վերջնականապես խաղաղություն հայտարարվեց Թուրքիայի հետ, իսկ օգոստոսի 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Միաժամանակ հրաման արձակվեց բռնագրավելու շվեդական բոլոր ապրանքները՝ հօգուտ ռուսական գանձարանի, իսկ Մոսկվայի շվեդ դեսպանը ձերբակալվեց[4]։

Որպես պատերազմի պատճառ հայտարարվեց «անարդարությունները և վրդովմունքը», հատկապես 1697 թվականի Պետրոս I-ի անձնական վրդովմունքը, երբ Եվրոպայում ճանապարհորդելիս վերջինիս սառն էին ընդունել Ռիգայում:[5][6] Այդուհանդերձ, տարածքային պահանջներ չէին ներկայացվում[7]։

Պատերազմի սկիզբ խմբագրել

Կառլ XII խմբագրել

Հենվելով Շվեդիայի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով Եվրոպայի լավագույն բանակն ու նավատորմը, 18-ամյա շվեդ թագավոր Կառլ XII-ը շարունակել է հոր՝ Կառլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Նա, ունենալով մարտավարական տաղանդ[8], «շատ էր սիրում պատերազմ»,[9] և պատերազմի սկզբում շվեդները մի շարք կարևոր հաղթանակներ տարան։ Միևնույն ժամանակ անվախ զինվոր Կառլ XII-ը միանգամայն վատ քաղաքագետ էր՝ իր և բանակի առջև դնելով անհնարին և անհասանելի, շվեդների ուժերին չհամապատասխանող նպատակներ[10]։

 
Պետրոս Մեծ

Պետրոս I խմբագրել

Կառլ XII-ի հիմնական հակառակորդ Պետրոս I-ը ոչ միայն տաղանդավոր և խորաթափանց դիվանագետ էր, այլև բարձրաշնորհ ստրատեգ, հրամանատար և այն դժվար պայքարի ռազմական կազմակերպիչը, որտեղ ռուս ժողովուրդն ստիպված էր թողնել իր ապագան, իսկ երբեմն էլ (1708-1709) ինքնուրույն գոյությունը[11]։

Դանիական արշավ խմբագրել

1700 թվականի փետրվարի 12-ին Սաքսոնիայի զորքերը պաշարեցին Ռիգան, սակայն հակառակ Ավգուստ II-ի ակնկալիքներին, լիվոնյան վերնախավը չաջակցեց նվաճողներին, և Ավգուստի զորքը հաջողության չհասավ[12]։ Նույն թվականի օգոստոսին Ֆրեդերիկ IV արքան ներխուժեց երկրի հարավում գտնվող Հոլշտեյն-Գոտորպ հերցոգություն։ Սակայն Կառլ XII-ի գլխավորությամբ 10000 շվեդ զինվոր դանիացիների համար անսպասելի տեղակայվեցին Կոպենհագենի մոտ, և Դանիան ստիպված էր օգոստոսի 7-ին կնքել Տրավենդալի հաշտության պայմանագիրը և հրաժարվել Ավգուստ II-ի հետ միությունից։

Ռուսական արշավանքը Ինգերմանլանդիա խմբագրել

 
Ֆրեդերիկ 4-րդ՝ Նորվեգիայի և Դանիայի թագավոր

Օգոստոսի 18-ին Պետրոս I-ն ստացավ թուրքերի հետ Կոստանդնուպոլսի հաշտության պայմանագիր կնքելու մասին լուրը և օգոստոսի 19-ին, դեռևս չիմանալով Դանիայի՝ պատերազմից դուրս գալու մասին, պատերազմ հայտարարեց Շվեդիային, և օգոստոսի 24-ին ռուսական զորքերը հարձակման դուրս եկան։ Համաձայն Ավգուստ II-ի հետ կնքած համաձայնագրի՝ Ռուսաստանին պետք է անցներ Ինգերմանլանդիան (այլ կերպ՝ Շվեդական Ինգրիա), որի տարածքն այժմ համապատասխանում է Լենինգրադի մարզին։ Ինգերմանլանդիայի և Էստլյանդիայի սահմանին էր գտնվում Նարվան՝ ամենամեծ շվեդական ամրոցը տարածքում, որը դարձավ ռուս հրամանատարների համար հիմնական թիրախը։

Նարվայի արշավանքը անհաջող էր կազմակերպվել․ աշնանն էր, զինվորները պարբերաբար լավ չէին սնվում, բեռնակիր ձիերն այնքան վատ էին սնվում, որ արշավանքի վերջում սկսեցին չդիմանալ։ Բացի այդ սկսված անձրևների և վատ ճանապարհների պատճառով բեռնակիր սայլակները պարբերաբար կոտրվում էին։ Պետրոս I-ը ծրագրում էր Նարվայի վրա կենտրոնացնել 60000 զինվոր, սակայն զորքի դանդաղ առաջխաղացումը խախտեցին արքայի ծրագրերն ու ժամկետները։ Նարվայի պաշարումն ի վերջո սկսվեց միայն հոկտեմբերի 14-ին 34-40 հզ զինվորներով[12][13]։

Նարվայի պաշարումը ևս անհաջող էր կազմակերպված։ Քաղաքի ռմբակոծումը հրանոթներով արդյունավետ չէր, քանի որ ռուսական զորքն օգտագործում էր չափազանց թեթև զենք․ բացի այդ ռազմամթերքը միայն 2 շաբաթ կբավականացներ։ Նարվան փաստացի իրենից ներկայացնում էր երկակի ամրոց՝ հարևան Իվանգորոդի հետ, իսկ Պետրոս I-ը, ով անձամբ էր ծրագրել պաշարումը, ստիպված էր շատ «ձգել» զորքը և միաժամանակ շրջապատել 2 ամրոցը։ Ռուսական զորքերի նման անհաջող դասավորությունն արդյունքում վատ անդրադարձավ նրանց մարտական կարողությունների վրա, որն զգացվեց Նարվայի հաջորդ ճակատամարտի ժամանակ։[9][14]

 
Լեհաստանի թագավոր Ավգուստ II Հզորը և Պրուսիայի թագավոր Վիլհելմ I -ը

Ավգուստ II-ը, իմանալով Դանիայի՝ պատերազմից դուրս գալու մասին, Ռիգան հանեց պաշարումից և ետ քաշվեց Կուրլյանդիա, որը հնարավորություն տվեց Կառլ XII-ին իր զորքի մի մասը ծովով ուղարկել Պերնով։ Տեղակայվելով այնտեղ հոկտեմբերի 6-ին՝ նա ուղևորվեց ռուսների կողմից պաշարվող Նարվա։ Պետրոս I-ը կոմս գեներալ-ֆելդմարշալ Գոլովինի հետ նոյեմբերի 18-ի գիշերը թողեց զորքը և ուղևորվեց Նովգորոդ։ Զորքի գերագույն հրամանատարությունը հանձնվեց բարձրաստիճան օտարերկրացի դուքս դե Կրոային։[15] 1700 թվականի նոյեմբերի 19-ին Կառլ XII-ի զորքերը՝ թվով 25000 զինվոր, Նարվայի ճակատամարտում ծանր պարտության մատնեց 34-40 հզ զինվոր ունեցող ռուսական զորքին։ Դուքս դե Կրոան օտարերկրացիներից կազմված իր շտաբով դեռ մինչև ճակատամարտի որոշիչ պահը հանձնվեց Կառլ XII-ին։ Նոյեմբերի 21-ին ռուսական զորքի հիմնական մասը, որը կորուստներից հետո թվաքանակով դեռ գերազանցում էր շվեդական զորքին, դե Կրոա դուքսի հրամանով հանձնվեց։ Անդրդվելիորեն պաշտպանվում էին Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի գվարդիաները, որոնք ոչ միայն խուսափեցին ամոթալի պարտությունից, այլև կազմակերպեցին ռուսական զորքի մի մասի դուրս բերումը՝ դրանով իսկ փրկելով լիովին ջախջախումից։ 1700-1740 թվականների գնդերի զինվորները այդ ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար կարմիր գուլպաներ էին կրում (այդ ճակատամարտում «մինչև ծնկները արյան մեջ լինելու» համար)։ Արշավանքի արդյունքները ռուսական կողմի համար աղետալի էին․ սպանված, խեղդված, փախուստի դիմած, սովից և ցրտից մահացած զինվորներ, մահացու վիրավորներ՝ ընդհանուր առմամբ մոտ 8-10 հզ զինվոր, 700 մարդ՝ ներառյալ 10 գեներալ և 56 սպա գերեվարվեցին, կորավ 184 հրանոթներից 179-ը։[15][16]

