Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա

1963 թվականի Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների մասին, սահմանում է անկախ պետությունների միջև հյուպատոսական գործունեության շրջանակը։ Հյուպատոսը սովորաբար գործում է այլ երկրում գտնվող իր դեսպանության տարածքից դուրս և իրականացնում է հետևյալ գործառույթները.
1. Նստավայր պետությունում պաշտպանում է իր երկրի քաղաքացիների շահերը,
2. Խթանում է երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ընդլայնմանը։
Քանի որ հյուպատոսը դիվանագետ է, նա սովորաբար աշխատում է նստավայր դեսպանության տարածքում գտնվող իր երկրի դեսպանության տարածքում և սույն կոնվենցիայով օժտված է նույն առավելություններով, ինչ դեսպանը, ներառյալ դիվանագիտական (հյուպատոսական) անձեռնմխելիությամբ։ Սույն կոնվենցիան վավերացրել են 179 երկիր[1]։

Հիմնական դրույթներ խմբագրել

Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան 79 հոդվածից բաղկացած ծավալուն միջազգային փաստաթուղթ է։ Հաջորդիվ ներկայացված են հիմնական դրույթները (բոլոր հոդվածներին ծանոթանալու համար այցելեք կոնվենցիայի հղման էջ)[2].
• Հոդած 8. Թվարկված են հյուպատոսի գործունեության տասներեք գործառույթներ, ներառյալ նստավայր պետությունում իրեն հավատարմագրած երկրի և քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև առևտրային, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացումը երկրու երկրների միջև,
• Հոդված 23. Նստավայր պետությունը կարող է ցանկացած ժամանակ հավատարմագրող պետությանը ծանուցել այն մասին, որ այս կամ այն հյուպատոսական պաշտոնատար անձը հանդիսանում է persona non grata (անցանկալի անձ) կամ որ հյուպատոսական հիմնարկի ցանկացած աշխատողը համարվում է անընդունելի։ Այդ դեպքում հավատարմագրող պետությունը պետք է համապատասխանաբար հետ կանչի այդ անձին կամ դադարեցնի նրա ֆունկցիաները հյուպատոսական հիմնարկում,
• Հոդված 31. Նստավայր պետության իշխանությունները առանց հյուպատոսական հիմնարկի, նրա կողմից նշանակված անձի կամ հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի համաձայնության, չեն կարող մուտք գործել հյուպատոսական շենքերի այն մասը, որն օգտագործվում է բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար։ Այնուամենայնիվ, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համաձայնությունը ենթադրվում է հրդեհի կամ բնական այլ տարերքի դեպքում, որոնք պահանջում են պաշտպանության անհետաձգելի միջոցառումներ,
• Հոդված 35. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է։ Պաշտոնական գրագրություն ասելով պետք է հասկանալ հյուպատոսական հիմնարկին և նրա ֆունկցիաներին վերաբերող ամբողջ գրագրությունը։ Հյուպատոսական փոստը ենթակա չէ ոչ բացելու, ոչ ուշացնելու,
• Հոդված 36. Նստավայր պետության իրավասու մարմինները պետք է անհապաղ ծանուցեն հավատարմագրող պետության հյուպատոսական հիմնարկին այն մասին, որ նրա հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում այդ պետության որևէ քաղաքացի ձերբակալված է, նստած է բանտում կամ կալանքի տակ է մինչև դատավարությունը կամ էլ բռնված է որևէ այլ կարգով, եթե այդ քաղաքացին դա պահանջի։ Հյուպատոսական հիմնարկին հասցեագրված այն անձի բոլոր հաղորդումներն, որը ձերբակալված է, գտնվում է բանտում, կալանքի տակ է կամ բռնված, նույնպես անհապաղ այդ մարմինների կողմից հանձնվում են հյուպատոսական հիմնարկին։ Նշված մարմինները պետք է անհապաղ այդ անձին հայտնեն այն իրավունքների մասին, որոնք նա ունի սույն կետին համապատասխան։

Կոնվենցիայի անդամ-երկրներ (կանաչ), Կոնվենցիան ստորագրած երկրներ (դեղին), Կոնվենցիան չստորագրած երկրներ (կարմիր):

Կոնվենցիայի անդամ-երկրներ խմբագրել

Մինչ օրս կոնվենցիան վավերացրել են 179 երկիր, ներառյալ ՄԱԿ-ի անդամ-երկրների մեծամասնությունը, դիտորդ-երկրներ Սուրբ Աթոռն ու Պաղեստին պետությունը։ Կոնվենցիան ստորագրած, բայց չվավերացրած երկրներն են Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը, Իսրայելը, Գանան ու Կոնգոն։ ՄԱԿ-ի անդամ այն երկրները, որոնք չեն ստորագրել ու վավերացրել կոնվենցիան, հետևյալներն են. Աֆղանստանը, Բուրունդին, Չադը, Կորոմոսը, Գվինեա-Բիսաուն, Եթովպիան, Սան Մարինոն, Սողոմոնյան կղզիները, Հարավային Սուդանը, Սվազիլենդն ու Ուգանդան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vienna Convention on Consular Relations». United Nations Treaty Collection. United Nations. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. «Vienna Convention on Consular Relations» (PDF). United Nations. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.