Հղկիչ հաստոց, հղկանյութային գործիքներով մակերևույթների մշակման հաստոց։ Կախված հղկվող մակերևույթի ձևից և մշակման նպատակներից՝ հղկիչները տարբեր են լինում։ Արտաքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար կիրառում են կլորահղկման հաստոցներ։ Մշակվող նախապատրաստուկը տեղադրվում է կենտրոններում, պտտական շարժում ստանում առջևի թակից և հաստոցի սեղանի հետ կատարում ետադարձ-համընթաց շարժում (իր առանցքի ուղղությամբ)։ Մշակումը կատարվում է հղկաքարով, որը պտտական շարժում ստանում է հղկող գլխիկից։ Ներքնահղկիչ հաստոցը նախատեսված է ներքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար։ Կլոր հղկիչը հասարակ հղկիչից տարբերվում է հղկող գլխիկի կառուցվածքով և դետալի ամրացման ձևով։ Կոպիտ, սևատաշ մշակման համար կիրառում են կոպիտ մշակման, իսկ կտրող գործիքների (կտրիչ, ֆրեզ) սրման համար՝ սրիչ հաստոցներ։ Հարթահղկման հաստոցը ծառայում է հարթ մակերևույթների հղկման համար։ Լինում է պտտվող և ետադարձ-համընթաց շարժվող սեղանով։ Մակերևույթների վերջնամշակման համար կիրառվում են կիպահղկման և ողորկման հաստոցներ։ Կան նաև ժապավենահղկիչ, ուլտրաձայնային, մագնիսահղկման, հղկահեղուկային հաստոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 437