Ռուսական զորքի պարտության մեջ նշվում են հետևյալ պատճառները․ ուժեղ հակառակորդի հետ պատերազմին վատ պատրաստվածությունը (ռուսական բանակը վերակազմավորման փուլում էր), զորքերը չէին կարողանում կռվել գծային մարտավարության կանոններով, հետախուզություն վարել, լավ չէին սպառազինված, հրետանին հնացած էր և բազմատրամաչափ (այդ ժամանակ հրետանում կար 25 տարբեր տրամաչափի փամփուշտ, որը բավականին դժվարացնում էր հրետանուն ռազմամթերքով ապահովումը) և ամենագլխավորը ռուսական բանակը չուներ իր ազգային հրամանատարական կազմը, բոլոր հրամանատարներն օտարերկրյա սպաներ էին։[9][17]

Այս պարտությունից հետո մի քանի տարի շարունակ Եվրոպայում ռուսական բանակի անկարողության մասին լուրեր էին տարածվել, իսկ Կառլ XII-ն ստացավ շվեդ «Ալեքսանդր Մակեդոնացի» անվանումը։ Նարվայի պարտությունից հետո Պետրոս I-ը կրճատեց օտարերկրյա սպաների թիվը զորքում։ Նրանք կազմում էին արդեն ամբողջ բանակի միայն 1/3-ը։

Նարվայի պարտությունը մեծ դեր խաղաց ռուսական բանակի և երկրի պատմության զարգացման մեջ։ Ինչպես նշում էր պատմաբան Միխայիլ Պոկրովսկին, Ռուսաստանի բոլոր հետաքրքրությունները պատերազմում հանգեցնում էին առևտրին, ծով դուրս գալուն և Բալթիկայում առևտրական նավահանգիստների հանդեպ իշխանություն ձեռք բերելուն։ Այդ պատճառով Պետրոսը պատերազմի սկզբում որպես թիրախ ընտրեց բալթիական նավահանգիստներ Նարվան ու Ռիգան, սակայն պարտություն կրելով Նարվայում և հետ նահանջելով այժմյան Սանկտ Պետերբուրգի տարածք, որոշես նոր քաղաք և նավահանգիստ կառուցել Նևայի գետաբերանին, որը հետագայում պիտի դառնար Ռուսական կայսրության մայրաքաղաքը։

Պատերազմի շարունակությունը (1701-1704) խմբագրել

Ռուսական արշավանք խմբագրել

 
Հյուսիսային պատերազմում ռուսական բանակի ռազմական գործողությունների քարտեզ, 1701-1704

Նարվայում կրած պարտությունից հետո, գնահատելով ռուսական զորքերի պարտության պատճառները, Պետրոս I-ը իր ողջ էներգիան ուղղեց Շվեդիայի հետ պատերազմին նախապատրաստվելուն։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվում է նոր կանոնավոր բանակ, կատարելագործվում է կազմակերպական կառուցվածքը, ուսումնական և դաստիարակման համակարգը, ի հայտ է գալիս նոր սպառազինում։ Հրետանու բարելավման ժամանակ կրճատվում է փամփուշտների տրամաչափը՝ դառնալով 12։ Կարճ ժամանակաընթացքում Պետրոս I-ի հրամանով 300 նոր զենք պատրաստվեց, որի մի մասը պատրաստվել էր գանձարան բռնագրաված և այնուհետև հալեցված եկեղեցական զանգերից[18]։

Որոշ ժամանակակից պատմաբաններ կարծում են, որ Նարվայի պարտությունից հետո Պետրոս I-ը դիվանագիտական քայլեր էր ձեռնարկում, որպեսզի դադարեցնի պատերազմը։ Կարծիք կա, որ 1701-1702 թվականներին սկզբից ավստրիացիների, այնուհետև ֆրանսիացի միապետ Լյուդովիկոս XIV-ի միջնորդությամբ Պետրոս I-ը Կառլ XII-ին հաշտության պայմանագիր առաջարկեց, որով Ռուսաստանը հրաժարվում էր մերձբալթյան հողերից, սակայն Պետրոս I-ի նախաձեռնությունները անպատասխան մնացին․ շվեդ արքան մարտական էր տրամադրված և Նարվայում տարած հաղթանակից հետո վերապահումներով էր վերաբերվում ռուսական բանակին։ Պարտության պատճառների թվում նշվում էր նաև հետևյալը՝ Եվրոպայի մյուս երկրների կառավարություններին ձեռնտու էր այն, որ հզոր Շվեդական կայսրության ռազմատենչ արքան իրեն նվիրեց հեռավոր Ռուսաստանի հետ պատերազմին և մոտ ժամանակները դժվար թե անդրադառնար Եվրոպային։[16] Պետրոս I-ի՝ 1701-1702 թվականներին հաշտություն կնքելու ձգտումը վիճարկվում է։

Ռուսաստանում ընթանում էր շվեդների հետ պատերազմի նախապատրաստությունը, Պետրոս I-ը միջոցներ էր ձեռք առնում Պսկովի, Մոսկվայի ու Նովգորոդի մոտ դիրքերն ամրապնդելու համար։ Սակայն, հակառակ սպասումներին, Կառլ XII-ը որոշեց ներխուժել Սաքսոնիա և Լեհաստան։ Շվեդական զինվորական խորհրդին գեներալների մի մասը կողմ էր արտահայտվում Մոսկվայի վրա հարձակվելուն, սակայն Կառլ XII-ը համարեց, որ ռուսական բանակը չափազանց թույլ է, որպեսզի մոտ ապագայում սպառնա շվեդներին հյուսիսում։ Այդ որոշումը Պետրոսին հնարավորություն ընձեռեց վերականգնել ուժերը Նարվայի պարտությունից և վերակազմավորել հարձակվողական ուժերը հյուսիսում։[16]

Ինգերմանլանդիայի մարտերը, «պատուհան դեպի Եվրոպա» խմբագրել

 
«Նոտեբուրգ ամրոցի գրավումը, հոկտեմբերի 11, 1702», Ալեքսանդր Կոցեբու, 1846 թ

Օգտվելով այն հանգամանքից, որ շվեդների հիմնական ուժերը մասնակցել են Սաքսոնիայի և Ռեչ Պոսպոլիտայի մարտերին՝ Պետրոս I1701 թվականին հրամայեց նոր գրոհ սկսել հյուսիսում։ Ռուսական զորքերը Բորիս Շերեմետևի հրամանատարությամբ ներխուժեցին Շվեդական Ինգերմանլանդիա (Ինգրիա) և 1701 թվականի դեկտեմբերի 30-ին իրենց առաջին հաղթանակն արձանագրեցին Հյուսիսային պատերազմում՝ Էրեստֆերի մարտում։ Շվեդական բանակի հրամանատարն էր գեներալ Շլիպենբախը։ 1702 թվականի հուլիսին ռուսական զորքերը երկրորդ հաղթանակը գրանցեցին Շլիպենբախի զորքերի նկատմամբ Հումելսգոֆի ճակատամարտում։[19]

1702 թվականի սեպտեմբերի 27-ին ռուսական զորքերը Շերեմետևի հրամանատարությամբ պաշարեցին Նոտեբուրգ ամրոցը, որը տեղակայված էր Նևայի գետաբերանին։ 1702 թվականի հոկտեմբերի 11-ին ռուսական զորքերը հարձակման անցան և հաղթանակ արձանագրեցին։ 1703 թվականի գարնանը մեկ շաբաթյա պաշարումից հետո ռուսական զորքերը գրավեցին Օխտա և Նևա գետերի միախռանման վայրում տեղակայված Նիենշանց ամրոցը։

Այսպիսով, 1703 թվականի սկզբին Նևայի ամբողջ հոսանքն անցավ ռուսներին։ Նոտեբուրգ բնակավայրը, որը կառուցվել էր շվեդների կողմից դեռևս 1323 թվականին իշխան Յուրի Դանիլովիչի կողմից կառուցված Օրեշեկ ամրոցի փոխարեն, Պետրոսը վերանվանեց Շլիսելբուրգ, իսկ Նևայի գետաբերանին Պետրոս I-ը 1703 թվականի մայիսի 16-ին հիմնեց նոր քաղաք՝ Սանկտ Պետերբուրգը։

Լիվոնիայի և Էստլյանդիայի ճակատամարտերը խմբագրել

1704 թվականին ռուսական զորքերը շարունակեցին իրենց առաջխաղացումը։ 1703 թվականի վերջին Ռուսաստանը վերահսկում էր Ինգերմանլանդիայի գրեթե ողջ տարածքը։ Ռուսական զորքերը Բորիս Շերեմետևի ղեկավարությամբ 1704 թվականի ամռանը մտան Լիվոնիա և պաշարեցին Դերպտը։ 1704 թվականի հուլիսին Պետրոս I-ի մասնակցությամբ ամրոցը գրավվեց։

1704 թվականի ամռանը ռուսական զորքերի երկրորդ խումբը գեներալ Գեորգ Օգիլվու ղեկավարությամբ մտավ Էստլյանդիա և պաշարեց Նարվան։ Ամռան վերջում Դերպտից Պետրոս I-ի ժամանումից հետո այդ ամրոցը ևս գրավվեց։ Ամրոցների բարեհաջող գրավումը ցույց տվեց ռուսական բանակի վարպետությունը և սպառազինությունը։

Լեհական արշավանքը խմբագրել

 
Կառլ XII-ի և դուքս Մալբորոյի հանդիպումն Ալտրանշտադտում 1707 թվականի գարնանը

Կառլ XII-ը որոշեց չշարունակել ռազմական ակտիվ գործողությունները ռուսական բանակի դեմ, այլ հիմնական հարվածը հասցնել Ավգուստ II-ի զորքերին։ Շվեդ արքան մտադիր էր Լեհաստանում հաստատել իրեն ձեռնտու միապետի իշխանությունը՝ փոխարինելով Ավգուստ II-ին, որպեսզի Ռեչ Պոսպոլիտան վերածի բուֆերային գոտու շվեդների և ռուսների միջև։ 1701 թվականի հուլիսին շվեդական զորքերը, չհանդիպելով լուրջ դիմադրության, անցան Արևմտյան Դվինան և գրավեցին Լիվոնիան:[16]

Շվեդական զորքերը ներխուժեցին լեհական տարածք և մի քանի խոշոր պարտություն հասցրին Ավգուստ II-ի զորքերին։ 1702 թվականին զավթվեց Վարշավան, հաղթանակներ գրանցվեցին Տորունում ու Կրակովում, 1703 թվականին՝ Դանցիգում ու Պոզնանում։ 1704 թվականի հունվարի 14-ին սեյմը գահընկեց արեց Ավգուստ II-ին և Ռեչ Պոսպոլիտայի համար նոր արքա ընտրեց շվեդ Ստանիսլավ Լեշչինսկուն։

Կառլ XII-ի գործողությունները դժգոհություն առաջացրին Ռեչ Պոսպոլիտայում։ 1704 թվականին գումարված Սանդոմիրի կոնֆերանսը միավորեց Ավգուստ II-ի համախոհներին և հայտարարեց, որ չի ճանաչում Ստանիսլավ Լեշչինսկուն որպես արքա։

1704 թվականի օգոստոսի 19-ին կնքվեց Նարվայի պայմանագիրը Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի ներկայացուցիչների միջև՝ Շվեդիայի դեմ, որի համաձայն Ռեչ Պոսպոլիտան պաշտոնապես պատերազմ էր մտնում Հյուսիսային միության կողմից։ Ռուսաստանը Սաքսոնիայի հետ համատեղ ռազմական գործողություններ ծավալեց լեհական տարածքի վրա։

 
Ստանիսլավ Լեշչինսկին ընտանիքի հետ

1705 թվականին Վարշավայի մոտ Լեշչինսկու զորքերը պարտություն կրեցին։ 1705 թվականի վերջին ռուս-լեհական զորքերի հիմնական մասը Ավգուստ թագավորի հրամանատարությամբ կանգ առան Գրոդնոյում՝ ձմեռելու։ Շուտով թագավորը բանակի հրամանատարությունը հանձնեց ֆելդմարշալ Գեորգ Օգիլվուն[12]։ 1706 թվականի հունվարին Կառլ XII-ը հանկարծ այդ ուղղությամբ մեծ ուժեր ուղարկեց։ Դաշնակիցները հաշվարկել էին պատերազմի մեջ մտնել սաքսոնների՝ իրենց միանալուց հետո միայն։ Սակայն փետրվարի 2-ին շվեդները Ֆրաուշտադտում ջախջախեցին սաքսոնական բանակին, որը կրկնակի գերազանցում էր իրենց։ Մնալով առանց օգնության՝ ռուսական բանակն ստիպված էր նահանջել Կիևի ուղղությամբ։ Ֆելդմարշալ Օգիլվուն կարողացավ հիանալի մանյովր իրականացնել։ Կառլ թագավորը, անակնկալի գալով, միայն 2 շաբաթ անց կարողացավ հավաքել նոր բանակ և հետապնդել թշնամուն։[5] Գարնանային ձնհալի պատճառով շվեդական բանակը խրվեց ճահիճներում, և թագավորը հրաժարվեց հետապնդել Օգիլվու զորքերին։ Դրա փոխարեն նա իր ամբողջ ուժերն ուղղեց այն քաղաքների և ամրոցների ոչնչացմանը, որտեղ տեղակայված էին լեհական և կազակական կայազորները։ Լյախովիչում շվեդները փակուղու մեջ գցեցին գնդապետ Իվան Միրովիչի ջոկատին։ 1706 թվականի ապրիլին Իվան Մազեպայի հրամանով Սեմյոն Նեպլյուևի գլխավորությամբ զորք ուղարկվեց Լյախովիչ՝ Միրովիչին այնտեղից դուրս հանելու համար։ Կլեցկի մոտ տեղի ունեցած ճակատամարտում կազակական հեծելազորը, խուճապի մատնվելով, ոտնակոխ արեց Նեպլյուևի հետևակին, և շվեդները կարողացան պարտության մատնել ռուս-կազակական զորքերին։ Մայիսի 1-ին լյախովիչները հանձնվեցին շվեդներին։

Սակայն Կառլը կրկին չհետապնդեց Պետրոսի զորքերին, այլ, դատարկելով Պոլեսիեն, 1706 թվականի հուլիսին իր բանակն ուղղեց սաքսոնների դեմ։ Այս անգամ շվեդներն արդեն ներխուժեցին հենց Սաքսոնիայի տարածք։ 1706 թվականի սեպտեմբերի 24-ին Ավգուստ II-ը գաղտնի հաշտության պայմանագիր կնքեց Շվեդիայի հետ։ Ըստ պայմանագրի՝ նա հրաժարվում էր լեհական գահից հօգուտ Ստանիսլավ Լեշչինսկու, խզում էր պայմանագիրը Ռուսաստանի հետ և պարտավորվում էր ռազմատուգանք վճարել շվեդական զորքը պահելու համար։

Այդուհանդերձ, չհամարձակվելով հայտարարել ռուսական զորքին դավաճանության մասին, Մենշիկովի հրամանատարությամբ Ավգուստ II-ն ստիպված էր հոկտեմբերի 18-ին իր զորքերով մասնակցել Կալիշի ճակատամարտին։ Ճակատամարտն ավարտվեց ռուսական բանակի հաղթանակով և շվեդ հրամանատարի գերեվարմամբ։ Այս ճակատամարտն ամենախոշորն էր, որին մասնակցում էր ռուսական բանակը պատերազմն սկսվելուց ի վեր։ Սակայն չնայած փայլուն հաղթանակին՝ Ռուսաստանը Շվեդիայի հետ պատերազմում մնաց մենակ։

Ներխուժում Ռուսաստան խմբագրել

 
«Լեսնայայի ճակատամարտը», Ժան Մարկ Նատիե, 1717

1707 թվականին շվեդական բանակը գտնվում էր Սաքսոնիայում։ Այդ ընթացքում Կառլ XII-ին հաջողվեց վերականգնել կորուստները և էապես ուժեղացնել իր զորքերը։ 1708 թվականի սկզբներին շվեդները շարժվեցին Սմոլենսկի ուղղությամբ։ Ընդունված է համարել, որ սկզբնապես նրանք ծրագրել էին հիմնական հարվածը հասցնել Մոսկվայի վրա։ Ռուսների վիճակը ծանրացավ նրանով, որ Պետրոս I-ին հայտնի չէին հակառակորդի ծրագրերը և թե որ ուղղությամբ է նա շարժվում։

1708 թվականի հուլիսի 3-ին Կառլը գեներալ Ռեպնինի գլխավորած ռուսական զորքերի հանդեպ հաղթանակ տարավ Գոլովչինի ճակատամարտում։ Այս ճակատամարտը շվեդական բանակի վերջին խոշոր հաղթանակն էր։

Շվեդական բանակի հետագա առաջխաղացումը դանդաղեց։ Պետրոս I-ի ջանքերով շվեդներն ստիպված էին առաջ շարժվել ամայի տարածքներով՝ ենթարկվելով զրկանքների։ Աշնանը Կառլ XII-ն ստիպված էր ուղղությունը փոխել հարավ՝ դեպի Ուկրաինա։

1708 թվականի դեկտեմբերի 28-ին Լեսնայա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պետրոս I-ի զորքերը ջախջախեցին Ադամ Լևենհաուպտի զորամիավորումը, որը շարժվում էր Ռիգայից, որպեսզի միանա Կառլի գլխավոր բանակին։ Դա ոչ միայն հաղթանակ էր շվեդական ընտրյալ բանակի հանդեպ, այլև առաջին անգամ հաղթանակ տարվեց հակառակորդի գերազանցող ուժերի նկատմամբ։ Պետրոս արքան այն անվանում էր «Պոլտավայի ճակատամարտի մայր»։ Պետրոս Ալեքսեևիչն անձամբ էր ղեկավարում ռուսական բանակի «թռչող» զորամիավորումների 2 շարասյուներից մեկը՝ կորվոլանտը։ Նրա հրամանատարության տակ էին Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի գնդերը, Աստրախանի գնդի գումարտակը և 3 դրագունական գնդեր։ Մյուս շարասյան (ձախ) հրամանատարն էր գեներալ Ալեքսանդր Մենշիկովը։ Հակառակորդի զորամիավորմանը ռուսական զորքը հասավ Լեսնայա գյուղի մոտ։ Շվեդ զորապետն ստիպված էր ընդունել մարտը, որն սկսվեց ռուսների գրոհով։ Պետրոս I-ը, դրագունական նոր հեծելազորով, կտրեց հակառակորդի ճանապարհը Պրոպոյսկում և ուժեղացրեց ճնշումը շվեդների վրա։ Երեկոյան ճակատամարտը կանգնեցվեց մթնշաղի և ձնաբքի պատճառով, որը կուրացնում էր աչքերը։ Լևենհաուպտն ստիպված էր ոչնչացնել իր վիթխարի գումակի մնացորդը (մեծ մասը ռուսական կողմի համար ավար դարձավ) և զորամիավորումը, որին հետևում էր ռուսական հեծելազորը, կարողացավ հասնել արքայական արշավական ճամբարին։

 
Իվան Մազեպա

Շվեդների ընդհանուր կորուստը կազմեց 8500 մահացած և վիրավոր, 45 սպա և 700 գերեվարված զինվորներ։ Ռուսական բանակի ավար դարձան 17 հրանոթ, մոտ 3000 սայլակ՝ լի պարենով և ռազմամթերքով։ Գեներալ Լևենհաուպտը արքայի մոտ կարողացավ բերել միայն 6000 բարոյալքված զինվոր։

1708 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ հետման Իվան Մազեպայի՝ Շվեդիայի կողմն անցնելու մասին փաստը։ Մազեպան նամակագրական կապի մեջ էր Կառլ XII-ի հետ և խոստացավ վերջինիս Ուկրաինա ժամանելու դեպքում նրան տրամադրել 50000 կազակական զինվոր, պարեն և ձմեռելու համար հարմար տեղ։ 1708 թվականի հոկտեմբերի 28-ին Մազեպան որպես կազակների ջոկատի հրամանատար ժամանեց Կառլի ռազմակայան։

Ուկրաինական բազմաքանակ կազակներից Մազեպային հաջողվեց բերել միայն մոտ 5000 մարդ։ Դա կապված էր այն բանի հետ, որ Մազեպան չափազանց դանդաղում էր իր որոշումը ժողովրդին հայտնելու մեջ։ Պետրոսն ավելի հնարամիտ գտնվեց և առաջինը հայտնեց Մազեպայի դավաճանության մասին։ Այդ պատճառով հետմանին աջակցեցին միայն զապորոժցիները։ Նրանք այդպես էլ չմասնակցեցին Պոլտավայի ճակատամարտին, որը ևս որոշեց մարտի ելքը։

Ստարիշի զինվորական խորհուրդը խմբագրել

Շվեդական բանակի՝ Ռուսաստան ներխուժելու ժամանակ, ոչ մեծ մի գյուղում արքան իր գեներալների հետ խորհրդակցություն ունեցավ։ Որոշվում էր շվեդական բանակի հետագա առաջխաղացումը․ Սմոլենսկով ուղիղ Մոսկվա, թե հարավ՝ դեպի Ուկրաինա։ Հիվանդությունների և վատ սննդի ու զորահավաքի պատճառով շվեդական բանակը հանգստի կարիք ուներ, այդ պատճառով, հաշվի առնելով Մազեպայի մեծահոգի խոստումները և այն որ Ուկրաինայի բնակչությունը կաջակցի իրենց, որոշվեց շարժվել դեպի Ուկրաինա[20]։

Պոլտավա խմբագրել

Նոյեմբերին Գլուխով քաղաքում՝ Ուկրաինայի ռադայում, նոր հետման ընտրվեց՝ գնդապետ Իվան Սկորոպադսկին։

 
«Պոլտավայի ճակատամարտ», Ալեքսանդր Կոցեբու

Չնայած նրան, որ շվեդական բանակը խիստ տուժել էր 1708-1709 թվականի ձմռանը՝ Կառլ XII-ը անհամբերությամբ գլխավոր ճակատամարտին էր սպասում։ Այն տեղի ունեցավ 1709 թվականի հունիսի 27-ին Պոլտավայի մոտ, որը լուրջ կորուստներով (մոտ 7000) և անհաջող պաշարեցին շվեդները։

Կալիշի և Լեսնայայի հաջող գործողություններից հետո ռուսական բանակին հաջողվեց ստեղծել և ամրապնդել իրենց թվային գերազանցությունը թե մարդաքանակով և թե հրետանիով։ Պետրոս I-ի բանակում կար ընդհանուր առմամբ 40-50 հզ զինվոր և 100 հրացան, իսկ Կառլ XII-ի բանակում՝ 20-30 հզ զինվոր և 34 հրացան՝ չափազանց սահմանափակ վառոդով և առանց մոտալուտ պաշարի հույսի։ Ռուսական բանակի գերազանցությունն ավելի ընդգծվեց պատերազմի դաշտի գրագետ ընտրությամբ (անտառը խոչընդոտում էր թևով հարձակմանը, եթե շվեդները որոշեին) և վաղօրոք ամրաշինական նախապատրաստվածությամբ․ T տառի տեսքով ռեդուտներ կառուցվեցին, որոնցից արձակված կրակը կխոցեր շվեդներին՝ թևերից և ճակատից, եթե փորձեին շրջանցեին։ Շվեդներն ստիպված էին հերթով գրավել ռեդուտները, որը ոչ միայն չնվազեցրեց իրենց ուժերը, այլև ժամանակ տվեց ռուսների վատ ղեկավարվող հիմնական ուժերին՝ վերակազմվելով ընդարձակվել[21]։

Պոլտավայի պարտությունից հետո շվեդների բանակը փախավ Պերեվոլոչնայա, որտեղ Վորսկլան թափվում է Դնեպր։ Սակայն բանակի՝ Դնեպրով անցնելն անհնար էր։ Այդ ժամանակ Կառլ XII-ը իր բանակի մնացած մասը վստահեց Լևենհաուպտին ու Մազեպայի հետ փախավ Օչակով։

1709 թվականի հունիսի 30-ին բարոյալքված շվեդական բանակը շրջապատվեց Մենշիկովի զորքերով և հանձնվեց։ Դնեպրի ափին՝ Պերեվոլոչնայայի մոտ ռուսական 9000 ջոկատին գերավարության հանձնվեցին 16947 բարոյալքված զինվոր և սպա՝ գեներալ Լևենհաուպտի գլխավորությամբ։ Պոլտավայի ճակատամարտի արդյունքում Շվեդիան կորցրեց ընդհանուր առմամբ ավելի քան 9000 զինվոր և 18000 էլ գերեվարվեց, Ռուսաստանի կորուստները կազմեցին 1345 սպանված և 3290 վիրավոր զինվոր։ Հաղթող կողմին անցան 28 զենք, 127 դրոշակ և ամբողջ թագավորական գանձարանը։ Հյուսիսային Եվրոպայի արշավանքներում կոփված Շվեդիայի թագավորական բանակը դադարեց գոյություն ունենալ։

Կառլ XII-ը պատսպարվեց Օսմանյան կայսրությունում, որտեղ փորձում էր համոզել սուլթան Ահմեդ III-ին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։

Պոլտավայի ճակատամարտին մասնակցելու համար Պետրոս I-ը Մենշիկովին՝ Շվեդիայի թագավորական բանակը ջախջախած հերոսներից մեկին, գեներալ-ֆելդմարշալի կոչում շնորհեց։

1710-1718 թվականների ռազմական գործողություններ խմբագրել

 
Պրուտի արշավանքի քարտեզը

Պոլտավայի հաղթանակից հետո Պետրոսին հաջողվեց վերականգնել Հյուսիսային դաշինքը։ 1709 թվականի հոկտեմբերի 9-ին Տորունում Սաքսոնիայի հետ նոր համաձայնագիր կնքվեց։ Իսկ հոկտեմբերի 11-ին համաձայնագիր կնքվեց Դանիայի հետ, որով վերջինս պարտավորվում էր պատերազմ հայտարարել Շվեդիային, իսկ Ռուսաստանը՝ ռազմական գործողություններ սկսել Մերձբալթիկայում և Ֆինլանդիայում։

1710 թվականի արշավանքների ժամանակ ռուսական բանակին հաջողվեց քիչ արյուն թափելով գրավել մերձբալթյան 7 ամրոց (Վիբորգ, Էլբինգ, Ռիգա, Դյունամյունդե, Պերնով, Կեկսհոլմ, Ռևել)։ Ռուսաստանն ամբողջությամբ զբաղեցրեց Էստլյանդիան և Լիֆլյանդիան։

1710 թվականի վերջին Պետրոսը լուր ստացավ առ այն, որ թուրքական բանակը պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի հետ։ 1711 թվականի սկզբին նա պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը և սկսեց Պրուտի արշավանքը, որն անհաջող ելք ունեցավ։ Պետրոսն ինքը խոստովանեց, որ հաիվ խուսափեց գերեվարումից և սեփական բանակի ջախջախումից։ Ռուսաստանը Թուրքիային զիջեց Ազովը և Զապորոժիեն, ոչնչացրեց Տագանռոգի ամրոցները և Սև ծովի նավերը, այսինքն՝ կորցրեց դեպի Ազովի ծով ելքը։ Սակայն Օսմանյան կայսրությունը Շվեդիայի կողմից հանդես չեկավ պատերազմում։

1712 թվականին Հյուսիսային համաձայնագրի դաշնակիցների ուժերն ուղղվեցին Պոմերանիայի նվաճմանը, որը գտնվում էր հյուսիսային Գերմանիայում՝ Բալթիկայի հարավային ափին ու պատկանում էր Շվեդիային։ Սակայն դաշնակիցների տարաձայնությունների պատճառով ակնհայտ հաջողությունների չհասան։ Ըստ Պետրոս I-ի՝ «արշավանքն իզուր էր»։

 
Պատմական Պոմերանիան

1712 թվականի դեկտեմբերի 10-ին շվեդները ֆելդմարշալ Ստենբոկի հրամանատարությամբ Գադեբուշում պարտության մատնեցին դանիասաքսոնական զորքերին։ Ռուսական զորքերը Մենշիկովի ղեկավարությամբ չհասցրին օգնության գալ դաշնակիցներին։ Նրանք Գերմանիա հասան 1713 թվականի մարտին։ Վերջիններիս ճնշման տակ Ստենբոկը նահանջեց Տենինգեն քաղաք։ Հետևեց պաշարումը, որի արդյունքում շվեդական զորքերը մայիսի 15-ին հանձնվեցին։

1712-1713 թվականներին զգալիորեն ակտիվացավ Բալթիկայում նավատորմ կառուցելու գործընթացը, որի սկիզբը դրվեց Սանկտ Պետերբուրգի հիմնադրումից անմիջապես հետո։ Պետրոս I-ը որ միայն ակտիվորեն կառուցում էր, այլև Լոնդոնի և Ամստերդամի իր գործակալներին (Սալտիկովին և իշխան Կուրակինին) հանձնարարեց ռազմանավեր գնել։ Միայն 1712 թվականի ընթացքում ձեռք բերվեց 10 ռազմանավ և առևտրային նավ։ Առագաստային նավատորմին զուգահեռ ստեղծվում է նաև թիավոր նավատորմ, որը որակապես գերազանցում էր մյուս երկրների նավատորմին։ Հիմնական թիանավի՝ սկամպավեայի նախագիծը մշակվեց ջենովական, վենետիկյան, թուրքական և շվեդական նախագծերի համեմատության արդյունքում։ Թեթև սկամպավեան կրակահերթի հզորությամբ զիջում էր երկկայմանոց գալերաներին, սակայն ավելի լավ էր հարմարեցված ժայռակղզիներին և ամենակարևորը ոչ տաժանակիր աշխատանք էր պահանջում, ոչ էլ թիավարման բարդ տեխնիկա, երբ մի թիի վրա աշխատում էին 5-ից ավել մարդ։ Փոխարենը զինվորները թիավարում էին հերթափոխով, որը բարձրացնում էր թիավոր նավատորմի ռազմունակությունը։ Ողջ անձնակազմը կարող էր մասնակցել արշավանքին, պատերազմին, աբորդաժին և վերջապես դեսանտին։ Ի տարբերություն առագաստանավերի, որոնք կառուցվում էին անհատական նախագծերով և պահանջում էին պատրաստված անձնակազմ (ոչ միայն հրամանատարներին, այլև նավաստիներին ևս սկզբում ստիպված էին վարձել արտասահմանից)՝ սկամպավեաները կառուցվում էին ստանդարտ նյութերից հոսընթացի մեթոդով՝ օգտագործելով իտալական փորձը։ Համալրվում էին սովորաբար ոչ թե նավաստիներով, այլ զինվորներով, որն էլ թույլ տվեց կարճ ժամանակում բարձրացնել թիավոր նավատորմի թվաքանակը։ Ըստ էության ստեղծվեց ժայռակղզային նավատորմ և շարժական ծովային հետևակազոր ի դեմս մեկ թիավոր նավատորմի, առանց որի անհնար կլիներ մեծածավալ դեսանտները, որոնք իրականացվեցին պատերազմի եզրափակիչ շրջանում։

1713 թվականի սեպտեմբերի 18-ին Շտետինը հանձնվեց։ Մենշիկովը Պրուսիայի հետ հաշտության պայմանագիր կնքեց։ Չեզոքության և դրամական փոխհատուցման դիմաց Պրուսիան ստացավ Շտետինը, իսկ Պոմերանիան բաժանվեց Պրուսիայի և Հոլշտեյնի (Սաքսոնիայի դաշնակցի) միջև։

 
Գանգուտի ճակատամարտ

Նույն տարում էլ ռուսներն սկսեցին ֆիննական արշավանքը, որում առաջին անգամ մեծ դեր խաղաց ռուսական նավատորմը։ Մայիսի 10-ին ծովի կրակահերթի արդյունքում հանձնվեց Հելսինգֆորսը։ Այնուհետև առանց մարտի գրավվեց Բրեգը։ Օգոստոսի 28-ին Ապրակսինի հրամանատարությամբ նվաճվեց Ֆինլանդիայի մայրաքաղաք Աբոն։ Իսկ 1714 թվականի հուլիսի 26-27Գանգուտի ճակատամարտում ռուսական նավատորմը գրանցեց առաջին խոշոր հաղթանակը ծովում։ Ցամաքում էլ ռուսական զորքերը Գոլիցինի հրամանատարությամբ պարտության մատնեցին շվեդներին Պյալկանե գետի (1713 թ), իսկ այնուհետև Լապոլա գյուղի մոտ (1714 թ)։

Օսմանյան կայսությունից արտաքսված Կառլ XII-ը 1714 թվականին վերադարձավ Շվեդիա և կենտրոնացավ Պոմերանիայի պատերազմի վրա։ Ռազմական գործողությունների կենտրոնը դարձավ Շտրալզունդը։

1715 թվականի մայիսի 1-ին ի պատասխան Շտետինը և այլ տարածքները վերադարձնելու պահանջներին՝ Պրուսիան Շվեդիային պատերազմ հայտարարեց։ Դանիական նավատորմը հաղթանակեց սկզբից Ֆեմարնի, այնուհետև Բյուլկի ճակատամարտում։ Գերի ընկավ Կառլ Վախմեյստերը, դանիացիները գրավեցին 6 շվեդական նավ։ Դրանից հետո Պրուսիան և Հանովերը, նվաճելով շվեդական տարածքները՝ Բրեմենը և Վերդենը, Դանիայի դաշնագիր կնքեցին։ Դեկտեմբերի 23-ին Շտրալզունդը հանձնվեց։

1716 թվականին Կառլ XII-ը ներխուժեց Նորվեգիա։ Մարտի 25-ին զավթվեց Խրիստիանիան, սակայն սահմանային ամրոցների՝ Ֆրեդրիկսխալդի և Ֆրեդրիկստենի գրոհները ձախողվեցին։ Երբ 1718 թվականին Կառլն սպանվեց, շվեդներն ստիպված էին նահանջել։ Դանիացիների և շվեդների միջև բախումները Նորվեգիայի սահմանին շարունակվեցին մինչև 1720 թվականը։

Պատերազմի եզրափակիչ շրջան (1718-1721) խմբագրել

 
Ուլրիկա Էլեոնորա

1718 թվականի մայիսին բացվեց Ալանդի համաժողովը, որի նպատակն էր Ռուսաստանի և Շվեդիայի միջև հաշտության համաձայնագրի պայմաններ մշակելը։ Սակայն շվեդները ամեն կերպ ձգձգում էին բանակցությունները։ Դրան էր նպաստում նաև եվրոպական մյուս տերությունների դիրքորոշումը՝ Դանիայի, որը վախենում էր սեպարատական հաշտության պայմանագրի կնքումից Ռուսաստանի և Շվեդիայի միջև, և Անգլիայի, որի թագավոր Գեորգ I-ը միաժամանակ հանդիսանում էր նաև Հանովերի կառավարիչը։

1718 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրեդրիկսխալդի պաշարման ժամանակ սպանվեց Կառլ XII-ը։ Գահ բարձրացավ նրա քույրը՝ Ուլրիկա Էլեոնորան։ Անգլիայի դիրքերը շվեդական արքունիքում ամրապնդվեցին։

1719 թվականի հուլիսին ռուսական նավատորմը Ապրակսինի հրամանատարությամբ դեսանտ իջեցրեց Ստոկհոլմի շրջանում և մարտարշավ իրականացրեց շվեդական մայրաքաղաքի արվարձաններով։

Նոյեմբերի 9-ին Շվեդիան դաշնագիր կնքեց Անգլիայի և Հանովերի հետ։ Վերջինիս զիջեցին Բրեմենը և Վերդենը։

Ամբողջ 1720 թվականի ընթացքում շվեդները Ստոկհոլմում հաշտության պայմանագրեր էին կնքում հակառակորդների հետ՝

 
Գրենգամի ճակատամարտ

Այդուհանդերձ, 1720 թվականին շվեդական ափի մարտարշավը կրկնվեց Մանգդենի շրջանում, իսկ հուլիսի 27-ին ռուսական թիավոր նավատորմը հաղթանակ տարավ շվեդական առագաստային նավատորմի նկատմամբ Գրենգամի ճակատամարտում։ Շվեդական ջոկատը (մեկ 52 թնդանոցային գծանավ, 4 ֆրեգատ, մի քանի փոքր նավեր, որոնք պատերազմին չէին մասնակցել) անգլիական նավատորմի պաշտպանությամբ ծով դուրս եկավ, որպեսզի զավթի և ոչնչացնի ռուսական թիավոր նավատորմը, որն զբաղված էր դեսանտ իջեցնելով։ Ռուսական 61 սկամպավեա և 29 նավակ (52 թնդանոթով) գեներալ (ոչ ադմիրալ՝ թիավոր նավատորմի առանձնահատկությունն է) Միխայիլ Գոլիցինի հրամանատարությամբ ձևական նահանջով շվեդներին տարան նեղ նեղուց, որից հետո անսպասելի հարձակվեցին։ Շրջվելու փորձ անելու ժամանակ 4 ֆրեգատ՝ մեկը մյուսի հետևից ծանծաղուտի մեջ խրվեցին և հանձնվեցին 4 ժամ տևած մարտից հետո։ Փրկվել հաջողվեց միայն գծանավին խորամանկ մանյովրի օգնությամբ՝ շրջվելուց այն խարիսխ գցեց, որը միանգամից հայտնվեց հատակին և անմիջապես կտրեց պարանը՝ հաջողվեց շրջվել տեղում։ Շվեդները կորցրին 103 մարդ, 407-ը՝ գերեվարվեց, ռուսները՝ 82 մահ և 246 վիրավոր։ Բացի այդ 43 սկամպավեա այնպես էր վնասվել շվեդական հրետանուց, որ ռուսները չվերանորոգեցին դրանք, այլ հրդեհեցին․ հաշվի առնելով սկամպավեաների կառուցման հոսընթացային մեթոդը և 4 ֆրեգատների ձեռքբերումը՝ կորուստը զգալի չէր։ Սակայն գլխավորն այն էր, որ անգլիացիները, ում աչքի առաջ 4 ֆրեգատները՝ 104 զենքով, որպես ավար վերցվեց, իսկ գծանավն էլ քիչ էր մնում նույն բախտին արժանանար, համոզվեցին իրենց առագաստային նավատորմի անկարողունակության մեջ։ Թիավոր նավատորմ անգլիացիները չունեին, ռուսական առևտուրը Բալթիկայում չափազանց փոքր էր, այլ կերպ ասած՝ անգլիացիները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչ մի հեռանկար չունեին՝ առանց ցամաքում լուրջ պատերազմ սկսելու։ Շուտով անգլիական նավատորմը հեռացավ Բալթիկայից։ Թիավոր նավատորմն առաջին անգամ 1571 թվականի Լեպանտոյի ճակատամարտից հետո ցուցադրեց իր մարտավարական նշանակությունը։

1721 թվականի մայիսի 8-ին Նիշտադտում սկսվեցին նոր բանակցություններ Ռուսաստանի հետ։ Օգոստոսի 30-ին կնքվեց Նիշտադտի հաշտության պայմանագիրը։

Պատերազմի արդյունքները խմբագրել

 
Վասիլի Կլյուչևսկի

Պատերազմի արդյունքերը միանշանակ չեն և տարբեր ձև են գնահատվում։ Մի շարք հեղինակներ նշում են, որ Շվեդիային ջախջախելու, առավել ևս խոշոր դաշինքի կազմում (Դանիա, Սաքսոնիա, Ռեչ Պոսպոլիտա) և Ռուսաստանին Բալթիկ ծով ելք ապահովելու համար բացարձակ պետք չէր 20 տարի։ Ըստ պատմաբան Վասիլի Կլյուչևսկու՝ «1721 թվականի Նիշտադտի հաշտության պայմանագիրն ուշացումով վերջ դրեց 21-ամյա պատերազմին, որը Պետրոսն ինքն էր անվանում «արյունալի և միանգամայն վտանգավոր դպրոց», որտեղ աշակերտները սովորաբար սովորում են 7 տարի, իսկ ինքը որպես խիստ ընդունակ աշակերտ 3 կրթաշրջան նույն վայրում մնաց»[22]։ Սակայն Պետրոսը պարզաբանում էր․ «Գիտության բնագավառի բոլոր աշակերտները սովորաբար ավարտում են 7 տարվա ընթացքում, բայց մեր դպրոցն ավարտելու համար 3 անգամ շատ ժամանակ էր պետք։ Սակայն, փառք Աստծո, այնքան լավ ավարտեցինք, որ ավելին ցանկանալ անհնար է» և ավելացրեց․ «այսպիսի օգտակար խաղաղություն Ռուսաստանը դեռևս չէր ստացել։ Ճիշտ է, երկար սպասեցինք, սակայն ի վերջո հասանք դրան»։

Հեղինակների մեծ մասը խոստովանում են, որ այն լիովին փոխեց (հօգուտ Ռուսաստանի) Բալթիկայում ուժերի հարաբերակցությունը․ միևնույն ժամանակ պատերազմը չփոխեց իրավիճակը Ռուսաստանի հարավում (որտեղ նրան դիմակայում էր Շվեդիայի դաշնակից Օսմանյան կայսրությունը), որը պատերազմի ավարտից հետո միայն վատթարացավ։

Պատերազմի արդյունքում Ռուսաստանին միացվեցին Ինգրիան (Իժորա), Կարելիան, Էստլյանդիան, Լիֆլյանդիան (Լիվոնիան) և Ֆինլանդիայի հարավային մասը (մինչև Վիբորգը), հիմնադրվեց Սանկտ Պետերբուրգը։ Ռուսական գերիշխանությունը ամրապնդվեց նաև Կուրլյանդիայում։ Սակայն, ըստ Նիշտադտի համաձայնագրի, նշված տարածքները չզիջվեցին, այլ Շվեդիան դրանք վաճառեց Ռուսաստանին մեծ գումարով՝ 2 միլիոն տալերով, որը լրացուցիր ծանր բեռ էր երկրի համար։

Լուծվեց Պետրոս I-ի կողմից առաջադրված հիմնական խնդիրը՝ դեպի ծով ելքը և Եվրոպայի հետ ծովային առևտրային կապերի հաստատումը։ Միևնույն ժամանակ ռազմունակ բանակը, որը ձևավորվեց պատերազմի տարիներին, նրա ավարտից հետո ամբողջովին անկում ապրեց, իսկ նավատորմը, որը կառուցվել էր հապճեպ թաց փայտանյութից, Պետրոսի մահից հետո արագ փտեց[23]։

Բացի այդ, բոլոր այն դրական բաները, որ Ռուսաստանը ձեռք բերեց պատերազմի արդյունքում, խափանվեցին տնտեսական և ժողովրդագրական մեծ կորուստներով։ Ինչպես նշում են պատմաբանները՝ պատերազմը սնանկացրեց Ռուսաստանին։ 1701-1724 թվականներին բնակչությունից հավաքվող հարկերի չափն ավելացավ 3.5 անգամ, որին ըստ պատմաբան Նիկոլայ Ռոժկովի՝ հասան «երկրի սնանկացման» գնով[24]։ Ըստ 1710 թվականի բնակչության մարդահամարի արդյունքների՝ երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կրճատվեց 20%-ով, ընդ որում ռազմական գործողություններ ծավալված վայրերում կրճատումը հասավ 40%-ի[25]։

Ֆինլանդիայի պատմության մեջ 1714-1721 թվականների պատերազմի ծանր ժամանակաշրջանը մտավ Մեծ ատելություն անվամբ։ Մինչև հաշտության պայմանագիր կնքելը երկիրը ենթարկվում էր բազմաթիվ կողոպուտների և բռնության՝ ռուսական զորքերի կողմից, որը սովորական երևույթ էր 18-րդ դարում պատերազմ սկսելու ժամանակ։

Շվեդիան կորցրեց իր վաղեմի հզորությունը և վերածվեց երկրորդական տերության։ Կորցրեց ոչ միայն տարածքներ, որոնք հանձնեց Ռուսաստանին, այլև Բալթիկ ծովի հարավային ափին գտնվող շատ տարածքներ (Շվեդիայի տիրապետության տակ մնացին միայն Վիսմարը և Պոմերանիայի փոքր մասը)։

Հյուսիսային պատերազմի աղետալի արդյունքը Շվեդիայի համար Ազատության դարաշրջանի սկիզբն էր, որը բնութագրվեց թագավորի իշխանության կրճատմամբ և պառլամենտի իշխանության կտրուկ աճմամբ։

Հիշատակ խմբագրել

 
«Սամսոն» ցայտաղբյուրը
  • Սամսոն (ցայտաղբյուր, Պետերգոֆ)
  • Սանկտ Պետերբուրգի Սամպսոնիևսկի տաճարը կառուցվել է 1709 թվականի հունիսի 27-ին Պոլտավայի ճակատամարտում տարած հաղթանակի առթիվ
  • Ռիգայում՝ Լուցավսալա կղզում, կանգնեցված է արձան՝ նվիրված ռուս զինվորներին, ովքեր հերոսաբար զոհվել են Հյուսիսային պատերազմում։ Կանգնեցվել է 1891 թվականին։
  • 2007 թվականի օգոստոսի 4-ին Պետերգոֆում տեղի ունեցավ տոնակատարություն՝ նվիրված 1701-1721 թվականների Հյուսիսային պատերազմում ռուսական նավատորմի տարած հաղթանակներին։ Այն կոչվեց «Գանգուտի և Գրենգամի օր»[26]։
  • Բոգորոդսկի գյուղի թանգարանում ցուցադրվում է «Հյուսիսային պատերազմ» շախմատը։
  • Առյուծ, որը կանգնեցվել է Նարվայում Հյուսիսային պատերազմին մասնակցած շվեդ զինվորների հիշատակին։
  • Փառքի հուշարձան 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում շվեդների նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։
  • «Խաղաղություն և հաղթանակ» քանդակների համալիր (Ամառային այգի, Սանկտ Պետերբուրգ), որը կանգնեցվել է Ամառային պալատի հարավային ճակատին և խորհրդանշում է Հյուսիսային պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակը Շվեդիայի նկատմամբ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1709 թվականի փետրվարի 22-ի Կրասնոկուտսկի ճակատամարտից հետո, երբ Կառլ XII-ը քիչ էր մնացել, որ զոհվեր կամ գերի ընկներ (սակայն մինչև Պոլտավայի ճակատամարտը), շվեդ թագավորն առաջին անգամ համաձայնվեց Պետրոս I-ի հետ քննարկել հնարավոր խաղաղության մասին։ Բանակցությունները ոչնչով չավարտվեցին, քանի որ Կառլը ոչ միայն չէր ցանկանում հանձնել Պետերբուրգը, այլև ռազմատուգանք էր պահանջում։

Բանակցությունների ավարտից հետո շվեդ ներկայացուցիչը ռուսներին հաղորդեց Կառլի խնդրանքը՝ «նրա զորքերը չեն կարող իրենց ապահովել պաշարով, շատ զինվորներ հիվանդ են, իսկ լեհ դաշնակիցներն առաքման համար թանկ գումար են պահանջում, այդ պատճառով նա երախտապարտ կլիներ, եթե ռուսները շվեդներին ցորեն, գինի և անհրաժեշտ դեղորայք վաճառեին, ինչպես նաև որքան հնարավոր է վառոդ և կապար՝ իհարկե խելամիտ գնով»։ Պետրոսը չզինեց հակառակորդին, սակայն շվեդներին անվճար ուղարկեց 3 սայլ ցորեն, 1 սայլ գինի և տարբեր դեղորայք[27]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան «Հյուսիսային պատերազմ», էջ 448, 6-րդ հատոր, 1980 թ
  2. Hughes, 1998, էջ 27
  3. Покровский М. Русская история с древнейших времён / Н. Никольский и В. Сторожев. — 1911. — Т. III.
  4. Петров А. Нарвская операция // Военный сборник. — СПб.: Изд. Военного министерства Российской империи, 1872. — № 7. Архивировано из первоисточника 9 Դեկտեմբերի 2018.
  5. 5,0 5,1 Hughes, 1998, էջ 28
  6. «Рижский губернатор Дальберг в 1697 году не позволил русскому посольству, в котором инкогнито находился Пётр I, осмотреть укрепления Риги». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  7. Петров А. В. Город Нарва, его прошлое и достопримечательности. - СПб, 1901.
  8. Тарле Е. В., Северная война и шведское нашествие на Россию. Глава II. Шведское вторжение в пределы России. Битва под Лесной. Начало народной войны против шведов, раздел 7
  9. 9,0 9,1 9,2 Hughes, 1998, էջ 29-30
  10. Тарле Е. В., Северная война и шведское нашествие на Россию. Глава II. Шведское вторжение в пределы России. Битва под Лесной. Начало народной войны против шведов, раздел 7
  11. Тарле Е. В., Северная война и шведское нашествие на Россию. Глава 1. Северная война до вторжения шведской армии в пределы России. 1700-1708 гг., раздел 3
  12. 12,0 12,1 12,2 Бой со шведами у местечка Клецка. Журнал С. И. Неплюева. 19 апреля 1706 г. // Русская старина. - 1891, октябрь. - С. 25-32.
  13. Великанов В. С. К вопросу об организации и численности русской армии в Нарвском походе 1700 года // Война и оружие: Новые исследования и материалы. Вторая Международная научно-практическая конференция, 18-20 мая 2011 года. — Санкт Петербург: Вимаививс, 2011. — Т. 1. — ISBN 978-5-903501-12-0.
  14. Беспалов, 1998, էջ 41-42
  15. 15,0 15,1 Беспалов, 1998, էջ 43
  16. 16,0 16,1 16,2 16,3 Hughes, 1998, էջ 30
  17. Беспалов, 1998, էջ 42
  18. Николаев И. М., Барабанов В. В., Рожков Б. Г. История России с древнейших времён до конца XX века. Пособие для поступающих в ВУЗы. — М.: Астрель, 2003. — 308 с. — ISBN 5-17-016808-X
  19. Hughes, 1998, էջ 30-31
  20. Тарле Е. В. Сочинения. Северная война и шведское нашествии на Россию. Т. 10, Гл. 2. - М.: Изд-во АН СССР, 1959.
  21. Все войны мировой истории, по Харперской энциклопедии военной истории Р. Дюпюи и Т. Дюпюи с комментариями Н. Волковского и Д. Волковского. СПб., 2004. Кн. 3. С. 499
  22. Ключевский В. О. Курс русской истории. Лекция LXI
  23. Покровский М. Русская история с древнейших времён. При участии Н. Никольского и В. Сторожева. Т. III. - М., 1911. - С. 200. В частности, по данным М. Н. Покровского, в последние годы царствования Петра I армия 17 месяцев не получала жалования, а фельдмаршал Миних в 1723 году писал, что «русские войска находятся в весьма плачевном состоянии» (с. 199, 203)
  24. Рожков Н. А. Русская история в сравнительно-историческом освещении (основы социальной динамики). - Л.-М.: Книга, 1928. Т. 5. - С. 161.
  25. Рожков Н. А. Русская история в сравнительно-историческом освещении (основы социальной динамики). Т. 5. - Л.-М.: Книга, 1928. - С. 127.
  26. В Петергофе отметили День Гангута и Гренгама Արխիվացված 2007-10-22 Wayback Machine Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) 6 августа 2007
  27. Энглунд Петер. Полтава: Рассказ о гибели одной армии = Englund P. Poltava. Berattelsen om en armés undergång. - Stockholm: Atlantis, 1989. — М.: Новое книжное обозрение, 1995. — ISBN 5–86793–005-Х

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 448